Մերօրյա քրոնիկոն՝ «փրկել» ուսուցչին, «խժռել» անչափահասներին
Հասարակություն
Պաթոսախեղդ ազգ ենք դարձել, ու դրա վառ օրինակները բազում են: Դրա թարմ օրինակն է վերջերս Մերձավանի դպրոցում տեղի ունեցածը եւ դրան հաջորդող իրադարձությունների զարգացումը:
Բանն այն է, որ պատմության ուսուցչի շուրջ բարձրացված աղմուկը անմիջապես տարածվում է սոցցանցերում, եւ հասարակությունը բաժանվում է երկու մասի՝ առաջին մասը փորձում է ադեկվատ կերպով հասկանալ, թե ինչ է եղել իրականում, երկրորդը իր ուսերի վրա է վերցնում ուսուցչին պաշտպանելու սուրբ առաքելությունը:
Հիմա անցնենք հերթով . ուղիղ եթերում վիրավորում էին շրջափակված Ռոզա Դավթյանին՝ պատմության ուսուցչին` նրան մեղադրելով վատ վարքի, դասապրոցեսը ճիշտ չիրականացնելու, դասի ժամանակ ծամոն ծամելու եւ այլնի մեջ: 57 -ամյա մանկավարժը համառորեն հերքում էր պնդումները, սակայն մյուս բոլոր կողմերից շարունակվում էին բղավոցները: Նրանց միանում են նաեւ աշակերտները՝ փողոցային բառապաշար օգտագործելով, «արա»-ից մինչեւ «հորս արեւ»: Չափահասները ոչ միայն չէին սաստում, այլեւ ձայնակցում էին: Աղմուկ-աղաղակ էր մի հաստատությունում, որտեղ մեծ ու փոքր խառնվել էին իրար եւ պատին էին դեմ տվել կնոջ, ով այդ պահին ուներ աջակցության կարիք: Սակայն ուսումնասիրության արդյունքում հնարավոր է դառնում պարզել, որ տվյալ ուսուցիչը իր բնավորության պատճառով արդեն փոխում է երրորդ դպրոցը՝ չի հարմարվում կոլեկտիվի հետ, աշակերտների հետ եւ մշտապես հայտնվում է կոնֆլիկտի կիզակետում՝ ի տարբերություն մնացած ուսուցիչների:
Սա էլ հասկացանք, հիմա անցնենք պաթոսին. պաթոսը այն աստիճան է հասել, որ իրեն հարգող ամեն երկրորդ բլոգեր կամ ակտիվիստ, հոգու պարտքն է համարում աջակցել Ռոզա Դավթյանին. մեկը 1000 դոլար է փոխանցում, մյուսը ծաղիկներ տանում, երրորրդը առաջարկում է տունը վերանորոգել, հաջորդը, չես հասկանում ինչու, ցանկանում է կնոջը տանել վարսավիրանոց եւ այսպես շարունակ: Իսկ այս ամենի պիկը հասնում է նրան, որ վերջում առաջարկում են այս կնոջը նշանակել դպրոցի տնօրեն: Ինչպես ասում են՝ հասել ենք, իջեք: Դպրոցի տնօրեն նշանակել մի մարդու, ում պարզապես խղճում են: Անշուշտ, հետո նման առաջարկ անողները պետք է խոսեն կրթական համակարգից ու մնացած ձախողված բաներից:
Ակամայից հիշում ենք Ծիծեռնակաբերդի պապիկին, ում թեւը մտած, տեսախցիկների առաջ քաշ-քաշ տանում բերում էին հուշահամալիր, հետո էլի` տան վերանորոգոմ, շոր-կոշիկ եւ բնականաբար՝ վարսավիրանոց: Ինչ-որ տարբերություն տեսնո՞ւմ եք պապիկի եւ ընկեր Ռոզայի միջեւ՝ ո՛չ, չկա, նույն տեսարանն է:
Հարց է ծագում՝ ինչու այդ բլոգերները որոշեցին, որ տիկնոջը պետք է նման աջակցություն եւ սրտացավություն ցուցաբերեն՝ այն դեպքում, երբ ակնհայտ երեւում է, որ տվյալ անձը բացարձակ չունի պաշտպանության կարիք, ավելին՝ ինքը ի վիճակի է իրեն պաշտպանել , դեռ մի բան էլ կողքիններին կարող է աջակցել: Թե բա՝ վարսավիրանոց, տան վերանորոգոմ: Ռոզա Դավթյանն էլ իր հերթին նմանատիպ ուշադրությունից մոլորված էլ ավելի է խճճվում այս սարդոստայնում, թե բա՝ պաչեմ բոլորին, դնեմ մի կողմ:
Հիմա անցնենք երեխաներին, ովքերի իրավամբ չափազանց սխալ պահվածք են դրսեւորել՝ նման կերպ խոսելով մեծի, ուսուցչի հետ: Սա արդեն բոլորովին այլ՝ խորքային խնդիր է, որի մասին շատ խիստ եւ հետեւողական պետք է գտնվել: Դատապարտել ՝ այո, սաստել, դաստիարակել ե՛ւ երեխաներին, ե՛ւ նրանց ծնողներին, իհարկե՝ պետք է: Բայց ո՞ւր հասավ հասարակությունը: 13-14 տարեկան երեխաներին հանեցին ցցի: Թե բա՝ դատել գործ տվողներին: Այստեղ շեշտը դրվում է մի բանի վրա, թե ինչպես է հասունացման շրջանում գտնվող տղա երեխային հասարակությունը խժռում բառի բուն իմաստով: Է՛լ դավաճան, է՛լ «Լորիս», է՛լ գործ տվող: Սակայն 4 տարի անց նույն տղա երեխայից պահանջելու են զինվոր դառնալ: Իսկ ի՞նչ զինվորի մասին է խոսքը, երբ մի սխալի համար քո ապագա զինվորին կոտրում ես անխնա, ասում վերջին բառերը, ու դա հասցնում այն աստիճան, որ երեխան, ով իսկապես սխալ պահվածք է ցուցաբերել, ցանկանում է ինքնաոչնչանալ, միայն թե իրեն ներվի այդ սխալը: Խժռում են այն սերնդին, ում վրա հույս պիտի դնեն, ով պիտի մեծանա, եւ ինքը երեխա դաստիարակի, ով այս դժվարին շրջանում, պիտի կարողանա հավաքվել եւ կրկին շարունակել ապրել:
Չէ՛, պաթոսը պիտի պատժի անխնա: Ազգը ներել չի սիրում, փոխարենը՝ ուսուցչին տանում է վարսավիրանոց, իսկ երեխային խրատ տալու փոխարեն՝ ճզմում ու խժռում: Ինչպես ասվում է ֆիլմում. «Համայնքը զորավոր է», ու այդ զորավորության պատճառով հասել ենք մի կետի, որից փրկում չունենք: Գուցե իսկապես հանգի՞ստ թողնենք երեխաներին, գուցե հոգեբաննե՞րն աշխատեն նրանց հետ, ոչ թե` բլոգերները, գուցե թողնե՞նք ուսուցիչն ինքն իր մազերը հարդարի, գուցե ամեն մարդ զբաղվի՞ իր եւ իր երեխայի դաստիարակությամբ...
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=313525&l=am/