Նոյեմբերյանում վերջին հրաժեշտն են տալիս պատերազմների բովով անցած մտավորականին
Մշակութային
Նոյեմբերյանի գերեզմանատանն այսօր վերջին հրաժեշտը տվեցին Տավուշի ՀԳՄ գրական բաժանմունքի ղեկավար, արձակագիր, բանաստեղծ, դրամատուրգ, ռեժիսոր, դերասան, ազատամարտիկ ՍԱՄՎԵԼ ԲԵԳԼԱՐՅԱՆԻՆ: Երկարատեւ բուժումներից հետո նա մահացավ 72 տարեկանում՝ հայրենիքի ցավը սրտում:
«Իրավունքի» հետ վերջին հարցազրույցում անդրադառնալով իր հիվանդությանը` նա մասնավորապես ասել էր. «Պետական ծառայությունների հույսին ընկնելը՝ կոնկրետ մահվան դուռ գնալ է նշանակում... Հենց հիմա էլ լրջագույն ֆինանսական խնդիրներ ունեմ… «Վիլիս» ունեի, վիրահատության համար վաճառեցի, բայց հետագա բուժումը նույնպես թանկ հաճույք է…»:
Լինելով պատկառելի տարիքում՝ մտավորական ազատամարտիկը մասնակցել էր նաեւ 44-օրյա պատերազմին:
«Ես ու ընկերներս 1988թ.-ից մեզ մոտ խրամատներում ենք, բայց ես հետագա պատերազմներին էլ եմ մասնակցել... Ինչ վերաբերում է տարիքին, ապա ես զավակներ, թոռներ ունեմ, տուն եմ կառուցել, այգի հիմնել, ուրեմն՝ ինչու չպետք է, ինչպես ֆիլմում է ասվում. «Մարտի չգնան միայն ծերերը» ...Ափսոս են ջահելները…», - ասում էր նա ու վերհիշում վերջին պատերազմի սարսափելի դրվագները:
«Շուշին գոյապայքար էր մղում մինչեւ վերջին շունչը... Բագրատ սրբազանը դեռ պատարագում էր, տղաները կռվում էին դիրքերում, նույնիսկ հեռախոսով մեզ ասում էին, որ Շուշին կանգուն է, եւ չեն հանձնի, մինչդեռ այստեղ արդեն «շուխուր էին դրել», թե քաղաքը հանձնվել է... Բազմիցս եղել եմ Շուշիում. երեք կողմերից անառիկ ժայռեր կան, բավական էր փակել ճանապարհը, եւ քաղաքն անպարտելի էր: Ինչ է, չե՞ք լսել, թե Պուտինը քանի անգամ է ասել, որ Շուշին հանձնելու մասին խոսք ու պայման չի եղել... Շուն Ալիեւը երազում անգամ չէր կարող տեսնել դա: Այնպես որ, քիչ է ասել, թե կռվում պարտվեցին եւ Շուշին հանձնեցին, քանզի այն նվիրեցին...», - խոր ցավով ընդգծում էր Բեգլարյանը:
Հիշատակն արդարոց օրհնությամբ եղիցի...
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=261621&l=am/