Նիկոլի ու Աննայի փաշազադեությունը հասել է իր պիկին
Վերլուծություն
Նիկոլ Փաշինյանը, իրեն երկրի գերագույն գլխավոր սեքսոպաթոլոգի տեղ դրած, շարունակում է սեռական բնույթի զրպարտանքներ տարածել Վեհափառ Հայրապետի եւ եպիսկոպոսաց դասի վերաբերյալ: Անձնական տվյալների պաշտպանության մասին օրենքը Փաշինյան Նիկոլն ու Աննա Հակոբյանը քացու տակ գցած տշում են ու տշում, էլ չասենք Սահմանադրության համապատասխան հոդվածի մասին, ըստ որի՝ ՀՀ-ում եկեղեցին անջատ է պետությունից:
Հանրապետությունը ճանաչում է Հայաստանյայց առաքելական սուրբ եկեղեցու՝ որպես ազգային եկեղեցու բացառիկ առաքելությունը հայ ժողովրդի հոգեւոր կյանքում, նրա ազգային մշակույթի զարգացման եւ ազգային ինքնության պահպանման գործում:
Ասել, որ սա քստմնելի, անբարոյական արշավ է, նշանակում է ոչինչ չասել: Այլեւս փաստ է, որ անցել են բոլոր կարմիր գծերը: Փաշինյանը, իր սիրելի Պապ թագավորի կերպարի մեջ մտած, էլ ավելի գերդոզավորում է իր հակաեկեղեցական գրառումների շարքը: Անխոս, այս ամենը սպասելի էր, դեռ 2018-ին այս իշխանությունը փորձում էր գահընկեց անել Ամենայն Հայոց կաթողիկոսին՝ լիներ «Նոր Հայաստան, նոր հայրապետ» անտիեկեղեցական շարժման միջոցով, թե Գնդեվանքի մոտ Վեհափառ Հայրապետին ձորից նետելով: Պարզապես, հիմա մի բան է փոխվել, եթե այն ժամանակ կային կասկածներ, որ այդ ամենն ուղղորդվում է իշխանության կողմից, հիմա այլեւս փաստ է, որ եկեղեցու դեմ սանձազերծված արշավի հրամանատարությունը ստանձել է Նիկոլ Փաշինյանը:
Իսկ այն, որ Փաշինյանի սեռաշեղված երեւակայությունն անսահման է եւ կարող է պլինտուսի մակարդակից իջնել դեպի անսահմանություն, բավական է կարդալ նրա հեղինակած «Երկրի հակառակ կողմը» գիրքը, որտեղ պատմում է սրան-նրան բռնաբարելու ցանկությունների մասին՝ սկսած արձանից, կտավից, 120 կգ կնոջից, հյուրանոցի աշխատողից, դեռատի տղայից…
ՀԱՐՑԵՐԸ ՍԿՍԵԼ ԵՆ ԼՈՒԾԵԼ ՈՉ ԹԵ ԴԱՏԱՐԱՆՈՎ, ԱՅԼ` ԳԵՂԱԿԱՆ ԿԱՐԳՈ՞Վ
Ի դեպ, այս հարցում Աննա Հակոբյանի երեւակայությունը ամենեւին չի զիջում իր զուգընկերոջը: Անդրադառնալով Politik.am-ի խմբագիր Բորիս Մուրազիին՝ նա նշել է. «Բորիս Մուրազին շատ անձնական է ընդունել որոշ հոգեւորականների սրբապղծությունների մասին բարձրաձայնումը։ Նա դրա համար ունի անձնական պատճառներ»։ Հղում անելով իր հավաստի աղբյուրներին՝ Աննա Հակոբյանը մատնանշում է, թե Բորիս Մուրազին սեռական ծառայություններ է մատուցում որոշ եպիսկոպոսների։ «Ինձ սրա մասին արդեն մի քանի տարի է` ասում էին, չէի հավատում։ Հիմա արդեն ակնհայտ է։ Կարծում եմ, տեսագրություններ էլ կլինեն համապատասխան մարմինների դարակներում»։ Այն, որ Աննա-Նիկոլ զույգը կարող են ամենազազրելի կերպով ներխուժել մարդու անձնական կյանք կամ զրպարտել նրան, արդեն իսկ անդրադարձել ենք, սակայն այստեղ ուշագրավ էր Բորիս Մուրազիի արձագանքը. «Իմ անձը ի՞նչ է, այս մարդիկ ավելի վատ բաներ էլ են արել, Արցախ են հանձնել, հայ ժողովրդին հասցրել են այս վիճակին, երանի թե, նրանց միակ վատ արարքը մեր նվաստ անձերը թիրախ դարձնելը լիներ, եթե Արցախը ադրբեջանական տարածք համարելու համար սրանց դատի չենք տվել, միթե արժե՞ իմ մասին գրառում անելու համար դատի տալ»: Ինչ խոսք, առնվազն տարօրինակ է: Էլ ավելի տարօրինակ է, որ քոչարյանական քարոզիչ Բորիս Մուրազիի անունը Աննա Հակոբյանն իր գրառմամբ փորձել է կապել ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի հետ՝ այն դեպքում, երբ սույն խմբագիրը պատեհ-անպատեհ առիթը բաց չի թողնում` քննադատելու հենց երրորդ նախագահին: Հետեւաբար, հարց է ծագում՝ լավ, դուք ուրիշ հերոսի անուն չգիտե՞ք…
ՈՎ Է ՊԱՏՎԻՐԱՏՈՒՆ
Ինչեւէ, շատերի համար դեռ մնում է հարց, թե ինչու հիմա Նիկոլն ու Աննան հարձակվեցին Վեհափառ Հայրապետի վրա: Կան բազմաթիվ գնահատականներ, որ սա պայմանավորված էր Ամենայն Հայոց կաթողիկոսի կողմից Շվեյցիարիայում Արցախի հարցը բարձրացնելով, ոմանք պնդում են, թե Ադրբեջանի հոգևոր առաջնորդ Ալաշուքյուր Փաշազադեի պահանջն են ի կատար ածում, որը հայտարարել է, թե Էջմիածինը թուրքական քաղաք է եւ պետք է դառնա ադրբեջանական: Մինչդեռ «Լույս» տեղեկատվական-վերլուծական կենտրոնի ղեկավար Հայկ Այվազյանն այլ ուշագրավ մեկնաբանությամբ է հանդես եկել:
«Հայ Առաքելական Եկեղեցու եւ հոգեւորականների դեմ տարվող գործընթացի պատվիրատուն նույնն է, ինչը որ Ուկրաինայում։ Դա Արեւմուտքն է։ Այս երկու օրը ընդդիմադիր դաշտից Մայր Աթոռին ուղղված տարբեր պահանջներ եւ խորհուրդներ են հնչում այն մասին, թե ինչ պատասխան նա պետք է տա։ Եթե մեր ընդդիմադիրները Արեւմուտքին խիստ ընդդիմանալու ցանկություն եւ վճռականություն չունեն, որպեսզի իրենց կոմֆորտ բալանսավորված քաղաքականությունից հանկարծ չշեղվեն եւ Արեւմուտքի աչքերում վատամարդ դուրս չգան, ապա թող Եկեղեցուն եւ իր հոգևորականներին այդ պայքարի առաջնագիծ չմղեն»,- նշել է նա։
ԻՆՉ ԱՆԵԼ՝ ՎԱՍՆ ՀԱՅՐԵՆՅԱՑ, ՎԱՍՆ ՀԱՎԱՏՈ…
Ի՞նչ անել այս իրավիճակում, եւ էլ ինչքան կարելի է հանդուրժել այս ամենը, թերեւս այս հարցերի պատասխաններն են, որ ներքաղաքական դաշտում փորձում են գտնել:
Հայաստանի Հանրապետական կուսակցության Գործադիր մարմինն իր տարածած հայտարարության մեջ հետեւյալ լուծումն է առաջարկում. «Ներկայիս խայտառակ իրողությունը կրկին օրհասական է դարձնում համաժողովրդական պահանջով նոր կառավարության ձեւավորման հրամայականը։ Ժամանակն է բռունցքվելու, վճռականության եւ գործողությունների, որպեսզի ձեւավորվի այնպիսի կառավարություն, որն առաջնահերթություն կտա մեր երկրի եւ ժողովրդի բարեկեցությանն ու ազգային արժեքների պաշտպանությանը։ Մենք կոչ ենք անում բոլոր հայերին՝ թե՛ Հայրենիքում, թե՛ սփյուռքում, միավորվել ու այս ավտորիտար նողկալի գործողությունները մերժելու գործում եւ հաստատելու մեր նվիրվածությունը մեր եկեղեցուն եւ նրա դավանած արժեքներին։ Միասի´ն բեկենք անհանդուրժելի իրականությունը, պաշտպանե՛նք մեր ինքնությունը: Հավատով, հույսով եւ միասնությամբ՝ հանուն հոգու եւ Հայրենիքի փրկության»:
Իսկ ԱԺ «Հայաստան» խմբակցությունը գտնում է, որ «Հայ ժողովրդի համար ճակատագրական այս օրերին ազգային ուժերի միասնականությունն ու վճռականությունն առավել քան անհրաժեշտություն են։ Հավատավոր հայ ժողովրդի նվիրական միակամությամբ շարունակենք լինել հայ եկեղեցու կողքին՝ հանուն Հայոց պետականության ամրապնդման, հանուն մեր հավաքական իրավունքների եւ շահերի պաշտպանության»։ Այսինքն՝ ի տարբերություն ՀՀԿ-ի, «Հայաստան» դաշինքն այդպես էլ չի անում որեւէ առաջարկ, թե միանանք, որ ի՞նչ անենք, սպասենք 2026 թվականի հերթական խորհրդարանական ընտրությունների՞ն: Չէ որ, իրենք դեմ են իմպիչմենթի գործընթաց սկսելուն: Եվ առհասարակ՝ հիմա միանա՞լ, թե՞ տարանջատվել է պետք, այդպես էլ հստակ չէ դաշինքի դիրքորոշումը, քանի որ իրենց առաջնորդ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանը, համենայնդեպս, տարանջատվելու կողմնակիցն էր:
Համենայնդեպս, քաղաքագետ Ռոբերտ Մարգարյանի կարծիքով՝ պետք չէ տրվել Նիկոլ Փաշինյանի սադրանքներին ու առաջնորդվել նրա գծած խաղի կանոններով։ Նրա գնահատմամբ՝ Նիկոլի սադրանքին ընդդիմանալու մի ելք կա։ Բայց, իհարկե, քոչարյանական քաղաքագետի կարծիքով՝ այն իմպիչմենթի գործընթացը չէ, այլ անտեսելը Փաշինյանի գրառումներն ու դրանք թողնել անարձագանք. «Գծել խաղի սեփական կանոններն ու Նիկոլին պարտադրել առաջնորդվել դրանցով»: Այս առումով, ընդդիմության վերջին 4-5 տարիների փորձառությունն, իհարկե, լավատեսություն չի ներշնչում: Իսկ նախկին քաղբանտարկյալ Նարեկ Մալյանը հիշեցնում է. «Սրանցից ազատվելու միակ տարբերակը իմպիչմենտն է, որին այս պահին դեմ է Ռոբերտ Քոչարյանը իր ինտերնետային 18 աջակիցներով եւ 5 լրատվամիջոցներով»:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=314538&l=am/