Երբ ես էի Համալիրի տնօրեն, մեկ անգամ է հարսանիք անելու առաջարկ եղել, թույլ չեմ տվել. Վազգեն Ասատրյան
Մշակութային
Ողջ համացանցը ողողված է Վիվառոյի Վիգենի՝ Վիգեն Բադալյանի եղբոր որդու՝ Ռոման Բադալյանի հարսանիքի մասին լուրերով, որը տեղի է ունեցել Կ. Դեմիրճյանի անվան Մարզահամերգային համալիրի մեծ դահլիճում: Հարսանիքը վարել են Գարիկ Մարտիրոսյանն ու Նազենի Հովհաննիսյանը, ելույթ են ունեցել Հարութ Փամբուկչյանն, Արամեն, Սարոն, Թաթա Սիմոնյանը, Վալերի Մելաձեն, աշխարահռչակ Նիկոլ Շերզինգերը եւ այլ անվանի երգիչ-երգչուհիներ: Փաստորեն, հասել ենք նրան, որ երկրի ամենախոշոր մշակութային կենտրոնն իջեցվում է հարսանիքի մակարդակի: Այսինքն՝ կարող ենք այլեւս ականատես լինել նաեւ կնունք- ծնունդի, հոգեհանգստի տեսարանների՝ փողին մունաթ: «Խորովածը շատ լավ բան է», երգի տակ համալիրում էլ ո՞ վ կցանկանա ամուսնանալ, վաղը կգովազդեն ու կընդունեն հայտերը, որովհետեւ մշակութային գործիչները լուռ են՝ այնքան լուռ, որ ստիպված մենք ենք հիշում, թե ինչպես էր Արմենչիկի համերգի համար աղմուկ բարձրացել, թե բա՝ Համալիրում ի՞նչ Արմենչիկ, ամո՛թ է, թարգե՛ք: Իսկ հիմա ռաբիս երգիչ Թաթուլ Ավոյանի համերգին տեղի է ունենում «ֆուռոռ» համալիրում, որի տրամաբանական շարունակությունն էլ հարսանիքն էր՝ բառի բուն իմաստով: Այս մասին «Իրավունք»-ը զրուցել է ՀՀ մշակույթի վաստակավոր գործիչ, Մարզահամերգային համալիրի նախկին տնօրեն ՎԱԶԳԵՆ ԱՍԱՏՐՅԱՆԻ հետ:
— Պարոն Ասատրյան, նախկինում նման դեպք երբեւէ եղե՞լ է, որ Համալիրում հարսանեկան արարողություն իրականացվի:
— Իմ աշխատելու տարներին, երբ ես էի Մարզահամերգային համալիրի տնօրենը, մեկ անգամ՝ 2017 թվականին, հարսանիք անելու առաջարկ եղել է, սակայն, թույլ չեմ տվել: Իհարկե, մեծ խնդիրների առաջ եմ կանգնել դրանից հետո, սակայն նախագահը՝ Սերժ Սարգսյանը հասկացավ, ընդունեց, որ ես ճիտ եմ եւ աջակցեց այդ հարցում: Համալիրում նախքան այս հարսանիքը, տարիներ առաջ մեկ անգամ է եղել հարսանիք, երբ Համալիրը սեփականատեր ուներ: Դա 2015 թվականն էր, երբ գնել էին համալիրը: Եվ այդ ժամանակ սեփականատերերն իրենք իրենց տղայի հարսանիքը նշեցին, սակայն այդ ժամանակ դա համարվել է իրենց սեփականությունը:
Մինչդեռ 2015 թվականից հետո՝ պետությունը վերցրեց եւ պետականացրեց Համալիրը, ես եկա եւ ՊՈԱԿ բացեցի, Համալիրը անցավ պետական գույքի կառավարման տակ, այդ օրվանից մինչ մի քանի օր առաջ, նման միջոցառում չի եղել Համալիրում: Իմ օրոք նման բան չէր էլ կարող լինել, քանի որ ես դեմ էի, որովհետեւ այն Մարզահամերգային համալիր էր՝ պատմամշակութային շենք: Բնականաբար, այնտեղ կարող էր լիներ սպորտային միջոցառումներ, համերգներ, ֆորումներ եւ այլն, բայց ոչ մի դեպքում հարսանիք:
Սակայն այսօր ստացվում է, որ Հայաստանում ով փող ունի, ինչ ուզում անում է, իսկ ով փող չունի, մի կերպ ապրում է՝ 36 հազար դրամ թոշակով: Կամ՝ լավ, եթե արել եք նման հարսանիք «ձեր նեղ» շրջապատով՝ 1000 անձով, ապա գոնե մի հրապարակեք, թող ժողովուրդը չտեսնի: Ի՞նչ գլուխ գովելու բան է: Կամ ո՞վ է թույլ տվել, ինչու են թույլ տվել Համալիրում հարսանիք անել, ես չգիտեմ: Ցավոք, ստացվում է՝ «кто платит, тот и заказывает музыку»:
