Բա պահեիք Կարեն Ջանիբեկյանին՝ ինձ չհասներ
ՏեսանյութերԼՐԱՑԱՎ ԺՈՂՈՎՐԴԱԿԱՆ ԱՐՏԻՍՏԻ ՄԱՀՎԱՆ 10-ՐԴ ՏԱՐԵԼԻՑԸ
ՀՀ ժողովրդական արտիստ Կարեն Ջանիբեկյանի մահից ուղիղ 10 տարի անց էլ նրա անվան շուրջ նորանոր սկանդալներ են հասունանում: «Իրավունք»-ին դիմել է նրա այրին՝ դրամատուրգ, ռեժիսոր ԼԻԱՆԱ ԱՆԹԱՌԱՆՅԱՆԸ, որպեսզի հասարակության համար բացի իրական պատմությունը:
«ԵՍ ԵԿԵԼ ԵՄ, ՈՐ ԻՄ ՕՐԻՆԱԿԱՆ ԻՐԱՎՈՒՆՔՆԵՐԸ ՊԱՇՏՊԱՆԵՄ»
— Թերեւս բացենք փակագծերը, ի՞նչ է պատահել:
— Նախ` շնորհակալ եմ, որ չմերժեցիք եւ արտահայտվելու հնարավորություն տվեցիք: Եթե ոչ «Իրավունք»-ում, ապա էլ որտե՞ղ… Ես եկել եմ, որ իմ օրինական իրավունքները պաշտպանեմ: Ինչպես տեսնում եմ, Կարեն Ջանիբեկյանի մահից հետո էլ կրքերը չեն հանդարտվում, բայց անցել է 10 տարի: Գիտեք, 2020 թվականի պատերազմից հետո, ես մի տեսակ ամաչում եմ որեւիցե միջոցառում կազմակերպել, թեկուզ վարպետի մեծարման կամ հիշատակի երեկո: Մտածում եմ, որ ժողովուրդը սիրտ չունի, թեւաթափ է եղել: Մենք հիմա ունենք այդքան սեւազգեստ մայրեր, անդամալույծ երիտասարդներ, զոհեր եւ անհետ կորածներ: Ամաչել եմ կազմակերպել, քանի որ մեր ժողովուրդը այդ հոգեվիճակը չունի, որ նստի եւ պաթետիկ խոսքեր լսի՝ չնայած, որ Կարենը շատ արժանիքներ ունի: Նույնն այս պարագայում: Ես գնում եմ իմ աշխատավայր եւ տեսնում, որ ուսանողները կիսալաց նայում են ինձ եւ իրենց վրդովմունքն են հայտում, թե՝ «Տիկին Անթառանյան, Դուք այդքան վարպետին մեծարում եք, խոսում եք վարպետի տեսանկյունից, թե ինչպիսի մասնագիտական մոտեցում կցուցաբերեր, ինչ լուծում կտար, սակայն այսօր լռում եք…»: Այն, որ իմ եւ Կարենի ստեղծագործականը վերածվեց ամուսնականի, ես դրանում մեղավոր չեմ: Ես ոչ մեկի տունը չեմ քանդել, իմ պատճառով ոչ մի երեխա անհայր չի մեծացել: Ես ոչ մեկից նրան չեմ խլել, տարել, մարդը մինչ ինձ 6 տարի եղել է ազատ: Կարենը 13 տարի չի ստեղծագործել: Ես առհասարակ չեմ քննադատում: Կարենի հետ հեշտ չէր: Այդպես է ստացվել, լեզու չեն գտել: Բանն այն է, որ ինչ-որ հաղորդում է եղել, որը ես չեմ տեսել՝ ինձ պատմել են, եւ դա առաջացրել է կոլեգաներիս ու ուսանողներիս վրդովմունքը: Հաղորդումը նվիրված է եղել Կարենի մահվան 10-րդ տարելիցին, որի անոնսն եմ միայն տեսել: Դա կազմակերպել էին Կարենի երեխաները, եւ մենք երբեւէ իրար չենք խանգարում նման հարցերում: Սակայն, կա օրենք՝ ԶԱԳՍ-ով կինը ես եմ, եւ իրենք ուզեն, թե չուզեն, պետք է վերջապես համակերպվեն այդ մտքի հետ: Ամբողջ հարցը դա է: Հասկանալի է, որ տարբեր մարդկանց բնավորությունների մասին ենք խոսում, չորս տեսակ որակի, սակայն արդեն անցել են տարիներ, եւ բոլորս հասունացել ենք: Ես իմ ուսանողներին միշտ սովորեցնում եմ լռություն խաղալ: Երբեմն լռությունը ավելի խոսուն է, քան խոսքերը:
«ԵԹԵ ԱՅՍՊԵՍ ՇԱՐՈՒՆԱԿԵՆ, ԿԴԱՌՆԱՄ ԼԻԱՆԱ ՋԱՆԻԲԵԿՅԱՆ-ԱՆԹԱՌԱՆՅԱՆ»
— Իսկ ինչը՞ խախտեց Ձեր լռությունը:
