«Շատացել են ցածրարվեստ` փող փախցնող, անմակարդակ ելույթները». ՎԱՐԴԱՆ ԱՄԻՐՅԱՆ
Մշակութային
«Իրավունքը» զրուցել է Հայ աճպարարների միության նախագահ, միջազգային մոգերի ընկերության անդամ ՎԱՐԴԱՆ ԱՄԻՐՅԱՆԻ հետ: Աճպարար, ով Մինվոդիի աճպարարների համամիութենական մրցույթում ստացել է առաջին տեղը եւ արժանացել բարձր կոչման՝ մոգության արքա։ Մոսկվայի աճպարարների միջազգային մրցույթում, ներկայացնելով հեղինակային էթնիկ աճպարարական համարը, որի մեջ օգտագործվել է հայկական երաժշտություն, հայկական երաժշտական գործիքներ, ընդհանուր մոգության բաժնում արժանացել է բրոնզե մեդալի եւ ստացել ամենաբարձր կոչումը՝ Միսթր մոգ։ Աճպարարների առաջին համամիութենական փառատոնին, միկրոմագիայի բաժնում արժանացել է լավագույն մասնակից կոչման։ 12 տարի ապրել եւ ստեղծագործել է Իսրայելում, որտեղ հիմնել է աճպարարների դպրոց։ Իսրայելի աճպարարների փառատոնում, որպես աճպարար ուսուցիչ եւ աճպարարական հնարքների բեմադրող, արժանացել է արծաթե կախարդական փայտիկի։
— Պարոն Ամիրյան, ո՞ր աճպարարական հնարքներն են ավելի շատ գրավում հանդիսատեսին:
— Դա գալիս է աճպարարի աշխատանքը գեղեցիկ, հետաքրքիր եւ տպավորիչ ներկայացնելուց: Աճպարարական ներկայացումները ես միշտ համեմատում եմ դասական երաժշտության հետ, որովհետեւ այն, ինչ որ ներկայացվում է գեղեցիկ, հետաքրքիր իր խորություններով, իր պատմություններով, միշտ էլ հանդիսատեսի համար լինում է շատ հետաքրքիր: Ես գտնում եմ, որ պրոֆեսիոնալ աճպարարն առաջին հերթին պետք է լինի գրագետ մարդ, այլ ոչ թե՝ ով պատահի կարմիր քիթ է դնում եւ ներկայանում՝ որպես ծաղրածու՝ առանց հասկանալու, թե ծաղրածուն ինչքան խորություն եւ իմաստություն պետք է ունենա իր մեջ: Աճպարարությունն էլ է այդպես: Այն ունի իր իր բազան, որը դու անպայման պետք է իմանաս` բոլոր հնարքները ստեղծվում են գիտելիքի հիման վրա:
— Աճպարարության մեջ, երբ ինչ-որ հնարք չի ստացվում, դա ի՞նչ հետեւանք է ունենում:
— Պրոֆեսիոնալ մակարդակով ներկայանալու համար մեր դաշտում այնքան է ամեն ինչը մշակվում, որ ուղղակի իրավունք չունի ինչ-որ բան չստացվելու: Իսկ եթե ինչ-որ հնարք չի ստացվում, աճպարարն ունի դրա մյուս տարբերակները: Հանդիսատեսը դա չի զգում եւ սպասում է այդ հրաշքին: Եվ եթե իսկապես բեմահարթակում չի ստացվում, ուրեմն՝ դա նշանակում է, որ տվյալ աճպարարը պետք է ելույթ չունենա: Նա չունի այդ տաղանդը՝ հանդիսատեսին հրաշքներ պարգեւելու ու զարմացնելու:
— Որքա՞ն ժամ եք պարապում աճպարարական հնարքների վրա:
— Ես ունեմ հնարքներ, որոնց վրա 18 ժամ պարապել եմ:
— Աճպարարի եւ իլյուզիոնիստի ընդհանրությունները որո՞նք են:
— Աճպարարը հայերեն տարբերակն է, իլյուզոնիստը` ռուսերեն: Բայց աշխարհում ընդունված անունը միշտ եղել է ֆոկուսնիկը: Իլյուզիոնիստը հետագայում է իր անվանումը ստացել: Տարբերությունն այդքան էլ մեծ չէ: Պրոֆեսիոնալ աճպարարը զբաղվում է բոլոր ճյուղերով: Իլյուզիոնի դեպքում օգտագործում են բեմում ավելի մեծ հնարքներ, ավելի քան` մանիպուլյատորը: Մանիպուլյատորի դեպքում աշխատում են ձեռքերի, մատների հետ, եւ դրանք կատարում են ավելի փոքրիկ գործիքներով: Դա կարող է լինել թաշկինակ, գնդակներ, խաղաթղթեր, պարաններ եւ այլն: Իսկ իլյուզիոնիստը աշխատում է ավելի մեծ հնարքներով: Պրոֆեսիոնալ աճպարարն իր ծրագում կարող է ունենալ ե՛ւ իլյուզիոնի, ե՛ւ մանիպուլացիոն աճպարարական հնարքներ: Դրա հետ միասին գոյություն ունի ճյուղ, որը կոչվում է մենթալիզմ: Մենթալիզմը գուշակությունն է` կանխագուշակումը, միտքը կարդալը, մտքի փոխանակումը եւ այլն: Իմ ծրագրում այդ բոլորը կան: Ես դա օգտագործում եմ իմ բոլոր հնարքներում:
— Ի՞նչ վիճակում է այժմ գտնվում այս ժանրը մեր երկրում։
— Ես շատ մեծ ներդրում եմ ունեցել աճպարարական արվեստը Հայաստանում բարձրացնելու գործում` նորից կյանքի բերելով այդ գեղեցիկ եւ հին արվեստաձեւը: Խորհրդային Միության ժամանակ Հայաստանում գոյություն ունեին լավ աճպարարներ: Երբ փլուզվեց Խորհրդային Միությունը, շատերը մեկնեցին տարբեր երկրներ, շատերը լքեցին երկիր մոլորակը` դեպի հավերժություն: Ես էլ մեկնեցի Իսրայել: 2000 թ., երբ վերադարձա հայրենիք, այդ արվեստը Հայաստանում շատ խղճուկ վիճակում էր: Կարելի է ասել, որ ընդհանրապես գոյություն չուներ: Զգալով այդ ամենը եւ տեսնելով աշխարհի բոլոր աճպարարների շոուները եւ նաեւ, թե ինչ է կատարվում աշխարհում` այդ արվեստի հետ կապված, ցավ ապրեցի, թե ինչու պետք է Հայաստանում այսպես լինի: Եվ կազմակերպեցի Հանրային հեռուստատեսությամբ մի շատ հետաքրքիր հաղորդաշար, որը կոչվում էր` «Մեծ հրաշքների փոքրիկ գաղտնիքները», որը երկու տարի ցուցադրվեց: Այդ հաղորդման մեջ ես ներկայացնում էի ոչ միայն աճպարարական հնարքները, այլ նաեւ այդ արվեստի պատմությունն իր բոլոր խորություններով ու դժվարություններով՝ իր փիլիսոփայությունը, հոգեբանությունը եւ այլն: Եվ երկու տարվա ընթացքում եղան պատանիներ, ովքեր դիտելով հաղորդումը, սիրեցին եւ սկսեցին զբաղվել աճպարարությամբ: Այդ պատանիներն այսօր երիտասարդներ են, ովքեր բարձր մակարդակով ելույթներ են ունենում տարբեր բեմահարթակներում: Դրա հետ միասին, իհարկե, կան անմակարդակ, ոչ պրոֆեսիոնալներ, ովքեր զբաղվում են այդ արվեստաձեւով՝ չհասկանալով դրա գինը, չգնահատելով այդ արվեստը: Կոպիտ ասած` փող փախցնող են, եւ այդ ամենը ներկայացնում են շատ ցածր մակարդակով: Ցավալի է ինձ համար, որ պատվիրատուներն էժան գնի համար պատվիրում են հենց նրանց՝ առանց հասկանալու, որ ցանկացած ելույթ՝ կապ չունի աճպարար է, թե երգիչ կամ երաժիշտ, եթե գալիս է ինչ-որ բան ներկայացնելու քո երեխայի համար, չէ՞ որ այդ ամենից նրա մոտ ճաշակ է ձեւավորվում: Չեմ կարծում, որ ցածր մակարդակի ներկայացումներ դիտելով՝ երեխայի մոտ էսթետիկական ճաշակ կարող է ձեւավորվել: Եվ ցավալին այն է, որ ծնողները կարծում են, որ իսկական աճպարարությունը այդ էժանագին ու ցածր մակարդակով ելույթներն են: Հայաստանում այսօր էժան ու ցածրարվեստ աճպարարական ելույթները շատացել են: Բայց որքան էլ այսօր Հայաստանում արվեստի գնահատման աստիճանը շատ ցածր մակարդակի վրա է, այնուամենայնիվ փորձում ենք պահպանել այդ արվեստաձեւը: Դրա համար ես Հայաստանում ստեղծեցի աճպարարների միություն, որպեսզի այն երիտասարդները, որոնք ցանկանում են զբաղվել այդ արվեստով, նրանց պրոֆեսիոնալ մակարդակով սովորեցնեմ, թե ինչ է աճպարարությունը, որպեսզի գնահատեն այս խորը արվեստաձեւը եւ գիտակցելով կատարեն այն, ինչով իրենք զբաղվում են: Այսօր, կարծում եմ, պետք է մնացած զարգացած երկրների պես, ինչպես բժիշկը ունի լիցենզիա, այնպես էլ դերասանն ունենա լիցենզիա, որ նոր միայն իրավունք ունենա խոսք ասելու, ցուցադրելու ու ներկայանալու հանդիսատեսին: Չէ որ հանդիսատեսը մեզնից շատ բան է սովորում եւ ներկայացումից հետո լիքը հիշողություններ եւ զարգացումներ է իր հետ տուն տանում: Իսկ եթե այդ ամենը մատուցվում է անմակարդակ ու անորակ, նա ոչինչ չի կարող քեզնից սովորել:
— Մոգությունն ինչպե՞ս եք օգտագործում առօրյա կյանքում:
— Առօրյա կյանքում երբ ընկերներով հավաքվում ենք, անպայման խնդրում են, որ ինչ-որ հետաքրքիր հնարք ցույց տամ, ինչն անում եմ մեծ սիրով: Ինչ վերաբերում է կյանքում օգտագործել ուղղակի ինչ-որ նպատակների համար, իհարկե, ես չեմ անում: Պրոֆեսիոնալ աճպարարներից ոչ մեկն իր հնարքները չի օգտագործում՝ վատ նպատակների համար: Ճիշտ է, մենք աճպարարներ ենք եւ ունենք գաղտնիքներ, բայց մեր գործն ազնիվ է եւ արդար: Մենք միայն գնում ենք այն ճանապարհով, որպեսզի հանդիսատեսին տանք ժպիտ, զարմանք, որ մարդիկ միշտ հավատան` որտեղ էլ լինեն, ինչ էլ լինի իրենց հետ, միշտ պետք է սպասել հրաշքի: Հրաշք գոյություն ունի երկիր մոլորակի վրա:
— Առօրյա կյանքում, աճպարարական արվեստի հետ կապված, ի՞նչ հետաքրքիր պատմություն կպատմեք:
— Մի անգամ շուկայում ընկերներով մոտեցանք ձու վաճառող մի կնոջ: Եվ ես այդ կնոջ մոտից վերցրի ձուն, կոտրեցի եւ միջից ոսկե շթղա հանեցի, դրեցի գրպանս, հետո երկրորդ ձուն կոտրեցի եւ միջից էլի ոսկե շղթա հանեցի եւ ասացի` այս ի՜նչ լավ հավ է եղել, որ այսպիսի ձվեր է ածել: Երբ հերթը հասավ երրորդ եւ չորրոդ ձվին եւ էլի ոսկե շթղա հանեցի, այդ կինն ասաց. «Ձեռք չտաս, ես չեմ վաճառում այդ ձվերը»: Երբ մենք մի քիչ հեռու գնացինք եւ ինչ-որ անկյունից դիտում էինք այդ կնոջը, տեսանք, որ նստել ու այդ ձվերը կոտրում էր: Դրանից ինձ վատ զգացի, չուզեցի, որ բոլոր ձվերը կոտրեր: Արդեն մոտավորապես 20 հատը կոտրել էր: Մոտեցա եւ ասացի` կներեք, ես աճպարար եմ, ուղղակի կատակ եմ արել, սա աճպարարական հնարք էր: Նա, իհարկե, իրեն վատ զգաց, բայց մենք վճարեցինք այդ ձվերի համար: Աճպարարության մեջ կա մի հնարք, որը կոչվում է փող կոտրել: Մի անգամ Ռուսաստանի խանութներից մեկում վաճառողը դրամի մնացորդը վերադարձնելիս այդ փող կոտրելու հնարքն ուզեցավ ինձ վրա օգտագործել, բայց դա չանցավ: Ես նրան ամոթանք տվեցի՝ ասելով. «Չի կարելի այդպիսի բան անել: Դու աշխատում ես խանություն ինչպե՞ս կարող ես մարդկանց խաբել: Ես էլ հիմա կարող եմ գրպանիցդ փողերը տանել այնպես, որ չիմանաս էլ, թե ինչպես եղավ: Նա ամաչեց եւ ներողություն խնդրեց, բայց հետո որքանով հասկացավ սխալը եւ իր հնարքներն ուրիշների վրա օգտագործեց, թե՝ ոչ, չեմ կարող ասել:
— Մեր երկրում տիրող իրավիճակի մասին ի՞նչ կասեք։
— Երկրի իրավիճակն ինձ համար շատ ցավալի է, որովհետեւ երկրում իրավիճակ չկա: Ամեն ինչն ամեն օր, ամեն ժամ ու ամեն վայրկյան իջեցվում է ցածր մակարդակի: Խայտառակություն է այն, ինչ կատարվում է մեր երկրում: Մշակութային կյանքին եթե անդրադառնամ, փակվում են թատրոններ, մշակույթի օջախներ, եւ դա շատ ցավալի է, որովհետեւ երկրի ամենահզոր ուժը մշակույթն է: Մի այսպիսի պատմություն հիշեցի` ժամանակին թագավորներից մեկը, երբ ուզեցել են հարձակվել ինչ-որ մի երկրի վրա ուղարկել են լրտեսներ եւ ասել՝ գնացեք, տեսեք՝ ինչ կա այդ երկրում վատ: Գնում են լրտեսները, հետ են գալիս ու ասում՝ գիտեք, ի՜նչ սիրուն արձաններ, քանդակներ կան այդ երկրում: Գեղեցիկ հագուստներով բոլորն ուրախանում, պարում էին: Եվ թագավորն ասում է` ուրեմն այդ երկրում մշակույթ կա, այդ երկրին շատ դժվար է հաղթելը, լավ կլինի չհարձակվենք, որովհետեւ կտուժենք: Սա պետք է հասկանան բոլորը, որովհետեւ մշակույթը պետք է պահպանել:
— Համատարած ատելության մթնոլորտում հրաշքներ լինո՞ւմ են։
— Ատելությունը, չկամությունը դա մեր ազգին բնորոշ է: Դրանք եթե չլինեն, այդ դեպքում միայն կլինի հրաշքը: Իրավիճակից է ամեն ինչ գալիս: Եթե մարդն ունենա գիտելիք, շնորհք ու տաղանդ, նա չի նախանձի ու ատի, որովհետեւ դա ունենալով՝ ինքն արդեն իր «ես»-ով գնահատված է, որ ապրում է երկիր մոլորակի վրա է եւ ամեն օր կարող է շնորհակալություն հայտնել Աստծուն, որ ինքը գոյություն ունի: Այ դա է հրաշքը, երբ մարդիկ կրթված լինեն, իրենց շնորհքն ու տաղանդը ճիշտ ձեւով օգտագործեն: Արդեն կլինի հրաշք, եւ այդ ատելությունը չի լինի Երկիր մոլորակի վրա:
— Կյանքում հանդիպող ո՞ր հրաշքը կառանձնացնեք:
— Ամենակարեւոր հրաշքն այս երկիր մոլորակի վրա, որն անբացատրելի է ու այդպես էլ անբացատրելի կմնա, մարդու ծնունդն է: Մարդկությունը դեռ չի հասել այն մաքրությանն ու ազնվությանը, որ կարողանա հասկանալ, թե ինչպես է այն կատարվում:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=276302&l=am/