«Կոնսերվատորիայի ռեկտորի խարդախությունների մասին Փաշինյանին նամակ գրելուց հետո` դարձա գործազուրկ». ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆ
Մշակութային
Երկու տարի առաջ` 2021թ.-ին Երեւանի Կոմիտասի անվան պետական կոնսերվատորիայի թանգարանի վարիչ ՆԱՆԱ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ հեռացվեց աշխատանքից, եւ արդեն երկու տարի է` գտնվում է դատական գործընթացների մեջ: «Իրավունքի» հետ զրույցում այս մասին նա փակագծեր է բացել:
— Դատի էիք տվել Կոնսերվատորիայի ռեկտոր Սոնա Հովհաննիսյանին, ով, ինչպես Դուք եք պնդում, Ձեզ ապօրինի է աշխատանքից հեռացրել: Գործազուրկի կարգավիճակում հայտնվելու հիմնական պատճառը ո՞րն էր:
— Ինձ աշխատանքից հեռացրին 2021թ.-ի ապրիլի 26-ին: Երբ գնացի մորաքրոջս թաղմանը, եկա ու տեսա, որ Կոնսերվատորիայի թանգարանի իմ աշխատասենյակի կողպեքը կոտրված է: Եվ ինձ ասացին, որ էլ այստեղ չեմ աշխատում: Պատմությունը սկսվեց այստեղից, բայց նախապես եղել են մի քանի դրվագներ: Մինչ այդ, նախորդել էր ռեկտոր Սոնա Հովհաննիսյանի կանխակալ, թե անկանխակալ` քովիդի ժամանակ ԿԳՄՍ նախարարության կողմից օգնության բաշխման վերաբերյալ խարդախ արարքը, որն իրականացվել էր ե՛ւ իր, ե՛ւ Կոնսերվատորիայի Արհմիության նախկին նախագահ, արդեն հանգուցյալ Հռիփսիմե Պողոսյանի կողմից: Դա խթան հանդիսացավ, որ ես գրեի պարոն Փաշինյանին նամակ, որտեղ անդրադարձա հայ հասարակության մեջ մտավորականության խնդիրներին: Զրպարտության ու վիրավորանքի անվան տակ (թեպետ ամեն ինչը ճշմարտացի էր) ռեկտորը կազմակերպեց, որ ինձ դատի տային այն վեց անձինք, ում անունները նշված էին վարչապետին ուղղված նամակում: Երբ ես եկա ու տեսա իմ աշխատասենյակի կողպեքը կոտրված է, գնացի իր մոտ: Նա հեգնանքով ինձ ասաց. «Դու ազատված ես եւ արդեն դատավարությունների մեջ ես: Այդ ամեն ինչը կգաս, դատարանում կպատմես»: Ես էլ ասացի, որ հիմա էլ ես եմ Ձեզ դատի տալիս, քանի որ օրենք գոյություն ունի: Եվ իսկապես դատավարություն բացվեց իմ աշխատանքային վեճի վերաբերյալ: Եվ դա տեւեց 2.5 տարի ու, չգիտես թե ինչու, առ այսօր շարունակվում է:
— Դատական պրոցեսներն ինչպե՞ս ընթացան:
— Սոնա Հովհաննիսյանի ներկայիս փաստաբան Մարատ Ատովմյանը ունի առանձին իրավաբանական կետ եւ միաժամանակ Երեւանի պետական կոնսերվատորիայի իրավախորհրդատուն է, որին էլ Սոնա Հովհաննիսյանը օգտագործում է իր անձնական շահերի համար: Միայն ես չեմ, որ իրեն դատի եմ տվել: Հինգ հոգի աշխատանքային վեճի շուրջ դատի են տվել նրան: Եվ քանի հոգի իրենց դատերը շահել են: Ըստ էության, դատական առաջին ատյանում ես էլ եմ շահել իմ դատը, բայց վաղաժամկետ տարել են տվել Վերաքննիչ դատարան: Եվ օրերս տեղեկանում եմ Վերաքննիչ դատարանից, որ, չգիտես ինչու, այդ բողոքարկումն իրենց ընդունվել է, եւ այդ ուղղությամբ վարույթ են բացել:
— Այսինքն՝ դատական գործընթացները հիմա Ձեր դե՞մ են ընթանում:
— Առաջին ատյանում դատական պրոցեսները կրում էին աճպարարության բնույթ: Այս ընթացքում երկու դատավոր է փոխվել: Արհեստական ձեւով հետաձգվում էին նիստերը, մինչեւ նախորդ դատավոր Սիմիզար Հովսեփյանը, բարեբախտաբար, գնաց թոշակի, եւ անցավ գործը դատավոր Արթուր Ստեփանյանի վարույթի տակ: Էլի փորձում էին այս ամեն ինչն արհեստական երկարաձգել: Ես ըմբոստացա, ահագին դիմադրեցի՝ ասելով, որ այսօր գործազուրկի կարգավիճակում եմ, աշխատանք չեմ գտնում, ապրուստի միջոցներ չունեմ: Լսելով ինձ` ինչ-որ չափով գործին ընթացք տվեցին: Եվ ներկա դրությամբ, ըստ օրենքի բոլոր կետերի, իմ հայցը բավարարվել է, բայց այդ ընթացքում տեղի ունեցան շատ տարօրինակ բաներ, որ աշխատանքային վեճի իմ գործը օրինական ուժի մեջ չէր մտնում:
— Կմանրամասնե՞ք...
— Հուլիսի 12-ին իմ աշխատանքային վեճի վերաբերյալ հրապարակային հայտարարություն է եղել, օգոստոսի 9-ին ինձ կանչել են եւ տվել վճռի մեկ օրինակը` մեկ կնիքով: Ասել են, որ մեկ ամիս պետք է սպասեմ: Եկել է սեպտեմբերի 10-ը, որից հետո իմ դատապաշտպան Վահագն Թադեւոսյանի ասելով՝ ես պետք է գնայի Կոնսերվատորիա, դիմում գրեի՝ աշխատանքի վերականգնվելու համար: Ես գնացել եւ ներկայացել եմ Կոնսերվատորիա սեպտեմբերի 20-ին եւ այնտեղ հանդիպել եմ ռեկտորի հակադրությանը, ով ասել է. «Մենք մեր դատապաշտպանն ունենք, բողոքարկելու ենք»: Հետո ինձ ասացին, որ դիմումս թողնեմ, հեռանամ՝ մինչեւ ինձ պատասխան կտան: Հինգ օր անց պատասխան եկավ, որ վճռի երկրորդ օրինակն այն մյուս կողմը իբրեւ թե չի ստացել: Նույն օրը կապ հաստատեցի առաջին ատյանի դատավոր Արթուր Ստեփանյանի աշխատակազմի հետ, եւ ինձ ասացին, որ իրենց վճռի մյուս կողմին «Հայփոստ»-ով հասցեատիրոջն ուղարկված օրինակը մեկ ամիս բաժանմունքում մնալուց հետո՝ հետ է եկել դատարան, եւ տեղեկացել են հենց այդ օրը: Ինչպե՞ս եղավ, որ իմ զանգից հետո նոր հասավ իրենց: Բացարձակ երեւում էր այդ ամեն ինչի արհեստական, շինծու տրամադրվածությունը: Եվ ինձ ասացին, որպեսզի իմ վճիռը օրինական ուժի մեջ մտնի, այն մյուս կողմին զանգահարել, ասել են, որ գան իրենց վճռի օրինակը տանեն: Մեկ ամիս պետք է ես սպասեի: Իհարկե, հասկանալով, թե այստեղ ինչ խարդավանքի միտումներ են գնում՝ դիմում եմ գրել դատական վերին ատյաններին՝ նշելով, որ այդ երկարատեւ ժամկետների պատճառով հայտնվել եմ նյութական ծանր վիճակում, առողջական խնդիրներ եմ ձեռք բերել: Հարց եմ բարձրացրել, թե ինչու օրինական ուժի մեջ չի մտնում իմ այս վճռի երկրորդ կնիքը, որ պետք է վճռի մեջ դրվեր: Իրենք, իհարկե, զբաղվել են այդ հարցով, չեմ կարող ժխտել այդ հանգամանքը: Դիմել եմ ՀՀ ԲԴԽ նախագահ պարոն Կարեն Անդրեասյանին, միաժամանակ Երեւան քաղաքի առաջին ատյանի ընդհանուր իրավասության քաղաքացիական դատարանի նախագահ Ավագ Գաբրիելյանին եւ ՀՀ փաստաբանների պալատի նախագահ Սիմոն Բաբայանին: Զբաղվել են այդ հարցով, մեկ շաբաթ անց ինձ կանչել են, իմ վճռի երկրորդ կնիքը դրել են:
— Փաստորեն, այդ վճիռը վերջնական օրինական ուժի մե՞ջ է մտել:
— Այո, հոկտեմբերի 18-ին մտավ վերջնական օրինական ուժի մեջ: Դրանից հետո ես հեռախոսազրույց եմ ունեցել Կոնսերվատորիայի գլխավոր հաշվապահ Քրիստինե Սարգսյանի հետ: Եվ հետաքրքրվել եմ, թե երբ ինձ կտրամադրեն իմ հասանելիք պարապուրդի վճարը: Նա ինձ պատասխանեց, որ իրեն ոչ ոք չի տվել այդ հրահանգը եւ ասաց, որպեսզի այդ հարցով կապ հաստատեմ իրավախորհրդատու Մարատ Ատովմյանի հետ: Ես հեռախոսազրույց ունեցա Մարատ Ատովմյանի հետ: Նա ինձ անպատվեց եւ ասաց, որ պետք է բողոքարկեն: Եվ բողոքը ներկայացրել են, պատճառաբանելով, որ «Հայփոստն» է մեղավոր եղել, որ նամակն իրենց չի հասել, եւ մեկ ամիս անց նոր դատարանի զանգից են իմացել: Այդ «Հայփոստի» պատմությունն արդեն կրում է կեղծ բնույթ, որովհետեւ հենց «Հայփոստի» պատրվակով բոլոր դատական գործողությունները սկսել են խափանվել: Դա ուղղակի արհեստական պատճառաբանություն է: Ստացվում է, որ բոլոր փոստատարներն այսօր որոշում են տուժած մարդկանց ճակատագրե՞րը: Պայմանավորվածություն կա, թե երբ տանեն, երբ բերեն: Եվ իմ դատական նիստերն էլ 3-4 ամիս հետաձգվում էին, որ իբրեւ թե այն մյուս կողմը չի ծանուցվել: Այնքան միամի՞տ էին: Նախ հարց է ծագում՝ ինչո՞ւ էր Երեւան քաղաքի առաջին ատյանի աշխատակազմը գրում Խանջյան փողոցում գտնվող փաստաբան Ատովմյանի գրասենյակի հասցեին, եթե ես Կոնսերվատորիային եմ դատի տվել, եւ բոլոր փաստաբանական փաստաթղթերը Կոնսերվատորիայի անունով են: Այնքան միամի՞տ էին, տեղյակ չէի՞ն, որ ես իմ դատը շահել եմ: Այստեղ, իհարկե, կա մի շատ կարեւոր դրվագ: Ես մինչ այդ Ձեզ ասացի այն վեց անձանց մասին, որոնց ռեկտորն ինքն էր կազմակերպել, որ գնան ինձ դատի տան: Այդ ընթացքում իմ չորս դատը վերջապես փակվել էր, որից մեկը` Կոնսերվատորիայի նախկին իրավախորհրդատու Մարիամ Վարդանյանի դատին էր վերաբերում, որը կայացավ Աջափնյակի դատական նստավայրում՝ դատավոր Հովիկ Շահնազարյանի, ինչպես նաեւ ինձ նշանակված հանրային պաշտպանի գրասենյակի կողմից` դատապաշտպան Վարդուհի Խաչատրյանի նվիրյալ աշխատանքի շնորհիվ: Հենց առաջինն այս դատը շահեցի, որովհետեւ դատավորը շատ ճշգրիտ մոտեցում էր ցուցաբերել իմ խնդրի շուրջ: Եվ իմ նամակն` ուղղված պարոն վարչապետին, որի համար ինձ դատի էր տվել հայցվոր Մարիամ Վարդանյանը, եղել է ընդամենը կարծիք: Մեր Սահմանադրությունը թույլ է տալիս, որ մարդը իր կարծիքը հայտնի որեւէ անձի վերաբերյալ:
— Մինչդեռ այսօր կարծիք հայտնելու համար դարձել եք գործազո՞ւրկ:
— Այո, իմ հանապազօրյա հացը կտրել են, եւ դա գալիս է ռեկտորի բնավորության սադիստական դրսեւորումից, որի ակունքները տանում են իր դառը մանկությունը: Ի դեպ, իմ կոնֆլիկտը նրա հետ սկսվել է այն ժամանակ, երբ նա նշանակվել էր Կոնսերվատորիայի ռեկտորի Ժ/Պ: Իր ամենաառաջին «նվաճումը» եղել է այն, որ մեր աշխատավարձերը 2-3 շաբաթ հետաձգում էր: Եվ ես հետաքրքրվելով (քանի որ վարկ եմ փակում)` զանգել եմ ԿԳՄՍ եւ իմ բողոքը հայտնել իրենց լրատվական բաժնին: Նույն օրը աշխատավարձը նստել է մեր հաշվեհամարին: Հաջորդ օրը` առավոտյան 10-ին ռեկտորը ամբողջ ադմինիստրացիային հրավիրել է ժողովի: Այդ օրվանից ես իր աչքից ընկել եմ եւ նրա նշանակետի տակ եմ եղել...
— 2.5 տարի է, որ գործազուրկ եք, ինչպե՞ս եք հոգում Ձեր հացի խնդիրը:
— Ապրում եմ 86 տարեկան հայրիկիս հետ՝ շատ սուղ պայմաններում: Օրեցօր թանկության մեջ հայրիկիս թոշակով չես կարող ապրել: Չքավորության առաջ եմ կանգնած: Եվ այս հարցով վերջերս դիմել եմ Սոցնախարարություն: Եթե միջին տարիքի մարդն այսօր ազատվում է աշխատանքից եւ աշխատանք չի կարողանում գտնել, եթե չի ստանում գործազրկության ոչ մի նպաստ, Զբաղվածության կենտրոն է դիմում, եւ չեն տեղավորում աշխատանքի, ապա մարդն ինչպե՞ս կարող է գոյատեւել: Կարող են ստուգել` Սոցնախարարության թեժ գծում գրանցված եմ: Սոնա Հովհաննիսյանն անգամ ինձ աշխատաքնից ազատելուց հետո` իր հաշվապահական, կադրային կլանի հետ մեկտեղ ափսոսացել է տալ ինձ հասանելի եռամսյա աշխատավարձի միջին վերջնահաշվարկը, որը միայն բացահայտվել է դատարանի վճռի որոշման արդյունքում: Ինչպե՞ս է ստացվում, որ այս ժողովրդավարական երկրում ես կրում եմ այսքան զրկանքներ, երբ, ըստ Սահմանադրության, Հայաստանում մարդը համարվում է գերագույն արժեք:
— Չե՞ք փորձել այլ տեղ աշխատանք փնտրել:
— Իհարկե, փորձել եմ: Դուք կարծում եք` ես դրանով չե՞մ զբաղվել: Աշխատանքի խնդրանքով դիմել եմ նույնիսկ ԱԺ պատգամավորներին: Անցյալ տարի հանգուցյալ Վիգեն Խաչատրյանը փորձում էր ինձ տեղավորել: Զանգահարել էր Երեւան քաղաքի Նոր Նորք վարչական շրջանի թաղապետին` ՔՊ-ական Արմեն Մհերյանին: Գնացել եմ նրա ընդունարան: Վերջինս պատճառաբանեց, որ հաստիք չունեն: Ես ունեմ երկու դիպլոմ` երաժշտագետի եւ խմբավարի: Օրինակ եմ բերել, որ մեր տարածքային մանկապարտեզի երաժշտության դաստիարակչուհին ճարտարապետ է: Ուղղակի ոչ մասնագիտացված հայացքներով գալիս է աշխատանքի եւ լավ էլ աշատավարձ է ստանում: Նա ինձ պատասխանեց` ի՞նչ անենք, երեխաներին շատ բան պետք չի, ընդամենը երգել, պարել է պետք: Ասում եմ` թող ինձ էլ գործի ընդունեն, ես էլ գնամ՝ երգեմ, պարեմ: Այսպիսի հակասական դառը ժամանակներ ենք ապրում: Ինչո՞ւ է Սոնա Հովհաննիսյանին տրված երկու պաշտոն` լինել «Հովեր» երգչախմբի խմբավար (աշխարհի երկրները նրա համար բաց են իր ինքնագործ 24 հոգանոց երգչախմբի համար) եւ միաժամանակ լինել Կոնսերվատորիայի ռեկտոր: Կոնսերվատորիայի ռեկտորներ միշտ եղել են կոմպոզիտորներ, կատարողներ, այլ ոչ թե ձեռքերը թափահարողներ: Թեպետ նրան նախկինում կատարած իմ մասնագիտական դիտողությունից հետո, որ համերգներին նստած է ղեկավարում, պետք է խոստովանեմ, որ նա իր վերջին` Լեհաստանի հյուրախաղերի ժամանակ հոգեւոր տաճարում իր ելույթի ժամանակ արդեն կանգնած էր ղեկավարում, ուր Կոմիտասի աշխարհիկ երգերն էր հնչեցնում պար ու զարդով: Իսկ տգետ հանդիսատեսը «բրավո» էր կանչում: Լսարանի ըմբռնողականությունն իմիջիայլոց էր: Հետաքրքիր է, ո՞ր լծակներից է օգտվում Սոնա Հովհաննիսյանը.... Ես, օրինակ, վերջին 30 տարում անգամ մեր հանրապետությունից չեմ կարողացել դուրս գալ` նյութական անապահով վիճակի պատճառով: Բացի վարկ վերցնելուց ու գերեզման կառուցելուց, իմ կենցաղային հարցերը հոգալուց, ոչինչ չեմ կարողանում անել:
— Դուք նաեւ 20 տարուց ավել է, ինչ լրատվության դաշտում եք եւ լուսաբանել եք շատ անվանի մշակույթի գործիչների: Նրանցից կա՞ն մարդիկ, որոնք Ձեր կողքին են եւ բարոյապես աջակցում են Ձեզ:
— Ո՛չ, ես իմ «խորին երախտագիտությունն» եմ հայտնում այն անվանի կոմպոզիտորներին, ժողովրդական արտիստներին, արվեստի վաստակավոր գործիչներին, տարբեր` ջազ, էստրադային, կամերային, սիմֆոնիկ նվագախմբերի դիրիժորներին, ղեկավարներին, որոնց նվիրաբերել եմ բազմաթիվ հրապարակային, գիտական նյութեր, ինչպես նաեւ ԵՊԿ-ի գիտխորհրդին, որոնք ռեկտորի կարգադրությամբ՝ միաձայն չեզոքացրին իմ աշխատանքային հաստիքը: Բրավո բոլորին...
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=271324&l=am/