Քաղաքական շաբաշ՝ փոխադարձ մեղադրանքներով
Վերլուծություն
Հայաստանյան քաղաքական իրականությունը վաղուց է վերածվել կրկեսային ներկայացման։ Գլխավոր դերակատարները՝ ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանն ու վարչապետի աթոռին սոսնձված Նիկոլ Փաշինյանը, մեկը մյուսին հերթ չտալով մերկացնում են միմյանց «հարստացման» գաղտնիքները, իսկ ժողովուրդը շարունակում է մնալ նույն վիճակում՝ սուղ ապրուստ, քայքայված համակարգ, կորսված արժանապատվություն։
Ամենասուր մեղադրանքները հնչում են կոռուպցիայի շուրջ։ Ռոբերտ Քոչարյանը Փաշինյանին անվանում է «կոռուպցիայի Էյնշտեյն»՝ նշելով, որ նա դարձել է «վարպետ՝ փողերն անհետացնելու գործում»։ Ըստ Քոչարյանի՝ միայն ԱՆԻՖ հիմնադրամի միջոցով 65 միլիոն դոլար անհետացել է՝ ուղարկվելով ընտանեկան, բարեկամական օֆիսների «ծակ գրպանները»։ Բայց իր հերթին Փաշինյանն ու իր տիկինը՝ Աննա Հակոբյանը, «դաս են կարդում» հին իշխանություններին եւ լեգենդներ հյուսում, թե ինչպես են կերել, խմել ու թալանել երկիրը։ Ի՞նչ է ստացվում՝ բոլորը բոլորին մերկացնում են, ու բոլորը քաղաքականապես մերկ են։
Թվում է՝ հասարակությունը պետք է հստակ կողմ ընտրի։ Բայց ո՞ր կողմն է մաքուր, ո՞վ է իրականում ազնիվ։ Այն պահին, երբ Քոչարյանն արձանագրում է, որ Փաշինյանը դարձել է ամենահարուստը, վերջինիս զուգընկեր Աննա Հակոբյանը նույն եռանդով փորձում է ապացուցել «ամուսնու» չքավորությունը եւ իր հիմնադրամի աշխատավարձով ապրելու դառը իրականությունը: Մինչդեռ իրականությունն այլ է։ Հայաստանում չկան աղքատ պաշտոնյաներ։ Չկան մաքուր միլիարդատերներ: Փոխարենը՝ կան նորից եւ նորից հարստացողներ, որոնց ունեցածը պահելու համար պետք է իշխանություն ու լծակներ։
Իսկ ահա Փաշինյանի հարստացման մասին փաստող Ռոբերտ Քոչարյանի հարսը՝ ՀՀ վաստակավոր արտիստ Սիրուշոյի փրոդաքշնը, ըստ ՊԵԿ-ի, պետությանը վճարել է 83.1 միլիոն դրամ հարկ՝ մտնելով 1000 խոշոր հարկատուների ցանկ։
Ո՞Վ ԱՎԵԼԻ ՇԱՏ ՓՈՂ ԿԵՐԱՎ …
Փաստորեն, ի՞նչ է ստացվում, ծաղկում է խորհրդարանական ամենամեծ ընդդիմադիր ուժի առաջնորդ Քոչարյանի ընտանիքի բիզնեսները, «դզված ապրում են» նիկոլականները, իսկ քաղակտիվստները դեռ հույսեր են փայփայում, որ հնարավոր է այսպիսի ընդդիմությամբ ազատվել նման իշխանությունից: Երեւի, անգամ բրիտանացի գիտնականները չեն կարող պատասխանել, թե այդ ինչպե՞ս է ստացվում, որ ամենաճնշված ու հալածված ընդդիմադիրները Նիկոլի օրոք բարգավաճում են ու բիզնես առաջընթաց գրանցում:
Փաշինյանը եւ ՔՊ-ն մեղադրում են Քոչարյանին եւ իր պատգամավորներին` կոռուպցիա գոռալով, նրանք էլ՝ նիկոլականներին: Եվ ստացվում է, որ արդյունքում փոխվել են միայն խոսքերն ու ոճերը։ Գործնականում երկիրը շարունակում է կառավարվել հետեւյալ տրամաբանությամբ՝ իշխանավորները հարստանում են՝ մեղադրել բոլորին անօրինական հարստություն դիզելու մեջ, իսկ փողեր դիզած ընդդիմությունը ընդդիմադիր է շարունակում մնալ այնքանով, որքանով չեն դիպչում իր փողերին:
