Ազգի կործանման հաշվին ֆինանս ենք վաստակում. Անի Հովսեփյան
Մշակութային«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք դերասանուհի, բլոգեր ԱՆԻ ՀՈՎՍԵՓՅԱՆԻ հետ: Անին նկարահանվել է բազմաթիվ ֆիլմերում, խաղացել ներկայացումներում: Այժմ պատրաստվում է նոր ֆիլմի նկարահանմանը, որի մասին մեր զրուցակիցն առավել մանրամասն խոսեց:
ԻՆՉՈՒ Է ԴԵՐԱՍԱՆՈՒՀԻՆ ՍՈՎՈՐՈՒՄ ՆԵՐԱՐԿՈՒՄ ԵՎ ՎԻՐԱԿԱՊ ԱՆԵԼ
— Որպես երիտասարդ դերասան` ինչպե՞ս կգնահատեք մեր ներկայիս մշակութային իրականությունը:
— Պիտի ասեմ, որ այսօր արդեն ունենք շատ տաղանդավոր երիտասարդներ, ովքեր շատ լավ են աշխատում եւ ստեղծագորում: Մեր երիտասարդ դերասաններն ու ռեժիսորները կրողն են հայ մշակույթի: Դա նաեւ դրսեւորվում է որակյալ ներկայացումներ բեմադրելով: Ես ունեմ շատ լավ ռեժիսոր ընկերներ, ովքեր անդադար աշխատում են: Օրինակ, վերջերս Աշտարակի դրամատիկական թատրոնում ռեժիսորի հրավերով նաեւ ես խաղացի: Ներկայացումը մանկական էր, եւ պիտի կրկին ուրախությամբ ասեմ, որ մեր թատրոնում մանկական ներկայացումներին վերաբերում են չափազանց լուրջ, որովհետեւ երեխան, ով նայում է ներկայացում, նա մեր ազգի հետագա մշակույթի կրողն է: Գեւորգ Մարգարյանի հետ աշխատեցի վերջին շրջանում, նա 20 տարեկան ռեժիսոր է, եւ ինձ շատ ուրախացնում է այն փաստը, որ երիտասարդները ունեն հնարավորություն ստեղծագործելու եւ արտահայտվելու:
— Նախապատրաստական փուլում է գտնվում այն ֆիլմը, որտեղ Դուք ունեք Ձեր մասնակցությունը: Ֆիլմը նկարագրում է 2020 թվականի 44- օրյա պատերազմի ժամանակաշրջանը: Փակագծեր կբացե՞ք՝ մեր ընթերցողի համար:
— Սիրով: Ֆիլմը` պատերազմում բժիշկների կատարած աշխատանքի մասին է: Ես, որպես դերասան, փառահեղ մի շրջան եմ ապրում այս ողջ ընթացքում: Առհասարակ, Հայաստանում հիմնականում ինչպես է լինում ֆիլմի նկարահանումը՝ 10 օր առաջ գնում ես խաղահրապարակ եւ այնտեղ ծանոթանում գործընկերներիդ հետ, իսկ այս ֆիլմում մենք միասին մի ողջ շրջան ենք անցնում: Նկարահանումները նախատեսված են սկսել մայիս ամսին, սակայն մենք սկսել ենք նախորդ տարվա օգոստոսից: Մենք գնում ենք հիվանդանոցներ, սովորում, թե ինչպես են վիրակապ կատարում, ինչպես են ներարկում, ինչպես են կար դնում եւ այլն, այսինքն՝ մենք խորապես սովորում ենք բժշկի մասնագիտությունը, որ ֆիլմում առավել հավաստի լինենք:
«ԵՐԲ ՀԱՐՑԸ ՎԵՐԱԲԵՐՈՒՄ Է ԼԻՆԵԼ-ՉԼԻՆԵԼՈՒՆ, ՉԵՍ ԿԱՐՈՂ ՉԽԱՌՆՎԵԼ, ՉԽՈՍԵԼ»
— Ինչպե՞ս եք վերաբերվում այն հարցին, երբ երկրի ղեկավարը անգամ «Հայոց պատմությունն» է ցանկանում կրճատել եւ միայն սերնդին ներկայացնել Հայաստանի պատմությունը:
— Օյ, պիտի ասեմ, որ շատ սուր եմ վերաբերվում: Նախ շատ են ասում, որ արվեստագետները քաղաքականությամբ չեն զբաղվում: Այո, բայց երբ հարցը օրհասական է լինում եւ անմիջապես վերաբերում է լինել-չլինելուն, այդ դեպքում, ուղղակի, չես կարող չխառնվել ու չխոսել: Ես նման հարցերին իմ լուծումն եմ տալիս ու իմ բլոգում պարտադիր ցույց եմ տալիս, թե ինչպես եմ ամեն կիրակի գնում պատարագի: Եվ շատ ուրախ եմ, որ իմ ներկայացրածի շնորհիվ եւս պատարագի են գալիս շատ մարդիկ, անգամ իմ մտերիմները:
— Մշակույթ պահելու համար մեզ անհրաժեշտ են որակյալ ֆիլմեր, սերիալներ, երաժշտություն: Ցավոք, ներկայիս իրականությունը բավականին շեղվել է այդ արժեքներից:
— Միանշանակ համաձայն եմ Ձեր դիտարկման հետ: Օրինակ, դերասանները սերիալներում զուտ գումար են աշխատում, եւ ես նրանց չեմ մեղադրում: Ես մեղադրում եմ այն մարդկանց, ովքեր դա եթեր են հեռարձակում: Որտեղ չկա հստակ կանոն՝ ինչ կարելի է խոսել, ինչ չի կարելի: Նույնը երաժշտության մասով: Ցավով եմ ասում, որ երբ գնում եմ Ֆիլհարմոնիայի համերգներին, որտեղ ազգային նվագարաններն են, դահլիճը կիսադատարկ է: Իսկ երբ գնում ես ինչ-որ ռաբիս երգչի համերգի, Համալիրը ամբողջությամբ լցված է: Ինչու են թույլ տալիս, որ լինի նման համերգ: Այ, խնդիրը այստեղ է՝ չկա վերահսկողություն:
«ՖԻԼՄԸ ԵՐԱԶԱՆՔԻ ՄԱՍԻՆ ԷՐ, ՈՐ ԲՈԼՈՐՍ ՄԵՐ ՏԱՆԸ ԼԻՆԵՆՔ, ՄԵՐ ՀԱՅԱՍՏԱՆՈՒՄ»
— Չկա վերահսկողություն, որովհետեւ Ձեր նշած համերգները ֆինանս են բերում: Իսկ ո՞ւմ է պետք այդ ֆինանսը:
— Իսկապես, ազգի կործանման հաշվին ֆինանս ենք վաստակում: Մենք պատմական ֆիլմեր չենք նկարում, որովհետեւ ֆինանսավորում չկա: Կամ նկարելուց ինչպես կարելի է նկարել Կոմիտասի կամ Մխիթար Սպարապետի մասին վատ ֆիլմ: Շատ ֆիլմեր կան, ու կապ չունի դա մեծ, թե կարճամետրաժ ֆիլմ է: Այ, այստեղ է պետք վերահսկողությունը:
— Լավ, պետական մակարդակով վերահսկողություն չկա, բա ռեժիսորը երբ նկարում է նման ֆիլմ, արդյո՞ք իր խիղճը գոնե իրեն չի տանջում:
— Դրա համար ես հիմա բախտ ունեմ աշխատելու Ջիվան Ավետիսյանի հետ, աշխատել եմ Ելենա Արշակյանի հետ: Մարդիկ, որոնց հետ իմ աշխատանքը եղել է շատ հաճելի: Ելենա Արշակյանի ֆիլմը բավականին հումորային ու շատ թեթեւ ֆիլմ էր, որտեղ ներկայացվում էր Հայաստանի տարբեր մարզերը: Ֆիլմը երազանքի մասին էր, որն ինձ համար առհասարակ շատ կարեւոր բան է: Իսկ ֆիլմի երազանքն այն էր, որ մենք բոլորս պետք է մեր տանը լինենք, մեր Հայաստանում:
«ՊԵՏՔ Է ԽՆԴՐԵՄ ՄԵՐ ԵՐԻՏԱՍԱՐԴՆԵՐԻՆ, ՈՐ ՉԱՄԱՉԵՆ ԻՐԵՆՑ ԲԱՐԲԱՌԻՑ»
— Դուք նաեւ բլոգ եք վարում: Ի՞նչ ֆորմատով է այն:
— Բլոգը հումորային ֆորմատի մեջ է եւ բարբառային է: Ես շատ եմ սիրում մեր բարբառները: Առանձնահատուկ պետք է խնդրեմ մեր երիտասարդներին, որ չամաչեն իրենց բարբառից եւ պահեն այն, քանի որ այն մեզ պահող եւ առաջ տանող մշակույթ է: Ես արցախցիներին եմ խնդրում, որ միշտ խոսեն իրենց բարբառով: Շատ եմ ուզում, որ սիրիահայերը խոսեն արեւմտահայերենով: Մենք չպետք է ամաչենք մեր բարբառից:
— Ինչպե՞ս կգնահատեք սոցցանցերում տիրող երիտասարդների ակտիվությունը, որը, կարծես, ներկայիս սերնդին դարձրել է աշխատանքից խուսափող եւ հեշտ ճանապարհով գումար վաստակող: Սա՞ է ժամանակի թելադրանքը:
— Ամեն մարդ ունի ընտրության հնարավորություն՝ մենք ընտրել ենք բարդ ճանապարհը, իրենք ընտրել են հեշտ ճանապարհը: Սակայն, հեշտ ճանապարհով գնալու ընթացքում չի կարելի կորցնել արժեհամակարգը: Սա այն մարդկանց տեսակն է, ովքեր լսում են թուրքա-արաբական երաժշտություն, այն մարդիկ են, ովքեր նստած ողջ օրը սերիալներ են նայում, անգամ թուրքական սերիալներ: Ինչո՞ւ թուրքական սերիալ, երբ կարող են մի լավ որակյալ ֆիլմ նայել: Ընդհանուր առմամբ, սա մի ծրագիր է, երբ մարդկանց դարձնում է հեշտ կառավարելի: Այդ իսկ պատճառով, երբ մեր երկրում եղան աղետալի դեպքեր, հասարակության մեծ մասը լուռ էր, կամ գուցե չհասկացան էլ ինչ կատարվեց: Նման մարդկանց համար կարեւորն իրենց ինտերնետը չանջատվի եւ 5 հազար դրամ ավել վաստակեն: Թե ինչ է կատարվում սահմանում, նման մարդկանց համար կարեւոր չէ:
ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