Մեր հոգևոր հայրերը չպետք է միայնակ մնան. կոչ՝ հավատավոր ժողովրդին
Ներքաղաքական
«Սիրելի եղբայրներ և քույրեր,
Այսօր մեր հոգևոր և ազգային կյանքի ամենասրբազան հիմնասյուներից մեկը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին, բախվում է համակարգված, ուղղորդված և խորքային մի արշավի հետ, որի նպատակը մեկ պարզ բան է՝ ջարդել մեր հավաքական հիշողությունը, արժեհամակարգը և ինքնությունը։
Պարագլխի և նրա քաղաքական ու քարոզչական խամաճիկների կողմից Եկեղեցու դեմ իրականացվող հարձակումը պատահական կամ պահի ազդեցությամբ ծնված գործընթաց չէ։ Սա խորը մտածված բեմադրություն է, որի առանցքում դրված է մի դավադրապաշտական տեսություն՝ իբր Եկեղեցու սրբազաններից որևէ մեկը (կամ նույնիսկ Վեհափառ Հայրապետը) խախտել է կուսակրոնության ուխտը։ Այս ենթադրության վրա կառուցվում է մի համատարած քարոզչական շղարշ, որի միջոցով փորձ է արվում Եկեղեցին ներկայացնել որպես բարոյալքված, անազնիվ և ժողովրդից կտրված կառույց։
Եվ այս «բացահայտումները» հրամցվում են մի այնպիսի հիստերիկ մանիպուլյացիայով, որ դրանց կողքին Արցախի հանձնումը, Հայաստանի տարածքների զիջումը թշնամուն, պետականության կազմաքանդումը, սոցիալ-տնտեսական փլուզումը մնում են լուսանցքում՝ որպես երկրորդական թեմաներ։ Սա պատահակա՞ն է։ Իհարկե՝ ոչ։ Իշխանության խնդիրն այն չէ՝ արդյոք որևէ հոգևորական սայթաքել է, թե՝ ոչ։ Խնդիրն այն է, որ վերջին պատնեշը՝ Եկեղեցին, դեռ կանգուն է։ Եվ քանի դեռ այն կանգուն է, չի կարելի վերջնականապես խեղդել մեր ինքնությունը։
Հիմա պատկերացրեք՝ կարող է պատահել, որ իրոք որևէ հոգևորականի վերաբերյալ ունեն ինչ-որ փաստ կամ կոմպրոմատ։ Դրա հանդիսավոր բացահայտումը, մեծ շոուի պես մատուցված, պետք է դառնա այս բեմադրության «պսակը»։ Սակայն, սիրելիներս, եթե անգամ այդպիսի փաստ գոյություն ունի, մի՛ խառնեք մարդուն Եկեղեցու հետ։ Մարդը սխալական է, իսկ Եկեղեցին՝ սուրբ։ Եկեղեցու սրբությունը պայմանավորված չէ այն ծառայողների կատարյալ բարոյականությամբ, այլ Նրա Հիմնադրով՝ Քրիստոսով։
Կուսակրոնության ուխտի խախտման, մանկապղծության և սրբապղծությամ մասին խոսում են գոյեր, որոնց հասարակության մեջ հայտնի ու անհայտ շնաբարո և բարոյազուրկ վարքագիծը կարող է հիանալի նյութ դառնալ համապատասխան ժանրի սերիալի համար՝ մի քանի եթերաշրջաններով։ Նրանք, ովքեր առօրյայում վարկաբեկում են հավատը, ապրում շնաբարո կյանքով, ծաղրում մեր Եկեղեցուն, այսօր մեզ «բարոյականության» դասեր են տալիս։
Սիրելի հավատացյալներ, եղբայրներ և քույրեր, մենք իրավունք չունենք թուլանալու։ Մենք պարտավոր ենք լինել մեր Եկեղեցու կողքին, հատկապես հիմա՝ փորձության պահին, երբ այն դավադրաբար ուզում են խորտակել։ Մենք պիտի սատար կանգնենք մեր հոգևոր հայրերին՝ ոչ թե կուրորեն արդարացնելով ամեն ինչ, այլ գիտակցելով՝ նրանց սայթաքումները անձնական մեծ ողբերգություն են, սակայն մարդը սխալական է, իսկ նեղության պահին նրա կողքին կանգնելը և սատարելը՝ մեր քրիստոնեական պարտքը։
Ահա թե ինչ է ասում Տեր Հիսուս Քրիստոս Ավետարանում. «Ով առանց մեղքի է ձեր մեջ, թող առաջինը քար գցի նրա վրա» (Հովհ 8:7):
Սա կոչ է՝ մի՛ դատեք ուրիշին այնպես, ինչպես ինքներդ չեք կամենա դատվել։
Սիրելինե՛րս, եթե մենք իսկապես հավատավոր ժողովուրդ ենք, ապա հիմա պիտի դրսևորենք մեր հաստատակամությունը։ Ցույց տվեք ձեր հավատքը ոչ թե խոսքով, այլ գործով՝ Եկեղեցու կողքին կանգնելով։ Մեր հոգևոր հայրերը չպետք է միայնակ մնան, աշխարհը պետք է տեսնի, թե ինչ է նշանակում առաջինը պետականորեն քրիստոնեություն ընդունած ժողովուրդ։
Այս սրբապիղծը և իր քաղաքական ու հոգևոր ծնողները՝ Ալիևը, Փաշազադեն ու Էրդողանը, չպետք է հասնեն իրենց նպատակին՝ ջարդել մեր հավաքական ողնաշարը՝ Հայ Առաքելական Սուրբ Եկեղեցին։ Դա չի ստացվել անցյալում, չեն կարողանալու հիմա և չի լինելու երբեք։
«Մի՛ խաբվեք։ Աստված չի ծաղրվի, որովհետև մարդ ինչ-որ ցանում է, այն էլ պիտի հնձի» (Գաղ 6: 7-8)
Թող Աստված զորացնի ձեզ՝ ձեր հավատքի մեջ, ձեր հաստատակամության մեջ։ Եվ հիշե՛ք՝ Եկեղեցին երբեք չի սխալվում։ Սխալվում են մարդիկ՝ Վեհափառից մինչև պարզ հավատացյալը։ Բայց Եկեղեցին, որպես Քրիստոսի Մարմին, մնում է սուրբ, սրբագործ և անսասան։ Մի՛ երկմտեք։ Մի՛ հուսահատվեք։ Մի՛ հանձնվեք։
Եկեղեցին մեր տունն է։ Եկեղեցին մեր հավաքական հոգին է։ Եկեղեցին՝ մեր հավիտենական հայրենիքն է», - այս մասին ասված է ՀԱՊ կուսակցության նախագահ ԱՐԹՈՒՐ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ պաշտոնական էջում:
Հիշեցնենք, որ Արթուր Վարդանյանն իր քաղաքական հայացքների համար այս ռեժիմի կողմից դատապարտվել է ազատազրկման: