«Պուտինի պլանի» վերջին վեցամյակը
Վերլուծություն
Այն տեսլականը (Տե´ս նաեւ https://iravunk.com/?p=278958&l=am), որ Պուտինի նախագահության այս ժամկետում էական տեղաշարժերի պետք է սպասել, իհարկե, լուրջ հիմքեր ունի: Թեկուզեւ հաշվի առնելով փաստը, որ Պուտինն այս անգամ, մեծ հավանականությամբ, նախագահ է հռչակվում վերջին ժամկետով: Նա հիմա 71 տարեկան է, այս ժամկետը կավարտի 77-ում: Դրանից հետո պետք է եւս մեկ ժամկետ սպասի՝ նորից առաջադրվելու հնարավորություն ստանալու համար: Այդ ժամանակ կլինի 83 տարեկան, եւ գրեթե բացառվում է, որ այդ տարիքում կցանկանա նորից պաշտոնավարել: Այսինքն, նա այս տարիներին պետք է փորձի ավարտել, այսպես կոչված, «Պուտինի պլանը», որի տակ հասկացվում է ինչպես ներքին, այնպես էլ արտաքին ուղղություններով մի շարք գլոբալ խնդիրների լուծում: Եվ նկատենք, որ ընտրությունների նախնական արդյունքները հայտնի դառնալուն պես Պուտինը, հանդիպելով իր թիմակիցներին եւ լրագրողներին, մի շարք հայտարարություններ հնչեցրեց, որոնք որոշակի եզրակացութունների տեղիք տալիս են:
ՀԵՏԸՆՏՐԱԿԱՆ ՄԵՍԻՋՆԵՐ
Նախ, ներռուսաստանյան հեռանկարների մասին, թերեւս, շատ կարեւոր էր այս միտքը. «Հատուկ գործողության մասնակիցներից պետք է կազմավորվի Ռուսաստանի Դաշնության ապագա վարչական կորպուսը»: Ընկալվում է մոտավորապես այսպես՝ Ռուսաստանում պետք է կառավարեն նրանք, ովքեր մարտադաշտում են ապացուցել պետական եւ ազգային գաղափարներին իրենց հավատարմությունը: Սրա ենթատեքստը, ինչ խոսք, Ռուսաստանում նոր էլիտայի ձեւավորումն է: Կամ, առնվազն, պետք է էական փոփոփության ենթարկել ներկա էլիտան, որտեղ այս պահին անգամ մեծ թիվ են կազմում Արեւմուտքը սրբության սրբոց համարողներն ու սովորական շպիոնները: Թե ինչպես, ապա հետաքրքիր էր ՌԴ նախագահի այս միտքը. «Ուժային կառույցներին հանձնարարականներ կտրվեն՝ բացահայտելու բոլոր նրանց, ովքեր զենքով կռվում են Ռուսաստանի դեմ»:
Այսինքն, խոշոր հաշվով, խոսքը Արեւմուտքի 33-ամյա ազդեցություն-կառավարումից վերջնականապես դուրս գալու եւ բացառապես ռուսական պետական շահերով առաջնորդվելու մասին է, եւ դա վերաբերում է նաեւ արտաքին քաղաքականությանը: Դետալային առումով, հասկանալի է, խոսքը նախ ուկրաինական ուղղության մասին է: Այստեղ նախ, ըստ Պուտինի. «Պետք է լուծել ՀՌՕ-ի խնդիրները, հզորացնել մեր պաշտպանունակությունը եւ զինված ուժերը»: Բացի այդ. «Ռուսաստանը կանի ամեն ինչ, որպեսզի Դոնբասի եւ Նովոռոսիայի հետագա պաշտպանության եւ աջակցության հույսերն իրականանան»: Երբ Պուտինի մակարդակով խոսվում է ոչ թե պարզապես Դոնբասի, այլ՝ Նովոռոսիայի մասին, ապա դա պատկերացումներ է տալիս նաեւ այն սպասելիքների կամ ծրագրերի մասին, որոնք Մոսկվան ունի ուկրաինական պատերազմում: Իսկ դրանից հետո՝ «Մենք կմտածենք, թե ում հետ ենք խաղաղության բանակցություններ վարելու»: Այն է՝ Զելենսկու հետ խոսելու բան չկա:
Արեւմուտքի հետ հարաբերությունների մասով էլ պատկերը մոտավորապես սա է. «Ռուսաստանի Դաշնության եւ ՆԱՏՕ-ի հակամարտությունը կհանգեցնի նրան, որ Երրորդ համաշխարհային պատերազմը մեկ քայլ է հեռու… Ռուսաստանը գիտի Ուկրաինայում ՆԱՏՕ-ի զորքերի առկայության մասին, բայց նրանք այնտեղ մեծ թվով մահանում են»:
Ինչ վերաբերում է այլ առանցքային ուղղություններին, ապա այստեղ Պուտինը հատկապես նշեց Չինաստանին: Ըստ նրա. «Թայվանը Չինաստանի Ժողովրդական Հանրապետության մի մասն է… Ռուսաստանի եւ Չինաստանի շահերի համընկնումը կայունացնող գործոն է համաշխարհային ասպարեզում»։
ԻՆՉ ԿԱՐՈՂ Է ՓՈԽՎԵԼ ՌԴ-ՈՒՄ
Ընդհանրական պատկերը սա է. Մոսկվան ինչպես դաշնակիցների, այնպես էլ հակառակորդների հանդեպ հիմնականում կպահպանի մինչ այս եղած կուրսը: Դետալային իմաստով, մի շարք կոշտացումներ պետք է սպասել: Ավելի հստակ պատկերացումներ կարելի է կազմել, երբ հայտնի դառնա ռուսական նոր կառավարության կազմը: Այս առումով, Պուտինը հայտարարեց նաեւ, որ ընդհանուր առմամբ, դրական է գնահատում կառավարության, Կենտրոնական բանկի եւ նախագահի աշխատակազմի գործունեությունը: Բայց նաեւ, որ կա էֆեկտիվության բարձրացման խնդիր, այսինքն, պետք է նաեւ տեսնել, թե առկա կադրերը որ դիրքերում կարող են ավելի էֆեկտիվ գործել: Ու չմոռանանք, որ մինչ այս էլ շրջանառվում էր այն թեզը, որ որոշ առանցքային պաշտոնյաներ կարող են փոխվել: Մասնավորապես, որ մեծ է հավանականությունը, որ Լավրովը կանցնի թոշակի, եւ նրա փոխարեն կգա ավելի ագրեսիվ արտաքի քաղաքականության կողմնակից կադր: Խոսվում է նաեւ Շոյգուի հնարավոր փոխարինման մասին, սակայն շատ ավելի քիչ հավանականությամբ. Շոյգուն հիմնականում վերահսկում է ռազմաարդյունաբերական համալիրը, որտեղ էական առաջընթաց իրոք կա: Իսկ «մաքուր» ռազմական ուղղությունը վերահսկող, ՌԴ ԳՇ պետ Գերասիմովի փոխարինման լուրերը շատ ավելի համառ են:
ԻՆՉ Է ՈՒԶՈՒՄ ՖՐԱՆՑԻՍԿՈՍ ՊԱՊԸ
Իր հերթին միանշանակ էր նաեւ, որ Արեւմուտք կոչվածը, առանց կոնկրետ հիմնավորումների, ռուսական ընտրությունների հետ կապված պետք է առաջ տաներ «ոչ ազատ, ոչ արդար» ընտրությունների թեզը: Սակայն որոշակի ուշագրավ դետալներ նկատվեցին: Այսպես, դեռ անգամ ՌԴ նախագահական ընտրությունների նախնական արդյունքները չհնչած, Հռոմի պապ Ֆրանցիսկոսն առաջիններից մեկը, եթե ոչ՝ առաջինը շնորհավորեց Պուտինին։
Ի՞նչ է սա նշանակում: Նախ, որ Ռուսաստանում ընտրությունները ճանաչված են աշխարհի մեկ միլիարդ կաթոլիկների կողմից։ Նաեւ. Պապը, գաղտնիք չէ, որ բացի կաթոլիկ աշխարհից, նաեւ եվրոպական ավանդական քաղաքական էլիտայի առաջնորդներից է: Նրա շնորհավորանքը կարելի է համարել նաեւ հենց այդ էլիտայի ռեակցիան ՌԴ-ի հանդեպ: Առավել եւս, որ օրերս խոսելով Ուկրաինայի` «սպիտակ դրոշի ներքո» բանակցությունների գնալու մասին, Հռոմի պապը ցույց տվեց հենց Եվրոպայի դասական էլիտայի դիրքորոշումը ներկա իրողությունների հետ կապված, որը կտրուկ տարբերվում է Եվրոպայի ուլտրալիբերալ էլիտայի մոտեցումից:
Ու շտապելով Պուտինին շնորհավորել, Հռոմի պապը եւս մեկ անգամ ցույց տվեց, թե ինչ խորը ջրբաժան է առաջացել ներեվրոպական հարթակում: Ու այստեղ, իհարկե, լրջագույն հիմքեր կան: Այն, որ վերջին ժամանակներս Մակրոնը սկսել է խոսել Ուկրաինա եվրոպական զորքեր մտցնելու մասին, հասկանալի է, հենց այնպես, օդից չընկավ: Հասկանալի է նաեւ, որ ռոտշիլդյան բանկի նախկի աշխատակից Մակրոնը, թերեւս իր հայտարարություններից վախեցած, երբ փորձում է գոնե մեկ քայլ հետ քաշվել, ապա անմիջապես դեմքին են շփացնում կնոջ տրանսգենդերության թեման, դրանով հասկացնում, որ շատ ուրիշ նման թեմաներ էլ կարող են ջրի երես ելնել: Եթե չի ուզում, ուրեմն պետք է շարունակի Նապոլեոն-2 խաղալ:
Կարծես թե հասկանալի է դառնում, որ վերին տերերն ամեն կերպ փորձում են Եվրոպային մղել Ռուսաստանի դեմ պատերազմի, բայց առանց ԱՄՆ-ի մասնակցության. Սպիտակ տունը որերորդ անգամ հայտարարում է, որ ամերիկյան բանակը չի կռվելու: Բրիտանիան եւս հազիվ թե կռվելու ցանկություն ունենա. ինչպես ցույց տվեց հուսիթների դեմ պայքարը, վերջին պահին հանկարծ «բրիտանական նավերը փչանում են»: Նման է նրան, որ պատերազմ սարքելու դերը Մակրոնին են տվել, հետո կկցեն գերմանացիներին, լեհերին ու մյուսներին, եւ մի կարգին ռուս-եվրոպական նոր հրդեհ կլինի: Անգլոսաքսերն էլ անցած երկու համաշխարհայինների օրինակով հսկայական փողեր կսարքեն, կպահեն ներկա դիրքերը՝ սպասելով, որ կռվողներն իրար կոտորեն եւ առավելագույնս թուլանան:
Բայց եթե նման սցենարը եվրոպական ուլտրալիբերալների համար ընդունելի է (միայն թե մեջը փող լինի), ապա դասական էլիտան կորցնելու շատ բան ունի: Եվ առաջին հերթին Վատիկանը, որի հիմնական ակտիվները Եվրոպայում են: Հետո էլ «վերին էլիտաները», կամ, ինչպես Պուտինն օրերս արտահայտվեց՝ «վամպիրները» ամեն ինչ կհավաքեն ինչ-որ կրոնի տանիքի տակ՝ բաղկացած լիբերալական, սեռական եւ այլ այլասերվածություններից, եւ վերջ, Հին աշխարհամասը, որպես այդպիսին, Վատիկանով հանդերձ այլեւս չի լինի:
Վատիկանին եւ եվրոպական դասական էլիտային պետք է մեծ պատերազմ թույլ չտալ, եւ ելքը Կիեւի «սպիտակ դրոշն» է: Իսկ Պուտինը, որ խոսում է «վամպիրների պարահանդեսի ավարտի» մասին, դարձել է առանցքային բնական դաշնակից, եւ պետք է բոլորից առաջ շնորհավորել նրա ընտրությունը:
Խաղն ակտիվ փուլում է, եւ լուծումը եղել եւ մնում է ուկրաինական պատերազմն ու այստեղ ռուսների հնարավորինս արագ եւ ցուցադրական հաջողությունները: Ու երեւի պատահական չէ, որ արեւմտյան փորձագետները մեկը մյուսի հետեւից խոսում են մինչեւ ամառ ռուսական բանակի սպասվող մեծ հարձակման մասին:
ՔԵՐՈԲ ՍԱՐԳՍՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=278959&l=am/