Արծրունի ասածներն իրականության հետ որեւէ կապ չունեն. Աշոտ Մելքոնյան
Ներքաղաքական
Վազգեն Սարգսյանի անվան ռազմական ակադեմիայի Մարշալ Բաղրամյանի անվան հրամանատարաշտաբային ինստիտուտի պետ Արծրուն Հովհաննիսյանի հանրային լայն արձագանք գտած պատմաքաղաքական աղմկահարույց հարցազրույցը Հանրայինի եթերում հանգեց նրան, որ անգամ ՀՀ-ում ՌԴ դեսպան Սերգեյ Կոպիրկինն է արձագանքել: Դեսպանը բաց նամակ է հղել ՀՀ պաշտպանության նախարար Սուրեն Պապիկյանին եւ պարզաբանում պահանջել՝ ՊՆ ներկայացուցչի` նացիստական Գերմանիային արդարացնող սրբապիղծ հայտարարությունների վերաբերյալ: Այս մասին «Իրավունքը» զրուցել է Գիտությունների ազգային ակադեմիայի Պատմության ինստիտուտի տնօրեն ԱՇՈՏ ՄԵԼՔՈՆՅԱՆԻ հետ:
— Ինչպես գիտենք, օրերս Արծրուն Հովհաննիսյանի կողմից հնչեցված հայտարարությունները այն մասին, թե գերմանացիները ցանկանում էին գրավել Թուրքիան, մասնատել այն եւ վերադարձնել Արևմտյան Հայաստանը հայերին, լայն քննարկման առարկա է դարձել: Ի՞նչ կարծիք ունի, վերոնշյալի հետ կապված, ԳԱԱ Պատմության ինստիտուտը:
— Արծրունի ասածներն իրականության հետ որեւէ կապ չունեն։ Եթե այսպես կոչված, ծրագիրը որեւէ աղերս ունի իրականության հետ, թող այդ տեսակետը պաշտպանողները ինձ բացատրեն՝ ինչու գերմանացիները, որոնք գրավել էին Մերձբալթյան տարածքը (որը երկու տարի առաջ ներկայացվում էր որպես երեք անկախ պետությունների տարածք) չտվեցին ո՛չ Լիտվային, ո՛չ Էստոնիային, ո՛չ էլ Լատվիային։
Թող բացատրեն՝ ինչու գերմանացիները, որոնք գրավել էին Ուկրաինան, չհայտարարեցին այդ երկրի անկախությունը։ Ինչու մոլդովացիներին անկախություն չտվեցին։ Եվ երբ գրավեցին Ռուսաստանի եվրոպական հատվածի մեծ մասը, ինչու ռուսներին չտրամադրեցին անկախություն։
Եթե դա իրական ծրագիր էր, ինչու հայերի անկախությունը պիտի ճանաչվեր՝ այն էլ ոչ միայն Արեւելյան Հայաստանում, Խորհրդային Հայաստանի տարածքում, այլեւ Միացյալ Նահանգների մասնակցությամբ։ Չմոռանանք, որ Գերմանիան երբեք նման բան չի պաշտպանել։ Պայմանագրերի հարցում էլ, եթե խոսում ենք, ապա Գերմանիան` որպես պարտվող կողմ, բնականաբար, չէր կարող հավանություն տալ Սեւրի պայմանագրին։
Ամենակարեւորը՝ հիշատակվում է ինչ-որ ծրագիր, ըստ որի՝ գերմանացիները Բուլղարիայից եւ մեկ այլ ուղղությամբ պետք է ներխուժեին Թուրքիա եւ այնտեղ ստեղծեին միացյալ Հայաստան՝ միեւնույն ժամանակ պառակտելով Թուրքիան։ Բայց նման բան երբեք չի ասվել։
Այդ դեպքում թող մեկնաբանեն՝ ինչո՞ւ 1941-42 թթ.` հատկապես ամռանը, Թուրքիան բերում էր 800 հազարից մինչեւ մեկ միլիոն զինվոր Խորհրդային Հայաստանի եւ Վրաստանի սահմաններին։ Արդյո՞ք կարելի է ասել, թե Բուլղարիայի ուղղությամբ գերմանական հնարավոր ներխուժումից էին պաշտպանվում։
Եվ վերջապես, երբ գերմանացիները ստեղծում էին ազգային լեգեոններ բոլոր ազգությունների ներկայացուցիչներից, միջինասիացիներից մինչեւ ուկրաինացիներ ու կովկասցիներ, բոլորին տալիս էին նույն խոստումը՝ եթե կռվեք Խորհրդային Միության դեմ եւ մեր կողմից անցնեք, ապա ձեր տարածքներում անկախ պետություն կստեղծենք։ Բայց կյանքը ցույց տվեց, որ այդ խոստումներից եւ ոչ մեկը չկատարվեց։ Նրանք ոչ մի անկախություն չտվեցին, այնպես որ, այս պատմությունները հիշեցնում են հեքիաթ, եւ պատմագիտության մեջ նման շրջադարձերն իրականության հետ որեւէ աղերս չունեն։ Դրանք կեղծ պատմություններ են։
— Ի դեպ, Արծրուն Հովհաննիսյանի կենսագրությունն ուսումնասիրելիս՝ նկատեցինք, որ նա Պատմության ինստիտուտում է պաշտպանել իր թեզը: Հետաքրքիր էր, թե ի՞նչ է եղել նրա պաշտպանած թեման, եւ առհասարակ, պատմության ինստիտուտը պատրաստվու՞մ է արդյոք հանդես գալ հայտարարությամբ, թե՝ ոչ:
— Ի սեր Աստծո, ամեն մի այդպիսի տեսակետի կապակցությամբ՝ Պատմության ինստիտուտը գործ չունի հայտարարություն անելու: Պատմության ինստիտուտը ակադեմիական Հայոց պատմության չորրորդ հատորում ամբողջապես շարադրել է Երկրորդ աշխարհամարտի պատմությունը եւ Հայրենական պատերազմում հայ ժողովրդի մասնակցության իրողությունները ու նման հարցերի անդրադառնալու կարիք չունի: Պատկերացնո՞ւմ եք ամեն մի մարդ, եթե որեւէ մի բան ասեր՝ Պատմության ինստիտուտը հայտարարություններով պետք է հանդես գար:
Այսինքն՝ կստացվեր, որ ակադեմիական շրջանակներում, երբ յուրաքանչյուրը հայտարարություն կատարի՝ պատմության ինստիտուտը պետք է այն ամբողջությամբ բացատրի: Մենք գիտական հաստատություն ենք, ու մեր ասածը մենք թղթին հանձնել ենք վաղուց եւ մեր տեսակետը երբեք չենք փոխելու:
Այսինքն՝ նման դիրքորոշումները մենք չենք ընդունում. այդպիսի բաներ ասելը նշանակում է, որ մենք մոռանում ենք զոհերի հիշատակը եւ այդպիսով, նրանք չեն արժանանում պատվի: Ինչպես Նվեր Սաֆարյանը` 89-րդ «Թամանյան» դիվիզիայի հրամանատարը, Բեռլինը գրավելուց հետո հավաքում է, այսպես կոչված, արեւմտահայերին եւ տանում է նրանց դեպի կայսերական գերեզմաններ՝ Վիլհեմ Երրորդի գերեզմանին` հիշեցնելով, որ 1915 թվականին այդ մարդը սանկցիա տվեց Օսմանյան թուրքերի Հայոց ցեղասպանությունը իրականացնելու համար:
Այսօր, կանգնելով այն տեղում, որտեղ գտնվում է Վիլհելմ Երկրորդի գերեզմանը, այդպես մենք պետք է հիշենք՝ մեր հաղթանակի մեջ դեռ կան հազարավոր հերոսներ, որոնք մասնակցել են պատերազմին՝ ունենալով չորս մարշալներ, ծովակալներ, հազարավոր գեներալներ, ու այս ամենը մեկ մեծ պատմություն է, որի մասին չէին խոսում այդ ժամանակ. մարդիկ չէին հասկանում, որ դա արժեքավոր էր:
Ու երբ խոսվում է, թե ինչպիսին պետք է լիներ իրավիճակը, եթե գերմանացիները հաղթեին Ստալինգրադում, մենք պետք է հարցնենք՝ որքանո՞վ դա արդյունավետ կլիներ մեր ժողովրդի համար, հաշվի առնելով, որ մենք գտնվում էինք մի իրավիճակում, երբ մեր հայրենիքն էր վտանգի մեջ:
— Ի դեպ, բանը հասել է նրան, որ ՌԴ դեսպանը ասում է, թե կեղծ ու սրբապիղծ հայտարարություններ է արել Արծրուն Հովհաննիսյանը: Ինքներդ ի՞նչ կարծիքի եք, երբ արդեն ՌԴ դեսպանի մակարդակով է այս հարցը քննարկվում:
— Մեկ անգամ եւս կշեշտեմ, որ հանրայնորեն այդ հայտարարությունը որեւէ կապ չունի գիտության հետ, իսկ թե ինչպես է Ռուսաստանի Դաշնության դեսպանը արձագանքել, դա նրա գործունեության հարցն է: Ես կարծում եմ, որ այստեղ ուղղված հարցը այնքան չի վերաբերում ինձ, որքան` դեսպանին:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=313614&l=am/