— Այսինքն՝ ի՞նչ է ստացվում՝ ով ունի գումար, կարող է Համալիրում անցկացնել կնունք, ծնունդ, անգամ հոգեհա՞ց տալ:
— Եթե Դուք այդ հարցերը տայիք ինձ 6 տարի առաջ, ես կպատասխանեի վստահ Ձեր բոլոր հարցերին: Սակայն այսօր, երբ 7 տարուց ավելի է, ինչ երկիրն ահավոր վիճակում է եւ շունը տիրոջը չի ճանաչում, ոչինչ ասել չեմ կարող:
— Ի դեպ, արդարացնելով տեղի ունեցածը՝ ոմանք էլ փորձում են համոզել, թե նույնիսկ Ֆրանսիայի Օպերայի շենքն են տալիս վարձակալության եւ անձը, ով այն վարձում է, կարող է այնտեղ հարսանք էլ կազմակերպել:
— Չե՛ն կարող: Վարձել կարող են, սակայն միայն սահմանափակ միջոցառումների համար՝ սեմինար, համերգ, էքսպոներ, ժողովներ: Ամեն ինչ, բացի ծնունդ-կնունք-հարսանիքից:
— Անգամ ասում են, թե ինչպես կարելի է նորմալ համարել Համալիրում կայանալիք էքսպոները, սակայն ոչ հարսանիքը…
— Սխալ բաներ են ասում, ինչպե՞ս կարելի է համեմատել: «Էքսպո» նշանակում է էքսպազիցիա: Մարդիկ ներկայացնում են իրենց արտադրանքները կամ ինչ կարող են առաջարկել սպառողին: Մարզահամերգային համալիրում գոյություն ունեն բուֆետներ՝ աջ եւ ձախ կողմերում, որոնք եղել են ի սկզբանե, հենց Կարեն Դեմերճյանի ժամանակվանից: Բուֆետները հագեցած են ամեն ինչով, որ այցելուն կարողանա գնա սուրճ խմի, ընդմիջում անի եւ այլն: Դա նորմալ է: Այսինքն՝ այդ սրճարաններն ու բուֆետները 1983 թվականից նախատեսված է եղել: Հիմա էլ, եթե էքսպո է լինում, բուֆետները աշխատում են՝ գնացեք, նստեք, ընդմիջում արեք եւ դրա մեջ ոչ մի վատ բան չկա: Նույն Փարիզի օպերայում եւս գոյություն ունի նման սրճարաններ:
— Լավ, այս ամենի վերջն ինչպե՞ս եք տեսնում:
— Չգիտեմ ինչ ասեմ: Արդեն 6-րդ տարին է սիրտս տրաքում է: 2018 թվականի դեկտեմբերի 1-ից ես այլեւս Համալիրի տնօրեն չեմ: Հունիսին արդեն, ըստ պայմանագրի, ժամկետս լրացել էր, եւ ինձ հանեցին, սակայն քանի որ Ֆրանկոֆոնիայի գագաթնաժողովը դեռ շարունակվում էր, եւ ես իմ պաշտոնավարման վերջին 7-8 ամիսը դրանով էի զբաղվում, ինչպես նաեւ հրաշալի տիրապետում էի ֆրանսերենին ու կապերի մեջ էի ֆրանկոֆոն երկրների դեսպանների եւ արտգործնախարարների, Ֆրանկաֆոնիայի նախագահ Միշելի հետ, ինձ 6 ամսով հետ կանչեցին, որ սկսածս ավարտին հասցնեմ, հետո ասացին՝ վե՛րջ, բավական է, քեզնից էլ օգուտ չկա եւ հանեցին:
— Հիմա ինչո՞վ եք զբաղվում:
— Հիմա ոչնչով չեմ զբաղվում, թոշակառու եմ: Ես կենտրոնում եմ ծնվել, մեծացել՝ Թումանյան-Նալբանդյան խաչմերուկի վրա է եղել մեր պապական տունը: Ստիպված եղա վաճառել այդ տունը եւ քաղաքից դուրս տուն գնեցի, որ ապրեմ: Ունեմ պտղատու ծառեր, փոքրիկ այգի, որն ինքս եմ մշակում եւ կատու, որը այսօր երեք ձագ ունեցավ: Ապրում եմ...
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=313897&l=am/