Ժամանակն ավարտվեց, Նիկոլը ստիպված է քայլ անել
Վերլուծություն
Իր վերջին հարցազրույցում Հայաստանում Ռուսաստանի դեսպան Սերգեյ Կոպիրկինը, բացի նրանից, որ ամենաուղիղ տեքստով, առանց դիվանագիտական բառապաշարի հետեւից ընկնելու, ստախոսության մեջ մեղադրեց Ալեն Սիմոնյանին, մի քանի ուշագրավ փաստեր եւս բացահայտեց, որոնք հեռուն տանող մտորումների տեղիք են տալիս: Հիշեցնենք, որ մինչ այդ, Ալենը, ի թիվս այլ պնդումների, նաեւ հայտարարել էր, թե. «Մենք հետո մեկ անգամ եւս հույս ենք հայտնել, որ նրանք մեզ կպաշտպանեն, հետո մեզ նորից խաբեցին, եւ, ի վերջո, փորձեցին մեզ ներքաշել նոր պատերազմի մեջ արդեն Հայաստանի տարածքում, որպեսզի գան ու «փրկեն» Հայաստանը», եւ այսպես շարունակ:
ԻՆՉ ՀՈՒՇԵՑ ՌԴ ԴԵՍՊԱՆԸ
Բայց մինչ Կոպերկինի խոսքին հասնելը` ավելորդ անգամ մեկ նյուանս նկատենք: Այն, որ Ալենը եւ ոչ միայն նա, այսպիսով փորձում են հերթական թեժացումը հաղորդել հայ-ռուսական հարաբերություններին, եւս մեկ անգամ հաստատվեց: Ընդ որում, երբ այս քայլին գնում են Հայաստանի համար ծայրահեղ վտանգավոր իրավիճակում, երբ նույն Ալենի շեֆ Նիկոլն ու տարբեր այլ ՔՊ-ականներ խոսում են լայնամասշտաբ պատերազմի մեծ հավանականության մասին, արդեն իսկ առաջ է քաշում այն հարցը, թե ինչո՞ւ, ո՞րն է սրանց նպատակը: Երկու պարզագույն իրողություն կա, որից, որքան էլ Ալենն իրեն կոտորի, չենք կարող չտեսնել: Եթե ընդունենք, որ իրոք կա Ադրբեջանի լայնամասշտաբ հարձակման վտանգ, որից, դատելով Նիկոլի հիստերիայից, պաշտպանվելու քիչ ռեսուրսներ ունենք, ապա կարող է բնական համարվել, որ անվտանգային առումով սրանք հույսը դրել են արտաքին միջամտության վրա: Դա կարող է լինել ռազմական կամ քաղաքական տեսքով: Այսպես, եթե հետ են քաշվում ռուսներից՝ հույսը դնելով Արեւմուտքի վրա, ապա նախ՝ ռազմական ռեսուրս մեր տարածաշրջանում Արեւմուտքը պարզապես չունի: Իսկ քաղաքական ռեսուրսը, այն է՝ տարաբնույթ հայտարարություններով կամ սպառնալիքներով Ալիեւին զսպելը, ինչպես ցույց տվեց նախ՝ 44-օրյա պատերազմը, ապա Հայաստանի սահմանների վրա հարձակումները եւ, վերջապես, Արցախի հայաթափումը, բացառվում է: Փոխարենը, տարածաշրջանում, անկախ դրական կամ բացասական գնահատումներից, փաստացի միայն Ռուսաստանն է, որն ունի ինչպես ռազմական, այնպես էլ քաղաքական պոտենցիալ, Հայաստանի հետ պայմանագրային բազա, ամենակարեւորը՝ սեփական դրդապատճառ Ալիեւին զսպելու համար: Եվ երբ այս պարագայում, այն էլ՝ հենց նիկոլյան խունտայի նկարագրած ծայրահեղ վտանգավոր իրավիճակում գնում են ռուսների հետ նման սրացումների՝ անգամ «ամաչելով» խոսել «Արեւմուտքը մեզ կօգնի» քանիցս հերքված ժանրով, ապա հիշատակված «ինչու» հարցը հանգում է նույնքան պարզ հաշված բացատրություն-վարկածների՝ հիմնականում այս ուղղությամբ՝ պատվերի կատարում, Հայաստանի ոչնչացման ծրագիր, երկիրը թուրք-ազերիական տանդեմին սկուտեղի վրա մատուցել եւ այլն: Ամենամեղմ տարբերակը կլիներ, թե խելքները չի հերիքում, բայց դա սրանց ինչ-որ տեղ արդարացնող վարկածն է:
