Բաղրամյանում ինքնահրկիզում կատարած Քաջիկ Գրիգորյանի գործով բողոքը վերաքննիչը մերժել է
Արխիվ 16-20
ՀՔԱ Վանաձորի գրասենյակի փոխանցմամբ՝ այսօր՝ 2017 թ. մայիսի 22-ին, ՀՀ Վերաքննիչ քրեական դատարանը քննել է Բաղրամյան պողոտայում ինքնահրկիզում կատարած Քաջիկ Գրիգորյանի գործով՝ ՀՔԱ Վանաձորի գրասենյակի վերաքննիչ բողոքը և մերժել այն:
Նշենք, որ «Ճառագայթային բժշկության և այրվածքների հանրապետական գիտական կենտրոն» ՓԲԸ-ի տնօրեն Ն. Դավիդյանը լրագրողների հետ զրույցում Քաջիկ Գրիգորյանի վերաբերյալ բժշկական գաղտնիք համարվող տեղեկություններ էր հրապարակել, ինչի վերաբերյալ ՀՔԱՎ-ը հանցագործության մասին հաղորդում էր ներկայացրել, սակայն ՀՀ Քննչական կոմիտեի ՀԿԳ քննության գլխավոր վարչության ՀԿԳ քննիչ Կ. Խանումյանը որոշմամբ մերժել էր քրեական գործ հարուցել:
Որոշման դեմ Կազմակերպության բողոքը 2017 թ. ապրիլի 3-ին Երևան քաղաքի Արաբկիր և Քանաքեռ-Զեյթուն վարչական շրջանների ընդհանուր իրավասության առաջին ատյանի դատարանը ևս մերժել էր:
Դատարանը ներկայացրել է ստորադաս դատարանի որոշման բովանդակությունը և վերաքննիչ բողոքը, որից հետո բողոքի հիմնավորումները ներկայացրել է Սիրադեղյանը:
Գրիգորյանի՝ թմրամիջոց գործածող անձ լինելու մասին բժշկական գաղտնիք համարվող տեղեկությունների հրապարակման վերաբերյալ Սիրադեղյանն ասել է, որ այդ մասով առաջին ատյանի դատարանն ընդհանրապես չի անդրադարձել հանցակազմի առկայության կամ բացակայության հարցին: Եվ քանի որ բժշկական գաղտնիք համարվող տեղեկատվության հրապարակումը պետք է հիմք հանդիսանար քրեական գործ հարուցելու համար, իսկ դատարանը դրան չի անդրադարձել, դատարանի որոշումը ենթակա է բեկանման:
Այսպիսով՝ Տ. Սիրադեղյանը խնդրել բեկանել ստորադաս դատարանի՝ բողոքը քննության առնելու մասին որոշումը և կայացնել նոր դատական ակտ:
Սակայն, դատարանը մերժել է ՀՔԱ Վանաձորի բողոքը՝ օրինական ուժի մեջ թողնելով ստորադաս դատարանի դատական ակտը:
https://iravunk.com/sim/?p=30465&l=am/