«Ինչո՞ւ պետք է աշխատեն Հայաստանում ու մեր զինվորին գումար չտան». տաքսու վարորդները` ընդդեմ «Յանդեքսի»
Արխիվ 16-20
«Իրավունք»-ը երեկ գրել էր, որ կառավարության առաջ մի խումբ տաքսիստներ բողոքի ձայն էին բարձրաձայնել` լիցենզավորման կարգի ու տուգանքների դեմ` պահանջելով համաներում: Տաքսու վարորդները հավասարություն էին պահանջում նաեւ օնլայն աշխատող տաքսիների դաշտում: Օրինակ բերելով GG եւ Yandex ծառայություններին, որոնք աշխատում են առանց լիցենզիայի:
Այսօր տաքսու վարորդների խնդիրների մասին լրագրողների հետ հանդիպմանը խոսեց նաեւ Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների միության նախագահ Վահագն Սահակյանը: Նրա խոսքով` լիցենզավորված վարորդները ի նշան բողոքի մի քանի ամիս չեն վճարել ամսական 12 հազար դրամ լիցենզավորման վճարները եւ ԴԱՀԿ-ից նամակներ են ստանում հաշիվների վրա կալանք դնելու մասին: «Լիցենզավորման կարգի փոփոխությունների հետ կապված դաշտը բարձիթողի է: Այն վարորդները, որոնք ընդունել են օրենքը, օրինապաշտ են եղել: Մյուս մասը տաքսի է վարում առանց հարկ վճարելու: Մրցակցային դաշտն անհավասար է: Այս իրավիճակից օգտվել են ոչ միայն անպատասխանատու վարորդները, այլեւ արտասահմանյան կազմակերպությունը՝ ի դեմս «Յանդեքս»-ի, որը հերքում է, որ տաքսի ծառայություն է: Բայց Յանդեքսը ռեալ իրականացնում է տաքսի ծառայություն»,- ասաց բանախոսը:
Նրա կարծիքով` արդար չէ, երբ «Յանդեքս»-ի տերը` ստամբուլաբնակ հրեան, հարկեր չի վճարում մեր պետությանը. ««Յանդեքս» ընկերությունը 4-5 հազար մեքենա ունի, որոնցից մի մասն է միայն լիցենզավորված, նույնը նաեւ «Ջի-Ջի» ընկերության դեպքում է: Նույնը չեմ ասի «Մոբի տաքսի» ծառայության մասին, որը պարտաճանաչ հարկերը վճարում է: Եթե այսօր Յանդեքսը հարկերը վճարի, ապա նա այդքան ցածր գնով ձեզ չի տեղափոխի ուղեւորին»:
Հայաստանի տաքսի ծառայությունների գործատուների միության նախագահտ վստահ է` այս վատ վիճակի համար մեծ է տրանսպորտի նախարարության դերը: «Յանդեսք»-ը հայտարարում է, որ 4-5 հազար մեքենա ունի, որոնք լիցենզավորված չեն, չունեն հաշվիչներ: Տրամադրում են տեղեկանքներ, որ այդ մեքենաներն ունեն հաշվիչներ: Չափագիտության ազգային ինստիտուտն օրենք խախտելով, հեռախոսների վրա հաշվիչների առկայության մասին տեղեկանք է տալիս»,- հիմնավորեց իր խոսքը բանախոսը:
«Իրավունք»-ի հարցին` տրանսպորտի եւ կապի նախարարությունն ինչպե՞ս է արձագանքում այս բողոքներին, Վահագն Սահակյանն ասաց, որ ինքը նախարարի հետ հանդիպմանը չի մասնակցել, բայց նախարարությունն անհատ տաքսիներին ասել է` սպասեք նոր խորհրդարանը ձեւավորվի, կտեսնենք ինչ կլինի:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=27173&l=am/