Ինձ համար երջանկությունը` խղճի հանգստությունն է. ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մշակութային
«Իրավունքը» զրուցել է երգչուհի ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:
— Սկսել եք հին կատարումները նորովի ներկայացնել: Հետագայում կլինե՞ն նոր կատարումներ Ձեր երգացանկում:
— Այո, դրանք այն երգերն են, որոնք ամեն օր երգում եմ` «Երեւանի սիրուն տղա», «Յարո ջան» եւ «Գայի-գայի»: «Յարո ջան»-ն, ի դեպ, Էլվինա Մակարյանի երգն է: Հետագայում կլինեն նաեւ նոր երգեր:
— Առհասարակ, Ձեր առօրյան ինչպե՞ս եք սկսում:
— Շատ չեմ քնում` ուշ քնում, ուշ էլ արթնանում եմ: Առավոտյան վայելում եմ սուրճը եւ աշխատում եմ ծրագրել իմ օրն այնպես, որ օրվա առաջին կեսին ոչ մի տեղ չգնամ: Առավոտները ոչինչ չեմ պլանավորում: Օրվա երկրորդ կեսից եմ սկսում իմ գործերը:
— Ձեր ֆեյսբուքյան էջում երկու փոքր շուն տեսա, որոնց հետ սիրով զրուցում էիք: Ձե՞րն են:
— Ո՛չ, իմ շները չեն, բայց շատ եմ սիրում իրենց... Հիվանդացել էի, աշխատանքի չէի գնում, տեղափոխվել էի եղբորս` Սամվելենց տուն, որ ինձ խնամեն: Բժիշկ էր գալիս, սիստեմա էր միացնում: Իսկ շունիկներն էլ` Լիկան ու Լեոն, Սամվելինն են: Ես տանը չունեմ կենդանի: Չնայած՝ այդ ցեղատեսակի շներին շատ եմ սիրում, բայց շուն պահելու ժամանակ չունեմ:
— Համերգային ծրագրեր ունենալո՞ւ եք:
— Վաղուց չեմ ունեցել մենահամերգ եւ մոտակա ժամանակները ուզում էի հոբելյանական համերգ ունենալ: Բայց երկրի քաղաքական վիճակը մինչ այսօր շատ խառն է: Դրա համար էլ որոշեցի սպասել մինչեւ տարե վերջ: Աստված առաջ....
— Դուք մասնագիտությամբ դերասանուհի եք եւ բեմում ժամանակին խաղացել եք: Այսօր մեր երկրում շատ են նկարահանվում սերիալներ: Ձեզ երբեւէ հրավիրե՞լ են խաղալու սերիալում:
— Այո, մասնագիտությամբ դերասանուհի եմ, բայց ինձ երբեք չեն հրավիրել: Ես թատրոնի դերասանուհի եմ եղել, աշխատել եմ շատ թատրոններում` «Մետրո», «Ոզնիներ», Հակոբ Պարոնյանի անվան երաժշտական կոմեդիայի պետական թատրոն, Սունդուկյանի անվան ազգային ակադեմիական թատրոն: Եթե ինձ հրավիրեն, եւ լավ պայմաններ լինեն, կգնամ:
— Դուք կյանքում ունեցել եք հետաքրքիր եւ ճակատագրական հանդիպում, կպատմե՞ք:
— 1990 թ.-ին ուսանողուհի էի, Երեւանում վարձով տուն էի փնտրում: Իմ կուրսեցին` Գուրգեն Ծատուրյանը, ինձ տարավ տատիկի հետ ծանոթացրեց եւ ասաց` տատիկն էլ ուսանող է փնտրում, որ մենակ չմնա` վախենում էր: Նա այդ ժամանակ 80 տարեկան էր: Հովհարային անջատումների տարիներն էին, եւ ինքը մնացել էր մենակ: Երեք ամիս մնացի այդ տանը: Հետո բնակարանի վարձի համար իմ վճարած գումարը բերեց ինձ հետ տվեց եւ ասաց. «Դարձիր իմ թոռնիկը»: Ինձնից առաջ շատ են եղել ուսանողներ, բայց նա ոչ մեկի հետ չէր համակերպվել: Հետո, որ ես դերասանուհի էի, ինքն էլ էր մասնագիտությամբ դերասանուհի, երեւի, մեր մեջ ընդհանուր բան կար` թատրոնը, որն իրեն շատ հետաքրքիր էր: Հաճախ էինք «Մետրո» թատրոնի դերասաններով հավաքվում մեր տանը: Ինքն էլ մեզ հետ իրեն երիտասարդ էր զգում: Կարծես իր տարերքի մեջ էր: Նա մի հրաշալի տատիկ էր: Հինգ տարի միասին ապրեցինք: 1995 թվականին մահացավ: Ամեն ինչ արվեց իր ուզած ձեւով, հուղարկավորեցինք իր ամուսնու մոտ: Տունն էլ ինձ թողեց:
— Այսօրվա հեռուստատեսությունում արժեք ներկայացնող հաղորդում տեսնո՞ւմ եք:
— Ոչ, արժեք չկա, եւ թացն ու չորը խառնվել են իրար: Հատկապես վերջին հինգ տարում անընդհատ քաղաքականություն է: Բոլորն արդեն հոգնել են: Մարդիկ այսօր լավ խոսքի կարիք ունեն:
— Մարդիկ կան, որոնք ամեն ինչ ունեն, բայց երջանիկ չեն: Ձեր համար ո՞րն է երջանկությունը:
— Ինձ համար երջանկությունը` խղճի հանգստությունն է, սիրած աշխատանքով զբաղվելը, ձանձրալի ու վատ մարդկանց հետ չշփվելը, գոհ լինելը կյանքից, չբողոքելը, չբամբասելը, չարդարանալն ու մարդկանց վատություն չանելն է:
— Դուք երջանկություն եք նաեւ համարում չբողոքելն ու չբամբասելը, բայց համացանցում այսօր մարդկանց մի խումբ կա, որոնք հայհոյում են, վատաբանում: Դուք այդ ամենին ինչպե՞ս եք վերաբերվում:
— Ես ամեն մեկի հետ չեմ շփվում: Իմ շրջապատին ինքս եմ ընտրել, բայց երբ արթնանում եմ ու տեսնում, որ ֆեյսբուքյան իմ ընկերներից մեկը (որին իրական կյանքում չեմ էլ ճանաչում) մի անկապ, վատ ստատուս է գրել, օրս փչանում է: Համացանցում տղան աղջկան է ձեռք առնում, կին-տղամարդ միմյանց հահոյում են: Այսինքն` ստացվել է այնպես, որ նեղացրել եմ իմ շրջապատը, որ նման մարդկանցից հեռու մնամ, բայց Ֆեյսբուքում իրենք կան: Ձեւը գտել եմ` իրենց նորություններն իմ մոտից փակում եմ, որ միայն բարի լուրեր կարդամ:
— Ֆեյսբուքյան օգտատերերի մի խումբ էլ կա, որոնք բազմոցին պառկած՝ Արցախ են հետ բերում…
— Այո, «դիվանի մայորներ» են, ու մեկը մյուսին խորհուրդ է տալիս...
— Ի՞նչ կասեք երկրում օր օրի շատացող աղանդավորական խմբերի մասին:
— Ես առաջ մտածում էի` կարեւորը Աստծո խոսքն է, բայց 2018 թվականից հետո կյանքը ցույց տվեց, որ այդ աղանդավորները մեր կյանքը փչացրին: Այն ամենը, ինչ-որ տեղի է ունենում, բոլորն այդ աղանդավորներով եղավ: «Փրկչին» բերեցին, որ իրենց փրկի: Այսօր էլ դրսում կանգնած՝ հոգեորսությամբ են զբաղված: Մենք առաջին քրիստոնյա ազգն ենք եւ չպետք է թողնենք, որ նրանք այդքան ակտիվանան:
— Արցախն այսօր ծանր օրեր է ապրում: Ի՞նչ կարծիք ունեք ստեղծված իրավիճակի մասին:
— Սարսափելի է, երբ նայում եմ, թե ինչպես են մեկնաբանություններ գրելով՝ ձեռք առնում արցախցուն: Ո՞նց կարելի է, արցախցիները սովի են մատնվել, Արցախից դուրս չեն գալիս, որ երկիրը պահեն, բայց այստեղ նրանց ձեռք են առնում, հայհոյանքներ են գրում նրանց հասցեին: Կարծում եմ` նրանց բոլորին դատել է պետք: Կամ ասում են` երբ պատերազմ էր, եկել էին Երեւան: Բայց չէ՞ որ շատերն էլ մնացել են Արցախում: Կարելի՞ է այդպես ընդհանրացնել ու ասել` արցախցիները փախել են: Ինչքան անաստված ու անխիղճ պետք է լինել, որ Արցախում դեղի ու սննդի պակաս կա, բայց առաջին տիկին կոչեցյալը ջիջիլ է գցում նկարներով: Ի վերջո, չկշտացա՞ք այս հինգ տարվա մեջ: Կարելի՞ է ուտելն այդքան գովազդել ու ցույց տալ, թե ոնց եք դուք ուտում: Ամուսինն էլ ասում է՝ բադրիջան էր, սեւ ու կարմիր իկրա չէր: Կարելի՞ է այդքան չհասկանալ, որ այստեղ հարցը բադրիջանն ու իկրան չեն… Չեմ հասկանում, դրանք չտե՞ս են: Ի՞նչ անենք, որ այդ կինը կշտանա, ու մենք պրծնենք իրենից… Տատիկս մի լավ խոսք ուներ, ասում էր.«Մենք կերանք կշտացանք, Աստված թող սովածների հոգին առնի»: Ասում էի` տատի, այդ ի՞նչ ես ասում: Ասում էր. «Սովորական սոված մարդկանց մասին չէ խոսքը, այլ նրանց մասին, ովքեր ուտում-ուտում են ու երբեք չեն կշտանում»:
— Ստեղծված իրավիճակի լուծումն ինչպե՞ս եք տեսնում:
— Քանի որ աշխարհն է թելադրում, որ փոքր երկրները պետք է մտնեն մեծ երկրների թեւի տակ: Հիմա մենք ունենք երկու տարբերակ` Ռուսաստանն ու Թուրքիան: Մենք ուզենք, թե չուզենք, սիրենք, թե չսիրենք, պետք է ռուսի հետ լինենք: Ես կողմ եմ այն գաղափարին, որ Հայաստանն էլ միանա Ռուսաստանին ու Բելառուսին եւ դառնա Միութենական պետության մի մասը: Մարդն իսկապես ապրում էր Խորհրդային Միության տարիներին: Արվեստն ու մշակույթը մեծ վերելք էին ապրում: Ես ռուսներին միշտ շատ սիրել եմ: Իրենք գործին նվիրված լավ մարդիկ են: Այս սատանաները եկան եւ Հայաստանում իրենց օրենքները փորձեցին մտցնել: Իսկ մենք չենք ուզում դա, քանի որ ուրիշ մենթալիտետի մարդիկ ենք: Ով ուզում է եվրոպական արժեքներով ապրի, թող գնա Եվրոպա, ով էլ ուզում է ամերիկյան արժեքներով ապրի, թող գնա Միացյալ Նահանգներում ապրի: Ի՞նչ են ուզում մեր երկրից: Թողե՛ք հանգիստ ապրենք... Ինչո՞ւ պետք է ես իմ մասնագիտությունը, գործը թողած` քաղաքական հարցերի լուծումներ փնտրեմ: Բայց ախր սիրտս ցավում է երկրիս համար ու, տեսնելով այդ ամենը, չեմ կարող լռել:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=261305&l=am/