ՀՀ քաղաքացին պետք է որոշի` Եվրամիություն է գնում, թե` Միութենական պետություն

Վերլուծություն

Ազգային ժողովը նախորդ շաբաթ վերածվել էր «7 ու կես» հումորային նախագծի, հատկապես «ու կեսը» հիշեցինք, երբ ամբիոնին լուրջ դեմքի արտահայտությամբ հայտնվեց դերասան Հովհաննես Ազոյանը, ով 44-օրյա պատերազմից հետո գտնում էր, թե Ալիեւի դեմքին խաղաղություն է եկել: Այսպիսով` ՀՀ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովն արտախորհրդարանական չորս արեւմտամետների` Լեւոն Շիրինյանի, Արամ Զ. Սարգսյանի, Արման Բաբաջանյանի ու Տիգրան Խզմալյանի առաջարկով հունիսի 21-ին հրավիրել էր «Հայաստանի` Եվրոպական միությանն անդամակցության հայտ ներկայացնելու հարցով հանրաքվե անցկացնելու առաջարկի շուրջ» թեմայով խորհրդարանական լսումներ: Հնչեցին ամենախայտառակ ելույթները` այն աստիճանի, որ արդեն ՔՊ-ական պատգամավոր, նիստը վարող Արման Եղոյանն էր միջամտում ու «պորտները տեղը դնում»: Ինչեւէ, կուլմինացիան եղավ այն, որ Արման Բաբաջանյանը Եվրամիության դրոշը փռեց ԱԺ ամբիոնից, վրան էլ ո՛չ ավել, ո՛չ պակս դրեց ռուսական կալոշ: Ինչպես մեդիափորձագետ Տիգրան Քոչարյանն է ասում. «Ծիպը ակցիա է անում, բայց վերջում Եվրամիության դրոշը կոխում է ռուսի սապոգի տակ»: Հանուն արդարության նշենք, որ ԱԺ եվրոպական ինտեգրման հարցերի մշտական հանձնաժողովի նախագահ, ՔՊ-ական Արման Եղոյանի «դուխը» հերիքեց եւ նկատողություն արեց Բաբաջանյանին. «Ես խնդրեցի չէ՞, Դուք ՀՀ ԱԺ ամբիոնից հիմա կախել եք Եվրամիության դրոշը, ինչը խնդիր չէ, բայց ՀՀ ԱԺ-ում ՀՀ դրոշը պետք է լինի, մնացածն արդեն քննարկումների եւ դրա լուծումների արդյունքն է։ Էլի խնդիր չկա, բայց սա քաղաքական ակցիա է։ Դրոշի հետ խնդիր չկա, երկու հատ էլ ես կարող եմ բերել»։ Բայց, այդուհանդերձ, «դուխը» մինչեւ վերջ չհերիքեց, ու դրոշը լավ էլ կախված մնաց ՀՀ ԱԺ ամբիոնից: Ըստ ՀՀԿ ԳՄ անդամ Էդուարդ Շարմազանովի` իշխանությունների հանցավոր անգործության արդյունքում այլ սուբյեկտի դրոշ է դրվել ԱԺ ամբիոնին, եւ նա արդարացիորեն հարց է բարձրացնում. «Բա անկախականներն ո՞ւր էին, բա ասում էին՝ Հայաստանի ինքնիշխանություն, անկախություն։ Պառլամենտում Արցախի դրոշը հանել են, տեղը ԵՄ դրոշն են ծածանել։ ԱԺ ամբիոնում, բացի ՀՀ եւ Արցախի դրոշներից, ինչ դրոշ էլ դրվի, դա ՀՀ ինքնիշխանությանն ու անկախությանն ուղիղ հարված է։ Ինչպե՞ս է ստացվում, որ երբ մարդիկ խոսում են Հայաստան-Ռուսաստան հարաբերությունների սերտացման մասին` դառնում են «ռուսի ստրուկ», բայց երբ ԱԺ-ում ԵՄ-ի դրոշը պաչպչելով ման են գալիս՝ դառնում են անկախական: Հայաստանն Արևմուտքին հետաքրքիր է այնքանով, որքանով արևմտամետ ուժերն իշխանությունների հետ միասին կարող են հակառուսական գործունեություն իրականացնել։ Եվրամիությունում Հայաստանին չեն սպասում»։ Ի դեպ, դուք կհարցնեք` բա ո՞ւր էր խորհրդարանական ընդդիմությունը, որ չէր հակադարձում ԵՄ դրոշը պաչպչողներին, ցավոք, նրանք չկային, ու այդպես էլ անհայտ մնաց` հիմա իրենք կողմնակի՞ց էին այդ «7 ու կես» շոուին, թե` ոչ:

