Բոլոր արվեստների հիմքում գիրն ու գրականությունն է. ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆ
Մշակութային
Այս տարի մանկապատանեկան գրքի շաբաթն անցկացվեց Ծաղկաձորում եւ ամփոփվեց Երեւանի «Խնկո Ապոր» անվան գրադարանում: Այս առիթով էլ զրուցեցինք ՀԳՄ անդամ, բանաստեղծուհի, մանկական արձակ եւ չափածո ստեղծագործությունների հեղինակ, «Ծիծեռնակ» մանկական ամսագրի գլխավոր խմբագիր ԱՆՈՒՇ ՎԱՐԴԱՆՅԱՆԻ հետ:
- Տիկին Վարդանյան, ինչպե՞ս անցավ մանկապատանեկան գրքի շաբաթը:
- Արդեն քսաներորդ տարին է մենք նշում ենք մանկապատանեկան գրականության շաբաթը: Ամեն տարի գնում ենք ՀՀ-ի մի տարածաշրջան, որտեղ հավաքվում են բոլոր երեխաները: Այս անգամ մեր ստեղծագործական խմբով, որոնց կազմում էին Էդվարդ Միլիտոնյանը,Գոհար Գալստյանը, Տիգրան Նիկողոսյանը,Սաթենիկ Ղազարյանը, Զեմֆիրա Ենոքյանը եւ Սուրեն Դավթյանը մեկնեցինք Ծաղկաձոր: Մեզ հետ հանդիպման էին եկել նաեւ մոտակա գյուղերից երեխաներ: Գրողներիս համար երեխաների հետ հանդիպումը դա մի տոն եւ ուրախություն է, հատկապես, երբ լսում ենք նրանց գեղեցիկ ասմունքը, պատմությունները: Ես շատ մեծ հաճույք եմ ստանում, երբ երեխաները կարդում են մեր գործերը:
- Այսօրվա սերունդը կարդալու հետ սեր ունի՞:
- Երեւանում էլ կան շատ կարդացող երեխաներ: Հատկապես հեռու շրջաններում երեխաներն ավելի ընթերցասեր են, պատրաստակամ են եւ ձգտում ունեն դեպի գիրն ու գրականությունը: Մեր հիմնական ուղերձը երեխաներին հենց դա է, որ գիրք կարդան, որպեսզի նրանց երեւակայությունը զարգանա: Այդ մասին դեռեւս գիտնականներն են ասել, որ ուղեղի գործունեության զարգացման համար ամենակարեւորը ընթերցանությունն է: Ֆիլմն ու մուլտֆիլմը այնպես չեն զարգացնում երեխայի երեւակայական աշխարհն, ինչպես ընթերցանությունը: Ուսուցիչներն ու ծնողները երեխաներին պետք է դրդեն դեպի գիրն ու գրականությունը: Փոքր տարիքից եթե երեխայի համար ծնողն ընթերցում է գրքեր, ապա երեխան կապվում է գրքի հետ:
- Ժամանակակից գրողներին որքանո՞վ են ծանոթ երեխաները:
- Իհարկե, մյուս կարեւոր խնդիրներից է ժամանակակից գրողներին ծանոթանալը: Այսօրվա հայերենով իրենց համար ավելի մատչելի լեզվով գրականությունը սովորելը, կարդալը: Դասագրքերում կան ժամանակակից գրողների գործեր: Եվ երեխաները նույնիսկ ոմանց ճանաչում են օրինակ` Էդվարդ Միլիտոնյանին, Սուրեն Մուրադյանին (ով վերջերս է մահացել) եւ նաեւ մեր մյուս գրողներին, ովքեր ապրում եւ շարունակում են ստեղծագործել:
- Երեխաների հետ գրող-երեխա հանդիպումն ինչպե՞ս է անցնում:
- Երեխաների համար շատ ավելի ուսանելի եւ արդյունավետ է իրենց կողքին ապրող եւ ստեղծագործող գրողների հետ հանդիպումը: Մեր հանդիպումների ժամանակ նրանք մեծ ոգեւորությամբ են արտասանում մեր գրողների բանաստեղծությունները: Երբ տպագրվել էր իմ գիրքը, «Խնկո Ապոր» անվան գրադարանում երեխաներն այնպիսի հարցեր էին տալիս, որ ես արդեն պատկերացնում էի, թե հետո ինչ կարելի է գրել երեխաների համար: Նրանք ուրույն ձեւով են ընկալում մեր գիրը: Իհարկե, երբ ասում ես` հարցեր տվեք, հարցնում են ձեր գրած առաջին ոտանավորը, առաջին գիրքը: Բայց դա այնպիսի բան է, որ ոչ միշտ կարող ես հիշել: Երեխային միշտ հետաքրքիր է ստեղծագործող մարդն իր ներաշխարհով: Գրողի յուրահատուկ մտածելակերպը նրանց ոգեւորում է եւ դրդում է դեպի գիրն ու գրականությունը: Ի վերջո, բոլոր արվեստների հիմքում հենց գիրն ու գրականությունն է:
-Բայց եթե երեխան չունի ձգտում սովորելու, կարդալու, ինչպե՞ս կարող են նրան դրդել դեպի գիրն ու գրականությունը:
-Մենք երազում ենք, որ մեր երեխաներն ընթերցող լինեն, բայց հեռախոսները, գաջեթները շատ են խանգարում երեխաներին: Նրանց կտրում են իրականությունից: Եվ երեխաները չեն կարողանում շփվել իրար հետ: Ամբողջ ժամանակ համացանցում նայում են այդ ճտպտիկ, ուրախացնող, փուչ նյութերը: Ինչքան կարելի է դրանով լցնել օրը: Դա ուղղակի հակակենսական է: Կենսական տարածքը երեխայի փոքրանում է: Եթե առաջ ծնողը երազում էր, որ երեխան բակից տուն գար, հիմա երեխաներին ստիպողաբար են բակ ուղարկում, որ դրսում խաղա եւ կտրվի գաջեթից, վիրտուալ իրականությունից: Մենք տեսնում ենք, թե ինչպես իրար կողք նստած երեխաները հեռախոսը ձեռքներից բաց չեն թողնում: Երեխային պետք է կտրել գաջեթներից, վիրտուալ իրականությունից եւ դեպի գիրքն ուղղորդել նրան: Դա շատ մեծ խնդիր է: Բայց ես կարծում եմ, որ ժամանակի հետ կենդանի շփումը կհաղթի, եւ երեխաները կկարողանան ճիշտ կազմակերպել իրենց առօրյան: Որովհետեւ եթե գնան վիրտուալ իրականություն, կյանքն իրենց կողքով կանցնի, կգնա:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=281101&l=am/