Ամուսնության առաջարկը մերժել եմ հենց նույն օրը. Գայա Արզումանյան

Տեսանյութեր

Լրացավ Արցախի հայաթափման տարելիցը՝ լուռ, կարծես այդպես էլ պետք է լիներ: Խոսեցին արցախցիները, հայաստանցիները, Սփյուռքը, լռեց աշխարհը... «Իրավունք»-ի հյուրը երգչուհի, արցախցի ԳԱՅԱ ԱՐԶՈՒՄԱՆՅԱՆՆ է, ում հետ զրուցեցինք ոչ միայն մշակույթից, այլ` Արցախից, հուշերից եւ տուն վերադառնալուց:

«ՎԱԽԻՑ ՍԿՍԵՑԻ ԴՈՂԱԼ ՈՒ ԳՈՌԱԼ… ՔԱՈՍ ԷՐ»

— Գայա, որքան էլ դժվար է, բայց անդրադառնանք, թե ի՞նչ տեղի ունեցավ մեկ տարի առաջ…

Արցախում թողել եմ ամեն ինչ՝ մանկություն, սեր, հույզեր, մարմին, ոգի, ապագա: Ես համարում եմ, որ բոլոր արցախցիներս Հայատանի Հանրապետությունում ուղղակի շնչում ենք: Չեմ հավատում, որ կա արցախցի, ով իր սիրտն ու հոգին չի թողել Արցախում: Մեկ տարի առաջ` սեպտեմբերի 19-ին, առավոտյան 12-ին գնում էի ստուդիա` ձայնագրելու մի երգ, որը կոչվում էր «Մայրիկ», ցանկանում էի մորս ծննդյան առթիվ նվիրել իրեն: Ու եղբայրս է զանգում՝ ասելով, որ շուտ զանգի, գտիր բոլորին, ոչ ոք չկա, կապի դուրս չեն գալիս՝ ո՛չ ծնողներս, ո՛չ երեխաները: Հարցիս, թե ինչ է պատահել, հնչեց սարսափելի պատասխան՝ քաղաքը գնդակոծում են: Վախից սկսեցի դողալ ու գոռալ: Զանգում եմ` ո՛չ մայրս կա, ո՛չ հայրս, քույրերս անհասանելի են: Կարողացա մի կերպ կապ հաստատել հարեւանի հետ, ասաց՝ պապադ դուրս է եկել ու երեխաներին է փնտրում: Մորաքրոջս թոռները եւս չկային՝ 4-5 տարեկան: Ոմանք մնացել էին դպրոցում, ոմանք՝ մանկապարտեզում եւ այլն: Քաոս էր, ես չգիտեի ծնողներս ուր էին, չգիտեի քույրս ուր էր, ով Պաշտպանության նախարարության աշխատակից էր: Մի կերպ քրոջս կարողացա գտնել, ով միայն կարողացավ ասել. «Չգիտեմ, ոնց ուզում ես արա, էրեխեքիս հանի Արցախից»: Պատկերացնո՞ւմ եք՝ այն ապրումները, որը զգացի այդ պահին՝ մեկ րոպեում կարող էի կորցնել բոլորին: Մի պահ կարողացա հորս հետ կապ հաստատել, հայրս ասաց, որ բան է ուզում ինձ ցույց տալ՝ տրամադրությունս բարձրացնելու համար, ու միացրեց հեռախոսի տեսախցիկը: Ուրեմն՝ տեսնում եմ, որ ընտանիքիս բոլոր անդամների ձեռքին մի-մի հատ զենք, ու նրանք նստած, սպասում են սարսափելիին: Կյանքում չեմ ցանկանա, որ որեւէ մի ընտանիք դա զգա: Մայրս հորս մի բան է ասել. «Եթե նրանք մտնեն մեր տուն, առաջինը մեզ կսպանես, աղջիկներին կսպանես, հետո ինքդ քեզ»: Այս խոսքերի համար ես պահանջելու եմ բոլորից, որ պատասխան տան: Զոհված տղերքի համար պատասխան տան, որ մինչ առ այսօր նրանց դիակները գտնվում են այնտեղ:
21-րդ դար, ու չկարողանա՞ս փրկել մարդկանց:

— Իսկ որո՞նք եղան Ձեր քայլերն այդ քաոսային օրերին:

Գնացի Գորիս, որ այդտեղով անցնեի Արցախ: Ռուսական զորքը այնտեղ կանգնած էր, ու թույլ չտվեցին առաջ անցնել: Ցավն այն էր, որ այս պետությունից ոչինչ չէի ակնկալում ու չէի տեսնում, որ կանեին, որովհետեւ ձեռքները լվացել ու, կարծես, սպասում էին այդ ցեղասպանությանը: Գիտեք, այս ամենից հետո սկսվեց այլ քաոս՝ մարդիկ իրենց հարազատների դիակները չէին կարողանում գտնել: Հարազատ հորաքրոջս թոռը, ով շրջափակման մեջ էր մնացել Մարտունիում, հայրը զանգահարել, ասել է, որ ռուս զինվորների հետ մտնում են իրեն դուրս բերելու համար: Նա պատասխանել էր, որ եթե բոլորին հանեք, ապա նա նոր դուրս կգա, եթե՝ ոչ, կմնա իր մարտական ընկերների հետ: Ես նման եղբայրներ ունեմ, ես նման ազգի մեջ եմ մեծացել: Մենք Ապրիլյանի զոհեր ունենք, որոնց շիրիմները չենք պահել... Ես չեմ ների այն մարդկանց, ովքեր չեն խոսում ու վախենում են պատմել: Վախենում են իրականությունից, որը փոխելն անհնար է: 2020 թվականից հետո ես միշտ հավատացել եմ, որ այն, ինչ մենք կորցրել էինք, կարող էինք հետ բերել, բայց մտքիս ծայրով անգամ չանցավ, որ դրանից հետո մենք ամբողջությամբ կկորցնենք այն, ինչ մեզ համար թանկ է: Պատասխան են տալու այն մարդիկ, ովքեր արեցին այս ամենն ու պատասխան են տալու Աստծո առջեւ:

«ԵՍ ՉԵՄ ՀԱՆՁՆՎԵԼ ՈՒ ՀԱՆՁՆԵԼ ԱՐՑԱԽԸ…»

— Շատերն այս ամենի մասին նախընտրում են լռել՝ արդարանալով, թե քաղաքականությամբ չեն զբաղվում…

Ես առհասարակ քաղաքականությունը չեմ սիրել: Ես միշտ մտածել եմ, որ ես երգչուհի եմ ու ներկայացնում եմ արվեստ ու երկիր, որի դրոշը միշտ ծածանել եմ հպարտությամբ աշխարհի տարբեր երկրներում եւ բեմերում եւ, ամեն ինչից անկախ, ինչքան ապրում եմ, ծածանելու եմ Արցախի ու Հայաստանի դրոշները: Ասել ու ասելու եմ՝ ես Արցախի Հանրապետության զավակ եմ եւ մինչեւ վերջին շունչս ապրելու եմ Արցախում: Դա թողել եմ Աստծուն, եթե նա մեզ արժանի համարի այդ հողին, ապա մենք կվերադառնանք: 2018 թվականից եմ սկսել հետաքրքրվել քաղաքականությամբ: Գիտեք, ինքս ինձ խոսք եմ տվել, որ այլեւս Արցախի մասին չեմ երգելու: Բոլորն ինձ ընկալում են շատ հայրենասեր ու հայրենիքին նվիրված մարդ, ով 2020 թվականին կատարեց վերջին երգը, երբ դեռ Արցախի մի մասը կար: Ես հայրենիքը միշտ առաջնային տեղ եմ դրել, քան իմ ընտանիքը կամ անձնական կյանքը: Հայրենիքը եթե առավել չհամարես, ապա քո ընտանիքը չես կարող սիրել: Մենք այս գաղափարով ենք մեծացել՝ հինգ երեխաներս էլ: Փոքր տարիքից մենք նկուղներում ենք մեծացել, ու միշտ ասել եմ՝ այն երեխաները, ովքեր նկուղներում են մեծացել, շատ հզոր մարդիկ են դարձել: Հեշտ չէ այդ վախերը հաղթահարել ու նկուղից դուրս գալ՝ մի բալի համար, որ ծառից պոկենք ու ուտենք, քանի որ այլ սնվելու բան չի եղել: Ու այդ հզոր կնոջից այսպիսի աղջիկ է ծնվել, ով ցանկանում է ոչ միայն Հայաստանում ցույց տա, որ Արցախը կա:

— Երբ ասում ենք՝ Արցախը կա, փորձում են մեզ հակադարձել, թե այն լուծարվել է…

Արցախի Հանրապետությունը չի կարող լուծարվել, քանի մենք ապրում ենք: Օրեր առաջ Ավետ Բարսեղյանն ասաց. «Հիմա շատ ակտուալ կլինի երգել «Կարոտում եմ քեզ, Արցախ» բովանդակությամբ երգեր, սակայն նույն ոգեւորությամբ երգում ես` «Այայի երկիր Արցախ», ինչի՞ց է»: Ասացի, որովհետեւ ես չեմ հանձնվել ու հանձնել, որ կարոտեմ: Այս ընթացքում նոր երգեր են ծնվում, ու կան հերոսներ եւ այդ հերոսները կրկին կգան ու կվերադարձնեն այդ երկիրը: Ես հավատում եմ:

«ՊԱՏԵՐԱԶՄԻՑ ՀԵՏՈ ՀԱՍԿԱՑԱ, ՈՐ ԻՆՔԴ ՔԵԶ ՊԻՏԻ ՍԻՐԵՍ»

Ուժ գտաք Ձեր մեջ եւ շարունակում եք համերգները: Ի՞նչ նոր ծրագրեր ունեք:

Այ, էս ոգով գնում ենք Բարսելոնա համերգների՝ ես, Արաբո Իսպիրյանը, Նարե Գեւորգյանը եւ այլ երգիչ-երգիչուհիներ: Մենք ողջ աշխարհում փորձելու ենք ներկայացնել, որ Արցախը կա, հայրենիքը կա, ու հայրենասեր հայի սիրտն ու ոգին չի կոտրվել: Ես շատ եմ խոսել այդ մասին, որ պլանավորում եմ ներկայանալ ողջ աշխարհում՝ որպես արցախցի, որպես հայրենասեր երգչուհի, ու պիտի ծածանեմ Արցախի դրոշը: Նաեւ ծրագրերում կան եւ լինելու են տարբեր երգեր, տեսահոլովակներ:

— Ի դեպ, համացանցը ողողվեց մի գեղեցիկ պատմությունով՝ Գայա Արզումանյանին ամուսնության առաջարկ արեցին: Ընդունեցի՞ք:

Չէ, հենց այդ օրն այդ ամենը մերժել եմ: Ես իմ անձնականին շատ լուրջ եմ վերաբերվում: Գուցե շատ գեղեցիկ է դա բոլորի համար թվացել, բայց ինքս պատրաստ չէի այդ քայլին, որը համարում եմ շատ կարեւոր ու լուրջ քայլ: Կարող է պատրաստ լինեի, եթե հարաբերությունները մի քիչ երկարատեւ լինեին, եւ շատ ժամանակ ունենայի շփվելու այդ մարդու հետ, գուցե այդ ժամանակ հանգիստ ընդունեի այդ ամենը: Սա համարում եմ Աստծո կողմից մի մեծ դաս ինձ համար, որ ես իմ կյանքում նման բաներին լուրջ նայեմ: Չեմ ցանկանա շատ փակագծեր բացել, բայց կան հանգամանքներ, որ ես ճիշտ համարեցի մերժելը: Առհասարակ, ես անձնականից չեմ սիրում խոսել: Միայն կասեմ, որ այդ որոշումը միակողմանի է եղել, իր նախաձեռնությունն է եղել, դրա համար մերժվեց: Մի բան կասեմ՝ ես սկսել եմ ինձ շատ սիրել: Առաջ այդպես չէի, սակայն պատերազմից հետո հասկացա, որ ինքդ քեզ պիտի սիրես, որ կողակիցներիդ թույլ տաս քեզ սիրեն ու գնահատեն:

ՆԱՆԱ ՍԱՐԳՍՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=293582&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը