«Երբեք ուշ չէ սիրելու, կյանքը վայելելու համար». ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆ
Մշակութային
Հայաստանի թատերական գործիչների միության նախագահ, Հ. Պարոնյանի անվ. երաժշտական կոմեդիայի պետական թատրոնի գլխավոր ռեժիսոր Հակոբ Ղազանչյանը վերջերս է վերադարձել Թբիլիսիից, որտեղ Շոթա Ռուսթավելիի անվան Ազգային թատրոնում բեմադրել է Մարո Մադոյան-Ալաջաջյանի «Ապրի՛ր, քանի դեռ ապրում ես» պիեսը: Այս առիթով «Իրավունքը» զրուցել է ՀԱԿՈԲ ՂԱԶԱՆՉՅԱՆԻ հետ:
— Պարոն Ղազանչյան, ինչպե՞ս որոշեցիք նոր բեմադրությամբ հանդես գալ Շոթա Ռուսթավելու անվան թատրոնում:
— Դեռևս պանդեմիայից առաջ Շոթա Ռուսթավելու թատրոնից բեմադրելու հրավեր էի ստացել: Չորս ամիս առաջ թարմացվեց այդ առաջարկը: Առաջարկեցի Մարո Մադոյան-Ալաջաջյանի «Ապրի՛ր,քանի դեռ ապրում ես» պիեսը: Պիեսը՝ Լոս Անջելեսում ապրող հայերի մասին է, որը անվանի թարգմանիչ Գելա Գելաշվիլին թարգմանեց վրացերեն և տեղայնացրեց: Մեկ գործողությամբ տխուր կատակերգությունում ընդգրկված են լեգենդար թատրոնի հանրահայտ ու սիրված դերասաններ: Օգտվելով առիթից, որ գտնվում եմ Թբիլիսիում, այդ նույն ներկայացումը առաջարկեցի բեմադրել Թբիլիսիի Պետրոս Ադամյանի անվան դրամատիկական հայկական թատրոնում: Թատրոնի ղեկավարությունը սիրով համաձայնեց: Այնտեղ, զուգահեռաբար, արեցի պիեսի օրիգինալ տարբերակը: Առաջնախաղը Շոթա Ռուսթավելու անվան թատրոնում կայացավ հունիսի 2 և 3-ին, իսկ Պետրոս Ադամյանի անվան դրամատիկական հայկական թատրոնում` հունիսի 4-ին:
— Վրացի հանդիսատեսն ինչպե՞ս ընդունեց ներկայացումները:
— Երկու դեպքում էլ ներկայացումները շատ լավ ընդունելության արժանացան, ինչի համար շատ ուրախ եմ: Ռուսթավելու անվան թատրոնում ներկայացումը խաղացին նաև հունիսի 9-ին: Ներկայացման մասնակիցներն ինձ գրեցին, որ այն անցել է լեփ լեցուն դահլիճում:
— Ո՞րն է պիեսի ուղերձը:
— Պիեսում բախվում են տարբեր ճակատագրեր, կենսագրություններ, մերթընդմերթ առկայծում են տարեցների ուշացած սիրո պատմություններ: Կարճ ասած՝ ներկայացումը սիրո մասին է, այն մասին, որ երբեք ուշ չէ սիրելու և սիրվելու համար: Գլխավոր ուղերձը, որ հղվում է հանդիսասրահ, հենց վերնագիրն է՝ «Ապրիր, քանի դեռ ապրում ես»:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=258095&l=am/