Դրամատիկականը՝ ներսից. երեք համերաշխ սերունդները, կարգապահ ու ավանդույթներին հավատարիմ թատրոնը
Մշակութային
Երեւանի Հրաչյա Ղափլանյանի անվան դրամատիկական թատրոնը 56 տարվա պատմություն ունի: Այդ ընթացքում այն հասցրել է մեծ հետք թողնել հայկական թատերարվեստում ու նշանակալի անուններ տալ:
BRAVO.am-ն իր «Ներսից» շարքի համար թատրոնի դերասան ու տնօրեն Արտաշես Մխիթարյանի հետ շրջել է դրամատիկականում, իմացել նրա արժեքները, աշխատելու սկզբունքները, 3 սերունդների համերաշխ համագործակցության գաղտնիքն ու ապագայի ծրագրերը:
Մուտքը թատրոն
Մեր զրույցը սկսում ենք ընդհանուր դահլիճից, որտեղ էլ Մխիթարյանը պատմում է իր անցած ճանապարհի ու թատրոնում հայտնվելու մասին։
Դրամատիկականում է արդեն 18 տարի է՝ եկել է որպես դերասան, վերջին 10 տարիներից 3-ը եղել է գեղարավեստական ղեկավարի օգնական, 7-ը՝ տնօրենի տեղակալ, իսկ վերջին 8 ամիսների ընթացքում՝ կատարել տնօրենի ժամանակավոր պաշտոնակատարի պարտականությունները։
«2002 թ. ինստիտուտի 3-րդ կուրսի ուսանող էի, երբ Արմեն Խանդիկյանի ռեժիսորական կուրսը «Ատամնաբույժն արեւելյան»-ն էր անում, ինձ հրավիրեցին մասնակցել։ Այն պետք է նաեւ թատրոնում ներկայացվեր՝ որպես դրամատիկականի ապագա ռեժիսորների ստեղծագործական աշխատանք։ Ելույթից հետո առաջարկ եղավ ուժերս փորձել թատրոնում, ընդունվեցի, բայց մեկ տարի հետո զորակոչվեցի բանակ։ Երկու տարի ընդհանրապես չեմ զբաղվել թատրոնով, բայց ինձ նորից հիշեցին ու վերադարձա դրամատիկական»։
Դրամատիկականի պահանջները
Տարիների ընթացքում Մխիթարյանն ուղն ու ծուծով հասցրել է ճանաչել թատրոնը եւ մեզ համար էլ առանձնացնում է դրամատիկականի դավանած արժեքները: Դրանց թվում նշում է պահանջկոտ, կարգապահ, պահպանողական լինելն ու անընդհատ առաջ շարժվելը:
«Պահպանողական ենք, որովհետեւ որոշակի մշակութային արժեքներ սերնդեսերունդ մեզ են հասել։ Մտքով հասունանալով ու դրանք հասկանալով՝ գիտակցում ենք, որ ինքներս էլ պարտավոր ենք պահպանել՝ սկսած նիստուկացից, ինքնակրթումից եւ զարգացումից։ Դրամատիկը միշտ պահանջում է որպես արտիստ ու քաղաքացի պատրաստ լինել։
Կարգապահական խախտումներ մեզ մոտ համարյա չկան, այդ ամենը պայմանավորված է Խանդիկյանով, նա 35 տարի թատրոնը պահել ու առաջ է տարել։ Մեր ավագ սերնդից ժառանգած ուսմունքներն ու սովորույթները ինքներս էլ շարունակում ենք»։
Մի պահ զրույցն ընդհատում ենք ու գնում դահլիճ, որտեղ պատրաստվում են «Մեծ լռություն» ներկայացմանը, որը երեկոյան են խաղալու, դերակատարներից մեկն էլ Մխիթարյանն է։ Ներկայացումը 40 տարվա պատմություն ունի ու ժամանակի ընթացքում միայն դերասաններն են փոխվել։
Մխիթարյանը շարունակում է պատմել, որ թատրոնում առավելագույնս պահանջկոտ են աշխատանքի նկատմամբ։
«Գարնանը Գյումրիում թատերական փառատոն էր, որի բացման ներկայացման պատիվը մեզ էր տրված։ Փորձերի ընթացքում նկատել էին, թե բոլորս իրար նկատմամբ որքան ուշադիր ենք։ Չենք ասում, որ թատրոնը մեր երկրորդ տունն է, բայց այստեղ տանից ավելի շատ ենք լինում ու մեր հարազատներից ավելի շատ տեսնում։ Խանդիկյանը մի լավ խոսք ունի. «Թատրոնը մեր տունն է, բայց մեր կենցաղը չի»։
Աշխատակազմն ու միասին ժամանակ անցկացնելը
Վերջին շրջանում այնքան էլ հաճախ չեն կարողանում բոլորով միասին ժամանակ անցկացնել, պատճառը խիտ գրաֆիկն է։ Վերջին անգամ ապրիլի 7-ին են կանանց համար առիթ ստեղծել, որ միասին հավաքվեն ու ուրախանան։
Դրամատիկականի դերասաններն ամբողջ թատրոնի, գրեթե, կեսն են կազմում՝ 45 հոգի են։ Մխիթարյանը նշում է, որ ունեն բոլորով հանդիպելու մտահաղացում, բայց չգիտեն, թե երբ կստացվի, քանի որ շաբաթը 7 օր աշխատում են՝ մտածում են ոչ միայն ընթացիկ ներկայացումների մասին, նորերով են զբաղվում, քննարկումներ ունենում, նոր կադրեր պատրաստում, թատրոնից հեռացող դերասաններին փոխարինողներ գտնում։
Սովորաբար ամառը թատրոններն օգտագործում են նոր ներկայացումներ ստեղծելու համար, Մխիթարյանի խոսքով՝ իրենց այդ առումով 12 ամիսների ընթացքում են համաչափ աշխատում։
«Հիմա խաղացանկում ունենք 19 ներկայացում, աշնանը նորը կունենանք, բեմական աշխատանքներն ապրիլին են սկսվել։ Խանդիկյանը բեմադրում է Ալֆրեդ Դեմյուսեի «Լերոնց Աչո»-ն, զուգահեռաբար քննարկվում են հաջորդ տարիների աշխատանքները, բեմադրիչների ներկայացրած ստեղծագործությունները, ամեն տարի Ամանորի ներկայացում ենք ունենում, հանդիսատեսն էլ այդ սովորույթի մասին գիտի ու սպասում է»։
«Լերոնց Աչո»-ում ներկայացնելու են Ֆլորենցիան ու Մեդիչիներին։ Մխիթարյանը շեշտում է, որ վաղուց այդքան մեծ կազմով չեն աշխատել, նորից վերականգնել են դրամատիկականի հին ավանդույթներն ու բեմում հանդիսատեսը կտեսնի թատրոնի դերասաններից մոտ 22-ին։
Նոր համալրումներն ու 3 սերունդները
Թատրոնում երկար տարիներ լսումներ են անցկացրել, որի ընթացքում էլ նոր կադրեր են ընտրել, բայց վերջին շրջանում դադարել են, քանի որ էլ համալրումների տեղ չունեն, արտահաստիքային դերասաններ ունեն, որոնք արդեն պաշտոնապես իրենց աշխատակիցներն են դարձել:
«Թատրոնում սերնդափոխությունը միշտ առողջ է եղել, երիտասարդների համար ճանապարհը բաց է։ Երբ ինքս 2005-ին եկա թատրոն, հոգատարություն զգացի։ Ճիշտ է՝ գլխի տակ փափուկ բարձ չէին դնում, բայց բարենպաստ պայմաններ էին ստեղծվում, որպեսզի դու եւ թատրոնը հասկանաք, թե ինչքանով եք լուծվում եւ դառնում միաձույլ։ Այս պահին թատրոնի 3 սերունդներն էլ համալրված են»։
Նորեկների փորձաշրջանի ժամկետն անհատական է, ամեն մեկն իր ճանապարհը յուրովի է հարթում։ Ոմանց դեպքում այն մեկ տարի է տեւում, մյուսների՝ 3-4 ամիս։ Ներգրավում են աշխատանքներում ու տեսնում, թե որքանով են պատրաստ մտնելու ծանր մրցարշավի մեջ ու խաղալու նոր դերեր։
Մխիթարյանը պատմում է, որ դրամատիկականի 3 սերունդն էլ իրարից սովորելու շատ բան ունի, դրա հետ մեկտեղ պահպանում են առողջ հարաբերություններն ու հոգատար են իրար նկատմամբ։
«Առանց չափազանցության՝ մեծի հանդեպ մենք ենք հոգատար, իրենք էլ բոլոր առումներով ուշադիր են մեզ հետ։ Այդ ամենը Խանդիկյանի ստեղծած համակարգի շնորհիվ է, որի հիմքում մարդկային հարաբերություններն են, հավատացեք, այնքան էլ հեշտ չէ արտիստախումբ պահել։ Ամեն մեկը մի աշխարհայացք ու տեսակետ ունի, բայց այստեղ բոլորս միակերպ ենք մտածում»։
Ոչինչ չեն թափում
Մինչ մենք զրուցում ենք, բեմի լույսերն են կարգավորում, ու մասնագետ Մհերը ցույց է տալիս գրատախտակը, որի վրա էլ գրել հնարավոր չէ։ Մխիթարյանը հիշեցնում է, որ միմյանց նկատմամբ ուշադիր լինել ասելով, նաեւ դա նկատի ուներ։
Նշում է, որ նման ընթացիկ հարցեր բազմաթիվ են լինում, չեն թողնում՝ որեւէ իր փչանա, նկատելուն պես ժամանակին կանխում են։
Ուղեւորվում ենք դեկորների պահելու վայր, որտեղ ամեն ներկայացման համար առանձին տեղ է հատկացված։ Փորձում են ոչինչ դեն չնետել, եթե որեւէ ներկայացում խաղացանկից դուրս է գալիս, նրա դեկորների պիտանի մասերը մշակում են ներքեւի հարկում եղած արտադրամասում, ունեն ատաղձագործ, փայտագործ, երկաթագործ, դերձակներ, բուտաֆորիայի մասնագետներ։
«Թատրոնում ոչինչ չի թափվում, առանց այն էլ դժվարությամբ է ձեռք բերվում, մենք ինքներս ենք ստեղծում։ Հագուստների մեծ մասը կարում ենք, բայց վերջերս ժամանակակից ներկայացումներ ենք արել ու փորձել հագուստները ձեռք բերել մատչելի գներով։ Երբ որեւէ ժամանակաշրջան պետք է ստեղծել, փորձում ենք հագուստները ճշգրիտ ստանալ։ Ունենք 30 տարվա պատմություն ունեցող զգեստներ, նույնիսկ՝ արքայական հագուստներ, որոնք ժամանակ առ ժամանակ քիմմաքրման ենք ենթարկում եւ օգտագործում»։
https://bravo.am/news/77575
https://iravunk.com/sim/?p=262782&l=am/