Ու մինչ քաղաքական վերնախավը միմյանց մերկացնում է, երկրի քաղաքական իրական օրակարգը մնում է լուսանցքում։ Արցախից տեղահանվածների խնդիրները մնում են չլուծված, սահմանները զիջելու թեման շարունակում է մնալ դամոկլյան սրի պես գլխներիցս կախված, տնտեսության ռազմավարություն չկա, արտաքին քաղաքականությունը՝ ցուկցվանգի մեջ է: Եվ այս իրավիճակում՝ ստացվում է, որ քաղաքական գլխավոր քննարկվելիք հարցը մնում է, թե «ո՞վ ավելի շատ փող կերավ»։Եվ այս ամենի ֆոնին հասարակությունն էլ, ինչպես Քոչարյանն է խոստովանում, մնում է «պոպկոռնով դիտող»։
ՔԱՂԱՔԱԿԱՆ ԲԱՐՈՅԱԿԱՆՈՒԹՅԱՆ ԴԱՍ
Իսկ ահա ՀՀ երրորդ նախագահ Սերժ Սարգսյանը կրկին հիշեցրեց, թե ինչ է նշանակում լինել պետական մտածողություն ունեցող քաղաքական գործիչ։ Հավատարիմ մնալով իր քաղաքական պահվածքին, լրագրողներին հստակ ու հանգիստ պատասխաններ տալով՝ ցույց տվեց, որ ոչ միայն իր անցյալի, այլեւ երկրի ներկա ու ապագա բարօրության հանդեպ ունի կայուն ու խորքային վերաբերմունք։
Նրա խոսքի մեջ չկա ո՛չ վրեժխնդրություն, ո՛չ անձնական վիրավորվածություն ընդդիմադիր այլ թեւերի նկատմամբ։ Փոխարենը՝ կա վստահություն, որ ամեն ինչ պետք է արվի` առաջնորդվելով պետական մտածողությամբ եւ ոչ թե` անձնական շահերով: «Ես ինչու պետք է ենթադրություններ անեմ, թե մեկ այլ քաղաքական գործչի ասուլիսն ում համար էր»,– ասաց նա՝ անդրադառնալով Քոչարյանի վերջին ասուլիսին՝ յուրային մի քանի լրատվականներով։ Մի նախադասություն, որ, փաստորեն, տարանջատեց պետության գործի առաջնայնությունը՝ անհատական զգացմունքներից։
Հատկանշական է, որ Ռոբերտ Քոչարյանի ասուլիսի շեշտադրումները, որքան էլ ուղիղ ուղղված էին Սերժ Սարգսյանին, նա չտրվեց գայթակղությանը հակադարձել նույն ոճով եւ շարունակել անցյալի անհամաձայնությունների շղթան։ Սա իրական պետական դրսեւորում է՝ փորձել առաջ նայել, ոչ թե խրվել փոխադարձ մեղադրանքների մեջ;
Եթե փորձենք համեմատական տանել նույն Քոչարյանի ոճի հետ՝ հատկապես վերջին հարցազրույցներում, որտեղ նա հաճախ ձգտում է հրապարակայնացնել քաղաքական խոհանոցը՝ Սերժ Սարգսյանը կրկին ընտրեց հակառակ ճանապարհը: «Զանգ եղել է, բայց դրանից առաջ էլ է եղել, թեմա եղել է»,- կարճ կապեց նա՝ միաժամանակ ընդգծելով, որ երբեւիցե նպատակահարմար չի համարել հրապարակել անձնական խոսակցությունները։
