Տպավորություն է, որ Ալիեւը ոչ թե Բաքվում է նստել եւ իշխում, այլ նա Երեւանում է. Հարութ Սասունյան
Ներքաղաքական
«Իրավունք»-ի զրուցակիցն է սփյուռքյան գործիչ, «Կալիֆորնիա կուրիեր» թերթի խմբագիր եւ հրատարակիչ ՀԱՐՈՒԹ ՍԱՍՈՒՆՅԱՆԸ:
«ԻՆՉՆ ԱԶԳԱՅԻՆ Է, ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՅԴ ԱՄԵՆԻՆ ՀԱԿԱՌԱԿ Է»
— Ի՞նչ կասեք ՀՀ ոստիկանների ագրեսիվ պահվածքի մասին, երբ արդեն Վեհափառ Հայրապետի ճանապարհն են կտրում` թույլ չտալով, որ բարձրանա Սարդարապատի հուշահամալիր:
— Նախ ասեմ, որ Վեհափառի` Սարդարապատ այցելության ժամանակ ոստիկանները շատ ագրեսիվ պահվածք էին դրսեւորում նաեւ հանրության նկատմամբ: Երբ մարդիկ ոչ մի բռնություն չէին գործադրում, այլ պարզապես խաղաղ կերպով քայլերթ էին իրականացնում, ոստիկանները վերջիններիս նկատմամբ ագրեսիվ պահվածք դրսեւորելով, նրանց ձեռքերը ոլորելով, անմեղ մարդկանց հարվածելով` միայն լկտի պահվածք էին դրանով ցույց տալիս հանրության նկատմամբ: Ու սա այն դեպքում, երբ վարչապետն արդեն վեց տարի շարունակ ասում է, թե ինքը ժողովրդավար է եւ ժողովրդավարություն է բերել Հայաստան: Այժմ, երբ նման արարքներ են գործադրվում ժողովրդի դեմ, երբ հանրությունը պարզապես ուզում է արտահայտել իր անհամաձայնությունը իշխանությունների դեմ, դա չպետք է պատճառ դառնա, որպեսզի մարդկանց ծեծի ենթարկեն: Ինքս նաեւ նկատել եմ, որ մի շատ հարգելի միջազգային կազմակերպություն՝ օրերս հայտարարություն էր կատարել, որում նա խստիվ դատապարտել էր Հայաստանի ոստիկանության աշխատելաձեւը, մասնավորապես, ոստիկանների ցուցաբերած բիրտ վերաբերմունքը հասարակության հանդեպ:
Ինչ վերաբերում է Վեհափառի` Սարդարապատ այցելությանը, այս դեպքը արդի հայկական պատմության մեջ ամենատգեղ վերաբերմունքն է պետության կողմից Ամենայն Հայոց կաթողիկոսի հանդեպ եւ, ընդհանրապես, հայկական եկեղեցու նկատմամբ: Պատճառը հավանաբար այն է, որ Գարեգին Բ կաթողիկոսը մի քանի անգամ հայտարարել է, որ ինքը համաձայն չէ Փաշինյանի հետ, քանի որ որոշակի ներքին անհամաձայնություններ կան: Սակայն դա չի նշանակում, որ ՀՀ վարչապետը կամ կառավարությունը պետք է չհարգեն կաթողիկոսին: Կարող են նրա հետ համաձայն չլինել, սակայն որպես եկեղեցու ղեկավար՝ անհրաժեշտ է, որպեսզի հարգանքով վերաբերվեն` անկախ այն հանգամանքից, թե ով է կաթողիկոսը: Հարցն այստեղ Կաթողիկոսի անձը չէ, այլ այն է, որ Կաթողիկոսը ներկայացնում է հայկական եկեղեցին եւ առաջին սխալը, որ արեցին, այն էր, երբ ոստիկաններին հրահանգել էին, որպեսզի վերջինիս չթողնեն մոտենա հուշահամալիրին:
Երկրորդ սխալն այն էր, երբ վարչապետին հարցրին, թե ինչո՞ւ է կատարվում այդ դեպքը՝ վերջինս բավական կեղծավոր կերպով արտահայտվեց, ում հնչեցրածը ոչ մի կապ չուներ ներկայիս իրականության հետ: Փաշինյանը նշում էր, թե ոստիկանները ցանկացել են իմանալ` ինքն այդտեղ գալիս է, որպեսզի ինչ-որ բողոքի ակցիա կատարի իշխանությունների դե՞մ, թե` ոչ: Սա արարողակարգային մի մոտեցում էր, քանի որ նման հարց չկար, եւ ոստիկանները կաթողիկոսին այդպիսի հարց չեն ուղղել, ոչ էլ նրանց հետաքրքրել է, թե նա ինչի համար է եկել: Պարզապես, վերեւից հրահանգ է եկել ոստիկաններին, որպեսզի Կաթողիկոսին չթողնեն առաջանա, քանի որ նա ներկայիս իշխանություններին հակառակ է: Այս տգեղ երեւույթը բավական մեծ արձագանքի արժանացավ աշխարհով մեկ՝ հատկապես հայության կողմից: Ստույգ կարող եմ նշել, որ Սփյուռքի մեր գրեթե բոլոր առաջնորդները միասնական հայտարարություն կատարեցին՝ քննադատելով վարչակազմի վերաբերմունքը կաթողիկոսի հանդեպ: Անգամ օրերս նկատեցի, որ Պոլսո պատրիարքը, որն ընդհանրապես լուռ է մնում ամեն տեսակի հարցերի դեպքում, այս հարցի շուրջ բավականին երկար մի քննադատող հայտարարություն էր կատարել:
— Պարոն Սասունյան, ըստ Ձեզ, դեռ որքա՞ն կարող է այս ամենը շարունակվել:
— Ես պարտավոր եմ մի քանի խիստ իրողությունների մասին նշել: Այլ բան է, եթե հարցեր լինեն, որոնց հետ ես կամ որեւէ այլ մեկը համաձայն կարող ենք չլինեն: Դա լիովին ընդունելի է, սակայն երբ տեսնում ենք, որ Ալիեւն ինչ-որ մի բան է հայտարարում Բաքվում, եւ Փաշինյանն էլ` Երեւանում, դրա հաջորդ օրը կամ մի քանի օր անց նույն բաներն են ասում եւ նույն բաներն անում, ապա սա խիստ մտահոգիչ է հայ ժողովրդի համար, քանի որ այն տպավորությունն է թողնում, որ Ալիեւը ոչ թե Բաքվում է նստել եւ իշխում, այլ Երեւանում է, եւ Հայաստանի վարչապետը հենց ինքն է: Օրինակ, Ալիեւը երբ նշեց, որ Հայաստանի Սահմանադրությունը պետք է փոխվի՝ դրանից քիչ հետո Փաշինյանը եւս նույն հայտարարությունն արեց, թե Սահմանադրության առաջաբանից պետք է հանել Հայոց ցեղասպանության, Արցախի մասին վերագրումները: Փաշինյանն էլ նույն բանն է ասում: Ավելին, Փաշինյանը նաեւ բողոքում է Արարատից, մեր զինանշանից, հիմնից: Ամենն, ինչ ազգային է եւ թանկ է մեր ազգի համար՝ Փաշինյանն այդ ամենին հակառակ է: Վերջերս էլ նա սկսել է խոսել կրկին այն մասին, ինչն օրեր առաջ կրկին ասել էր Ալիեւը, թե իրական Հայաստանը եւ պատմական Հայաստանը միմյանց հակասում են, վնասում են: Նույն բանն էլ Ալիեւն ասաց: Այսպիսի խոսակցությունն ինձ համար շատ արտառոց է, քանի որ երբ խոսում ենք պատմական Հայաստանի մասին, խոսում ենք մեր պատմության, մշակույթի, ժողովրդի մասին: Այնպես չէ, որ Հայաստանը սկսել է որպես պետություն 1991 թվականի անկախությունից ի վեր: Մենք ունենք հազարամյակների պատմություն եւ չենք կարող մեր արմատներից զրկվել: Եթե լսենք Փաշինյանի խոսքերը եւ ասենք, որ Հայաստանը անցյալ չի ունեցել ու նոր պետություն է՝ դա նույն բանն է, ինչ մենք ասում ենք Ադրբեջանի մասին, որ Ադրբեջանը երկար պատմություն չունի եւ սկսել է որպես պետություն ձեւավորվել 1918 թվականից: Այս ամենի առավել վատ կողմն այն է, որ վերջերս իշխանությունների տարբեր ղեկավարներ սկսեցին շատ մտահոգիչ մտքեր արտահայտել ցեղասպանության մասին, հարցեր բարձրացնել, թե քանի՞ հոգի են սպանվել, նրանց անուններն ունե՞նք, թե՞ չունենք: Այսինքն՝ դրանք այնքան զարմանալի խոսքեր են, որ նույնիսկ ստիպված եմ ասել, որ այդ տեսակի խոսքերը ոչ միայն ապազգային են, այլեւ հիմարություններ են: Դա էլ միտումնավոր է կատարվում Փաշինյանի կողմից, քանի որ վերջինս ցանկանում է, որպեսզի թուրքի հետ իր հարաբերությունները բարելավի եւ ցանկանում է զոհել ցեղասպանության հարցը: Նույն բանը նա անում է Ալիեւի հետ, որպեսզի այդ խաղաղության դաշնագիր կեղծ ծրագիրը, որն ունի Փաշինյանը, կարողանա հաջողել: Ինքն արդեն զոհեց Արցախը եւ այժմ էլ զոհում է նաեւ Հայաստանի սահմանամերձ շրջանները:
«ԻՆՉ ՓԱՇԻՆՅԱՆՆ ԱՐԵՑ 6 ՏԱՐԻ ԱՌԱՋ՝ ՍՐԲԱԶԱՆԸ ԵՎՍ ԿԱՐՈՂ Է ԱՆԵԼ ՆՈՒՅՆԸ»
— Այս իրավիճակում ինչպե՞ս կգնահատեք առհասարակ հայ հասարակության պահվածքը:
— Վերջին մի քանի տարիներին՝ հատկապես 2020 թվականի պատերազմից հետո, մեր ժողովուրդը Հայաստանում եւ Սփյուռքում ասես «քնել» էին: Ինչ էլ պատահում էր, ինչ խախտումներ, ապազգային որոշումներ ընդունվում էր մեր ժողովրդին, կարծես թե, չէին էլ հետաքրքրում այդ հարցերը: Իրենք միայն հետաքրքրված էին իրենց ապրուստով, եկամտով եւ ռեստորաններ գնալով, ամբողջ հայության մոտ բավական մտահոգիչ մթնոլորտ էր տիրում: Սակայն այժմ, բարաբախտաբար Բագրատ սրբազանի Երեւան ժամանելուց հետո իր ելույթները եւ գործունեությունը լավ հույս են ներշնչում, որպեսզի մեր ժողովրդի, չասենք մեծ մասը, սակայն մի մասը վերջապես արթնացել են, եւ դրանք կենդանության նշաններ են ցույց տալիս, որ իրենք հետաքրքրված են Հայաստանի ներկայով, ապագայով եւ չեն ուզում լռելայն մնալ, երբ Փաշինյանը ամեն ինչ հանձնում է մեր թշնամիներին: Այժմ հույս ունեմ, որ այս նոր թափը, որը կա, եւ որի շնորհիվ ժողովուրդն արթնացավ՝ կշարունակվի եւ կմեծանա:
— Որքանո՞վ է իրատեսական, որ Նիկոլ Փաշինյանը կհեռանա զբաղեցրած պաշտոնից: Ի վերջո, այս շարժումը դեպի մարման կգնա՞, թե՞ իրավիճակը բոլորովին այլ զարգացման փուլ կմտնի:
— Նախ ասեմ, որ ապագան գուշակելը շատ անշնորհակալ մի աշխատանք է, քանի որ միակ մարդիկ, որոնք ապագան կարող են գուշակել՝ դրանք մարգարեներն են: Դժբախտաբար ես մարգարե չեմ, սակայն հետեւում եմ սրբազանի ամենօրյա գործունեությանը եւ իր շրջանակին: Ինքս հույս ունեմ եւ ցանկանում եմ, որպեսզի սրբազանը հաջողի: Հույս ունեմ նաեւ, որ ժողովրդի մի մասին, որն արդեն արթնացել է, ոտքի կկանգնեն եւ կմիանան նաեւ մյուսները ու կլինեն սրբազանի կողքին: Արդյունքում կստացվի մի տպավորիչ մասսա, որոնք երբ հրապարակ գան կամ Ազգային ժողովը շրջափակեն՝ իշխանությունները լրջորեն կմոտենան այս ժողովրդի քայլերին եւ չեն անտեսի, քանի որ այդ ժողովրդի թիվը եթե փոքրանա, ապա իշխանությունները անտեսելու են: Վարչապետը 2018 թվականին, երբ հրապարակում խոսում էր, հայտարարեց, որ եթե օրը գա, եւ ժողովուրդը չցանկանա, որ ինքը վարչապետ լինի, ապա նույն օրն էլ տուն կգնա: Մինչդեռ վերջին տարիներին արդեն քանի անգամ է եղել, երբ բողոքի ակցիաներ տեղի ունեցան: Անգամ մի լրագրող, երբ մոտեցավ Նիկոլ Փաշինյանին եւ հիշեցրեց իր հնչեցրած հենց այդ միտքը՝ վերջինս մի արտառոց պատասխան տվեց՝ նշելով, որ այն մարդիկ, որոնք կանգնել եւ բողոքում են, իրենք ժողովուրդ չեն: Այսինքն՝ իր համար ժողովուրդն այն մարդիկ են միայն, որոնք իր կողմնակիցներն են, իսկ եթե իր կողմնակիցը չես, ապա ո՛չ ժողովուրդ ես, ո՛չ էլ հայ ես: Վերադառնալով հարցին` պետք է նշեմ, որ հույս ունեմ՝ ժողովուրդն ավելի մեծ թվերով կմասնակցի սրբազանի քայլերին, եւ իշխանությունների նկատմամբ ցուցաբերած ճնշումն այնքան մեծ կլինի, որ ստիպված կլինեն հրաժարական տալ եւ հեռանալ: Այն, ինչ Փաշինյանն արեց 6 տարի առաջ՝ Բագրատ սրբազանը եւս կարող է անել նույնը՝ նրանից ձերբազատվելու համար:
ԴԻԱՆԱ ՄԱՆՈՒԿՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=285172&l=am/