«Ինչպե՞ս եղավ, որ միացումը դարձավ Արցախի առանձին պետություն». ՍԱՄՎԵԼ ԲԱՂԻՆՅԱՆ
Մշակութային
«Իրավունքը» զրուցել է ՀՀ վաստակավոր արտիստ, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոնի դերասան, Արցախյան պատերազմների մասնակից ՍԱՄՎԵԼ ԲԱՂԻՆՅԱՆԻ հետ:
— Դուք ինքներդ Արցախյան 44-օրյա պատերազմի մասնակից եք: Այսօր կրկին վտանգված են մեր երկրի սահմանները: Ի՞նչ եք կարծում` նժդեհյան գաղափարախոսություն կրող սերունդը մի՞թե կարող է առանց կրակելու հող հանձնել:
— Դուք գտնում եք, որ մեր սերունդը նժդեհյան ոգո՞վ է մեծացել: Ցավոք սրտի, սկսենք նրանից, որ ի տարբերություն մեզ` Ադրբեջանը իր պարտությունից հետո սկսեց վերանայել շատ բաներ` ձգտեց ռեւանշի: Մենք մեր հաղթանակից հետո ամբողջ հույսներս դրեցինք մեր դաշնակցի վրա եւ մեր հաղթանակը չամրագրեցինք: Փոխարենը` զինադադար կնքվեց: Մենք կարող էինք ասել` մենք հաղթել ենք, գոնե ամրագրեք Արցախը: Առաջին սխալն այն էր, որ չամրագրվեց այդ հաղթանակը, եւ զինադադար կնքվեց` առանց Արցախի կարգավիճակը որոշելու: Մեր այրերը դա չէի՞ն հասկանում, Արցախի ղեկավարությունը, ՀՀ ղեկավարությունը դա չէ՞ր հասկանում: Երկրորդ սխալն այն էր, որ ե՛ւ Արցախում, ե՛ւ Հայաստանում համայն հայությունը միացման գաղափարի շուրջ էր համախմբվել, ինչպե՞ս եղավ, որ միացումը դարձավ Արցախի առանձին պետություն: Ադրբեջանը մեզ մի մեծ նվեր էր արել` իրենց Միլի մեջլիսով լիկվիդացրել էր Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը (ԼՂԻՄ-ը) մի որոշումով, եւ արդեն իսկ Սովետական Ադրբեջանի հանրապետություն չկար, եւ այդ իրավունքը չուներ: Փլուզվել էր Սովետական Միությունը: Եվ հետին թվով նրանք վերացրել էին Լեռնային Ղարաբաղը: Աշխարհին մենք կարող էինք ասել, որ այս մարդիկ վերացրել են Լեռնային Ղարաբաղի ինքնավար հանրապետությունը, մենք էլ միավորում ենք Հայաստանին Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզը, քանի որ փետրվարի 20-ի գերագույն խորհրդի որոշումով հետագա հանրաքվեի ամեն ինչով Լեռնային Ղարաբաղի մարզը դուրս է եկել Ադրբեջանի կազմից: Բայց դրա փոխարեն` արվեց ահավոր սխալ: Նույն մարզի տարածքում, նույն կամայականորեն մկրատով կտրած Լեռնային Ղարաբաղի ինքնավար մարզ սարքած տարածքում, երբ Շահումյանն էր առանձնացվել, Լաչինի միջանցքը Հայաստանի հետ կապող շրջանը` Քարվաճառը, այդ ամենը մեխանիկորեն կտրվել էր: Արցախը առանձնացվել էր` որպես ինքնավար մարզ: Հետո վերացվեց այդ ինքնավար մարզը: Մենք էլ վերցրինք այդ նույն ինքնավար մարզի տարածքում առանց մեր կողմից ազատագրված Քարվաճառը, Լաչինը, Բերձորը, հայտարարեցինք նույն տարածքը Արցախի Հանրապետություն: Սա ամենամեծ թշնամությունն էր` նախկին ինքնավար մարզի տարածքը (դեռ ավելի փոքր, որովհետեւ այնտեղ մի քանի տարածքներ մեզնից խլվել էին) հայտարարվեց` որպես առանձին պետություն: Այսինքն, այսպես կոչված, գործընկեր պետություն, որի սահմանները հսկում էին Հայաստանի զինված ուժերը, եւ որն ապրում էր Հայաստանի բյուջեի հաշվին: Եվ ստացվեց մի իրավիճակ, երբ Արցախի առաջին նախագահը եւ ՀՀ երկրորդ նախագահը հայտարարում են` կարմիր գիծ է միացումը: Մինչդեռ Արցախը` Հայաստան է, եւ դա պետք է լիներ կարմիր գիծը: Մենք գործընկեր պետություննե՞ր ենք: Եղբայր, ի՞նչ գործընկեր պետություններ: Եթե գործընկեր պետություններ ենք, ի՞նչ գործ ունի մեր բանակը ձեր սահմանին: Ի՞նչ գործ ունեք դուք մեր բյուջեի հետ, եթե դուք գործընկեր առանձին պետություն եք: Եվ աշխարհը զարմացավ` ղարաբաղցիները ուրի՞շ ազգ են, հայերը` ուրի՞շ: Սա մեծ հանցագործություն էր: Այսինքն` հաղթանակը նենգափոխվեց, առանց այն ամրագրելու եւ կարգավիճակի` վերածվեց զինադադարի:
— Պարոն Բաղինյան, Ձեր գնահատմամբ` ի՞նչ կարող էին անել, որ չեն արել:
— Կարող էին պայման առաջարկել, որ Արցախը ճանաչեն Հայաստանի մարզ, միջանցք պահանջեին` ՀՀ-ի հետ միանալու համար: Ի վերջո, մենք հաղթել էինք, եւ սա է մեր հաղթանակի գինը, իսկ մնացած ձեր շրջաններն ասեինք` հետ ենք տալիս: Ի՞նչ է նշանակում զինադադար, որ հետո Ադրբեջանն ուժեղանա ու ռեւանշի՞ գնա: Եվ ի՞նչ էր նշանակում միացումը նենգափոխել Արցախի առանձին պետության: Ո՛չ Սփյուքում, ո՛չ Արցախում եւ ո՛չ էլ Հայաստանում չէին ուզում, որ Արցախը լինի առանձին պետություն: Ուզում էին միացում: Բայց միացումը նենգափոխվեց, եւ Արցախի Հանրապետության առաջին նախագահը դարձավ ՀՀ երկրորդ նախագահ` Սահմանադրության կոպիտ խախտումով: Նա Հայաստանի քաղաքացի չէր, 10-ը տարի չէր եղել ՀՀ քաղաքացի (որովհետեւ այդպիսի օրենք կա), բայց նա հայտնվեց Հայաստանում` որպես ղեկավար: Սա էլ էր զարհուրելի սխալ: 30 տարի աշխարհը աչք էր փակել մեր արցախյան հաղթանակի վրա, եւ 30 տարի մենք հնարավորություն ունեինք զորանալու, պահպանելու մեր հետ բերածը, գրավածը:
— Ի՞նչը մեզ խանգարեց, որ այս օրվան հասանք:
— Մենք սկսեցինք մսխել այդ հաղթանակը: Չհզորացրինք մեր բանակը, չվերաբնակեցրինք մարդկանց Արցախի տարածքներում: Հաղթանակից անմիջապես հետո, փախստականներով հանդերձ, Արցախում մոտ 185 հազար բնակչություն կար: Հետո դա նվազեց, 2020թ.-ի 44-օրյա պատերազմի ժամանակ արդեն 125 հազար էր դարձել: Ամբողջ Արցախի էլիտան` զինվորական եւ քաղաքացիական, բոլորը իրենց ազգուտակով տեղափոխվեցին Հայաստան, պաշտոններ ստացան` փոխանակ ամրապնդելու, հզորացնելու Արցախը: Մենք 30 տարի ժամանակ ունեինք, որպեսզի դառնար կեսմիլիոնանոց Արցախ, 5 միլիոնանոց Հայաստան: Մինչդեռ եղավ հակառակը: Եթե Նժդեհը հարություն առներ, ապա մի քանի «նժդեհական» թալանչի ղեկավարների եւ գեներալների կկախեր իր արձանի երկու կողմերի ծառերից: Եթե մեր նախկին ղեկավարները իրենց բարձրության վրա լինեին, հայրենանվեր ղեկավարներ լինեին, ապա Նիկոլ Փաշինյանի և թավշյա հեղափոխության առիթն ու կարիքը չէին լինի:
— Երբ մասնակցում էիք 44-օրյա պատերազմին, ի՞նչ էր կատարվում այնտեղ իրականում:
— Ես երբ Շենգավիթի երկրապահների հետ մասնակցում էի 44-օրյա պատերազմին եւ առաջնագծում էի, ուղղակի ապշել էի: Բոլոր ադրբեջանական, հակադիվերսիոն, դիվերսիոն խմբերը, որ եկան հասան մինչեւ Շուշի, նրանք կռվում էին նժդեհյան մարտավարությամբ: Նժդեհի սյունիքյան գայլավաշտերը դրանց գայլախմբերն էին: Իսկ մեր բանակը թշվառ վիճակում էր` թշվառ, անապահով ընտանիքների զավակներ` 18-20 տարեկան, եւ հաստագլուխ, հաստափոր գեներալներ, որոնցից ոչ մեկը պատերազմում չզոհվեց: Երկրորդ-երրորդ պաշտպանական գծերի փոխարեն` խոզանոցներ էին, խոզապահ գեներալներ, նռան այգիներ էին, ցորենի արտեր, որտեղ որպես աշխատուժ օգտագործում էին թշվառ զինվորներին: Այդ երեխաները չպետք է լինեին առաջնագծում: Այլ Տավուշից, Լեռնային Ղարաբաղի ամբողջ տարածքով ամեն տեղ պետք է լինեին տեղի մարդկանց երկրապահ ջոկատները, եւ նորակոչիկներին միայն վերջին ամիսներին պետք է առաջնագիծ տանեին: Իրականում մարտական ոգին բարձրացնելու համար ոչինչ չի արվել: Արցախի գյուղերի 90 տոկոսը ռմբակոծված չէր: Այդ ո՞նց թույլ տվեցին ամբողջ Արցախը պոկվի, գա լցվի Հայաստան: Դա այս վերջին արհավիրքների գլխավոր փորձն էր: Ստեփանակերտից մարդիկ կարող էին գնալ գյուղերում տեղավորվել: Գյուղերը հո չէի՞ն ռմբակոծվել: Ինչո՞ւ լցվեցին Հայաստան, որոնց 30 տոկոսը զենքի պիտանի տղամարդիկ էին: Սա ի՞նչ խայտառակություն էր: Մենք 1994 թվականին հաղթել ենք, որովհետեւ փակ էր Լաչինի ճանապարհը: Փախուստի տեղ չկար: Արցախցի զինվորը գիտեր, եթե ինքը չկանգներ այդ սահմանին, թուրքը գնալու է իր ընտանիքը ոչնչացնի: Դրա համար էին կռվում: Երբ արդեն բոլորը լցվեցին Հայաստան, էլ այնտեղ ստիմուլ չկար կռվելու: Այսօր պետք է 18-70 տարեկան բոլոր հայ տղամարդիկ ձգտում ունենան իրենց երկիրը պահելու, պաշտպանելու: Չեղավ այս ձգտումը, ոչ մի բան չի փոխվի: Իսկ դա վերեւից պետք է գա` Արամ Մանուկյանի, Վազգեն Սարգսյանի, Կարեն Դեմիրճյանի, (երբեք չեմ սիրել կոմունիստներին, բայց թեկուզ կոմունիստ), Աղասի Խանջյանի, Ալեքսանդր Մյասնիկյանի նման: Այնպիսի ղեկավարներ պետք է լինեն, որոնք ազգային գաղափարախոսությունն առաջ տանեն: Ասում են` Նժդեհի ուսմունքը ժամանակավրեպ է, ապուշությո՛ւն….Դա ինքնապաշտպանության հզոր ուսմունք է: Սահմանային ամեն բնակավայր պետք է վերածվի բերդի, ամրոցի:
— Այսօր խաղաղության պայմանագրի մասին են շատ խոսում: Դա մեր երկրին խաղաղություն կբերի՞:
— Եթե խաղաղություն ես ուզում ամեն օր, ամեն ժամ պատրաստվիր պատերազմի: Մարդկության պատմությունը Քրիստոսի ծննդից սկսած (նաև դրանից առաջ)` անվերջ պատերազմների պատմություն է: Եվ դա շարունակվելու է մինչեւ մարդկության կործանումը: Ո՞նց կարելի է ասել` մենք խաղաղություն ենք ուզում, պատերազմ չենք ուզում: Ապուշություն է, որ ասում են` մենք քիչ ենք, մենք փոքր ենք: Ինչքան էլ քիչ լինես, եթե մայր ու մանուկ նվիրվեն երկրի պաշտպանությանը, ատամներով պահեն երկիրը, դաշնակից էլ կհայտնվի, բարեկամ էլ, Աստված էլ մի հրաշք կկատարի:
— Այսօր նաեւ չորս գյուղերն է թշնամին պահանջում: Ի՞նչ կասեք այս մասին:
— Չգիտեմ` այդ գյուղերը տա՞լն է ճիշտ, թե` չտալը: Տալը փրկություն չէ, չտաս` նույնպես փրկություն չէ: Ժողովրդին պետք է ասվի` ժողովուրդ, մեզնից չորս գյուղ են ուզում, բայց Արծվաշենը չեն ուզում հետ վերադարձնեն: Ասում են` մենք հաղթել ենք: Մեզնից չորս գյուղ են ուզում, բայց Ջերմուկից ու Սեւ լճից չեն ուզում իրենց զորքերը հանեն: Ասում են` մենք հաղթել ենք: Մենք էլ կպատասխանենք հետեւյալ կերպ` մենք հաղթել ենք, այդ չորս գյուղերը վերցրել ենք: Դուք վերցրել եք երկու-երեք շրջան: Աղդամի շրջանը, Լաչինը, Սանսարը, Քարվաճառը դուք չե՛ք վերցրել, մենք առանց կռվի հանձնել ենք ձեզ: Դաշնակցի հետ միասին նոյեմբերի 9-ին եռակողմ պայմանագիր ենք կապել, այնտեղ գրվա՞ծ է «անկլավներ» հանձնելու մասին, կամ Լաչինի միջանցքը Մեղրիով փոխարինելու մասին: Չկա՛ նման բան: Ինչի՞ մասին է խոսքը: Իշխանությունն ինչո՞ւ բացահայտ չի ասում, հարց չի տալիս Ադրբեջանին ` զորքերը հե՞տ են քաշվելու` 4 գյուղը հանձնելուց հետո, Արծվաշենը վերադարձվելո՞ւ է: Որքան աշխարհագրությունից հասկանում եմ, Արծվաշենի տարածքը Տավուշի այդ 4 գյուղերից ավելին է: Գուցե ասենք` եթե հետ չեք տալիս Արծվաշենը, թող ձեզ մնա, այդ 4 գյուղն էլ` մեզ: Եթե 4 գյուղը տան` առանց որեւէ նախապայմանի, նրանք Ջերմուկից զորքերը չեն հանի, Արծվաշենն էլ չենք ստանա: Այսօր կտրուկ եւ ճիշտ որոշումներ պետք է կայացվեն` հօգուտ մեր երկրի:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=280884&l=am/