Ինչ հետեւանքներ կունենա Ռաիսիի ուղղաթիռի կործանումը
Վերլուծություն
Երեկ Իրանը վերջին հրաժեշտը տվեց նախագահ Ռաիսիին եւ ուղղաթիռային աղետի մյուս զոհերին: Այսինքն, նախնական շոկային փուլն անցած է, եւ հիմա առաջին պլան է գալիս կարեւորագույն մեկ հարց, որն ամենաուղիղ ազդեցությունը կարող է ունենալ ողջ տարածաշրջանի, այդ թվում՝ Հայաստանի վրա: Այն է՝ տեղի ունեցածն ի՞նչ ազդեցութուն կունենա Իրանի կուրսի եւ գործողությունների վրա:
ՈՉ ՊԱՏԱՀԱԿԱՆ ՊԱՏԱՀԱԿԱՆՈՒԹՅՈՒՆՆԵ՞Ր
Թե ինչ է հիմա անելու Իրանը, իհարկե, առաջին հերթին կախված է մեկ այլ հարցից՝ ո՞րն էր վթարի պատճառը, տեխնիկական խնդիրնե՞րը, թե՞ նախագահական ուղղաթիռն այս կամ այն տարբերակով հարձակման է ենթարկվել: Դատելով Իրանից եկող տարբեր ազդակներից, այս նախնական փուլում Թեհրանը փորձում է կրքերը չթեժացնել՝ առաջին պլանում թողնելով տեխնիկական եւ բնակլիմայական պատճառներով վթարի տարբերակը: Սրա տակ կա նաեւ այն տրամաբանությունը, թե Ռաիսիին սպանելու իմաստ չկար: Այսինքն, Իրանն այն երկիրը չէ, որ նախագահին սպանելով, հնարավոր է այնպիսի սուր ճգնաժամ ստեղծել, որից կկարողանան օգտվել արտաքին ուժերը: Նախ, իրականում Իրանի նախագահը, ինչպես հայտնի է, ամենեւին էլ այդ երկրի գերագույն իշխանությունը չէ: Երկրորդը. նախագահի եւ հիմնական փոփոխության հարցը հստակ կարգավորված է իրանական օրենսդրությամբ. Ռաիսիի եւ ԱԳ նախարար Աբդոլահիանի մահվան լուրը պաշտոնապես հաստատվելուն պես նրանց լիազորությունները արագորեն փոխանցվեցին փոխնախագահ Մոհամմադ Մոհբարին եւ նախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերի Կանին: Երկուսն էլ բարձրակարգ գործիչներ են, նույն քաղաքական կուրսի համոզված հետեւորդներ: Սահմանված ժամկետում կլինեն արտահերթ ընտրություններ, կընտրվի նոր նախագահ, կձեւավորվի նոր կաբինետ: Այսինքն, երկրի կառավարման հարցում ցնցումներ պարզապես չեն կարող առաջանալ: Այսինքն, նման հեռանկարն աչքի առաջ ունենալով, ինչո՞ւ պետք է ինչ-որ ուժ մտածեր Ռաիսիի եւ մյուսների սպանության մասին: Այո, նախնական տրամաբանությամբ այսպես է, դա էլ առաջին պլան է բերում տեխնիկական վթարի գաղափարը: Միայն թե այստեղ մեկ մեծ «բայց» կա…
Վիճակագրությունը, ինչպես ասում են, մոտավոր գիտություն է, թեեւ շատ հաճախ ուշագրավ հետեւությունների եւ մտորումների տեղիք է տալիս: Կոնկրետ դեպքում, վերջին երկու շաբաթվա ընթացքում ֆիքսվել են մի շարք փաստեր, որոնք երբ իրար կողք ես դնում, ապա ստիպված ես մտածել կա´մ տեսկանորեն քիչ հնարավոր պատահականությունների շարքի, կա´մ էլ՝ կոնկրետ սցենարի մասին: Հիշեցնենք փաստերը.
Մայիսի 7. Սաուդյան Արաբիայի թագաժառանգ արքայազնի դեմ մահափորձ:
Մայիսի 13. Թուրքիայի նախագահ Էրդողանը շտապ խորհրդակցություն է հրավիրում հնարավոր ռազմական հեղաշրջման մասին նախազգուշացումից հետո:
Մայիսի 15. Սլովակիայի վարչապետ Ռոբերտ Ֆիկոյի դեմ մահափորձ:
Մայիսի 16. Սերբիայի նախագահ Վուչիչին սպանելու ծրագրերի մեղադրանքով քաղաքացի է ձերբակալվել։
Մայիսի 19. Ռաիսիի ուղղաթիռի վթարը:
Պատահականությո՞ւն է այս ամենի նման համընկնումը, պատահականությո՞ւն է, որ այդ բոլոր իրադարձությունները կապված են ռուս-չինական աշխարհաքաղաքական վեկտորի կողմնակիցների հետ:
Մեկ այլ նման փաստերի շարք: Մայիսի 18-ին այդ պահին դեռ Իրանի արտգործնախարարի քաղաքական հարցերով տեղակալ Ալի Բաղերի Կանին հրապարակավ հայտարարեց՝ BRICS երկրներն ակտիվորեն աշխատում են ենթակառուցվածքների ստեղծման ուղղությամբ՝ միության միասնական արժույթի ներդրման համար, որը կփոխարինի դոլարային վճարումները: Դրանից մեկ օր անց կործանվեց Իրանի նախագահի ուղղաթիռը։ Ու այստեղ միանգամայն տեղին է հիշեցնել. Լիբիան քանդվեց այն բանից հետո, երբ Քադաֆին պատրաստվում էր ներմուծել ոսկե դինարը, Իրաքը՝ երբ Հուսեյնը հայտարարեց նավթի համար վճարելիս դոլարից հրաժարվելու մասին: Այս ամենը պարզապես պատահականություննե՞ր են:
Վերադառնանք «բայց»-ին՝ իրականում կարելի՞ է Ռաիսիի սպանությունը համարել որեւէ մեկին որեւէ բան չտվող ակցիա, եթե դա չի ազդելու Իրանի ներքին իրավիճակի վրա: Բայց չէ՞ որ հարցը միայն ներքին իրավիճակը չէ, այլ, դրանից էլ առաջ` արտաքին: Օրինակ, ի՞նչ իմաստ կարելի էր տեսնել, երբ դեռ միայն վերջերս Նեթանյահուն հրամայեց հրթիռային հարված հասցնել Դամասկոսում իրանական հյուպատոսությանը. մեկ իմաստ կա, դրանով հնարավորություն կար Իրանին ներքաշել պատերազմի մեջ: Չստացվեց: Ու հիմա, եթե պարզվի, որ Ռաիսիի ուղղաթիռի հետ կապվածը կոնկրետ գործողության արդյունքում է, պատերազմը կդառնա անխուսափելի: Դա, բնականաբար, պարզ հասկանում են նաեւ Թեհրանում, եւ, ըստ ամենայնի, պատահական չէ, որ դեռ ակնարկների մակարդակով առաջ են տանում տեխնիկական վթարի վարկածը: Նախ, անհերքելի հիմնավորումներ են պետք վթարի պատճառների մասով. անուղղակի հիմնավորումները շատ են, բայց դրանք, այսպես ասած, ապացուցողական նշանակություն չունեն: Հստակ ապացույցների դեպքում էլ կա այն հարցը, թե պե՞տք է, թեկուզ հանուն նախագահի հիշատակի, գնալ մեծ պատերազմի, երբ ներկա պահին նման պատերազմը միգուցե ամենաշատը Նեթանյահուին է պետք, ավելի կոնկրետ՝ գլոբալ թիմին, որին նա ներկայացնում է, եւ որը ներկա զարգացումների պարագայում ծանր պարտության է դատապարտված:
ԸՍՏ ԱՄԵՆԱՅՆԻ, ՈՐՈՇՎՈՒՄ Է ԻՍՐԱՅԵԼԻ ՃԱԿԱՏԱԳԻՐԸ
Դժվար չէ նաեւ պատկերացնելը, թե Նեթանյահուի ինչին է պետք տարածաշրջանային մեծ պատերազմը: Այն, որ Նեթանհայուի (եւ նրա պաշտպանության նախարարի) ձերբակալության հարցը՝ փաստացի ցեղասպանության մեղադրանքով, մտել է Միջազգային քրեական դատարան (ՄՔԴ), դա նրա համար լրջագույն ազդակ է: Այսինքն, նա ոչ միայն կարող է կյանքի մնացած մասն անցկացնել բանտում՝ ցեղասպանի խարանը ճակատին, այլ դա էապես կփոխի Իսրայելի ներկա քաղաքական կուրսը, եւ մեծ հարց է, թե որպես պետություն, կշարունակի՞ գոյատեւել: Հարց, որն անգամ հրեականության գլոբալ լիդերների մոտ է վեճերի առիթ դարձել. պե՞տք է Իսրայելը պահել, այն էլ նման ծանր տարածաշրջանում, թե՞ ավելի հարմար է պետությունը լուծարել եւ շարունակել աշխարհեվ մեկ տարալուծված գոյատեւումը: Կա նաեւ այլ վայրում Իսրայել ստեղծելու վարկածը, այդ թվում՝ ներկա Ուկրաինայի արեւմտյան հատվածում եւ այլն:
Ամեն դեպքում, Նեթանյահուի, այսինքն՝ նաեւ նշված գլոբալ հարցադրումների հետ կապված ուշագրավ իրավիճակ է ստեղծվել ՄՔԴ-ի շուրջ: Այն, որ այս դատարան կոչվածը, կրկնենք, եղել է ուլտրալիբերալիզմի եւ, առաջին հերթին` ԱՄՆ-ի ուլտրալիբերալիստների կայուն վերահսկողության տակ, հիմնավորում է թեկուզեւ Պուտինի կալանավորման հայտնի որոշումը: Բայց ահա, Նեթանյահուի հետ կապված, ԱՄՆ-ից եկավ թեեւ ակնհայտ ապօրինի, սակայն սպասելի արձագանք: Նախ, նման որոշմանը ծայրահեղ կոշտ դեմ արտահայտվեց Բլինքենը, ապա` Բայդենը: Հաջորդեց ԱՄՆ Կոնգրեսի խոստումը` պատժամիջոցներ կիրառել Միջազգային քրեական դատարանի ղեկավարության դեմ, եթե վերջինս Նեթանյահուին կալանավորի: «Կոնգրեսն ուսումնասիրում է բոլոր տարբերակները, ներառյալ պատժամիջոցները, պատժելու ՄՔԴ-ին և երաշխավորելու, որ նրա ղեկավարությունը կբախվի հետևանքների, եթե քայլեր ձեռնարկի այս ուղղությամբ: Եթե ՄՔԴ-ին թույլ տրվի սպառնալ Իսրայելի ղեկավարությանը, մենք կարող ենք հաջորդը լինել»,- ասում է Ներկայացուցիչների պալատի խոսնակ Մայք Ջոնսոնը հայտարարության մեջ: Այն, որ սա բացահայտ ճնշում է արդարադատության դեմ, միանշանակ է: Այն, որ սրանով Վաշինգտոնը ցույց է տալիս, որ թքած ունի ամեն մի արդարադատության վրա, անգամ եթե իր հովանավորյալը ցեղասպան է, դա եւս: Միայն թե, ի՞նչ է ստացվում, ՄՔԴ-ն թռե՞լ է իր ամերիկյան տերերի վերահսկողությունից, որ հիմա նրանք ստիպված են նման սպառնալիքներ հղել` իրական դեմքը բացելու գնով:
Եվ երկրորդ անակնկալը. Եվրոպայից հնչեց միանգամայն հակառակ հայտարարությունը` ԵՄ-ն ի գիտություն է ընդունում Հաագայի դատարանի որոշումը Իսրայելի առաջնորդների ձերբակալության օրդերների վերաբերյալ և կոչ է անում բոլոր երկրներին իրականացնել այն։ Այսպիսի հայտարարություն է արել եվրոպական դիվանագիտության ղեկավար, ուլտրալիբերալների կարկառուն ներկայացուցիչ Ժոզեպ Բորելը X-ում։ «Ես ի գիտություն եմ ընդունում ՄՔԴ դատախազի որոշումը՝ դիմելու Միջազգային քրեական դատարանի (ՄՔԴ) I Նախաքննական պալատ՝ Յահյա Սինվարի, Մուհամեդ Դեիֆի, Իսմայիլ Հանիյեի, Բենյամին Նեթանյահուի և Յոավ Գալանտի նկատմամբ ձերբակալության օրդեր: ՄՔԴ-ի՝ որպես անկախ միջազգային կառույցի մանդատը միջազգային իրավունքի համաձայն ամենածանր հանցագործությունների հետապնդումն է: Բոլոր պետությունները, որոնք վավերացրել են ՄՔԴ կանոնադրությունը, պարտավոր են կատարել Դատարանի որոշումները»,- գրել է Բորելը։
Անմիջապես էլ ՄՔԴ-ին ուղղված աջակցության կոչ հնչեց նաեւ Ֆրանսիայից, եւ դա հուշում է, որ Նեթանյահուին կալանավորելու այս թեման առաջ է մղվում եվրոպական հանձնարարականներով: Բայց դա ի՞նչ է նշանակում, որ եվրոպական ուլտրալիբերալները կտրուկ դեմ են գնում ամերիկյանների՞ն: Այսինքն, սա Եվրոպա-ԱՄՆ խորը հակասության դրսեւորո՞ւմ է՝ Իսրայելի ապագայի հետ կապված, թե՞ ինչ-որ նոր խաղ: Այս հարցի պատասխանը, առանց չափազանցության, կարող է կանխորոշիչ լինել ողջ աշխարհի ապագայի հարցում:
Իսկ ահա Թեհրանը, ըստ ամենայնի, կփորձի դեռ սպասել՝ հիմնավորելով, որ ուղղաթիռի վթարի հանգամանքները պետք է մանրակրկիտ ուսումնասիրել, պարզել: Դա նաեւ ժամանակ է տալիս տեսնել, թե Նեթանյահուի կալանքի շուրջ այս պատմությունն ի՞նչ ընթացք է ստանում, որը, իհարկե, կարող է վճռորոշ լինել Թեհրանի վերջնական որոշման մասով:
Մի խոսքով, ամեն ինչ ակնարկում է այն մասին, որ Ռաիսիի ուղղաթիռի կործանման թեման այս պահին մտնում է պաուզայի փուլ, բայց նաեւ մնալով մեծ պայթյունի տանող շատ լուրջ դետոնատոր:
https://iravunk.com/sim/?p=284036&l=am/