Այսօր օպերային թատրոնին վերաբերում են տոմսերի վաճառքով. ԲԱՐՍԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆ
Մշակութային
«Իրավունքը» զրուցել է ՀՀ ժողովրդական արտիստ, օպերային երգիչ, բաս ԲԱՐՍԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ հետ:
— Պարոն Թումանյան, ի՞նչ կարծիք ունեք Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնում անցկացվող մրցույթի վերաբերյալ:
— Լավ է, որ դուք արդեն դիմում եք Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի մրցույթի մասին: Առաջինը պետք է ուշադրություն դարձնել, թե որքան ժամանակ է Ալեքսանդր Սպենդիարյանի անունը փոխել են և դրել են` Ազգային օպերային և բալետի թատրոն: Դա արդեն խոսում է այն մասին, որ փորձում են նորարարություն անել, բայց իրականում` ոչ մի նորարարություն դեռ չկա: Մրցույթն, իհարկե, շատ ուշացավ, բայց բարեբախտաբար մեր այն պայքարի արդյունքում ՀՀ օրենքը կհաստատի իր կարևորությունը: Հուսանք՝ այս անգամ կընտրվի փորձառու իրավագետ, կառավարիչ և տնտեսագետ: Ոչ միայն արվեստում, այլ նաև կյանքում ամենակարևորը ճիշտ գնահատականն է: Եվ ճիշտ գնահատականով պետք է լինի և՛ մշակույթը, և՛ մարդկային հարաբերությունները:
— Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի անլուծելի խնդիրները որո՞նք են:
— Անլուծելի հարց չկա, այլ կան դժվար լուծվող խնդիրներ:
— Բայց չէ՞ որ եթե տարիների ընթացքում խնդիրը լուծում չի ստանում, այն արդեն դառնում է անլուծելի:
— Օպերային թատրոնում ձևավորվել է մի այնպիսի ճահճացած վիճակ, որ ինքներս մեզ խաբելով, պահում ենք այդ թատրոնը` ներկայացումները գովազդում` գումարներ չխնայելով: Թատրոնը չի գովազդում իր ներուժը` ովքեր են օրվա բեմի հերոսները, ինչ նոր կատարողներ կան և այլն: Միակ բանը, որ կարող եմ ասել, դա մեր թատրոնի իրական տաղանդներն են:
— Ի՞նչ կասեք բեմադրությունների որակի մասին:
— Տասնյակ տարիներ նույն բեմադրություններն են: Բեմադրություններ կան, որոնք անգամ ժամանակին վատ են ընթերցված և, իհարկե, հոգնեցրել են իրենց տեսակով: Այդ տարիներին բեմադրված որոշ ներկայացումներ երկար կյանք չունեցան: Այսինքն` անարդյունք վատնեցին ամենաթանկը` ժամանակը, և բեմադրություններ են բեմադրել, որոնք էլի մնայուն չեն: Շատ կարճ ժամանակ հետո հանում են: Այսինքն` վատնվում են գումարներ անորակ ներկայացումների համար: Շատ կարևոր են թատրոն-պետություն հարաբերությունները: Թատրոնը կապ ունի՞ պետության հետ, թե` ոչ: Ազգային ոչ մի օպերա չբեմադրվեց, չվերանայվեց, չվերընթերցվեց: Այս վերջին տարիների ընթացքում հիմնական ոչինչ չարվեց:
— Կմանրամասնե՞ք:
— Առաջին հենց ամենակարևոր առիթն էլ Ալեքսանդր Սպենդիարյանի 150-ամյակն էր, բայց ոչինչ չարվեց` ո՛չ ձայնագրություն, ո՛չ բեմադրություն և այլն: Հետո Ալ. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնի 90-ամյակին նույնպես հիմնական ոչինչ չարվեց: Նույնիսկ Ալեքսանդր Թամանյանի 145-ամյակին որևէ համերգով չնշեցին տարեդարձը: Արամ Խաչատրյանի 120-ամյակին նույնպես ոչինչ չարվեց: Պետք էր մտածել, որևէ նոր բալետային բեմադրության մասին: Այս դեպքում էլ քաղաքապետարանը շատ մեծ գումար հատկացրեց: Եվ Թումոյի բակում արվեցին ներկայացումներ, բայց դա շոու էր արվեց, գնաց: Նոր բեմադրություն չեղավ ո՛չ «Գայանեն», ո՛չ «Սպարտակը», ո՛չ «Դիմակահանդեսը»: Լավ կլիներ, որ Արամ Խաչատրյանի որևէ ներկայացում լավ բալետմեյստերի ընթերցմամբ ներկայացում անեին: Անգամ կլոր տարեթվերը, որ պետք է նշվեին, ոչինչ չարվեց: Մենք պետք է մնայուն արժեք ներկայացնող բեմադրություններով հանդես գանք: Օպերային թատրոնը ներկայացնում է ազգային ժառանգությունը, բայց շատ հաճախ այն շփոթում են շոուի հետ: Դա նույն բանն է, ինչ Ազգային պատկերասրահը, ինչ Մատենադարանը կամ Էջմիածնի թանգարանը: Դրա համար արվեստի ամեն մի գործին պետք է լրջորեն մոտենալ: Դրանք մեր հոգևոր բարձրագույն արժեքներն են: Անգամ Օսմանյան կայսրության ժամանակ Չուխաջյանի մի քանի օպերաների մեջ կար և՛ քաղաքականություն, և՛ պատմական իրականություն:
Այսօր ես նույնպես մտածում եմ անդրադառնալ յուրովի, այսօրվա մտածելակերպով, քանի որ այդ բոլոր խնդիրներն այսօր ակտուալ են: Պատմությունը կրկնվում է: Խնդիրները մնացել են նույնը: 44-օրյա պատերազմից հետո այսօր շատ կարևոր է «Դավիթ Բեկը»: Նման գործերով պետք է ոգեշնչել ժողովրդին: Ես կարող եմ էլի օրինակներ բերել…..Օպերային թատրոնը միայն փող բերելու համար չի: Վերջին հաշվով ինքնախաբեություն է: Ես կուզեի դրա մասին ոչ թե խոսել, այլ գործել, որովհետև մեր առաքելությունը ստեղծագործելն է, այլ ոչ թե խոսելը: Երբ այս հարցով հանդիպեցի ԿԳՄՍ նախարար Ժաննա Անդրեասյանի հետ, նա շատ լավ հասկացավ խնդիրը: Եվ արդյունքում` ունեցանք այդ մրցույթը:
— Խոսակցություններ կան, որ գեղարվեստական ղեկավարի պաշտոնում Ձեզ են տեսնում: Եթե նման հնարավորություն լինի, կհամաձայնե՞ք:
— Իհարկե, որովհետև երկար տարիներ իմ մեջ արդեն կուտակվել է և՛ տարիների փորձը, և՛ ծրագրերը: Օպերային թատրոնում աշխատանքը չափազանց մեծ է: Պետք է վերանայվեն շատ կուտակված խնդիրներ: Արվեստում կան կարողներ և անկարողներ: Մենք պետք է կարողանանք տարբերել կարողներին անկարողներից: Եվ թատրոնի խնդիրներից ելնելով՝ նրանց ըստ արժանվույն վերաբերվենք և վերականգնենք թատերական անարդարությունը:
— Դուք խոսեցիք կարող և անկարող կադրերից: Կարեն Դուրգարյանի ժամանակ եղան արտիստներ, որոնք բողոքի ձայն էին բարձրացնում, որ իրենց հետ անարդար են վարվել, նույնիսկ դարձել են գործազուրկ: Ստացել ենք բողոք-նամակներ Օպերային թատրոնի աշխատակիցներից, որոնք բողոքում էին թատրոնում տիրող մթնոլորտից: Դուք երբ զբաղեցնեք գեղարվեստական ղեկավարի պաշտոնը, կրկին աշխատանքի կկանչե՞ք այն մարդկանց, որոնց հետ անարդարացի են վարվել:
— Իհարկե, անպայման կվերանայենք բոլոր կարող ուժերը: Եվ հետ կվերադառնան բոլոր նրանք, ովքեր որևէ անհիմն պատճառով հեռացվել են թատրոնից:
— Դուք ասացիք՝ շոուի վրա են փող աշխատում, բայց չէ՞ որ ճիշտ բեմադրությունների դեպքում Օպերային թատրոնը նաև եկամտաբեր կլինի մեր երկրի համար:
— Այսպես թե այնպես Օպերային թատրոնը եկամուտ չհետապնդող կառույց է: Եվ իհարկե թատրոնը շահագրգռված է ունենալ ավել շահույթ, որպեսզի կարողանա ավելի զարգացնել իր ծրագրերը: Բայց ոչ թե, որ դա լինի ինքնանպատակ: Մեր խնդիրն է վերականգնել թատրոնի ստեղծագործական վիճակը: Մենք արվեստի բնագավառում անասելի դժվարություններ ունենք և միևնույն ժամանակ փայլուն ապագա: Եթե, իհարկե, ցանկություն լինի խնդիրները լուծելու: Քանի որ ես հիմա զարմացած եմ այն գաղափարի վրա, որ Օպերային թատրոնին վերաբերում են տոմսերի վաճառքով, իսկ դա ամենամեծ թյուրիմացությունն է: Իհարկե՝ լավ արվեստը շատ եկամուտ կունենա, քանի որ մենք նախընտրում ենք գնալ արժեքավոր` օսկարակիր ֆիլմ կամ «Ոսկե դիմակ» ստացած ներկայացում դիտելու: Իսկ դա ամենակարևորն է, և այն է, ինչի մասին մենք պետք է մտածենք:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=260975&l=am/