ԹՈՒՐՔԱՄԵՏՆԵՐԸ ՍՊԱՌՆՈՒՄ ԵՆ ԱԲԽԱԶԱՀԱՅԵՐԻՆ, ՈՐՈՆՔ ՆԱԵՎ ՌԴ ՔԱՂԱՔԱՑԻ ԵՆ
Վերլուծություն
Սաուդյան Արաբիայում մեկնարկող ռուս-ամերիկյան բանակցություններին զուգահեռ, նախօրեին Փարիզում էին հավաքվել մի քանի եվրաառաջնորդներ` Գերմանիայի, Մեծ Բրիտանիայի, Իտալիայի, Լեհաստանի, Իսպանիայի, Նիդեռլանդների եւ Դանիայի ղեկավարները: Նաեւ Եվրահանձնաժողովի ղեկավար Ուրսուլա ֆոն դեր Լեյենը, Եվրոպական խորհրդի ղեկավար Անտոնիո Կոստան եւ ՆԱՏՕ-ի գլխավոր քարտուղար Մարկ Ռյուտեն:
ԲՐԻՏԱՆԻԱՆ, ԻՀԱՐԿԵ, ՓՈՐՁՈՒՄ Է ԽԱՌՆԵԼ
Թե եվրալիբերաստներն ինչ պատասխան են տալու ռուս-ամերիկյան գործընթացին, դեռ կհասնենք: Մինչ այդ, ֆիքսենք բուն փաստը. այն, որ հավաքվել էին, արդեն իսկ ենթադրում է, որ որոշակի պատասխան կլինի: Նաեւ, որ այս գործընթացի տակ առաջին հերթին կանգնած են, առաջ են տանում Բրիտանիան եւ Ֆրանսիան: Ավելի կոնկրետ, հին ճշմարտություն է, որ ռոտշիլդյան նախկին բանկիր Մակրոնը եւս սովորական, ավելի ճիշտ՝ առաջին կարգի մանկլավիկ է եւ ունի դեր՝ առաջ տանել բրիտանական խաղը: Կարճ ասած, այդ հավաքը կարելի է համարել Բրիտանիայի պատասխանի փորձը ռուս-ամերիկյան գործընթացներին, ու, թերեւս, շատ ավելի խորքերում դրված է Թրամփի դեմ պայքարի հարցը, հաշվի առնելով, որ թրամփականներ-ուլտրալիբերալներ հակամարտությունն աչքի առաջ ստանում է մահացու կռվի բնույթ:
Այսպիսով, որ Բրիտանիան կոնկրետ փորձեր իրականացրել է, իրականացնում է եւ դեռ իրականացնելու է Ուկրաինայի հետ կապված ամեն մի հաշտության ծրագիր ձախողելու համար, դա միանշանակ է: Մի կողմից, եթե Պուտինն ու Թրամփն ակտիվացնում են տեմպերը, բարեհաջող զարգացումների դեպքում արդեն այս ամսվա վերջերին կարող են նաեւ որոշակի հստակ պայմանավորվածություններ ներկայացնել աշխարհին, դա զգացվում է: Եվ մյուս կողմից, հենց այդ հանգամանքն էլ հուշում է, որ բրիտանացիներն էլ իրենց հերթին պետք է գերակտիվանան՝ կտրուկ սրելով այդ գործընթացին խանգարելուն միտված տարաբնույթ ծրագրերը: Եվ այդ ամենն այս պահին արտահայտվում է Մոսկվայի դեմ հակամարտությունների տարբեր օջախներ ստեղծելու, եղածներն ակտիվացնելու տեսքով: Ընդ որում, այդ օջախների մի մասն ուղղակիորեն վերաբերում է Հայաստանին համ հայությանը:
Նախ, ներկա փուլում բրիտանացիները փորձում են ակտիվացնել մերձբալթյան ուղղությունը, որի վերջնանպատակը կարելի է տեսնել՝ հրահրել ուղիղ բախումներ Ռուսաստանի հետ մերձբալթյան ուղղությամբ: Իսկ դա ՆԱՏՕ-ին խաղի մեջ ներքաշելու հարմար միջոց կարող է դառնալ: Եվ պատահական չէր, որ Զելենսկին մի պահ սկսեց խոսել «Ուկրաինայում ՆԱՏՕ ստեղծելու» մասին, որի տակ ենթադրվում է նախկին խորհրդային մերձբալթյան պետությունների ներգրավում, եւ որը կարող են դարձնել Ռուսաստանի հետ ուղիղ բախման սխեմա: Սակայն սա առնվազն երկար ժամանակ պահանջող գործընթաց է եւ հազիվ թե ռեալ արդյունքներ ապահովի մինչեւ Պուտին-Թրամփ գագաթաժողովը:
Երկրորդ մեխանիզմը Ռուսաստանի ներսում նոր ցնցումներ ստեղծելն է, եւ նման է, որ փորձում են դա կազմակերպել կրոնական հողի վրա: Մի կողմից, ակտիվ խաղարկվում է Ռուսաստանում գտնվող Կենտրոնական Ասիայից եւ Ադրբեջանից միգրանտների խաղաքարտը, որին տալիս են կրոնական երանգ: Այսինքն` ստեղծվում են միգրանտների ներգրավմամբ բազում սադրանքներ, եւ երբ դրա դիմաց սկսվում է ներքին ռեակցիա, թեման տարվում է այն ուղղությամբ, թե՝ ռուսները մեզ ճնշում են կրոնական հողի վրա: Այդ խաղը ծավալվում է նաեւ բուն ռուսական իսլամական աշխարհի ներկայացուցիչների ներգրավմամբ, ինչի օրինակը Մուսուլմանների հոգեւոր կառավարման վարչության շուրջ վերջին աղմուկ հանած իրադարձություններն են, որտեղ առաջին պլանում են Թուրքիայի հետ ուղիղ կապերի մեջ գտնվող մի շարք անձինք: Իսկ Էրդողանի եւ բրիտանական Մի-6-ի եւ նրա ղեկավար Ռիչարդ Մուրի հին կապերի եւ ներկա ակտիվ գործակցության մասին շատ է խոսվել, կրկնելն իմաստ չունի: Սակայն այս մեխանիզմը եւս ժամանակատար գործընթաց է ենթադրում, հաշվի առնելով, որ Ռուսաստանն ունի բավարար ներքին ռեսուրսներ սադրիչներին պատժելու համար: Գումարած, ռուսաստանյան իսլամական աշխարհը միատարր երեւույթ չէ, եւ, օրինակ, Չեչնիայում բոլորովին այլ մոտեցումներ ունեն Մոսկվայի նկատմամբ՝ նաեւ զուրկ լինելով Անկարայի ազդեցությունից:
Սակայն, բրիտանական «տանիքով» եւ Անկարայի ակտիվ մասնակցությամբ այլ եւ այս դեպքում՝ շատ ավելի լուրջ գործողություններ հենց այս պահին ծավալվում են: Չէ, խոսքը դեռ Ալիեւի վերջին ակտիվացումների մասին չէ. Հեյդարովիչը, ինչքան էլ որ սիրում է լսել Էրդողանի «խորհուրդները», բայց նաեւ հիմար մարդ չէ, որ նման վճռական ժամանակներում գնա կտրուկ գործողությունների, առավել եւս, որ դրանք կարող են սպառնալ ՌԴ-ի եւ Իրանի հետ ուղիղ բախման հեռանկարով: Նկատի ունենք մեկ այլ ուղղություն՝ Աբխազիան, որտեղ այս պահին շատ լուրջ իրադարձություններ են խմորվում, որոնք ամենաուղիղ առնչությունն ունեն նաեւ հայության հետ:
ԱԲԽԱԶԻԱՆ ԿԱՐՈՂ Է ՊԱՅԹԵԼ
Աբխազիայում անցած շաբաթ տեղի ունեցան նախագահական ընտրություններ, որտեղ հաղթողը չորոշվեց: Բադրու Գյունբան, որին բացահայտորեն աջակցում է Մոսկվան, 47 տոկոսով առաջին տեղում է, նրանից 10 տոկոսով պակաս ձայն է ստացել ընդդիմության, իսկ իրականում՝ պրոթուրքական թեկնածու Ադգուրու Արձինբան:
Այն, որ երկրորդ փուլում Գյունբան է, որին եւս, ի դեպ, դժվար է «մաքուր ռուսամետ» գործիչ համարել, կասկածներ գրեթե չկան: Դա հասկանում է նաեւ Արձինբան, ինչպես նաեւ, որ այն պահին, երբ Գյունբան կհռչակվի հաղթող, ռուսները շատ ավելի ազատ գործելու հնարավորություն կստանան: Իսկ թե այդ դեպքում ինչ կլինի թուրքամետ ուժերի հետ, կարելի է կռահել: Առավել եւս, երբ կովկասյան ուղղությունը եւս ռուս-ամերիկյան թեմատիկայից դուրս չի մնա, եւ, իհարկե, Մոսկվան այս ուղղությունը ոչ մի դեպքում չի զիջի: Իսկ եթե լինի «բաժանարարների» շուրջ ռուս-ամերիկյան հստակեցումներ, ապա մասնավորապես ներաբխազական թեման լուծելը դժվար բան չի լինելու:
Գումարած սրան, Արձինբան, իհարկե, հայտնվում է ցայտնոտի մեջ: Այսինքն, եթե նախկինում փորձագետները այն կարծիքին էին, որ նա երկրորդ փուլում պարտվելով, կդիմի վճռական քայլերի, ապա հիմա հիմնականում այն ենթադրությունն է, որ Արձինբան մինչեւ երկրորդ փուլ սպասելու ժամանակ պարզապես չունի: Երկրորդ փուլի քվեարկությունը մարտի 1-ին է, ու շատ մեծ հավանականություն կա, որ մինչեւ այդ ռուսներն ու ամերիկացիները կարող են շատ բան պայմանավորվել, անգամ մեծ է հավանականությունը, որ նաեւ Պուտին-Թրամփ գագաթաժողովը տեղի կունենա:
Այսինքն, եթե ինչ-որ բան է պետք անել, ապա միայն հիմա՝ առանց երկրորդ փուլի քվեարկությանը սպասելու: Ընդ որում, դա նաեւ շատ է պետք բրիտանացիներին. եթե Պուտինն ու Թրամփը պայմանավորվեն, ապա այս կամ այն ուղղությամբ հակառուսական պայթյուններ սարքելը կարող է նաեւ կորցնել իր արդիականությունը, ավելին՝ դառնա բավականին վտանգավոր:
Ու այն, ինչ այս պահին փորձում է առաջ տանել Արձինբան՝ իշխանազավթման հարմար պատրվակ ստեղծելու համար, լուրջ վտանգ է ներկայացնում հայության համար: Այն է, Արձինբանի թիմն ակտիվորեն քարոզում է, որ Գյունբային աջակցում են հիմնականում աբխազահայ ընտրողները: Նրանք դեմ են Թուրքիային եւ կողմ՝ Ռուսաստանին, գործում են Մոսկվայից եկած դիրեկտիվներով եւ այլն: Ու այստեղից սահուն անցում է կատարվում բուն աբխազների շահերի դաշտ, թե, եթե Գյունբան հաղթի, նրա իշխանությունը կդառնա հայկական, Մոսկվան հայերին կտա Աբխազիայի բոլոր «համեղ պատառները», դուք ստիպված կլինեք ենթարկվել նրանց, աշխատել նրանց համար եւ այլն: Կարճ ասած, շատ լուրջ ներքին բախումների հող է նախապատրաստվում, որը կարող է ընդհուպ՝ ներաբխազական քաղաքացիական պատերազմի տանել: Թե դա ինչ արդյունք կունենա, ռուսներն ինչպես կմիջամտեն, կամ չեն միջամտի, դա արդեն հարցի մյուս կողմն է՝ բրիտանացիների համար քիչ էական: Կարեւորն այս պահին նման մասշտաբային բախում հրահրելն է, եւ հնարավորության դեպքում ինչքան կարող են այն ողջ Հարավային Կովկասով մեկ տարածել: Ամենաքիչը, որ այդ դեպքում կսպառնա Մոսկվային, դա ուշադրության կորուստն է այլ ուղղություններից՝ աբխազական ուղղության վրա կենտրոնանալու համար: Թրամփն էլ ստիպված կլինի ինչ-որ կերպ արձագանքել, որից, իհարկե, Լոնդոնը կփորձի օգտվել:
ՎԵՐՋԱԲԱՆԻ ՓՈԽԱՐԵՆ
Իհարկե, իրավիճակը չափազանց լուրջ է: Բայց սա բրիտանացիների համար կարո՞ղ է էֆեկտիվ լինել: Նախ, ՌԴ Քննչական կոմիտեի արձագանքը հուշեց, որ Մոսկվան այս ուղղությունը ինքնահոսի չի թողել: Ավելին, դա նաեւ կարելի է համարել թուրքամետ թեւին ուղված վերջին նախազգուշացում: Այսպես, ՌԴ Քննչական կոմիտեն հիշեցնում է, որ աբխազահայեր ասվածը ոչ թե ինչ-որ անորոշ կարգավիճակ է, այլ նաեւ, որ այդ անձանցից շատ-շատերը, եթե ոչ բացարձակ մեծամասնությունը նաեւ ՌԴ քաղաքացիներ են: Այսինքն, այս դեպքում խոսքը Աբխազիայում բնակվող ՌԴ քաղաքացիների նկատմամբ բացահայտ սպառնալիքների մասին է՝ պահանջով՝ չքվեարկել իրենց նախասիրած թեկնածուի, այն է՝ Բադրու Գյունբուի օգտին: Իսկ Ռուսաստանը, չմոռանանք, պարտավորություն ունի իր քաղաքացիների կյանքը, ավտանգությունը եւ իրավունքները պաշտպանել բոլոր միջոցներով, այդ թվում՝ Ռուսաստանի սահմաններից դուրս: Այս նախազգուշացումն աչքի առաջ ունենալով` Արձինբանը կգնա՞ կտրուկ քայլերի. կտեսնենք առաջիկա օրերին:
Մյուս կողմից, Էրդողանը եւս միամիտ մարդ չէ, հասկանում է, որ աշխարհում իրավիճակ է փոխվում: Այսինքն, ինչպես բոլորը, այնպես էլ նա պետք է կողմնորոշվի՝ գնում է այս փոփոխվող իրողությունների հետեւի՞ց, թե՞ մնում է այդ ընթացքի դեմ պայքարող Բրիտանիայի եւ մի քանի այլ եվրոպացիների հետ: Առավել եւս, որ եթե ուկրաինական պատերազմն ավարտվի, ապա ամենահավանական տարբերակն այն է, որ Ռուսաստանն այս անգամ կշրջվի դեպի կովկասյան ուղղություն:
https://iravunk.com/sim/?p=305807&l=am/