Այլասերված ֆիլմերի բոյկոտը Հարություն Խաչատրյանի համար թատրոն է
Մշակութային
Մեկնարկեց «Ոսկե ծիրան» միջազգային 14-րդ կինոփառատոնը, սակայն ի տարբերություն նախորդ տարիների, այս տարի չկային ո՛չ համաշխարհային աստղեր, ո՛չ էլ առանձնապես մեծ թիվ էին կազմում տեղական աստղերն ու հանրային դեմքերը: Այդուհանդերձ, մինչ մեկնարկը կարմիր գորգի վրա հայտնվեցին փառատոնի հյուրերը, մասնակիցները, հովանավորներն ու կինոարվեստի ներկայացուցիչները: Իսկ արարողությանը զուգահեռ ընթանում էր «Ո՛չ այլասերման քարոզին» պաստառներով բողոքի ակցիան: Ակցիայի մասնակիցները եկել էին զգուշացնելու, որ «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում փորձ է արվում Հայաստանում իրականացնել այլասերվածության ու սոդոմական պղծությունների քարոզ` երկու ցուցադրվելիք ֆիլմերի միջոցով: «Ոսկե ծիրանի» շրջանակում նախատեսվում էր ցուցադրել այլասերվածների եւ այլասերվածության մասին պատմող «գեղարվեստական» մի ֆիլմ («Ծիրանի այգիներ», ռեժիսոր` Փուրիա Հեյդարի)` հայ դերասանների մասնակցությամբ: Ինչպես նաեւ եւս մեկ ֆիլմ («Լսիր ինձ», ռեժիսոր` Գագիկ Ղազարէ), որը փաստավավերագրական է եւ պատրաստվել է այլասերվածների (լեսբի, գեյ, բիսեկսուալ տրանսգենդեր) իրավունքների պաշտպանությամբ զբաղվող «ՓԻՆԿ Արմենիա» հասարակական կազմակերպության պատվերով: Ընդ որում, նշված երկու ֆիլմի տակ էլ գրված է 12+, այսինքն` դրանք կարող են դիտել նաեւ մինչեւ 18 տարեկան անձինք, անչափահասները:
ՄԵՂՔԸ ԲԱՐԴԵՑ ԼՈՒՍԱՀՈԳԻ ՌՈՒԲԵՆ ԳԵՎՈՐԳՅԱՆՑԻ ՎՐԱ
Փառատոնի մեկնարկին նախորդող օրը «Ոսկե ծիրանի» գլխավոր տնօրեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ թեպետ ասաց, որ այդ 2 ֆիլմերը հանվել են, բայց հույս հայտնեց, որ հավանաբար կցուցադրվեն հաջորդ տարի. «Լինելով երկիր, որտեղ գրաքննություն չկա, երբեւէ չենք ունեցել ճնշում, միջամտություն` ո՛չ իշխանությունների, ո՛չ գործընկերների եւ ո՛չ էլ հովանավորների կողմից: Այս անգամ ոչնչից մեծ աղմուկ սարքեցին, ինչ-որ մեկին շատ պետք էր այս աղմուկը, կարծում եմ` անհասկանալի աղմուկ էր: Մեր գործընկերներից` Կինեմատոգրաֆիստների միությունը, որը մշտապես մեզ անվճար տրամադրում է դահլիճը, այս տարի եւս, Ռուբեն Գեւորգյանցի հետ պայմանավորվել էինք, բայց, ինչպես գիտեք, նա վերջերս մահացավ: Իսկ այդ ծրագիրը պետք է ցուցադրվեր, սակայն հանկարծ պարզվեց, որ բավականին մեծ աղմուկ կա ծրագրի շուրջ հասարակության անհասկանալի մարդկանց կողմից, որոնք կապ չունեն ո՛չ իշխանությունների, ո՛չ կազմակերպությունների հետ: Կինեմատոգրաֆիստների միության նոր ղեկավարությունը որոշեց չցուցադրել ֆիլմերը` պատճառաբանելով, որ սգի մեջ են եւ չեն կարող ցուցադրել այսպիսի ծրագիր: Հույս ունեմ, որ ծրագիրը մյուս տարի կցուցադրենք: Վերոնշյալ 2 ֆիլմերը ի սկզբանե անցյալ տարի ներկայացրել էին փառատոնին, բայց արտադրական եւ սցենարային որակը թույլ էր` չվերցրինք: Ինչեւէ, չեմ կարծում, որ ամոթ կլիներ այդ ֆիլմերը ցուցադրել արտամրցութային ծրագրում»:
Իրականում Կինեմատոգրաֆիստների միությունը իր տարածքում կինոփառատոնի «Հայացք ներսից եւ դրսից» ծրագրում ցուցադրվելիք ֆիլմերը գրաքննել է` պահանջելով հանել այդ երկու ֆիլմերը ծրագրից, այլապես ամբողջությամբ կհանեն ծրագիրը: Արդյունքում` «Ոսկե ծիրանը» որոշում է կայացրել հեռացնել ողջ ծրագիրը, որտեղ ընդգրկված էին մոտ 40 ֆիլմ` զանազան թեմաներով: Ամեն դեպքում, կա մեկ վարկած եւս` կինոփառատոնի կազմակերպիչները Ռ. Գեւորգյանցից, կենդանության օրոք, վերոնշյալ ծրագրի շրջանակում ցուցադրվելիք ֆիլմերը հաստատել են այլ ցանկով, սակայն նրա մահից հետո փորձել են ներքին կարգով փոփոխություն կատարել ու նախորդ տարվա արգելված ֆիլմերը «խցկել» այս ծրագրում: Սակայն, երբ ամեն ինչ դուրս եկավ ջրի երես ու, ինչպես Հ. Խաչատրյանն է ասում, ոչնչից աղմուկ բարձրացավ, փառատոնի գլխավոր տնօրենը կրկին դիմեց խորամանկության` ամեն ինչ բարդեց լուսահոգի Գեւորգյանցի վրա, չէ՞ որ վերջինս, ցավոք, մահացել է, ու ասվածին հակադարձող չի լինի:
ՖԻԼՄԻ ԲՈՅԿՈՏԻՑ ՆԵՂՍՐՏՎԱԾ` ԻՐԱՆՑԻ ՌԵԺԻՍՈՐԸ ՆԱՄԱԿ Է ՀՂԵԼ
Իրանում արգելված, սակայն հայաստանյան որոշ կինոգործիչների կողմից ողջունված այլասերվածություն քարոզող «Ծիրանի այգիներ» ֆիլմի իրանցի ռեժիսորը նեղսրտված նամակ է հղել: Իբրեւ հաղթաթուղթ իրանցի ռեժիսորը թափահարում է մի քանի ԼԳԲՏ փառատոների մասնակցությունն ու նրանցից մի քանիսում, որպես խրախուսանք ստացած մրցանակաները. «Այս ֆիլմը նկարահանել եմ Հայաստանի ազգային կինոկենտրոնի միջոցով, որն այն պետական կառույցն է, որ օտար երկրների հետ համատեղ արտադրությամբ ֆիլմ նկարելու հարցում պատասխանատուն է ձեր երկրում: Նրանք վերցրին մեր դրամական միջոցները ու խոստացան օգնել մեզ, իսկ հիմա այդ կազմակերպությունից ոչ ոք չի պատասխանում մեզ, ձեր կինոթատրոններից ոչ մեկը չի ցուցադրում մեր ֆիլմը: Եվ հիմա ձեր փառատոնը, որը ֆիլմի եւ մշակութային ոլորտում ամենամեծ իրադարձությունն է Հայաստանում չի ցուցադրում մեր ֆիլմը, որի մեջ մենք ներդրել ենք մեր սերը, մեր ժամանակը եւ մեր արվեստը, որպեսզի ընկերություն, հոգատարություն եւ երկու հարեւանների միջեւ սեր հաղորդեինք, մեզ ստիպում է մտածել, թե ինչո՞ւ տեղի ունեցավ այս ամենը: Իմ ֆիլմը ցուցադրվել է ավելի քան 43 փառատոնում, որոնցից 3-ը առաջին կարգի, 4-ը` Օսկարի մակարդակի փառատոն էր, 1-ը` BAFTA-ի (Բրիտանական կինոակադեմիայի մրցանակաբաշխություն): Մենք ֆիլմը ցուցադրել ենք ամենահեղինակավոր ԼԳԲՏ փառատոներում, այն առաջին հայկական ֆիլմն է, որը ցուցադրվել է 2 աֆրիկյան պետությունում, Հայաստանի անվան տակ մենք 5 մրցանակ ենք ստացել, աշխարհին ենք ցուցադրել գեղեցիկ Հայաստանը ու մարդկանց լսելի ենք դարձրել ձեր լեզուն ավելի շատ, քան որեւէ 15 տարվա Հայաստանի կինոպատմության մեջ որեւէ այլ ֆիլմ, իսկ փոխարենը ստանում ենք միայն ատելություն»:
Հայաստանի ազգային կինոկենտրոնից դեռ կպարզենք, թե ինչ նպատակներով ու ինչ հիմքերով են ֆինանսավորել տվյալ ֆիլմին, բայց մինչ այդ անդրադառնանք արդեն կինոփառատոնի բացմանը զուգահեռ տեղի ունեցող ակցիային:
«ՆՄԱՆ ՓԱՌԱՏՈՆԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ ՉՊԵՏՔ Է ՏԵՂԻ ՈՒՆԵՆԱՆ»
Այս մասին «Իրավունքը» զրուցեց ակցիայի մասնակիցներից` «Համահայկական ծնողական կոմիտե» ՀԿ նախագահ ԱՐՄԱՆ ԲՈՇՅԱՆԻ հետ.
- Մենք արդեն երեք տարի է պահանջում ենք Հայաստանում արգելել այլասերվածության քարոզչությունը: Երբ Ազգային ժողովի հետ այս թեման քննարկում էինք, մեզ ասում էին, որ դրա վտանգը չկա, բայց այսօր հասել ենք նրան, որ «Ոսկե ծիրանը» երեխաների համար պատրաստվում էր այլասերված ֆիլմեր ցուցադրել: Խոսքը փառատոնի ծրագրում առկա 12+ ֆիլմերի մասին է, որոնք ուղղակիորեն քարոզչություն էին այլասերման: Եվ սա եւս մեկ առիթ է հիշեցնել, որ անմիջապես արգելք է պետք մտցնել: Նման փառատոներ Հայաստանում չպետք է տեղի ունենան, այսինքն` իրենք իրենց գործունեությունը բոլոր դեպքերում չեն կարող իրականացնել, մենք կխանգարենք, բայց օրենք է անհրաժեշտ, որ այս ամենն արգելվի:
- Պարոն Բոշյան, այս անգամ, կարծես թե, հաջողվեց կանխել նման ֆիլմերի ցուցադրումը: Բայց կարո՞ղ ենք վստահ լինել, որ նման երեւույթ այլեւս չի կրկնվի:
- Այդ ֆիլմերի ցուցադրումը կանխվել է, բայց քանի դեռ չկա համապատասխան օրենք, վաղը կհայտնվի մեկ այլ փառատոն, որը կրկին կփորձի երեխաների համար նման ցուցադրություններ կազմակերպել: Եվ որպեսզի այս հարցերով զբաղվենք ոչ թե մենք, այլ ոստիկանությունը, անհրաժեշտ է օրենք: Իսկ քանի դեռ չկա այդ օրենքը, պետք է անընդհատ մեր իշխանություններին դրա մասին հիշեցնենք:
«ԿԻՆՈՆ ԱՌԱՋԻՆ ԱՆԳԱՄ ՓՈՐՁԵՑԻՆ ՎԵՐԱԾԵԼ ԹԱՏՐՈՆԻ»
Պարզեցինք նաեւ «եփած բորշի» հեղինակի` փառատոնի հիմնադիր տնօրեն ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ տեսակետը, որն անդրադառնալով «Ոսկե ծիրանի» բացմանը զուգահեռ ընթացող ակցիային, ընդգծեց.
– Կարծում եմ` տեղի է ունենում ոչնչից մեծ աղմուկ հանած ակցիաներ, որովհետեւ այդպիսի ֆիլմեր աշխարհում կան, ցուցադրվում են կամ չեն ցուցադրվում: Ըստ իս, կինոն առաջին անգամ փորձեցին վերածել թատրոնի, եւ թատրոնը մի քիչ ստացվեց, բայց ոչինչ, որովհետեւ ամեն մեկն իր թատերական ընդունակություններն ունի, ազատ մարդիկ են, երեւի ամեն ինչի իրավունք ունեն:
– Պարոն Խաչատրյան, փառատոնից հանվեցին մեծ աղմուկ հանած ֆիլմերի ցուցադրումը: Վերջնականապես ձեռք կքաշե՞ք այդպիսի բովանդակությամբ ֆիլմերի ցուցադրումից:
– Աշխարհի լավագույն հոգեւոր, մշակութային ֆիլմերը պետք է ցուցադրվեն, եւ աշխարհի բոլոր հաղթող ֆիլմերը պետք է փորձենք ցուցադրել: Անկախ նրանից, թե դրանք ինչպիսին կլինեն` ով կհավանի, ով` ոչ, Աստված իրենց հետ:
– Փաստորեն, դեռ պնդում եք, որ կփորձեք մյուս տարի՞ այդ ֆիլմերը ցուցադրել:
– Մյուս տարվա ծրագրից կերեւա:
ՄՇԱԿՈՒՅԹԻ ՆԱԽԱՐԱՐԸ ԱՆՏԵՂՅԱԿ Է ԵՎ ԱՆՏԱՐԲԵՐ
Տեղի ունեցող ակցիայի մասին փորձեցինք պարզել նաեւ փառատոնի բացմանը ներկա ՀՀ մշակույթի նախարար ԱՐՄԵՆ ԱՄԻՐՅԱՆԻ տեսակետը, որը ամեն կերպ փորձեց շրջանցել հարցը եւ զարմանալիորեն ասել, թե տեղյակ չէ.
– Ծանոթ չեմ այդ ֆիլմերի սյուժեին, եւ ծրագիրը այն հարթակում, որտեղ պետք է ցուցադրվեր, հանվել է հենց Կինոմիության ցանկությամբ եւ առաջարկով` կապված մեր սիրելի Ռուբեն Գեւորգյանցի մահվան սգի եւ հիշատակի հետ:
– Պարոն Ամիրյան, հենց այս պահին ակցիա է տեղի ունենում, որի մասնակիցները զգուշացնում են, որ «Ոսկե ծիրան» փառատոնի շրջանակներում փորձ է արվում Հայաստանում իրականացնել այլասերվածության քարոզչություն: Այս հարցում իշխանությունը չի՞ պատրաստվում առավել զգոն լինել:
– Չգիտեմ ինչի մասին եք խոսում, բայց այսօր գեղեցիկ, հրաշալի տոն է, եւ այս տոնը թող գեղեցիկ իր տրամադրությունը փոխանցի նաեւ ձեզ: Թե որտեղ ինչ ակցիաներ են իրականանում, ով ինչ է ցուցադրում, ինչ է ուզում, կարծում եմ` այս պահին պետք է մեզ չհետաքրքրի:
«ՎԻՎԱՍԵԼ ՄՏՍ»-Ը ԿՈ՞ՂՄ Է ԱՅԼԱՍԵՐՄԱՆ ՔԱՐՈԶԻՆ
Մեր հարցին բավական ուշագրավ արձագանք տվեց նաեւ «Ոսկե ծիրան» կինոփառատոնի գլխավոր հովանավոր «ՎիվաՍել ՄՏՍ» ընկերության գլխավոր տնօրեն ՌԱԼՖ ՅԻՐԻԿՅԱՆԸ: Սակայն մինչ պատասխանին անդրադառնալը` նշենք, որ նա փառատոնի մասին նախ ասաց հետեւյալը.
– 13 տարի է մեր ընկերությունը կանգնել է այս փառատոնի կողքին, որովհետեւ այն համընկնում է մեր գաղափարախոսության հետ: Մենք` իբրեւ ընկերություն, եւ ես` իբրեւ գլխավոր տնօրեն, միշտ ցանկանում ենք տեսնել ավելի լավ երկիր, եւ «Ոսկե ծիրանը» արդեն իրականացնում է իր կարողություններով այս գաղափարի մի մասը:
– Պարոն Յիրիկյան, իսկ որպես փառատոնի գլխավոր հովանավոր, ինչպե՞ս եք վերաբերում նրան, որ «Ոսկե ծիրանի» շրջանակում փորձում էին այլասերվածության քարոզչություն իրականացնել:
– Մենք գործընկեր ենք, գլխավոր հովանավոր ենք, բայց չենք խառնվում փառատոնի աշխատանքին: Կինոն արվեստ է` կա այսպես, կա եւ այնպես, փառատոնի պատասխանատուներն իրենք ազատ են, մենք առաջին օրվանից մինչեւ այսօր ոչ մի անգամ չենք խառնվել այդ հարցերին, ու դա ճիշտ է:
– Ամեն դեպքում, Ձեզ չի՞ հուզում, թե ձեր փողերով ի՞նչ է ցուցադրվում ու քարոզվում հանրությանը:
– Միայն մեր գումարները չէ, որ օժանդակում են փառատոնին, կա պետություն, նախարարություն, կան այլ հովանավորներ: Չենք կարող այսպես բերել ու թիրախավորել` ասելով, որ ճիշտ չէ օգտագործվում այդ գումարները: Եվ, վերջապես, մենք` իբրեւ երկիր, աշխարհից տարբեր չենք, եւ փառատոնը փորձում է ինչ-որ կարողանում է անել: Նորից եմ կրկնում` մենք իրենց աշխատանքին չենք խառնվում:
– Այսինքն` ստացվում է, որ Դուք դեմ չե՞ք այլասերվածություն քարոզող ֆիլմերի ցուցադրմանը:
– Եթե իբրեւ գլխավոր տնօրեն եք հարցնում, չեմ կարող դեմ լինել, բայց եթե իբրեւ անհատ եք հարցնում` դա այլ թեմա է: Մենք կարող ենք ուրիշ անգամ, ուրիշ տեղ, իբրեւ անհատ` նստել եւ քննարկել:
Պարոն Յիրիկյանն այս ամենն ասաց կարմիր գորգի վրա, իսկ արդեն դահլիճում, փառատոնի բացման արարողությանը, երբ ավանդական դարձած տարբերակով Հարություն Խաչատրյանը պարոն Յիրիկյանին հրավիրեց, որ հայտարարի փառատոնի բացումն ու բեմում հրապարակավ «փող խնդրի»` հաջորդ տարվա համար, պարոն Յիրիկյանը փոքր ինչ սեթեւեթեց: Հ. Խաչատրյանը գլխի ընկնելով` կարծես թե Յիրիկյանի բերանից խոստումը կորզելու նպատակով հիշեցրեց, որ հաջորդ տարի փառատոնի 15-ամյակն է, ու մտադիր են այն ավելի մեծ շուքով տոնելու, եւ շեշտեց` Պարոն Յիրիկյան, ասեք, որ հաջորդ տարի էլ կաջակցեք մեզ: Յիրիկյանն էլ, թե` հաջորդ տարի կաջակցեմ, որ ավելի շատ հովանավորներ ունենք, ու այդպես էլ չհստակեցրեց իրենց հաջորդ տարվա աջակցությունը:
«ՀԱՐՈՒԹՅՈՒՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԸ ԹՈՂ ՆԵՐՈՂՈՒԹՅՈՒՆ ԽՆԴՐԻ»
Հ. Խաչատրյանի դիտարկումների մասին մեզ հետ զրույցում` «Ոչ այլասերման քարոզին» ակցիայի մասնակիցներից «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար ՀԱՅԿ ԱՅՎԱԶՅԱՆԸ այսպես արձագանքեց.
- Նախ, Հարություն Խաչատրյանը թող ներողություն խնդրի, որ առաջին քրիստոնեական երկրում բերել ու պղծություն է քարոզում: Եվ երկրորդ` նա, որ նշում է, թե «ոչնչից մեծ աղմուկ են սարքել, ինչ-որ մեկին պետք էր այս աղմուկը», եթե ինքը չգիտի, հիշեցնեմ` այդ «ինչ-որ մեկը» ժողովրդի 99 տոկոսն է, որը դեմ է պղծություններին:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
ԼԻԼԻԹ ԵՂԻԱԶԱՐՅԱՆ