Ընտրությունն արդեն ոչ թե ԱՄՆ-ի եւ ՌԴ-ի, այլ արեւմտյան ձեռառնոցիի եւ ռուսական սպառնալիքի միջեւ է
Վերլուծություն
Բրյուսելյան այդ խայտառակությունից հետո (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=280698&l=am) ՔՊ-ական որոշ ընդգծված արեւմտամոլներ, ասենք նաեւ Միրզոյան Արոն, ով Հայաստանի ներկա վիճակի հարցում կրում է գրեթե նույնքան պատասխանատվություն, որքան Նիկոլը, փորձեցին համընդհանուր քննադատության ֆոնին նորից կեղծ պատկեր հրամցնել: Օրինակ, Արոն սկսեց համոզել, թե. «270 մլն եվրոյից բացի, չմոռանանք 2,6 միլիարդի մասին։ Դրանք ուղղվելու են, օրինակ, հայկական արտադրատեսակների ստանդարտների բարձրացմանը։ Սա մեծ գործընթացի մաս է միայն, սրանով ոչ սկսվեց, ոչ էլ ավարտվեց, այնպես չէ, որ մինչ այդ չկային գումարներ ու հետո չեն լինելու»: Այն է` դեռ սպասեք ու կտեսնեք, թե Արեւմուտքն ինչ կատաղի փողեր է տալիս: Այնպիսի տպավորություն է, որ սույն «Օմեգան» պարզապես չի կարդացել, թե ինչ է գրված բրյուսելյան հայտարարության մեջ` 270 միլիոն եվրո՝ չորս տարվա համար, եւ զրո խոսք տարիներ առաջ խոստացած ու չտրված 2,6 միլիարդի կամ հետագա «բազում ու բազում» միլիարդների մասին: Ընդ որում, Արոն նաեւ «համեստորեն» շրջանցում է փաստը, որ այդ 270 միլիոն եվրոյանոց արեւմտյան «շռայլության» պատճառով Հայաստանը կզրկվի միայն պաշտոնական թվերով ռուսական ուղղությամբ ամեն տարի եկող մոտ 6-7 միլիարդ դոլարից, որը չորս տարվա կտրվածքով 100 անգամ ավելի է խոստացած 270 միլիոնից եւ տաս անգամ` Արոյի երազանքների 2,6 միլիարդից:
Արեւմտյան «հետաձգված» միլիարդներից զատ, ի ցույց դրեց, որ ՀԱՊԿ-ից հետ քաշվելու պատվերը մնում է օրակարգում՝ «մեկնաբանելով» այն հայտարարությունը, որն օրերս արել էր ՀԱՊԿ-ը՝ հայաստանյան սահմանների հետ կապված: Հիշեցնենք, ՀԱՊԿ-ից ներկայացրել էին նաեւ Հայաստանի ստորագրությունը կրող այն կոնկրետ որոշումը, որը տալիս է «պատասխանատվության գոտի» հասկացության սահմանումը, նաեւ մատնանշել, որ դետալային տեսքով սահմանների հարցը կարող են լուծել միայն հարեւան երկրները՝ սահմանազատման-սահմանագծման միջոցով: Իսկ Արոն իրենն է առաջ տանում՝ «Եթե ոչ ՀԱՊԿ անդամ պետությունը հարձակվի ՀԱՊԿ անդամ պետության վրա եւ պարտադրի ճանաչել ինչ-որ սահմաններ, ՀԱՊԿ-ը կարո՞ղ է ընդունել այդ սահմանները»: Բա եթե դու ընդունես, ՀԱՊԿ-ին ի՞նչ է մնում անել: Ու որպեսզի կոնկրետ դեպքում Ադրբեջանը նման բան չկարողանա պարտադրել, պետք է ժամանակին ՀԱՊԿ-ի հետ աշխատել եւ ոչ թե արհեստականորեն վանել միակ դաշնակցին՝ սահմանները լցնելով «եվրաշպիոններով»: Դրանից հետո Արոն շարունակում է. «ՀՀ-ն եւ Ադրբեջանը ունեն պետական սահման եւ այդ սահմանը ճանաչել են դեռեւս 1991 թվականին եւ պայմանավորվել են, որ ԽՍՀՄ պետությունների սահմանները ճանաչում են որպես նորանկախ պետությունների սահմաններ»: Բա որ ունեք, էլ ի՞նչ սահմանազատման մասին եք անընդհատ խոսում: Մեկ բան միայն. դա Հայաստանի օրենսդրությամբ ֆիքսվա՞ծ է. ոչ, բոլորովին ուրիշ բան է ֆիքսված:
Եվ ահա այս ամենի հետ մեկտեղ Արոն նաեւ փակագծեր բացեց, թե իրականում ինչու ենք այս վիճակում: Ըստ նրա. ««Մենք իրոք պատմական հնարավորություն ունենք Հարավային Կովկասում երկարատեւ խաղաղություն հաստատելու… երկու հիմնական հարց կա, որտեղ կողմերի պատկերացումները դեռ հեռու են միմյանցից: Առաջինը վերաբերում է տարածքային ամբողջականության փոխադարձ ճանաչմանը եւ հետագա սահմանազատման գործընթացին… Երկրորդ առանցքային կետը ենթակառուցվածքների ապաշրջափակումն է»:
Իրականում, սահմաններին վերաբերող հակասությունն էլ չկա: Քանիցս ենք ասել, որ միակ խնդիրը կոմունիկացիաների թեման է, որի հետ կապված, Նիկոլը հրաժարվում է իր ստորագրածն անելուց՝ անգլոսաքսոնների ճնշման եւ նրանց տեղական մանկլավիկների աջակցությամբ: Ընդ որում, նույնքան անհեթեթ բացատրություններով, որքան ՀԱՊԿ-ի դեպքում է: Հենց դա է, որ արդեն բացահայտ խոստովանում է Արոն:
Թերեւս, ավելի նման է նրան, որ Արոն այսպես առաջ ընկավ՝ փորձելով Նիկոլին մատնանշել այն «կրուտիտային ուղղությունը», որը պետք է գործադրվի բրյուսելյան ֆիասկոն «բացատրելու» համար՝ հակառուսական կուրսը շարունակելու նպատակով: Դա հասկանալի է՝ էն գլխից «Օմեգա» լինելու մեջ մեղադրվող Արոն եւ մի քանի նմաններն այլ բան արդեն չեն էլ կարող անել: Բայց ահա Նիկոլն այլ խնդիրների առաջ է: Հիշեցնենք, դեռ մինչ Բրյուսելը, ռուսներն անթաքույց կերպով նրանից պահանջում էին վերջնականապես կողմնորոշվել: Բացի այդ, կան Ալիեւի ճնշումները՝ սահմանամերձ չորս գյուղերի մասով, եւ դա կունենա շարունակություն: Լռվել-մնացել է Արայիկի աղմուկ հանած հարցազրույցը, որտեղ, ենթադրվում է, որ նա շատ բան է բացահայտել 44-օրյա պատերազմի «մութ» էջերից մինչեւ Նիկոլի անձնականի մասին: Եվ այսպես շարունակ, բազում սկանդալային ու ծանրագույն խնդիրներ, որոնք կախված են Նիկոլի գլխին, մինչդեռ Արեւմուտքից սպասվածը չի գալու: Դե, սպասենք Նիկոլի ընտրությանը, թեեւ դրա շրջանակներն արդեն փոխվել են: Հիմա պետք է ոչ թե Արեւմուտքի եւ Ռուսաստանի միջեւ ընտրություն կատարի, այլ՝ արեւմտյան ձեռառնոցիի եւ թվարկված բոլոր սպառնալիքների: Ընդ որում, ժամանակը շատ քիչ է, մինչ Ռուսաստանում կձեւավորվի նոր կառավարություն, որն առաջիկա մեկ-երկու շաբաթվա հարց է:
https://iravunk.com/sim/?p=280697&l=am/