Իսկ ինչ վերաբերում է օրակարգում գտնվող ամենահրատապ հարցին՝ իմպիչմենտի գործընթացին, Սերժ Սարգսյանը հստակեցրեց մի առանցքային հարց. այսօրվա իշխանության նկատմամբ անվստահությունը հռչակված չէ զգացմունքային կամ կուսակցական տրամաբանությունից, այլ բխում է ազգային անվտանգության, պետականության պահպանման հրամայականից։ Նրա խոսքում ակնհայտ էր, որ ինքը քաղաքական հաշվարկով արդեն վաղուց տեսել է՝ ինչպես է շարունակական հրաժարումը իշխանությունից դարձել «միակ բանական ուղին»՝ այս գործընթացում ավելի մեծ դիմադրության չհանդիպելու համար։ Իսկ ՔՊ-ին ներկայիս հակադրություն չձեւավորելը քաղաքական խորախորհուրդ գործելաոճ է, ոչ թե` թուլության նշան։
«Եթե մենք թեկնածու առաջադրենք, հակադրությունը ոչ միայն ՔՊ-ի կողմից է լինելու»,- անկեղծացավ նա։ Եվ սա դասական քաղաքական մտածողություն է՝ հասկանալ, որ որոշ քայլերի ժամանակը ոչ թե ցանկության, այլ նպատակահարմարության վրա է կառուցվում։ Որոշում կայացնելը չի ավարտվում թեկնածու ունենալով՝ այլ հարց է՝ կարողանու՞մ ես այդ թեկնածուին հասցնել վերջնակետին։
Սերժ Սարգսյանը նաեւ դիպուկ կերպով վերլուծեց ընտրություններին չմասնակցելու մասին իր վաղվա կանխատեսումը՝ սա չդարձնելով «փախուստ» պատասխանատվությունից, այլ ցույց տալով՝ ինչ խորությամբ է նա ընկալում քաղաքական դաշտի տրամադրությունները եւ դրանց ռիսկերն ազգային տեսանկյունից։ «Ես խորապես համոզված էի, որ այսօրվա կառավարիչը հաղթելու է այդ ընտրություններում»,- ընդգծեց Սարգսյանը՝ փաստելով, որ ժամանակը հաստատել է իր գնահատականների ճշգրտությունը։
Ի տարբերություն որոշ ուժերի՝ որոնք այսօր էլ, այս ու այն կողմ նայելով, խոսում են իմպիչմենտի անիրագործելիությունից, Սերժ Սարգսյանը վերահաստատում է՝ սա ոչ միայն օրակարգային է, այլ նաեւ Սահմանադրությամբ ամրագրված օրինական գործընթաց։ «Ի՞նչ իրավունքով ենք դա անլրջացնում»,- հարց տվեց նա՝ շեշտելով քաղաքական գործիչների պատասխանատվության կարեւորությունը՝ քաղաքական գործընթացներում իրենց հայտարարությունների ու մեկնաբանությունների հետ կապված:
Չպետք է անտեսել նաեւ Սարգսյանի դիրքորոշումը դրսի ուժերի առնչությամբ՝ իշխանափոխության համատեքստում։ Նա հավասարակշռված է՝ մի կողմից չգերագնահատելով արտաքին աջակցությունը, մյուս կողմից ընդունելով դրա կարեւորությունը։ Բայց հստակ ընդգծում է՝ առանց ներքին կամքի, դրսի ոչ մի աջակցություն բավարար չէ։
Իսկ Ռոբերտ Քոչարյանի հնարավոր թեկնածության հարցում եւս՝ Սերժ Սարգսյանը հրաժարվում է անձնական վերաբերմունքից։ «Իհարկե կսատարենք, եթե անգամ Ռոբերտ Քոչարյանը լինի թեկնածուն»,- սա հստակ ուղերձ է քաղաքական ուժերին, որ նախկին նախագահների միջեւ տարաձայնությունները չպետք է խանգարեն ազգային նպատակներին։
Սա է պետական գործչի խոսքը։ Իսկ եթե կան մարդիկ, ովքեր չեն ուզում լսել, ապա ինչպես ինքը նշեց՝ «ժամանակը ամեն ինչ տեղը կդնի»։ Մնում է հետեւել դեպքերի ընթացքին՝ ուշադի՛ր, շա՛տ ուշադիր։
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=313780&l=am/