ՀԱՆՐԱՔՎԵԻ ՔՎԵԱԹԵՐԹԻԿՈՒՄ ՊԵՏՔ Է ԼԻՆԻ ԵՐԵՔ ՏՈՂ

Անդրադառնալով վերոնշյալին` «Իրավունք TV»-ի տաղավարում «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանն ասաց, որ կողմ է հանրաքվեին: Ըստ նրա` կա երկու ճանապարհ` կա՛մ դու գնում ես Եվրամիություն, կա՛մ` դեպի Ռուսաստանի շուրջը ստեղծվող Միութենական պետություն. «Հիմա եթե նրանք հանրաքվե են ուզում անցկացնել եւ առաջարկել Եվրամիություն գնալ, ուրեմն` նույն հանրաքվեի ժամանակ պետք է լինի երեք տող. առաջին` ՀՀ քաղաքացի, ուզո՞ւմ ես Եվրամիություն մտնել, երկրորդ տարբերակ` թե՞ Ռուսաստան-Բելառուս Միութենական պետություն, եւ երրորդ` ոչ մեկը: Բայց երրորդ տարբերակ ընտրողները պետք է ասեն, թե ինչպե՞ս են երկիրն ու հայ ժողովրդին պաշտպանելու արտաքին վտանգներրից, որոնք ակնառու են: Կան չէ՞ տուրբո հայրենասերներ, որոնք, շորերը ճղելով, ասում են` ամենաուժեղ ու ամենահզոր ազգն ենք, կփրթենք, կմորթենք բոլորին, ով է ամերիկացին ու ռուսը, թուրքերն ու ադրբեջանցիների հարցերը լուծելն էլ ընդհանրապես հարց չի իրենց համար: Բայց հենց կռիվը սկսում է, առաջին կրակոցից իրենք փախչում են երկրից: Դրա համար ովքեր կընտրեն երրորդ տարբերակը, պետք է պարտադիր զինվորագրվեն բանակ, մտնեն Շուշի եւ ազատագրեն»:

Հայկ Բաբուխանյանը նաեւ հստակեցրեց, թե ինչու է «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժումը դեմ Եվրամիությանը: Նրա գնահատմամբ` վերջին 300 տարվա հայ ժողովրդի փորձը ցույց է տալիս, որ երբ եղել ենք Ռուսաստանի հետ, պահպանվել ենք, զարգացել ենք, ունեցել ենք ազգաբնակչության աճ, պահպանել ենք մեր սուվերենությունը, ինքնիշխանությունը: Իսկ երբ եղել ենք շատ կարճ ժամանակ այդ ռուսական պաշտպանական համակարգից դուրս, ինչպես 1918-20-ական թվականներին կամ` Նիկոլի ժամանակ, կորցրել ենք մեր տարածքները, հողերը, ինքնիշխանությունը, զորքը:

«Հայաստանում կա մեկ հիմնական հարց` մեր երկրի անվտանգության ապահովումն ինչպես ենք իրականացնելու: Եվ այս հարցը լուծելուց հետո` դառնում է գլխավոր հարց, թե` ո՞րն է մեր ազգային արժեհամակարգը, արդյոք դա համընկնում է Եվրոպայի հետ, որտեղ  չկա հայր եւ մայր, այլ կա «ծնող-1» եւ «ծնող-2», որտեղ միասեռականները ստեղծում են, այսպես կոչված, «ընտանիքներ», որտեղ դու` որպես անձ, ոչինչ ես, եթե հանկարծ փորձում ես դուրս գալ այդ համակարգի դեմ: Նրանք, պարզապես, ոչնչացնում են քեզ, չեն թողնում աշխատանքի, զրկում են այդ համակարգում ապրելու բոլոր հնարավորություններից: Եվ ի հակադրություն դրա` կա Ռուսաստանում այսօր գործող արժեհամակարգը, որն, ի դեպ, արդեն Վրաստանն էլ է իր մոտ հռչակում, որտեղ արգելված է ԼԳԲՏ քարոզչությունը, որտեղ երեխան ունի հայր եւ մայր, որտեղ ոչ թե երեխան է տարիքի հետ որոշում` իր սեռը որն է լինելու, այլ` Աստված: Այսինքն` այսօր կա երկու արժեհամակարգ` եվրոպական եւ արեւելաքրիստոնեական, որն այսօր Ռուսաստանն է իր օրենսդրությամբ եւ գործողությամբ ավելի հստակեցնում»,- մանրամասնում է Բաբուխանյանը:

Ըստ էության, ստացվում է, որ հայ ժողովուրդը երկու հազար տարի ապրել է արեւելյան քրիստոնեության արժեհամակարգի մեջ, իսկ հիմա ուզում են փոխել` մեր մշակութային կոդը, մտածելակերպը, եւ եկել է պահը, որ հայ ժողովուրդն ընտրի` ուզո՞ւմ է պահպանել իր ազգային ինքնությունը, թե` ոչ:

«ԱՌԱՆՑ ԱՐՏԱՔԻՆ ՎԵԿՏՈՐԻ, Ո՞ՒՐ ԵՍ ԳՆՈՒՄ, ՍՐԲԱԶԱՆ ՋԱՆ»

Ի դեպ, թե ո՞րն է այս հարցում Բագրատ սրբազանի առաջնորդած «Տավուշը հանուն հայրենիքի» շարժման դիրքորոշումը, անհայտ է, քանի որ հայտարարում են, թե` արտաքին քաղաքական վեկտոր չունեն, այսպես ասած` կողմ են առանց հակաների քաղաքականության: Իսկ Հայկ Բաբուխանյանն այսպես է արձագանքում դրան. «Եթե չունես արտաքին քաղաքական վեկտոր, մի՛ մտիր քաղաքականություն, մի՛ փորձիր վերցնել իշխանություն եւ մի՛ փորձիր քո հետեւից տանել մարդկանց, ովքեր ունեն արտաքին քաղաքական վեկտոր, բայց ֆոկուսնիկի նման վերջում են գլխարկը հանելու, որի միջից դուրս է գալու նապաստակը, այս դեպքում` արտաքին վեկտորը: Մենք համաձայն չենք այդպիսի տարբերակի: Ի վերջո, պետք է բաց խաղաքարտերով խաղալ, թեպետ սա ում համար խաղ է, ում համար էլ երկրի լինել-չլինելու հարց»:

Ցավոք սրտի, Բագրատ սրբազանի շարժման հետ եղավ այն, ինչ կանխատեսում էր «Իրավունքը»: Այլեւս փաստ է, որ գոնե այս փուլում այն հասավ տխուր հանգրվանի, եթե չասենք` ձախողվեց: Չէ որ շարժումը ենթադրում էր մի քանի փուլ. սկզբում Նիկոլ Փաշինյանին տրվեց 1 ժամ ժամանակ, հետո` 24 ժամ, ապա 96 ժամ, եւ «մայիսը հունիս չի դառնալու» կարգախոսների ներքո` արդեն հունիսն է հուլիս դառնում: Իսկ Բագրատ սրբազանը սկսում է շրջայցեր մարզեր, ինչով ավարտվել են նախորդ բոլոր շարժումները: Խնդիրն այն էր, որ ի սկզբանե էլ այս շարժումը չուներ քաղաքական օրակարգ` բացի նրանից, որ Բագրատ սրբազանը պետք է առաջադրվեր վարչապետ, հետո էլ պարզվեց, որ դա էլ հնարավոր չէ, քանի որ ունի Կանադայի քաղաքացիություն, որով չի կարող առաջադրվել եւ ընտրվել վարչապետ: Սակայն, ըստ Հ. Բաբուխանյանի, Բագրատ սրբազանի շարժման ձախողման գլխավոր պատճառն այն էր, որ նրանք խուսափեցին արտաքին վեկտորի մասին հայտարարելուց, եւ հարց էր ծագում` «Առանց արտաքին վեկտորի, ո՞ւր ես գնում, սրբազան ջան»: Ընդ որում` հաշվի առնելով, թե ովքեր էին կանգնած շարժման առաջին շարքերում` կարելի է եզրակացնել, որ ոչ թե չունեին արտաքին վեկտոր, այլ ուղղակի չէին ասում:

«Առանց հակաների քաղաքականությունը ո՞րն է, Ադրբեջանի հե՞տ էլ են ուզում բարեկամ լինել: Նիկոլը հենց դա էլ ասում է` Թուրքիայի հետ էլ, Ադրբեջանի հետ էլ, Եվրոպայի հետ էլ պետք է բարեկամության անենք, ռուսների դեմ էլ չենք ուզում լինել: Այսինքն` այլ ձեւակերպումներով սա նույնն է, ինչ այդ առանց հակաների քաղաքականությունը: Հետեւապես, այս շարժումն ինչո՞վ է տարբերվում Նիկոլից: Վերջիվերջո, հարցը միայն անձը չէ, այլ այն, թե նա, ով վարչապետի աթոռին է, ինչ քաղաքականություն է իրականացնում: Ակնհայտ է, որ հայկական բանակն ինքնուրույն չի կարող դիմակայել Թուրքիային ու Ադրբեջանին, որոնց գումարվում է նաեւ տասնյակ հազարավոր ահաբեկիչներ Պակիստանից ու Իսլամական ահաբեկչական խմբավորումից: Ուստի` եթե պետք է մեր անվտանգությանը գումարենք արտաքին մի համակարգ, որը կապահովվի մեր անվտանգությունը, ապա դրանք աշխարհում երկուսն են` մեկը ՆԱՏՕ-ն է, մյուսը` ՀԱՊԿ-ը: Առաջինը ԱՄՆ-ի վերահսողության տակ գտնող կառույց է, մյուսը` ՌԴ-ի: Նիկոլն ասում է պետք է դուրս գանք ՀԱՊԿ-ից եւ քանի որ ՆԱՏՕ-ի կազմում Թուրքիան է, նա է մտնելու մեր տարածաշրջան եւ վերահսկողություն իրականացնի: Իսկ ԱՄՆ-ն այստեղ իր հարցերն է լուծելու Թուրքիայի միջոցով: Փաստորեն, ստացվում է, որ Նիկոլի ուզածը սա է, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» մեր շարժումն ասում է` մենք դատապարտում ենք այս ճանապարհը եւ համարում ենք ճիշտը ՀԱՊԿ-ում մնալն է եւ էլ ավելի ամրապնդելը մեր հարաբերությունները Ռուսաստանի հետ: Այդպես էլ չենք հասկանում, թե ի՞նչ է ասում «Տավուշը հանուն հայրենիքի» շարժումը, երբ երրորդ տարբերակ չկա», - ընդգծում է Բաբուխանյանը:

ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=286784&l=am/
«Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը Սվինների վրա հիմնված ոստիկանապետությունը շուտով փլվելու է ՍԻՄ կուսակցության հայտարարությունը երկրում ստեղծված իրավիճակի վերաբերյալ ՍԻՄ նախագահը ընդունեց ՀՀ-ում Բելառուսի դեսպանատան խորհրդականին Հայկ Բաբուխանյան «ֆեմինիզմը, դա քայքայիչ աղանդ է...» Ուր կհասնի հրաժարականների շարքը․ Հաֵյկ Բաբուխանյան Համահայկական գրողների միությունը և «Հայրենիքի Ձայն» թերթի խմբագրակազմը ցավակցում են Հովհաննես Գալաջյանի ընտանիքի անդամներին և մտերիմներին ՀԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ ՀԹԳՄ նախագահը ցավակցություն է հայտնել Հովհաննես Գալաջյանի մահվան կապակցությամբ Մահացել է«ԻՐԱՎՈՒՆՔ» թերթի գլխավոր խմբագիրը Խորհրդային Միության փլուզումից հետո մենք անընդհատ կորցնում ենք .Հայկ Բաբուխանյան Ինչ է տեղի ունեցել դեկտեմբերի 20-ին Մոսկվայում կայացած խորհրդաժողովին Ինչ են ծրագրել Նիկոլն ու Ալիեւը․ Հայկ Բաբուխանյան Միջազգային մրցույթ-փառատոնին վարպետ Մնոն կներկայացնի քարակերտ «Հայոց այբուբենը» Власти Армении и Арцаха осознанно сделали так, чтобы арцахцы ушли - Айк Бабуханян Ահա պատճառը, թե ինչու է Նիկոլը սրում հարաբերություններն Աբխազիայի հետ. Հայկ Բաբուխանյան Դրեք ձեր մանդատներն ու դուրս եկեք, ամո՛թ է․ Հայկ Բաբուխանյան Айк Бабуханян: В Армении есть политические лидеры готовые отстаивать армяно — российские отношения и дружбу Հայկ Բաբուխանյանը ընդունեց հայտնի ռուս լրագրող Դարյա Ասլամովային ՍԻՄ նախագահը հանդիպեց Հայաստանի վետերանների միավորման հետ Քննարկվեց երկու Շարժումների համագործակցության հարցը Շարժման կողմից բազմիցս արված նախազգուշացումները սպասվող արհավիրքի մասին, ինչպես նաեւ դրանից խուսափելու մասին մեր նշված ճանապարհները անտեսվեցին Այսօր Հայաստանը դարձել է Արեւմուտքի զոհը. Բաբուխանյանի ելույթը Յալթայի միջազգային ֆորումին Մոսկվայում մեկնարկեց Յալթայի միջազգային ֆորումը