Կիեւին անհույս ամառային ռազմական փուլ է սպասում
Վերլուծություն
Ռաիսիի ուղղաթիռի կործանման հետ կապված (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=284036&l=am) մեկ հետաքրքիր հարց եւս կա. իսկ պատահակա՞ն էր, որ այս ամենը տեղի ունեցավ Պուտինի՝ Չինաստան կատարած այցից հաշված օրեր անց:
Այն, որ Արեւմուտքում այդ այցն ու դրա տեսանելի եւ քիչ երեւացող արդյունքները մեծ անհանգստություն են առաջացրել, դա փաստ է: Այս այցին ընդառաջ Վաշինգտոնը բոլոր ջանքերը գործադրեց եթե ոչ ռուս-չինական համագործակցության ներկա մակարդակը թուլացնելու, այլ գոնե Պեկինի միջոցով ուկրաինական ուղղությամբ Մոսկվայի վրա ազդելու համար: Ըստ որոշ փորձագետների, առավելագույնը, որ Պուտինից առաջ Չինաստան մեկնած Բլինքենն էր ակնկալում, դա նախագահ Սիին համոզելն էր, որ հորդորի Պուտինին՝ գոնե ներկա շփման գծում կանգ առնել, հաշվի առնելով, որ հետագա առաջխաղացումը շարունակելու է էական ճնշումներ առաջացնել ներամերիկյան նախընտրական իրողությունների վրա: Սակայն միայն Պուտնին ընդունել-ճանապարհելու ցուցադրական արարողություններով Պեկինը պարզ հասկացրեց՝ Բլինքենի խնդրանքներն ընդունված չեն, թեեւ դա հասկանալի էր դեռ այն պահին, երբ Չինաստանից վերադառնալ պատրաստվող պետքարտուղարին չինական կողմից որեւէ մեկը չէր ճանապարհում:
Ու սրանից էլ զատ, Ուկրաինայում վրա հասավ այն փուլը, որի հետ կապված Մոսկվան ինքն իր համար սահմանել է հստակ «կարմիր գիծ», որ որեւէ մեկի հետ չի բանակցի: Այսինքն, երեկ լրացավ Զելենսկու պաշտոնավարման վերջնաժամկետը: Ճիշտ է, Արեւմուտքի հովանու տակ նա իշխանությունը չի հանձնում, սակայն էն գլխից Մոսկվան սահմանել էր հստակ «կարմիր գիծ», որ մայիսի 21-ից Զելենսկուն ընկալելու է` որպես ոչ լեգիտիմ նախագահ: Իսկ ոչ լեգիտիմ նախագահի հետ, հասկանալի է, ոչ մեկը բանակցային սեղանի շուրջ չի նստի եւ փաստաթուղթ չի ստորագրի: Պարզ պատճառով, որ վաղը-մյուս օրը կգա նոր նախագահ, եւ նա կարող է հանգիստ հայտարարել՝ Զելենսկին այդ պահին արդեն իրավասու չէր որեւէ բան ստորագրել, ստորագրածն ապօրինի է եւ չի գործում:
Արդյունքում, եթե Ուկրաինայի իշխանական շրջանակներում տեղաշարժեր չլինեն, ապա խնդրի լուծման հիմնական ուղղությունը կմնա ռազմաճակատը: Իսկ այստեղ, ինչպես անգամ ուկրաինական աղբյուրներն են խոստովանում, իրավիճակը հեչ բանի նման չէ: Բերենք թեկուզեւ դեռ ադեկվատություն պահող ուկրաինական աղբյուրներից մեկի այս գնահատումը. «Մեր աղբյուրը հայտնում է, որ Խարկովի մարզում իրավիճակն իսկապես տխուր է Ուկրաինայի զինված ուժերի համար: Ինչպես ավելի վաղ գրել էինք, նախագահականը կարողացավ իրավիճակը մի փոքր վերահսկելի դարձնել հիմնական ստրատեգիական ռեզերվները Խարկովի ուղղություն նետելու շնորհիվ: Սակայն ռուսներն այս պահին պարզապես «աղում» են ուկրաինական այդ վերջին հիմնական ռեզերվները, շուտով կվերցնեն Վոլչանսկը, ապա նաեւ Խարկով քաղաքի համար այս պահին հիմնական դարձած Լիպցիի պաշտպանական հանգույցը»: Իսկ այդ բոլոր զարգացումներն ուկրաինական բանակին, ըստ աղբյուրի, խոստանում է «հակամարտության ողջ պատմության ամենամեծ կաթսաներով»: Մի խոսքով՝ «Խարկովի մարզում տիրող իրավիճակը հսկայական ազդեցություն ունի ողջ ուկրաինական ճգնաժամի ապագայի վրա»:
Եվ ոչ միայն Խարկովի: Դեպի Խարկով ռեզերվների նետումը նկատելիորեն թուլացնում է ուկրաինական դիրքերն այլ առանցքային հատվածներում: Ռուսներն այս օրերին կտրուկ ակտիվացրել են Չասով Յարի, Օչերետինոյի ուղղությամբ հարձակումները, եւ այս հատվածներում եւս ուկրաինական բանակի առաջ տեսանելի է դարձել մեծ «կաթսաների» հեռանկարը: Վերջապես, բազում ռազմական փորձագետներ են արդեն սկսել խոսել Խարկովից հյուսիս՝ Սումի մարզի ուղղությամբ եւս ամենամոտ ապագայում նոր ռազմաճակատ բացվելու հեռանկարների մասին, որտեղ արդեն Կիեւը ռեալ պաշտպանություն կազմակերպելու շանսեր գրեթե չունի՝ ուժերի խիստ պակասի պատճառով: Կարճ ասած, սպասվում է ծանրագույն ամառային կոմպանիա, որից հետո ամերիկյան ընտրություններն են՝ դրանից սպասվող բոլոր ծայրահեղ անորոշություններով հանդերձ: Ու եթե այս ամենից զատ նորից պայթի Մերձավոր Արեւելքը՝ այդ ուղղությամբ տանելով ԱՄՆ-ի հիմնական ռեզերվները, ապա շատ ավելի վատ:
https://iravunk.com/sim/?p=284037&l=am/