Արցախի ժողովուրդը ցեղասպանվում է, իսկ «քաղաքակիրթ» աշխարհն ու լայն կապերով մի շարք հայեր ցավալիորեն լուռ են. ՆԱՆԱՐ ՊՈՂՈՍՅԱՆ
Մշակութային
«Իրավունքը» զրուցել է Արցախի ակտիվ երիտասարդ, իրավաբան, բանասեր, գրող, Արցախի եւ Կալիֆոռնիայի ՀԳՄ անդամ, «Սեր եւ պատերազմ» գրքի հեղինակ, «Կին՝ ոսկե կոդ 2023թ.» համահայկական մրցանակաբաշխության մրցանակակիր, Բիբլիական Արարատ լեռան բարձունքը նվաճած ՆԱՆԱՐ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:
— Այսօր Արցախում ապրող մեր հայրենակիցները շրջափակման հետեւանքով դժվար օրեր են ապրում: Ներկա պահին ի՞նչ իրավիճակ է տիրում:
— Ներկա պահին սոսկալի, աղետալի իրավիճակ է: Արցախի ժողովուրդը ցեղասպանվում է, իսկ «քաղաքակիրթ» աշխարհն ու լայն կապերով մի շարք հայեր ցավալիորեն լուռ են: Այդ մարդկանց միայն մի բան կասեմ՝ Արցախը սոսկ զվարճատեղի չէ, որ խաղաղ պահերին գաք, լուսանկարվեք, գնաք: Հիմա լուսանկարվելու տեղ էլ չի մնացել, ո՛չ Զոնտիկներ կա, ո՛չ Շուշի, ո՛չ Հադրութ, ո՛չ... ո՛չ... Ու եթե այսպես գնա, շուտով մենք էլ չենք լինի, բառիս բուն իմաստով, այսօր Արցախի ժողովուրդը կանգնած է ցեղասպանության շեմին: Բացի՛ր աչքերդ, աշխարհ, բացի՛ր աչքերդ Սփյուռքում եւ Հայաստանում ապրող հայ, վե՛ր կաց տեղից եւ մի բան արա, ծեծի՛ր բոլոր դարպասները, միայն թե խոսի՛ր, պատմի՛ր, թե ինչ վիճակում է գտնվում այսօր Արցախի ժողովուրդը, մեր 30.000 անմեղ երեխաները, որոնք զրկված են սովորական վիտամիններից, ժպտալով, դեպի անդունդ են գնում: Հղի կանայք անբավարար սնունդից դեռ լույս աշխարհ չեկած բալիկներին են կորցնում: Մենք սոված չենք աշխարհ, մենք մեր իրավունքներն ենք պահանջում, մենք մեր պապենական հողում ապրել ենք ուզում: Մեր հողի տերը մենք ենք աշխարհ, կարդա, ուսումնասիրի հայ ազգի ու Արցախի պատմությունը, այդ ժամ կհամոզվես, թե ով է հայը, ով է արցախցին: Մենք մեր պատմությունը պատերազմով ենք կերտել, կյանքով ենք կերտել, մենք որբացել ենք, բայց չենք հանձնվել, էս հողը Արցախինն է, էս հողում իմ հայրն է, իմ եղբայրներն են, մեր պապերն են, էս հողում 12-ամյա երեխու արյունն է, ով կյանքը չճաշակած՝ դպրոցի ճամփին թուրքի զոհ դարձավ: Այո, քո աչքի առաջ մենք շարունակելու ենք զոհվել, բայց դուրս չենք գալու մեր հողից: Դու պիտի հասկանաս, թե ով է արցախցին, թե ինչքան պինդ է, թե ինչքան հայրենատեր է, ճիշտ է, մեզ խաբել են, դավաճանել են, ստել են, ամեն ինչ արել են, որ կոտրեն արցախցու ոգին, կամքը, բայց մենք քարից էլ պինդ ենք, կառչած մեր հողին: Մենք ինչո՞վ ենք մեղավոր, որ ծնվել ենք Արցախում, մի՞թե մենք իրավունք չունենք ապրելու, մի՞թե իրավունք չունենք ուրախանալու, ունենալու այն բոլոր պայմանները, ինչ ունի ժամանակակից աշխարհը, ի՞նչ է, աշխարհը խաղալի՞ք է դարձել Ադրբեջանի ձեռքին, մեր ինչին է պետք ձեր դատարանները, ձեր որոշումները, ձեր հայտարարությունները, եթե պիտի Ադրբեջանն ամիսներ շարունակ պաշարման մեջ պահի Արցախի ժողովրդին: Մենք ոչ մեկից ոչինչ չենք մուրում, մենք ուզում ենք բացեն մեր կյանքի ճանապարհը: Ասում եք՝ ի՞նչ վիճակ է Արցախում, ուրեմն մեր տան դիմաց հացի արտադրության կետ կա, առավոտ արթնանում եմ, մարդիկ հացի հերթում են, գիշերը փակում եմ աչքերս, էդ մարդկանց հերթերը դեռ չեն հասել: Հասկանո՞ւմ եք՝ ինչի հերթ է՝ ՀԱՑԻ, հացի: Էդքանով հանդերձ, ես չեմ տեսել արցախցի, ով սովի կռիվ տա, արցախցին իրավունքների կռիվ է տալիս, իր սեփական հողում ապրելու անքակտելի իրավունքի:
— Ի՞նչ կասեք խանութների դատարկ ցուցափեղկերի մասին:
— Երեկ Բերձորից տարհանված քրոջս տուն եմ գնացել, 5 երեխա ունի, ամբողջ խանութներն եմ ընկել, որ մի քաղցր բան վերցնեմ, շատ փնտրելուց հետո ոչինչ չգտա, ամբողջ խանութները դատարկ էին, ու առաջին անգամ դատարկաձեռն գնացի: Երբ մտա, ամենքը մի տեղից, թե բա մոքի (մորքուր), ի՞նչ ես բերել մեզ համար, քաղաքից կինդեր, սնիկերս, չուպաչուպս չե՞ս բերել: Դե արի ու երեխաներին բացատրի, որ թուրքնա այդպես կամեցել: Մեծ երեխան էլ ասում է, մոքի, բա ասել ես, որ Էմիլը ծնվի, մենք արդեն մեր տանը՝ Ծիծեռնավանք ենք լինելու, բա հիմա ինչո՞ւ չենք մեր տանը: Է՛հ... Իսկ հարազատ եղբայրս սահմանին է, նա երբեք ինձնից բան խնդրած չկա, պատկերացնում եմ՝ ինչ վիճակ է դիրքերում, որ զանգեց ու ասաց՝ քո կապերն էլ լավ է, տե՞ս կկարողանաս ծխախոտ գտնել որեւէ խանութից: Ու էդպես էլ չգտա, փոխարենը գոնե սնիկերս կամ այլ քաղցր բան էլ չգտա, որ գոնե դա ուղարկեմ, ժպտալով ասացի, դե սրտի 2 վիրահատություն ես տարել, քեզ չի կարելի ծխել, ավելի լավ, որ չգտա, դուք էլ չեք ծխի, ինքն էլ խոսքի տակ չմնաց, կատակով ասաց. «Որ սրտիս նայեմ, դիրքերում չեմ լինի, սիրտ ա էլի, տես քանի սիրտ է մեզ համար կանգ առել, իմը տղերքից ինչո՞վ է առավել», ահա այս գիտակցումով են Արցախի երիտասարդները պայքարում, ատամներով պահում սեփական հողը, շարունակում իրենց անմահացած ընկերների, հայրերի եւ եղբայրների գործը:
-Ինչպե՞ս եք կազմակերպում ձեր օրը, առանց տրանսպորտի:
-Լավ հարց էր, 21-րդ դարում աշխարհը առաջ է գնում, մենք՝ հետ, անկեղծության համար պետք է նշել, որ շատ դժվար է ասենք քաղաքից շրջան հասնելու համար, դեռ չեմ նշում այն մարդկանց, ովքեր ապրում են մի տեղ, իսկ աշխատանքը բնակավայրից շատ հեռու է, կամ օրինակ այն մայրիկների, ում ամուսիները սահմանին են, իսկ մի քանի երեխայի դեպքում ասենք մանկապարտեզի համար պետք է բոլոր երեխաներին վերցնել ոտքով ճամփա ընկնել: Մի կողմից էլ օրինակ ինձ համար առողջ ապրելակերպ է, երբ նախկինում առավոտյան ուշ էի արթնանում, քանի որ հույսս դնում էի ավտոմեքենայի վրա, հիմա առավոտյան ժամը 06:00-ին արդեն մարզադաշտում սպորտով զբաղվելիս եմ լինում, այդքանով հանդերձ հասցնում եմ ժամանակին ներկայանալ աշխատանքի: Մի խոսքով շատերս էլ անցել ենք լրիվ առողջ ապրելակերպի: Ու տրանսպորտի բացակայությունը, դատարկ խանութները մեզ այդքան չեն մտահոգում, որքան այն անորոշությունն ու ծանրացած օդը, որքան ցեղասպանության քաջ գիտակցումն ու անելանելիությունը, մեր իրավունքների համար աղաղակումն ու աշխարհի չլսելուն տալը:
— Նստացույցով արցախյան հարցին լուծում կլինի՞:
— Դա էլ պայքարելու մի տարբերակ է, իսկ պայքարի բոլոր ձեւերն էլ ընդունելի են, միայն թե հանգիստ չնստենք, աղաղակենք, միջազգային հանրության ուշադրությունը սեւեռենք Արցախի պաշարման փաստին եւ 120.000 հայի անքակտելի իրավունքին, որն այսօր ամբողջությամբ խախտված է: Ամենահեշտը ոչինչ չանելն է, բայց այդպես ավելի կկործանվենք, պայքարելու բոլոր ջանքերն էլ պետք է գործադրենք թե՛ միահամուռ, թե՛ յուրաքաչյուրը յուրովի:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=261001&l=am/