— Ես սերունդ եմ կրթում, իսկ սերունդը պետք է ճիշտ խոսք լսի: Մանեւրեր, կցկտուր տեղեկություն, կռճոններ պետք չէ գցել ժողովրդի առաջ: Չեմ ասում` ես գնայի այդ հաղորդմանը եւ իրենց հետ նստեի, խոսեի: Ի դեպ, հաղորդմանը ներկա են եղել արվեստագետ ընկերներ, Կարենի երեխանները եւ նախկին կինը, որն իրավասու չէր իմ ամուսնու մասին խոսել: Սա նույնն է, որ ես գնամ հարեւանի տուն եւ խոսեմ նրա տղամարդուց: Չի՛ կարելի: Ամոթ, նամուս, արժանապատվություն եւ ինքնասիրություն գոյություն ունի: Կարող է ասել՝ երեխաներ ունեմ եւ այլն, բայց, որպես կին, ոչ մի իրավունք չունի: 24 տարի առաջ նա վայր է դրել իր զենքերը: Իսկ ո՞վ է հեշտ ապրում իր ամուսնու հետ: Ես 2007 թվականին, երբ եղել եմ Մոսկվայում իմ ընտանիքի՝ աղջկաս եւ նրա հոր հետ, այստեղ Կարեն Ջանիբեկյանը բաժանվել է: Ես զագսավորվել եմ 2011 թվականի հոկտեմբերին: Նույնիսկ Կարենին առաջարկեցի, որ այնպես անենք` թվերը գեղեցիկ ստացվեն՝ 11.11.2011, Կարենն ասաց, որ՝ րոպե առաջ պետք է զագսավորվենք: Ի դեպ, բացահայտում անեմ. Կարենը շատ է ցանկացել, որ ես գրվեմ Ջանիբեկյան ազգանվամբ, սակայն ես դեմ եմ եղել, քանի որ ես հայրապաշտ եմ: Խնդրեցի, որ հասկանա ինձ այդ հարցում՝ հորս երազանքն է եղել, գոնե չփոխենք մեր ազգանունները՝ ես եւ իմ քույրերը: Եվ երբ ԶԱԳՍ-ում գրեցի Անթառանյան, Կարենն ասաց. «Դեռ ուշ չէ, գծիկ Ջանիբեկյան դիր ազգանունդ»: Եթե նրանք այսպես շարունակեն, ես կդառնամ Լիանա Ջանիբեկյան-Անթառանյան:
«ՅՈԹՈՒԿԵՍ ՏԱՐԻ ՉԵՄ ՔՆԵԼ, ՈՐ ՄԵԿ ԱԿԱՆՋՈՎ ՆՐԱ ՇՈՒՆՉԸ ԼՍԵՄ»
— Լավ, այնուհանդերձ, այդ հաղորդումը ինչո՞վ է վիրավորել Ձեր ինքնասիրությունը:
— Հարցն այն է, որ ինձ չեն ասել եւ չեն հարցրել: Ես այնքան ուրախ եմ լինում, երբ Կարենի մասին խոսում են, հիշում ու ներկայացնում են նրա արվեստը, կյանքը: Ընդամենը դա: Կարենը ոչ ոքի սեփականությունը չի եղել, նա բոլորինն է եղել, նա ազգային արժեք է եղել, եւ այստեղ «կարապ, խեցգետին եւ ձուկ» չպիտի լինի: Ցավն այն է, որ նրանք համարում են, որ իրենց հայրը միայն իրենցն է, բայց Կարենը բոլորինն է: Լավ, հարգելի՛ արվեստագետ ընկերներ, սիրելի կոլեգաներ եւ լրագրողներ, դուք չե՞ք նայել Կարեն Ջանիբեկյանի վերջին ստեղծագործական հասուն ժամանակաշրջանի գործունեությունը: Կարենը եղել է շատ կնամեծար՝ սիրել, սիրահարվել է բազմիցս, սակայն դա չեմ քննարկում: Երբ Կարենին տեսել եմ՝ պիեսը թեւիս տակ դրած, նա միայնակ էր, ճնշված: Եվ բոլորի աչքի առաջ կյանք ենք տվել իմ ստեղծագործությանը: Սիրելի արվեստագետներ, դա եղել է ձեր աչքի առաջ: Բա լավ, դուք իմ մասով հեչ ասելիք չունեի՞ք: Ձեր աչքի առաջ ես երկու կարմիր դիպլոմ եմ ստացել, բա դա չե՞ք հիշում: 75 տարեկան հասակում ամուսինս խաղացել է դեր, ես հուշարարը ձեռքիս կանգնած ամեն վայրկյան սպասել եմ, որ օգնեմ նրան: Յոթուկես տարի չեմ քնել, որ մեկ ականջով նրա շունչը լսեմ: Մենք շատ գեղեցիկ կյանք ենք ապրել: Բա որ նա առողջ լիներ, կթողներ, որ ճանճն իմ կողքով անցնե՞ր. դրա մեջ նաեւ ներառվում են շատ մտերիմ հարազատներ: Յոթուկես տարի դուք իմ տանը հաց կերաք եւ իմ կենացը խմեցիք: Բա դա մոռացե՞լ եք: Կարենն իր զավակների տանը չի եղել անգամ, որ տեսնի` ոնց են ապրում, ինչ կարգավիճակում: Ես այն տեսակն եմ, ով չի սիրում իր արածից խոսել, որովհետեւ, կարծում եմ, որ նման կերպ ես իմ արածը ջուրն եմ գցում, բայց որքա՞ն կարելի է կռճոններ գցել ժողովրդի դեմը, ինչքա՞ն լռեմ: Երբ ես խոսեցի տվյալ հեռուստատեսության հետ, ինձ ասացին, որ Ձեր մասին ոչինչ չի խոսվել: Վատ է, որ չի խոսվել, չէ՞ որ նրա կինը ես եմ եղել: Ես որոշել էի դատական գործ սկսել, սակայն ինձնից ներողություն խնդրեց ստեղծագործական անձնակազմը: Ես այնքան համեստ եմ ապրում, որ մարդկանց թվացել է, թե ես Հայաստանում չեմ: Հիշում եմ՝ վերջին տարին, Կարենս ասաց, որ ցանկանում է Ամանորն իր երեխաների հետ նշել: Ես դեմ չեղա: Թե վերջին 17 ամիսը ոնց եմ պահել նրան, Աստված է տեսել: Միշտ ինձ հարցնում էր՝ բա դու ո՞նց ես ինձ թաղելու: Շատ էր ցանկանում, որ իր գերեզմանը լիներ Մսրյանի կողքին, նույնիսկ միասին գնացել տեսել ենք տարածքը, սակայն նրան, իր զավակների որոշմամբ՝ թաղեցին պապի՝ Գուրգեն Ջանիբեկյանի կողքին: Էլի բան չեմ
խոսել: Անգամ Գուրգեն Ջանիբեկյանի տապանաքարը երբ չկար, 1500 դոլարանոց քարը բերել, դրել եմ, գերեզմանը վերանորոգել եմ, սակայն տարիներ անց այդ քարը անհետացել է: Ես գիտեմ՝ ուր եւ ինչպես է անհետացել այդ քարը, սակայն փակագծեր չեմ բացի: Մի խոսքով, նրա որդիները ինչ ցանկացել, արել են, ես բերանս փակ եմ պահել, քանի որ Կարենի արյունն են, նրա գենը կրողները: Ինչեր եմ արել նրանց համար, որի համար ծեծ եմ կերել, որի համար բարեխոսել եմ:
«ՔՈՒՅՐՍ ԼՍԵԼ Է, ԹԵ ԻՆՉՊԵՍ Է ԿԱՐԵՆԻ ՈՐԴԻՆ ՆՐԱՆ ՀԱՄՈԶՈՒՄ, ՈՐ ԲԱԺԱՆՎԻ ԻՆՁՆԻՑ»
— Վարպետի վերջին տարիներն անցել են Ձեր աչքի առաջ, եւ այդ ժամանակաշրջանում նրա խնամքով զբաղվել եք Դուք: Հուշերից կկիսվե՞ք:
— Օգոստոս ամսին ես արդեն նկատեցի Կարենի ոչ ադեկվատությունը: Գիշերներն ինձ համար դարձել էին վտանգավոր: Դա կարող է փաստել նաեւ իմ հոգեբանը: Անգամ մի առիթով վիճեց հետս, ասաց՝ կա՛մ քո աղջիկն է գնում այս տանից, կա՛մ ես, եւ դա այն դեպքում, երբ դա աղջկաս տունն էր: Կարենը մեր տանն էր ապրում: Աղջիկս գնաց քրոջս տուն, որ հանկարծ Կարենը չլարվի: Ու մենք տանը մնացինք երկուսով: Պահի տակ լավ էր լինում, պահի տակ՝ շատ վատ: Հաճախ տեսիլքներ էր ունենում: Այդ ընթացքում ցանկանում էր նույնիսկ կախվել: Ամեն րոպե կողքին եմ եղել, որ նման բան հանկարծ չանի: Երբ տարա նրան հիվանդանոց, գլխուղեղը նայեցին, հայտնաբերեցին երկու մետաստազ: Անմիջապես հասկացա, թե ինչումն է բանը: Վերջին շրջանում խանդն էր գերակշռում՝ կարող էր ինձ սիրել, մեկ էլ հանկարծակի մի բանով կհարվածեր գլխիս: Ես հասկացա, որ դավեր են նյութում իմ դեմ: Մի անգամ նույնիսկ լացելով գնացել եմ համալսարան. Մհեր Հովհաննիսյանը կփաստի: Հարցրեց՝ ի՞նչ է պատահել, ասացի՝ ինչ անում եմ, անուն է կպցնում, թե՝ ինչու ապուրը տաք տվեցիր, ինչու՝ պաղ, ինչու քաղցր, ինչու դառը: Ինչ անում էի, դժգոհում էր: Մհերն ասաց, որ նմանատիպ խնդիր իր հոր հետ էլ է եղել, ով կերել է միայն հարսի ձեռքից: Այդ պահին հասկացա, որ պետք է քույրս կողքիս լինի: Կանչեցի, ասացի, եկեք կողքիս եղեք, ես արդեն վախենում եմ մենակ: Մեկ անգամ քույրս լսել է, թե ինչպես է Կարենի որդին նրան համոզում, որ բաժանվի ինձնից: Անգամ մի առիթով Կարենն ասաց, որ երեխաներս չեն ուզում, որ դու իմ այրին լինես: Ես այդ հարցում անզոր էի: Փաստը փաստ է՝ ես եմ նրա կինը եղել: Ինչ ցանկացել է, արել եմ, ինքն է ինձ տարել ԶԱԳՍ, ցանկացավ նկարները տամ Ազգային պատկերասրահ՝ տվեցի, էլ ինչ անեմ: Դա Գուրգեն Ջանիբեկյանի նկարն էր, որը անգամ գրությունով Կարենը նվիրել էր ինձ՝ գերեզմանը սարքելու համար, իր շնորհակալությունը նման կերպ էր հայտնել, սակայն մենք որոշեցինք, որ այն պետք է տանք Ազգային պատկերասրահին:
«ՍԻՐՎԱԾ ԵՎ ԵՐՋԱՆԻԿ ԿԻՆ ԵՄ ԵՂԵԼ, ՄԵՆՔ ՇԱՏ ԳԵՂԵՑԻԿ ԿՅԱՆՔ ԵՆՔ ԱՊՐԵԼ»
— Որպես ամփոփում՝ ի՞նչ կավելացնեք:
— Ես կոչ ունեմ ժողովրդին. Կարեն Ջանիբեկյանը հողին է հանձնվել իմ գնած ու հագցրած շորերով: Կարեն Ջանիբեկյանը մահացել է իմ կողմից գնված երկտեղանոց մահճակալի մեջ: Մորս կողմից տված օժիտի անկողնու մեջ: Նրա ոտքերի տակ եղել են աղջկաս նախատատի կողմից տված գորգը, որ քայլելուց հանկարծ չմրսի: Եվ բավականին թանկարժեք գորգ, որը հիմա գուցե համարվում է անտիկվար: Ես հրապարակայնորեն հայտարարում եմ՝ Կարեն Ջանիբեկյանին ոչ միայն ես եմ պահել, այլ նրա խնամքով զբաղվել են իմ քույրերը եւս: Հետեւաբար, սիրելի գործընկերներ, արվեստասեր ընկերներ, հատկապես հասուն ժամանակաշրջանի, դուք ձեր կյանքում շատ դերեր եք կերտել, ձեզնից խելացին չկա: Ես չեմ ասում՝ իմ գովքն արեք, բայց ազնիվ եղեք Կարեն Գուրգենիչի հիշատակի եւ ստեղծագործական կյանքի առաջ: Դուք ինքերդ շատ կվրդովվեիք, եթե ձեր ստեղծագործական կյանքը կցկտուր ներկայացվեր սերնդին: Եթե դուք պիտի գնաք եւ չխոսեք Կարեն Գուրգենիչի հասուն շրջանի ստեղծագործական կյանքից, ապա մի՛ գնացեք եւ մի՛ ծաղկեցրեք ձեր ներկայությունը՝ ոչինչ չասելով: Եվ հիշեք՝ ես հավասար ժառանգորդն եմ Կարեն Ջանիբեկյանի եւ ինչպես ես իրավունք չունեմ որեւիցե բան անելու՝ առանց այն մյուս կեսի, ապա նրանք եւս առանց ինձ իրավունք չունեն ոչինչ անելու: Ես հորդորում եմ բոլորին, մեղքի, անեծքի տակ մի՛ ընկեք, առավել եւս՝ օրենքի: Հաջորդ անգամ նման բան կրկնվի, ես կդիմեմ դատարան: Եվ նաեւ հիշեք, որ ես սիրված եւ երջանիկ կին եմ եղել: Մենք շատ գեղեցիկ կյանք ենք ապրել:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=309583&l=am/