ՆԻԿՈԼԻ ԱՌԿԱՅՈՒԹՅՈՒՆԸ ԽԱՌՆՈՒՄ Է ԱՄԵՆ ՄԻ ՌԱԶՄԱՎԱՐԱԿԱՆ ՀԱՇՎԱՐԿ
Վերլուծություն
Իհարկե` այն, որ Բրիտանիան գնաց խաղադրույքների մաքսիմալ բարձրացման ուղղությամբ, դժվար չէ կռահել՝ Ռուսաստանի ստրատեգիական ռմբակոծիչներին հասցված հարվածի պատմությունից (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=314607&l=am): Ու նաեւ մտածել, թե բրիտանացիներն իրենց համար ներկա վճռական պահին խաղարկում են միայն ուկրաինական ուղղությունը, միամտություն կլիներ:
Հայտնի փաստ է, որ բրիտանական հետախուզությունն ուկրաինականից ոչ պակաս ակտիվությամբ գործում է նաեւ Թուրքիա-Հայաստան-Ադրբեջան ուղղությամբ: Հաշվի առնելով, որ այս հատվածում, բացի Ռուսաստանի հետ հակամարտությունից, բրիտանացիներն ունեն նաեւ Իրանի հետ կապված խնդիրը, որը Թրամփի օրոք ամենեւին էլ այն հունի մեջ չէ, որը շատ կցանկանար Լոնդոնը:
Ամեն դեպքում, այն, որ վերջին ամիսներին մեր տարածաշրջանում եւս իրավիճակը հետեւողականորեն սրվում է, դա ակնհայտ է: Եվ ասել, թե դա հենց այնպես, Ալիեւի քմահաճույքներով է պայմանավորված, միամտություն կլիներ: Հերթական նման սրացումը դարձավ Լաչինում ցուցադրաբար օդանավակայան բացելը՝ Թուրքիայի եւ Պակիստանի ղեկավարների մասնակցությամբ: Ու ինչքան էլ որ այն փորձում են ներկայացնել, որպես սովորական տնտեսական գործոն, դրա տակից ռազմական իրողություններն ուղղակի աղաղակում են: Իսկ այն, որ այս ամենին զուգահեռ Ալիեւը շարունակում է հետեւողականորեն արգելափակել ռուսական լրատվամիջոցների գործունեությունը, ինչի հերթական օրինակը դարձավ «Մատչ ՏՎ»-ն, ռուսական աղբյուրները գնահատում են թշնամանքի նորանոր փաստեր: Ու նաեւ չմոռանանք Ռուսաստանի պաշտպանության նախարարի հայտարարությունը՝ Սյունիքի ուղղությամբ շարունակվող սրացումների մասին: Վերջապես, այն արշավը, որը Բաքուն ձեռնարկել է Հայոց եկեղեցու դեմ, եւ որն էլ ավելի մեծ ակտիվությամբ արդեն այստեղ ծավալում է Նիկոլը, մոտ ապագայի հետ կապված միանգամայն մռայլ տրամադրություններն են առաջացնում:
Թե այս ամբողջական պատկերն ուր է տանում, թերեւս դեռ վաղ է վերջնական եզրակացություններ հայտնել: Թիրախը, իհարկե, հասկանալի է, շարունակում է մնալ Սյունիքը: Հաշվի առնելով նաեւ Էրդողանի վերջին հայտարարությունը, որով Իրանին առաջարկում է՝ աջակցել «Զանգեզուրի միջանցքի» բացմանը: Բայց նաեւ բացատրելով. «Զանգեզուրի անցումը ոչ միայն ցամաքային կապ է Ադրբեջանի համար Նախիջեւանի հետ, այլ նաեւ Թուրքիայից դեպի թյուրքական աշխարհ ձգվող նոր ինտեգրացիոն գիծ»: Այսինքն, Էրդողանն ակնկալում է, որ Իրանը պետք է նպաստի, որ թյուրքական աշխարհն իրար կապվող երկաթուղային համակա՞րգ ձեռք բերի: Թերեւս, առնվազն զարմանք կարող է հարուցել Թուրքիայի ղեկավարի նման լավատեսությունը: Բայց այն, որ նա շարունակում է առաջ տանել «Զանգեզուրի միջանցքի» հարցը՝ այն դիտարկելով թյուրքական աշխարհի կապի օղակ դարձնելու տեսլականով եւ միաժամանակ ակտիվացնում է Ադրբեջան-Պակիստան օղակը՝ դրան ռազմականացված տեսք տալով, թերեւս գալիս է եւս մեկ անգամ հուշելու, որ թյուրքիստական ծրագրերը Անկարայի համար մնում են առաջնային դիրքերում:
Բայց մյուս կողմից, հետաքրքիր տեղեկություն հաղորդեց նաեւ իրանական աղբյուրը. «Հնդկաստանը հզորացնում է Հայաստանը «Պինակա» հրթիռներով, «Ակաշ» հակաօդային պաշտպանության համակարգերով եւ հաուբիցներով՝ փորձելով հակազդել Թուրքիայի, Ադրբեջանի եւ Պակիստանի միջեւ աճող ռազմավարական դաշինքին»: Իհարկե, չպետք է մոռանալ նաեւ Իսրայելի մասին, որը, թեեւ, Թուրքիայի հետ ունեցած հակասություններին, այնուամենայնիվ, ակտիվ աշխատում է Ադրբեջանում:
Իրականում կա՞ նման օգնություն հնդիկների կողմից, վստահաբար չասենք: Բայց այն, որ Պակիստանի հետ վերջին պատերազմական վիճակը Հնդկաստանի համար էլ ավելի է կարեւորել Իրան-Հայաստան-Ռուսաստան ուղղությունը, դա եւս տեսանելի է դառնում:
Այսպիսով, հարավկովկասյան ուղղությամբ բավականին ուշագրավ կոնֆիգուրացիաներ են սկսել տեսանելի դառնալ: Իհարկե, այս համատեքստում դեռ կա այն հարցը, թե ինչ ծրագրեր ունի այս ուղղությամբ Թրամփը: Իրանի հետ բանակցությունները բավականին նյարդային են ընթանում: Բայց նաեւ, ամերիկյան ուժերը սկսել են կամաց-կամաց հեռանալ տարածաշրջանից, այդ թվում՝ դուրս է բերվել «Հարի Թրյումեն» ավիակիրը: Իսկ այս դեպքում, թերեւս, ռազմական բալանսը մնում է ռուսական թեւի օգտին:
Բայց նաեւ չմոռանանք, որ Հայաստանում կա Նիկոլ, որը, կրկնենք, Ալիեւի օգնությամբ հարձակվում է Հայոց եկեղեցու վրա: Իսկ այդ դեպքում ամեն մի տարբերակ մնում է հնարավոր:
https://iravunk.com/sim/?p=314609&l=am/