Լավատեսությունս շոշափելիորեն կաղում է՝ պայմանավորված իմ անդավաճան իրատեսությամբ. ԿԱՐԻՆԵ ՌԱՖԱՅԵԼՅԱՆ
Մշակութային
Լույս է տեսել գրող, հրապարակախոս, թարգմանիչ, ՀԳՄ անդամ, Ժուռնալիստների միության անդամ ԿԱՐԻՆԵ ՌԱՖԱՅԵԼՅԱՆԻ գիրքը, որին նա տվել է խորհրդավոր անվանում`«Մենիկ»: Այս առիթով էլ զրուցեցինք Կարինե Ռաֆայելյանի հետ:
— «Մենիկ» անվանումն ինչո՞վ էր պայմանավորված:
— Մենիկը՝ մայրիկիս երկրորդ (թերևս, առաջին)՝ Մելանյա անվան կրճատ ձևն է: Այդպես են նրան կոչել ընտանիքի անդամները, մերձավորները մինչև կյանքի այն շրջանը, երբ մարդը «փաստաթղթավորվում է». սա այն տարիներին ոչ հազվադեպ հանդիպող երևույթ է եղել, չգիտես՝ ինչու: Դպրոցի ավարտական վկայականը ստանալու շեմին ծնողները հասկացել են, որ պետք է իրենց դստերն այլևս դիմեն այն անունով, որը նշված է ծննդյան վկայականում՝ բացառելու համար հնարավոր որևէ շփոթ-թյուրըմբռնում: Երբ ինձ հանդիպում էին մայրիկիս մանկության, պատանեկության տարիների ընկերները, հարևանները, հարցնում էին. «Մենիկի աղջի՞կն ես»: Շատերը չէին էլ ընկալում մորս Սիրանուշ անվամբ: Այսպես…
— Ո՞րն էր գրքի ասելիքը:
— Որևէ գրքի (մանավանդ՝ գեղարվեստական) չի կարելի վերագրել միագիծ, ինչ-որ սահմաններում որոշակիացող ասելիք: Ամեն ընթերցող գտնում է իրեն հետաքրքրող-հարկավոր ասելիքը: Երբեմն այն նույնիսկ տարբեր է լինում հեղինակի գտած-մատուցածից: Օրինակ՝ գրքիս հարգարժան խմբագիրը՝ Նորայր Ադալյանը, իր առաջաբանում այնպիսի դիտարկումներ է արել պատմվածքներիս մասին, որ ես հաճելիորեն զարմացել եմ, անչափ հուզվել այդ ծանրակշիռ վաստակի տեր մտավորականից նման վերաբերմունքի արժանանալու համար: Եվ առհասարակ, այն, որ իմ գիրքը բացվում է Նորայր Ադալյանի խոսքով, արդեն մեծ պատիվ ու պատասխանատվություն է ինձ համար: Այս գրքում, որն ամփոփում է վերջին տարիներին գրածս պատմվածքները, բազմաշերտ ապրումներ կգտնեք: Չէ՞ որ մեր իրականությունն այնքա՜ն է փոխվել, այնքա՜ն անխնա են մեզ ձաղկել ժամանակը, հանգամանքները, որ երեկվա, այսօրվա, վաղվա պատմությունները միևնույն հարթության մեջ չես տեղավորի: Եվ եթե անգամ ներկայիս մղձավանջից փորձում ես փախչել դեպի անցյալ, մերձենալ քո և նախնիներիդ արմատներին, միևնույնն է, գրիդ մեջ տրոփում է այսօրվա ցավը, որն անափ է, անհաղթահարելի՝ գիտակցական, ենթագիտակցական ու մնացած բոլոր մակարդակներում: Չի բացառվում, որ ինքնապաշտպանական բնազդի նման մի բան արթնացավ իմ մեջ, երբ որոշեցի հենց հիմա ի մի բերել տարաբնույթ գրվածքներս և հրատարակել միաժամանակ երկու գրքով (երկրորդը լույս կտեսնի մի քանի օրից). սա յուրատեսակ փախուստ է, գուցե, մեզ պատուհասած համազգային աղետից, այն չավարտվող մահաշարից, որի տեղապտույտից դուրս գալու ուղիները, ավա՛ղ, խարխափուն են առայժմ: Թող տպավորություն չստեղծվի, թե ես թույլ, ընկճվող մարդ եմ: Ո՛չ: Պարզապես այս պահին լավատեսությունս շոշափելիորեն կաղում է՝ պայմանավորված իմ անդավաճան իրատեսությամբ: Բայց շտապեմ տխրեցնել մեր այսօրվա համազգային մղձավանջի ինժեներներին (թե՛ ներսի, թե՛ դրսի). դուք անզոր եք ինչ-որ բան փոխելու Աստծու ծրագրերում: Իսկ Աստված ունի այդպիսիք՝ մեզ հետ կապված, ու դրանք նյութականանալու են անպայման՝ առանց ձեզ ու ձեր խաթար ձևակերպումների:
— «Մենիկին» հաջորդելու է գալիս «Փոխատեղումներ» ժողովածո՞ւն:
— Այո՛: «Փոխատեղումներ» ժողովածուն բաղկացած է երեք բաժնից: Առաջինում ամփոփված են իմ գրականագիտական հոդվածները՝ գրված 1986 թվականից մինչ այսօր: Երկրորդ բաժնում Ռուբեն Անգալադյանի խոհագրությունների ռուսերեն բնագրերից կատարված թարգմանություններն են: Երրորդում՝ 1990 թվականից մինչ օրս իմ արած հարցազրույցներն են մեր անվանի արվեստագետների, գրողների հետ, որոնցից շատերն արդեն երկնային տիրույթում են. ինձ համար (և շատերի) թանկ անուններ կան այստեղ՝ Համո Սահյան, Էդվարդ Միրզոյան, Աղասի Այվազյան, Մկրտիչ Սարգսյան, Արամ Ղարաբեկյան, Ալբերտ Մկրտչյան, այլք: Ի դեպ, դեռ 90-ականներին և 2000-ականների սկզբին այս մարդիկ հուշում-ահազանգում էին այն պատուհասի մասին, որին մենք հասել ենք այսօր: Եթե լսեինք նրանց, այդքան խելապատառ չէինք նետվի գլոբալիզացիա կոչվածի գիրկն ու մեր ուսերին չէինք առնի «լայնախոհ, հանդուրժողական, մարդասեր» աշխարհաքաղաքացու պատմուճանը, կուրորեն չէինք տարվի օտարածին «հմայքներով»՝ լքած մեր ինքնության, մեր տեսակի բացառիկ անդաստանը: Այս հարցազրույցներից շատերը պետք է կարդալ իբրև խրատանի, կարդալ և անսալ դրանցում ասված խոսքին: Թե չէ կշարունակենք կորցնել, պարտվել, ինքնադավաճանվել՝ ուրախացնելով (առա՛յժմ) մեր թշնամուն ու նրա խամաճիկներին:
Այլ ժամանակներում երևի թե միայն արվեստագետներին առնչվող նյութերը հրատարակելով կսահմանափակվեի, բայց վերջին երեք տարիներին ինձ համար թիվ մեկ կարևորության անձինք Հայրենիքի պաշտպանության առաքելությունն ստանձնած զինվորյալներն են, որոնց մենք պարտական ենք ամեն ինչով՝ սկսած մեր ֆիզիկական գոյությունից: Ուստի, ես տասնամյակների հեռվից հայացք գցեցի իմ արխիվին և այնտեղից դուրս բերեցի Արցախյան առաջին պատերազմի հերոս, դիպուկահար Վիկտոր Սաղաթելյանի մասին պատմող ակնարկը, որով սկսեցի մամուլի հրապարակումների ենթաբաժինը և ավարտեցի այն իր ու մեր Արցախ-հայրենիքն այսօր քաջաբար պաշտպանող նրբագույն բանաստեղծ Բորիկ Բաղդասարյանի հետ հարցազրույցով: Ի դեպ, գիրքն արդեն հավաքված էր, երբ ես հարցազրույց արեցի Բորիկի հետ և հրապարակեցի Ardi.am կայքում: Շնորհակալ եմ «Նուռ» հրատարակչության պատասխանատուներին, որ հասկացան ինձ, էջեր հավելեցին արդեն պատրաստ շարվածքին, և գիրքս ամփոփվեց այդ պայծառ հայորդու կերպարով:
Թեև այս գիրքը մասնագիտական ուղղվածության է և բազմաշերտ (այստեղից էլ վերնագիրը՝ «Փոխատեղումներ»), այդուհանդերձ, այն հաստատապես կհետաքրքրի յուրաքանչյուր գրագետ մարդու:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=257956&l=am/