Եվ ահա, Կոպերկինի հիշատակված պատասխան-հայտարարությունների մեջ հենց այդ վերջին ուղղվածությամբ մի շարք հետաքրքիր մտքեր կային: Այդ թվում՝ «Ես անգամ չեմ հիշատակի այն դիտորդական, մեր սահմանային դիրքերը, որոնք, վարչապետի անձնական խնդրանքով, Ռուսաստանի հաշվին տեղակայվեցին Ադրբեջանի հետ սահմանի երկայնքով, որպեսզի նպաստեն իրավիճակի կայունացմանը... որոնք, ի դեպ, հայկական կողմն այդպես էլ չհամարձակվեց օրինականացնել իրավական առումով»: Համոզվելու համար դժվար չէ հիշել փաստը, թե 2020թ.-ի նոյեմբերի առաջին օրերից մինչ հրադադարը ինչպես էին Սյունիքի արեւելյան սահմաններին ռուսական դրոշներ բարձրացվում, ու թեեւ Ալիեւը ճեղքման գնալու մեծ ցանկություն ուներ, ստիպված կանգ առավ: Ու փոխարենը, այդ սահմանները հետո լցվեցին «եվրաշպիոններով»:
Այսինքն, կհերքի՞ Նիկոլը, որ հենց իր նախաձեռնությամբ են ռուսական ուժերը տեղակայվել ադրբեջանական սահմաններին. տեսնենք, բայց այս պահին հերքում չկա: Եթե ոչ, չհերքի, դեսպանը հասկանալի ակնարկ է հնչեցնում՝ ամենածանր պահին էլի ռուսական դրոշին է անգամ Նիկոլը դիմել:
Դեսպանի հաջորդ ակնարկը, նորից սահմանային անվտանգության հետ կապված, վերաբերում է արդեն այս օրերին. «Մենք, ի դեպ, հայ ներկայացուցիչների հետ շփվելիս էլ ասում ենք. եկեք քննարկենք վստահալից, առարկայական ձեւով, թե ինչ խնդիրներ կան, այդ թվում եւ ՀԱՊԿ գործունեության հարցերում, ինչ կարող ենք մենք, ինչ քայլեր կարող ենք ձեռնարկել, որպեսզի Հայաստանն իրեն ավելի շատ անվտանգ զգա՝ այն հաշվառմամբ, որ միայն Ռուսաստանն այստեղ իրապես ռեսուրսներ ունի, որոնք անվտանգության ոլորտում են եւ ուղեկից պարտավորությունների շրջանակում։ Բայց պատասխան չկա, այլ արվում են նման հայտարարություններ, եւ իսկապես հարց է առաջանում, թե ինչպես առհասարակ գնահատել այս ամենը, եւ ում շահերից են նման հայտարարությունները (հակառուսական- Հեղ.) բխում»:
Այսինքն, Արոն, Նիկոլը, Ալենը կամ մյուսները կարո՞ղ են հստակ, կոնկրետ, առարկայական, առանց հեքիաթների եւ բացահայտ ստերի պատասխանել նման պարզ հարցերի՝ ռուսական ռազմական կետերն Ադրբեջանի ուղղությամբ նպաստե՞լ են սահմանային կայունությանը, թե՝ ոչ, ռուսները նման առարկայական քննարկումներ անցկացնել առաջարկե՞լ են, թե՝ ոչ, այդ առաջարկները քննարկե՞լ են, թե՝ ոչ, դրանք ընդունելու դեպքում կարո՞ղ են ի հայտ գալ ռեալ անվտանգային մեխանիզմներ, որ նվազի Նիկոլի քարոզած «մեկ շաբաթից պատերազմի» ռիսկը եւ հնարավորություն բացվի նորմալ, հասկանալի եւ քիչ թե շատ ընդունելի տարբերակով սահմանազատման համար:
Այսինքն, եթե այդ ամենը, ինչի մասին հայտարարեց ՌԴ դեսպանը, ռեալ գոյություն ունի, եւ նիկոլյան իշխանությունները գնում են Արեւմուտք, որտեղից անվտագային հարցերի հետ կապված ակնհայտորեն ունենք ուղիղ զրո առաջարկ, ապա նորից ի հայտ է գալիս «ինչու» հարցը:
ԺԱՄԱՆԱԿԸ ԼՐԱՑԱՎ
Ահա, ՌԴ դեսպանի՝ բազում հարցեր առաջ քաշող եւ դեռ պատասխան չստացած այս հայտարարությունների ֆոնին ի հայտ եկավ եւս մեկ նյուանս, որը Նիկոլին ուղղված հերթական հարցաշարն է օրակարգ բերում: Այսպես, ՀԱՊԿ-ից վերջապես արձագանքեցին Նիկոլի քանիցս հնչեցված պահանջին՝ պարզաբանել, թե որն է Հայաստանում կազմակերպության պատասխանատվության տարածքը: Ու պարզվում է, որ նման հարց Նիկոլը պարզապես չպետք է հնչեցներ. դրա պատասխանը վաղուց է հստակեցվել. «Համաձայն 2010 թվականի փոխգործակցության սկզբունքների մասին համաձայնագրի, որը ստորագրվել է ՀԱՊԿ-ի կողմից, պատասխանատվության տարածք համարվում է անդամ երկրների ինքնիշխան տարածքը», - ասվում է կազմակերպության պատասխանում։ Իսկ այդ ինքնիշխան տարածքը, հիշեցնենք, ՀԱՊԿ-ում ֆիքսված է այն 29.8 հազար քկմ-ն, որի մասին այդքան խոսում է Նիկոլը, եւ որը գտնվում է նրա ասած Ալմա-Աթայի հռչակագրի տրամաբանության մեջ:
Իհարկե, հայաստանյան խունտան կարող է շարունակել, թե իրեն կոնկրետ այն սահմանային գիծն է հետաքրքրում, որտեղով անցնում է Հայաստանի սահմանը: Դրա պատասխանը, ըստ կազմակերպության, սա է. «ՀԱՊԿ-ի պատասխանատվության տարածքն ավարտվում է այնտեղ, որտեղ անցնում է պետական սահմանը, որը կարգավորվում է Հայաստանի եւ նրա հարեւանների միջեւ երկկողմ հիմունքներով»: Սրանից հստակ ասել չի լինում. սահմանագծում իրականացնելը ՀԱՊԿ-ի ֆունկցիան չէ, դա սուվերեն երկրների, կոնկրետ դեպքում՝ Հայաստանի եւ Ադրբեջանի հստակեցման հարցն է, թե կոնկրետ այս սարով կամ այս ձորով է անցնում պետական սահմանը: Սակայն սա հենց այն հարցն է, որը պետք է լուծվի նորից Նիկոլի կողմից այդքան քարոզված սահմանազատում-սահմանագծման գործընթացով, եւ քանի դեռ դա չկա, անգամ Հայաստանն ու Ադրբեջանը չունեն այն հստակ պատասխանը, թե սահմանն անցնում է այս սարով ու ձորով:
Այսպիսով, ՀԱՊԿ-ը տվեց Նիկոլի հարցադրման կոնկրետ պատասխանը, թե որն է իր պատասխանատվության գոտին: Եվ նկատենք, սրանից ավելի կոնկրետացում այս պահին հնարավոր չէ տալ, այդ կոնկրետացումը, կրկնում ենք, պարզապես գոյություն չունի: Ու սրանով գնդակը տեղափոխվում է Նիկոլի խաղադաշտ: Հիշեցնենք, նա էր, որ վերջերս հայտարարեց, որ եթե ՀԱՊԿ-ը պատասխանի այս հարցերին, եւ դա համապատասխանի Երեւանի պատկերացումներին, Հայաստանի եւ կազմակերպության միջեւ առկա խնդիրները կլուծվեն։ «Հակառակ դեպքում, Հայաստանի Հանրապետությունը դուրս կգա ՀԱՊԿ-ից։ Երբ, չեմ կարող ասել»,- ավելացրել էր նա:
Այսինքն, հիմա այն հարցն է, թե տրված պատասխանը որքանո՞վ է համապատասխանում «Երեւանի պատկերացումներին»: Ավելի կոնկրետ, ՀԱՊԿ-ի նման հայտարարությունը, որն իհարկե, ամենեւին էլ պատահական չէ, որ այս պահին մտավ շրջանառության մեջ, Նիկոլի առաջ երկու կոնկրետ ուղղություն է բացում, կամ ավելի ճիշտ՝ պարտադրում: Հայտարարել, թե պատասխանով բավարարված է ու շարունակում է ՀԱՊԿ-ի, բնականաբար, առաջին հերթին Ռուսաստանի հետ նորմալ գործակցություն: Կամ ինչ-որ պատրվակ գտնել այս պատասխանի մեջ, ասել, թե բավարարված չեն, եւ շարժվել ՀԱՊԿ-ից դուրս գալու ճանապարհով: Կարճ ասած, սա այն պարտադրանքն է, որի մասին «կիսադիվանագիտական լեզվով» խոսեց նաեւ Լավրովը՝ վերջապես կոնկրետ կողմնորոշվեք եւ կոնկրետ պատասխան տվեք՝ մեզ հետ եք, թե՝ Արեւմուտքի, կամ այսպես՝ մեզ բարեկա՞մ եք, թե՝ թշնամի: Իսկ ՀԱՊԿ-ի հայտարարությունն այն ազդակն էր, որ մտածելու ժամանակը լրացել է, պետք է արագ պատասխանել:
ԻՆՉ ԿԱՐՈՂ Է ԱՄԵՆ ՆԻԿՈԼԸ
Ի՞նչ պատասխան կարելի է այս պահին սպասել Նիկոլից եւ արդեն ամենամոտ ապագայում: Այս պահին ներքին իրողությունն այն է, որ երկիրը ներքին պայթյունի շեմին է անվտանգային խորը անհանգստությունից: ՀԱՊԿ-ից հրաժարվելու դեպքում այդ անհանգստությունը կտրուկ բազմապատկվելու է: Առավել եւս, որ ԱՄՆ-ից հայտարարեցին, որ Բրյուսելում սպասվող ՀՀ-ԱՄՆ-ԵՄ հանդիպման առանցքը խաղաղության գործընթացը չի լինելու: Այսինքն, անվտանգային հարցերով մեզ վրա հույս չդնեք: Իսկ դա էլ ավելի է սրելու ներքին անվտանգությունը, եւ հազիվ թե պայթյունից խուսափելը հնարավոր լինի: Առավել եւս, որ դեռ օդից կախված է մնում Արայիկի հարցազրույցը, որտեղ, ենթադրելի է, որ ծայրահեղ պայթյունավտանգ բացահայտումներ կարող են լինել: ՀԱՊԿ-ի եւ ՌԴ-ի ուղղությամբ գնալը հակառակ էֆեկտն է ունենալու՝ անհանգստության հանդարտեցում: Բայց այս դեպքում էլ արեւմտամոլների թեւն է անցնելու հարձակման, թեեւ դրան դիմակայելու տարբերակներն անհամեմատ ավելի են, քան առաջին տարբերակի դեպքում: Կարելի է նաեւ հրաժարական տալ: Բայց այս դեպքում էլ նրան փոխարինողը պետք է, չէ՞, այս վիճակի ողջ մեղքը մեկի վրա բարդի, ու հրաժարական տված Նիկոլն ամենահարմար թեկնածուն է:
https://iravunk.com/sim/?p=280158&l=am/