Ամփոփվեց «ԳԱԿ մշակութային խաչմերուկ 2024» նախագիծը
Մշակութային
Ամփոփվեց «ԳԱԿ մշակութային խաչմերուկ 2024» նախագիծը, որն իրականացնում էր Հենրիկ Իգիթյանի անվան Գեղագիտության ազգային կենտրոնը (ԳԱԿ)՝ ՀՀ կրթության, գիտության, մշակույթի և սպորտի նախարարության աջակցությամբ:
Նախագիծն անցկացվեց մայիսի 31-ից հունիսի 17-ը Երևանում, Վանաձորում, Գյումրիում և Գորիսում: ԳԱԿ հրավերով Վրաստանից, Իրանից, Ֆրանսիայից, Շվեյցարիայից և Իտալիայից ժամանակակից արվեստագետներ ունեցան 54 աշխատարաններ, վարպետության դասեր, դասախոսություններ, կլոր սեղան-քննարկում, հանդիպումներ տեղի արվեստագետների և ոլորտի ներկայացուցիչների հետ, որոնց մասնակցեցին ավելի քան 600 հաշմանդամություն ունեցող և չունեցող շահառուներ, այդ թվում՝ երեխաներ, պատանիներ, ուսանողներ։
Նախագծի ընթացքը շատ հետաքրքիր էր, ոգևորիչ ու ճանաչողական ոչ միայն մասնակիցների, այլև հրավիրյալ արվեստագետների համար: Այն դարձել էր մշակութային խաչմերուկ հինգ երկրների արվեստագետների և արվեստասերների համար։ Ուսումնաճանաչողական և ստեղծագործական այս նախագծի թեմատիկ ընդգրկումը լայն էր ու շատ հետաքրքիր՝ կերպարվեստ, թատերարվեստ, պարարվեստ, տիկնիկագործություն, թանգարանային գործ:
Նախագծի առաջին կանգառը Գորիսն էր: Այստեղ կերպարվեստի, թատերարվեստի, պարարվեստի, տիկնիկագործության վարպետության դասեր և աշխատարաններ անցկացվեցին, որոնք վերջում ամփոփվեցին ցուցահանդեսով: Գորիսի պետական համալսարանի դասախոսների և ուսանողների հետ հանդիպեց պատմական գիտությունների դոկտոր, Կորնելի Կեկելիձեի անվան վրացական ձեռագրերի ազգային կենտրոնի տնօրեն Զաալ Աբաշիձեն և խոսեց հայկական և վրացական մանրանկարչության առնչությունների մասին:
Վանաձորում նախագծի օրակարգը ևս հագեցած ու հետաքրքիր էր: Տեղի ԳԱԿ ստորաբաժանման սաների համար տիկնիկագործ Շադի Վեդային և նկարիչ Հերվե Ալեքսանդրը տիկնիկագործության ու գեղանկարչության աշխատարաններ անցկացրեցին: Դրամատուրգ, ռեժիսոր Լյուսիան Հոգը այլընտրանքային քաղաքային էքսկուրսիա ունեցավ երեխաների հետ և Վանաձորի հետ նրա ծանոթությունը հենց նրանց պատմությունների միջոցով տեղի ունեցավ: Խորեորգրաֆ, պարային ռեժիսոր Դանիելա Դելերչին հանդիպում և վարպետության դաս ունեցավ «Հորովել» երգի-պարի պետական անսամբլի հետ: Իսկ Զաալ Աբաշիձեն հանդիպեց տեղի մտավորականների, թանգարանային աշխատողների և նկարիչների հետ: Բացի այս, նա մեկնեց նաև Գյումրի, որտեղ հանդիպեց Գեղարվեստի Պետական ակադեմիայի Գյումրու մասնաճյուղի դասախոսների և ուսանողների հետ՝ խոսելով հայ-վրացական ձեռագրերի առնչությունների մասին:
Աշխատանքները շարունակվեցին Երևանում: Լյուսիան Հոգը ԳԱԿ Փոքր թատրոնի սաների հետ իրականացրեց «Թատրոնի ֆաբրիկա» յուրօրինակ աշխատարանը: Դրա շրջանակում պատանի դերասանները հանդիսատեսի առաջարկած թեմաներով զրոյից բեմադրություն էին ստեղծում՝ գաղափարից մինչև սցենար և ներկայացում: Ակտիվ էին նաև ԳԱԿ արվեստանոցները, որտեղ Կենտրոնի սաներին էին միացել նաև Հադրութի մանկապատանեկան ստեղծագործական կենտրոնի, Աբովյան քաղաքի գեղարվեստի դպրոցի սաները: Շադի Վեդայիի և Հերվե Ալեքսանդրի հետ նրանք ինքնատիպ աշխատարաններ ունեցան և ստեղծեցին տիկնիկներ ու գեղանկարչական աշխատանքներ: Դանիելա Դելերչին էլ Լուսիլ պարի թատրոնի սաների հետ վարպետության դաս անցկացրեց և ժամանակակից պարի փերֆորմանս բեմադրեց: Նախագծի օրերին արվեստագետները եղան Մաշտոցի անվան Մատենադարանում՝ հանդիպելով տնօրեն Արա Խզմալյանի և «Ծաղկելու արվեստ» ստուդիայի սաներին:
«ԳԱԿ մշակութային խաչմերուկ» 2024 նախագիծն ամփոփվեց հունիսի 16-ին՝ ԳԱԿ թանգարանում: Ներկայացվեց այն ամենն, ինչ ստեղծվել էր վարպետության դասերի և աշխատարանների շրջանակում՝ գեղանկարչական աշխատանքներ, տիկնիկներ, պարային ու թատերական բեմադրություններ: Մասնակիցներին շնորհվեցին վկայականներ:
Շուտով կներկայացնենք նախագծի մասին պատմող վավերագրական ֆիլմ, որի միջոցով ամենալավը կփոխանցվի այն ոգևորիչ և արվեստով լի մթնոլորտը, որ տիրում էր ողջ ծրագրի ընթացքում: