100-ամյա, սակայն միշտ երիտասարդ…Գնաս բարի, սիրելի լեգենդ

Մշակութային

«Ծրագրում եմ երգել՝ մինչեւ 100 տարեկանը», - ասում էր կատակելով, բայց գրեթե մնաց իր խոստմանը հավատարիմ: Գալիք տարի նա կբոլորեր 100-ամյակը, սակայն գնաց լեգենդը՝ թողնելով վառ ու անմոռանալի հուշեր ոչ միայն հայ, այլեւ օտարազգի հանդիսատեսին: Ամերիկահայ անվանի օպերային երգչուհի, միջազգային մրցույթների դափնեկիր ԼՈՒՍԻՆ ԱՄԱՐԱՆ՝ նույն ինքը՝ Թագուհի Արմաղանյանն, ավանդեց իր երկրային կյանքը օվկիանոսից այն կողմ՝ Միացյալ Նահանգներում: Նա ծնվել, ապրել ու ստեղծագործել է ԱՄՆ-ում, երկար տարիներ զարդարել աշխարհի մեծագույն բեմահարթակները, բայց երբեք չի մոռացել իր արմատների եւ ծագման մասին։ Իր ողջ կարերայի ընթացքում Ամարան շուրջ հազար օպերային ներկայացումներ եւ ելույթներ է հասցրել ունենալ 33 օպերային թատրոններում եւ 25 սիմֆոնիկ նվագախմբերում: Նա համերգներով շրջագայել է ինչպես Միացյալ Նահանգներում, այնպես էլ Չինաստանում, Ճապոնիայում, Ռուսաստանում, նաեւ Հայաստանում:

«ԱՍՏՂԸ, ՈՐՔԱՆ ԷԼ ՄԱՐԻ, ԼՈՒՅՍԸ ԴԵՌ ԵՐԿԱՐ ՃԱՆԱՊԱՐՀ Է ԱՆՑՆՈՒՄ»

Հայտնի լրագրող, արձակագիր, լուսահոգի ԿԼԱՐԱ ԹԵՐԶՅԱՆՆ իր «Բույլ մեծաց»-ում ուշագրավ մանրամասներ է գրել Լուսին Ամարայի եւ հայաստանյան հանդիսատեսի առաջին հանդիպման մասին:

«Հայաստանում չէին տեսել Լուսին Ամարային (Արմաղանյան), բայց լսել էին նրա երգն ու գիտեին, որ Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերայի աստղերից է: 1965թ. Լուսին Ամարան եկավ Հայաստան: Առաջին համերգը՝ հայրենիքում: Բեմ է ելնում Լուսին Ամարան, նա եղեգնի նման սլացիկ է. թեեւ կեցվածքը վստահ է, բայց պարուրված է հուզմունքով, որը շատ շուտ փոխանցվեց դահլիճին: Դեմ դիմաց ելել են մի կին եւ մի հսկա՝ լեփ-լեցուն դահլիճ: Երգը պետք է հարազատացնի նրանց: Հնչում են հանրահայտ դերերգերը դասական օպերաներից: Ամարայի ձայնը ձիգ է ու ճկուն՝ նման արձակված նետի, նման զորավոր ջութակի, որի հնչյունները չեն մարում բնության մեջ, այլ փոխանցվում են տարիներին ալիք առ ալիք: Ուժ ու թախիծ է պարուրված ձայնի մեջ. այսպես է երգում Լուսին Ամարան», - այսպես է նկարագրում Կլարա Թերզյանն աշխարհահռչակ երգչուհուն:

Ականատեսները փաստում են, որ վերոնշյալ համերգին հանդիսատեսն անդադար արտասվել է: Կլարա Թերզյանն էլ հատուկ ջերմությամբ է նկարագրել հանդիսատեսի զգացմունքները. «Յուրաքանչյուրին թվում է, որ Ամարան պատմում է իր կյանքը՝ ամենայն նրբություններով, որ իր հոգեվիճակը նրա ափի մեջ է, սիրում է, տառապում ու ներշնչվում, հավատում է ու սպասում: Այսպես միանգամից Լուսին Ամարան նվաճեց իր ուկնդիրներին, հարազատացավ նրանց հետ: Իսկ այդ հարազատությունը երկուստեք էր: Լուսին Ամարան երգում էր սիրո մասին, որը մերթ հզոր է գահավիժող ջրվեժի պես, մերթ նման է զեփյուռից գլուխն օրորող հովտաշուշանի: Աներեւակայելի սխրանքի ընդունակ մի կին, որը միաժամանակ նաեւ լացող ուռենի է:  Լուսին Ամարան չսպասեց համերգի վերջին, մոտեցավ բեմի եզրին եւ ձեռքերը տարածելով՝ ասաց. «Ի՜նչ սքանչելի ժողովուրդ եք դուք»: Նա չկարողացավ խոսքը շարունակել, արցունքները լրացրին միտքը: Բեմը դարձել էր ծաղկազարդ պարտեզ, որը կարող էր սփոփել հուզմունքը»:

«Կուգամ, նորից կուգամ Հայաստան: Բոլորիդ ալ մեգիկ-մեգիկ կհամբուրիմ», - վստահեցրել էր Լուսին Ամարան հայաստանյան հանդիսատեսին, որոնք չէին կարողանում հրաժեշտ տալ սիրված երգչուհուն: Իսկ հաջորդ հանդիպումը կայացավ մոտ քառորդ դար անց: Կ. Թերզյանն իր հուշերում գրել է. «Տարիներն իրենց դրոշմն էին դրել նրա արտաքինի վրա, բայց ձայնը համեմատաբար պահպանվել էր: Ու թեեւ տարիներն անողոք են, բայց աստղը, որքան էլ մարի, լույսը դեռ երկար ճանապարհ է անցնում»:

«ԱՆՍՊԱՌ ԷՐ ՁԱՅՆԸ, ՎԵՐԴԻԱԿԱՆ… ՎԵՐՋԻՆ ՄՈՀԻԿԱՆԻ ՊԵՍ ՀԵՌԱՑԱՎ»

Անդրադառնալով Լուսին Ամարային՝ արվեստաբան ՊԵՐՃ ԴՈԼԻՆՅԱՆԸ վստահեցնում է՝ լեգենդները չեն մահանում, նրանք անմահանում են. «Գնաց միացավ մյուս լեգենդներին Կալլասից մինչեւ Օբրազցովա։ Ինքը վերջին մոհիկանի պես հեռացավ, գնաց միացավ իր մոհիկաններին… Միայն մեկ անգամ է ինձ բախտ վիճակվել հանդիպել երգչուհուն եւ լսել նրա կենդանի կատարումը։ Դա 90-ականների Երեւանում էր։ Ֆիլհարմոնիայի Փոքր դահլիճը  (այժմ` Բաբաջանյան համերգասրահ) նոր էր վերականգնվել, Լուսին Ամարան պատճառ դարձավ տեսնելու նաեւ վերականգնված ու նորոգված Փոքր դահլիճը։ Այդ համերգին ներկա էր Գոհար Գասպարյանը, ամբողջ երաժշտական Երեւանի էլիտան։ Երբ երգչուհին բեմ ելավ, բոլորս երկարատեւ ու հոտնկայս ծափահարություններով նրան ընդունեցինք։ Հուզվեց, արտասվեց«Հիմա ես ինչպե՞ս երգեմ այս տեսակ հուզմունքից հետո…»: Երգեց։ Անսպառ էր ձայնը, վերդիական։ Գեղեցիկ, անմոռանալի երեկո մեզ պարգեւեց ու գնաց»:

Պերճ Դոլինյանը նաեւ հիշում է, թե ինչպես մի տարի էլ, երբ արդեն Հունաստանում էր, ծով էր գնում ավտոբուսով ու ականջակալներով ռադիո էր լսում ու հունական ռադիոյի 2-րդ ծրագիրը դասական երաժշտություն էր հաղորդում.  «Հաղորդաշարը իմ շատ սիրելի հաղորդավար Ալեքսիս Կոստալասն էր վարում, թերեւս միակը Հունաստանում, որն իսկապես գիտակ է դասական երաժշտության ու սիրով է վարում իր միշտ բովանդակալից հաղորդումները։ Մի խոսքով՝ այդ ժամին Վերդիի «Տրուբադուրն» էր հնչում, դա էի լսում ամբողջ ճանապարհին ու դուրս շատ էր գալիս Լեոնորայի կատարումը։ Հզոր, գեղեցիկ սոպրանո էր ու սպասում եմ ավարտին, որպեսզի Կոստալասը հայտնի կատարողների անունները ու պարզվեց՝ Լեոնորա-Լուսին Ամարա, Կոստալասը նաեւ նշեց, որ հայազգի է երգչուհին: Այ փքվել էի փքվել, չնայած ոչ ոք ավտոբուսում ինձնից բացի չէր լսում։ Գնաս բարի, սիրելի լեգենդ՝ 100-ամյա, սակայն միշտ երիտասարդ։ Ինչպես ԽՍՀՄ ժողովրդական արտիստ Օբրազցովան էր ասում՝ ես համոզված եմ, որ «մյուս» աշխարհում էլ կա թատրոն, եւ ես այնտեղ երգելու եմ»:

Լուսին Ամարան կատարել է շուրջ 60 դերերգ՝ Դոննա Էլվիրա (Մոցարտի «Դոն Ժուան»), Աիդա, Դեզդեմոնա (Ջուզեպպե Վերդիի «Աիդա», «Օթելլո»), Միմի, Տոսկա, Չիո Չիո-Սան (Ջակոմո Պուչինիի «Բոհեմ», «Տոսկա», «Չիո Չիո-Սան») եւ այլն: Հանդես է եկել նաեւ համերգներով, կատարել սոպրանոյի երգամասերը Լյուդվիգ վան Բեթհովենի «Իններորդ սիմֆոնիայում» եւ Ջուզեպպե Վերդիի «Ռեքվիեմում»: Համերգային ծրագրերում ընդգրկել է նաեւ հայկական երգեր՝ Կոմիտասի «Կռունկ», «Դլե յաման», Ռոմանոս Մելիքյանի «Վարդը» եւ այլն: Իսկ նրա կատարմամբ «Էրեբունի-Երեւան» երգը, պարզապես, աղոթքի պես է հնչում՝ հուզելով ունկնդիրների սրտերը ցայսօր:

41 տարի բեմում լինելուց հետո՝ թոշակի անցնելով՝ նա դարձել է Նյու Ջերսիի օպերային թատրոնի խորհրդական եւ վարպետության դասեր տվել ԱՄՆ-ում, Կանադայում եւ Մեքսիկայում։ 2005 թվականին եղել է «Մուզիկա Բելլա» նվագախմբի համերգային ծրագրի հատուկ հյուրը:

Ամարան հանդես է եկել աշխարհի լավագույն բեմահարթակներում: Նրա երգարվեստը բարձր է գնահատվել միջազգային մամուլում: Նյու Յորքի Մետրոպոլիտեն օպերային թատրոնի առաջատար երգչուհի Լուսին Ամարային (սոպրանո) նշանավոր ջութակահար Իսահակ Ստեռնն անվանել է «Երգող ջութակ»: Իսկ մեածանուն բանաստեղծ Պարույր Սեւակը Լուսին Ամարայի մասին ասել է. «Ամարան մեզ է դարձրել ջութակ ու նվագում է մեր լարերի վրա»:

Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի...

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=293278&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը