Ցավակցում ենք Սերգո Երիցյանի ընտանիքին, ընկերներին եւ ներկայացնում «Իրավունքի» հետ նրա վերջին հարցազրույցը

Մշակութային

Խոր ցավով տեղեկացանք, որ մահացել է հեռուստալրագրող, Ազգային ժողովի նախկին պատգամավոր, Գիտության ու կրթության նախկին նախարար, Լեզվի կոմիտեի նախկին նախագահ, «Լոռվա ձոր» հայրենակցական միության նախագահ, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԸ։ «Իրավունքի» խմբագրական անձնակազմը ցավակցում է նրա ընտանիքին, ընկերներին ներկայացնում նրա հետ մեր վերջին հարցազրույցը:

«Իրավունքը» զրուցել է Հայաստանի ժուռնալիստների միության անդամ, հեռուստալրագրող, բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր ՍԵՐԳՈ ԵՐԻՑՅԱՆԻ հետ:

— Դուք հանրությանը հայտնի եք նաեւ Ձեր «Կարծիք» հաղորդաշարով, որտեղ անդրադառնում էիք գյուղական խնդիրներին, երկրի մշակութային կյանքին,  տարբեր ոլորտների դժվարություններին: Այսօր կա՞ն նման հաղորդաշարեր:

— 1992 թվականի հունվարի 26–ին, երբ եթեր հեռարձակվեց մեր «Կարծիքի» առաջին հաղորդումը, այն ժամանակ մեր առջեւ հստակ խնդիր էինք դրել, որ մեր հաղորդաշարը պետք անդրադառնա երկրում առկա ցանկացած երեւույթի, հիմնախնդրի, դժվարությունների եւ դրանց վերլուծությանը: Եվ ամենակարեւորը՝ թեմայի ներկայացումը թողնում էինք այդ բնագավառի գիտակ ու դրա դժվարություններով հետաքրքրված մարդկանց, եւ իրենք էին ներկայացնում իրենց կարծիքները, տեսակետները, ուրախությունները եւ դժվարությունները: Այսինքն՝ մենք ազատ խոսքի ամբիոն էինք տալիս բոլոր այն մարդկանց, ովքեր ասելիք ունեին…

— Կկիսվեք՞ մեր ընթերցողների հետ որեւէ դիպվածով՝ կապված այդ տարիների նկարահանումների հետ:

— Այո, իհարկե… Մի անգամ գյուղերից մեկում՝ հերթական նկարահանումների ժամանակ, մի մարդ, որը գյուղամիջում մի փոքր հեռու էր կանգնած այն տեղից, որտեղ տեղի էր ունենում մեր տեսագրությունը, այնտեղից ձայն տվեց . «Պարոն Երիցյան, ինչ–որ մարդիկ հիմա խոսում են, ու դու տեսագրում ես, կտանես, կջնջես, կմոնտաժես եւ գրեթե ոչինչ, ինչ ասել են այստեղ, եթեր չես տա»: Ես նրան ասացի. «Մեր հաղորդաշարը երբեք սուր ասելիքը, մտահոգությունը չի մոնտաժում: Ա՛յ, հիմա դու ինչ ուզում ես ասա եւ հետո կփորձես քո օրինակով համոզվել` քո խոսքերը, քո մտքերը եթեր տրվո՞ւմ են, թե՝ ոչ»: Այդ մարդը, բնականաբար, արտահայտվեց այն ամենի մասին, ինչ ցանկանում էր, եւ դա եթեր գնաց, որովհետեւ մեր եթերի սկզբունքն այն էր, որ ցանկացած սուր ասված խոսք (բացի հայհոյանքից, մեղադրանքից, ծաղրուծանակից) եթեր էր տրվում: Եվ դա զարմանալի չէր, որովհետեւ բացախոսական մոտեցումները հանրային կյանքի բոլոր բնագավառների հետ կապված մեր հաղորդաշարի հիմքն էին կազմում: Մեր հաղորդաշարը գործեց քսանմեկ տարի: Այն Հանրային հեռուստատեսության ամենաերկարակյաց հաղորդաշարերից մեկն էր, չնայած` ես ստիպված էի հաղորդաշարը տասնմեկ տարի վարել, քանի որ նշանակվել էի ՀՀ կրթության եւ գիտության նախարար, եւ այդ պաշտոնն արդեն այն հնարավորությունը  չէր տալիս, որ վարեի հաղորդաշարը, բայց շարունակողները՝ ի դեմս Հրաչյա Պապինյանի եւ մեր ստեղծագործական խմբի մյուս անդամների՝ Սամվել Գալստյանի եւ մյուսների, պահպանեցին հաղորդաշարի գործելակերպը եւ սկզբունքները` անկողմնակալ եւ համարձակ կերպով ցույց տալով ու ներկայացնելով հանրությանը իրենց իսկ հուզող խնդիրները:

— Հաղորդաշարն ուներ նաեւ մշակութային ուղղվածություն: Ի՞նչ կասեք այս մասին:

— Այո, հաղորդաշարում կար նաեւ մշակութային հիմնախնդիրների պարբերական լուսաբանում: Օրինակ՝ այսօրվա պես հիշում եմ 1990–ական թվականներն էին, երբ  մենք Թումանյանի ծննդյան օրվա առթիվ հավաքվել էինք Օպերայի հայելապատ դահլիճում, որին մասնակցում էին մեր ազգի մեծերը՝ Սիլվա Կապուտիկյան, Տիգրան Լեւոնյան, Լեւոն Հախվերդյան, Հրաչյա Հովհաննիսյան, Հրաչյա Մաթեւոսյան եւ էլի շատ ու շատ անվանի դեմքեր: Այդ օրը ոչ միայն մեծն Թումանյանի ծնունդն էինք ոգեկոչում, այլեւ քննարկում՝ «արդյո՞ք այսօր հոբելյաններ նշելու ժամանա՞կն է» հարցադրումը: Բավականին հետաքրքիր, պարզ ու անկեղծ քննարկում ստացվեց: Եվ դրանից հետո մենք հայոց մեծերի հոբելյանների ոգեկոչումներ ունեցանք: Բայց այսօր  կարող ենք եւ մոռանալ մեր մեծություններին եւ չնշել նրանց հոբելյանը: Օրինակ՝ օգոստոսի 16–ին լրանում է Վահագն Դավթյանի 100–ամյակը, բայց պետական, կառավարական հանձնաժողով դեռեւս չի կազմվել: Չէ՞ որ մենք պարտավոր ենք հիշելու մեր մեծերի հոբելյանը: Նման տարբեր մշակութային թեմաների էր անդրադառնում «Կարծիքը»:

 — Դուք 1995 թվականից Ազգային ժողովի պատգամավոր  էիք եւ միաժամանակ «Կարծիք» հաղորդաշարի հեղինակ եւ վարող: Հաղորդաշարի ներկայացրած հիմնախնդիրները Ազգային ժողովի հարթակում բարձրաձայնո՞ւմ էիք:

 — Այո, եթե լինում էր դրա անհրաժեշտությունը, անդրադառնում էինք այն կարեւոր խնդիրներին, որոնց լուծումը նորանկախ պետությունը դեռեւս չուներ: Այդ տարիներին նոր էինք ազատվել ղարաբաղյան առաջին պատերազմի դժվարություններից եւ մեզ պետք էր Տավուշի, Նոյեմբերյանի հատվածի դպրոցների, մշակութային կյանքի եւ այլնի հետ կապված համապետական ծրագիր ու խնդիրների լուծումներ ունենալ: Մեր հաղորդաշարը փորձում էր վեր բարձրացնել հասարակական կարծիքը եւ հարկ եղած դեպքում դառնալ ակտիվ կապ՝ պետության, կառավարության, Ազգային ժողովի եւ հանրության միջեւ: Այսինքն` դժվարին լուծումներ ունեցող հարցերն ու խնդիրները, որ բարձրացնում էր հաղորդաշարը, կարող էր տեղափոխվել եւ Ազգային ժողովի ամբիոն: Եվ նաեւ կար հաջորդ հնարավորությունը՝ օրենքի, օրենսդրական փոփոխությունների միջոցով լուծումներ տալ այդ բարձրացված հիմնախնդիրներին: Այսինքն՝ այդ առումով «Կարծիքը» եզակի հաղորդաշար էր: Հանրային բազմակարծությունը պետք է լինի մեր հեռուստաընկերությունների գործունեության հիմնաքարը:

— Ձեր գնահատմամբ` մշակութային առումով այսօր կա՞ն «Կարծիքի» նման  անդրադարձներ:

— Կա որոշակի ուղղորդված տեղեկատվություն եւ վերջ: Երբեմն սյուժեներ են լինում, բայց ավելի տեղեկատվական բնույթի, անդրադարձներ ինչ–ինչ իրադարձություններին, բայց այս ամենի մեջ չկա փորձ ներկայացնելու դժվարությունները, հիմնախնդիրները: Պարզապես կա ինչ–որ իրադարձության անդրադարձ, լուսաբանում: Ի վերջո, լրագրողը պետք է ունենա լսելու կարողություն եւ վերլուծելու ունակություն:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

 

https://iravunk.com/sim/?p=258781&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը