«Տաղանդավոր ազգ ենք, բայց մեզ մոտ ամեն ինչ ավարտվում է անցյալի մասին կենացներով».ԱՐԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆ
Մշակութային
«Իրավունքը» զրուցել է Առնո Բաբաջանյանի որդու, «Առնո Բաբաջանյան հիշատակի» հիմնադրամի նախագահ ԱՐԱ ԲԱԲԱՋԱՆՅԱՆԻ հետ:
— Առնո Բաբաջանյանի և Արամ Խաչատրյանի առաջին ծանոթությունն ինչպե՞ս է եղել:
— Նրանց ճանապարհներն առաջին անգամ միմյանց հատվեցին, երբ հայրս նոր էր առաջին քայլերն անում երաժշտության ասպարեզում: Հայրս պատմում էր, երբ նա դեռ փոքր երեխա էր, Արամ Խաչատրյանին հրավիրել էին Երևան՝ ընտրելու տաղանդավոր երեխաներին: Նա մտնում է այն մանկապարտեզ, որտեղ լինում է նաև հայրս և, լսելով նրա երգը, ստուգելով երաժշտական լսողությունն, ասում է. «Այս երեխան անպայման պետք է երաժշտությամբ զբաղվի»: Հայրս քանի որ փոքր էր, չգիտեր՝ ով է իր երաժշտական ընդունակությունները ստուգողը: Այդ օրվանից անցնում են տարիներ: 1937-1938 թվականներին մի մրցույթի ժամանակ ծանոթանում է Արամ Խաչատրյանի հետ: Եվ հիշում այդ պատմությունը: Հետագայում Արամ Խաչատրյանն իր մասնակցությունն է ունենում հայրիկիս ստեղծագործական կյանքի մեջ: 1938 թվականին նրա խորհրդով հայրս գնում է ընդունվելու Մոսկվայի կոնսերվատորիա : Բայց, ցավոք սրտի, նրան չեն ընդունում, որովհետև այդ ժամանակ նրա մոտ Երևանի կոնսերվատորիայի ուղեգիր չի լինում: Արամ Խաչատրյանը խորհուրդ է տալիս հայրիկիս՝ դիմել Գնեսինների անվան ռուսական երաժշտական ակադեմիա: Նրանք միասին գնում Գնեսինի մոտ, որը ղեկավարում էր այդ հաստատությունը: Վերջինս լսելով, թե ինչպես է Առնո Բաբաջանյանը նվագում, նրան միանգամից երրորդ, թե չորրոդ կուրս է ընդունում: Գնեսինն ավարտելով՝ նոր միայն հայրս ընդունվում է Մոսկվայի կոնսերվատորիան:
— Ի՞նչ հիշողություններ կան՝ նրանց մտերմության հետ կապված:
— Երբ Արամ Խաչատրյանը Երևանում էր, մի աշուղ ստեղծագործություններ էր առաջարկում, Արամ Խաչատրյանն էլ անընդհատ լսելով, ասում էր` հաջորդը, հաջորդը: Հետո հերթը հասավ Սայաթ-Նովայի «Քանի վուր ջանիմ» ստեղծագործությանը, նա չընդհատեց, լսեց մինչև վերջ և ասաց՝ «Առնո, ինչ հանճարեղ է գրված»: Եվ երբ հորս ասացին, որ Արամ Խաչատրյանը մահացել է, նա այդ ժամանակ գտնվում էր դաշնամուրի մոտ, հիշեց այդ պատմությունը և, ի հիշատակ Արամ Խաչատրյանի, այն վերածեց երաժշտության: Դրանով կարծես թե իր հարգանքի տուրքը տալով Արամ Խաչատրյանին` իր երաժշտական դաստիարակին և մեծ ընկերոջը:
— Ընտանիքներով միմյանց հյուր գնո՞ւմ գալիս էիք:
— Այո, իհարկե: Մենք Արամ Խաչատրյանի հարևանությամբ էինք ապրում: Միմյանց հյուր էինք գնում գալիս: Նա էր հրավիրում մեզ հյուր, մենք էինք նրան հյուր հրավիրում: Մայրս Արամ Խաչատրյանի կնոջ հետ ընկերուհիներ էին և Արամ Խաչատրյանի որդուն` Կարեն Խաչատրյանին դաշնամուր է դասավանդում:
— Կան հանճարներ, որոնք ֆենոմեն են, այնպիսին, ինչպիսին Արամ Խաչատրյանը, Ալեքսանդր Սպենդիարյանը, Առնո Բաբաջանյանը այսօր Հայաստանում չենք հանդիպի: Ըստ Ձեզ՝ այսօր ինչո՞ւ չկան նրանց նման հանճարներ:
— Ամեն ժամանակաշրջան ծնում է իր հանճարներին, բայց հիմա այն ժամանակը և այն պետությունը չէ, որպեսզի նման հանճարներ ի հայտ գան: Անկասկած, մենք տաղանդավոր ազգ ենք, բայց մեզ մոտ ներկա պահին ամեն ինչ ավարտվում է անցյալի մասին կենացներով: Ներկայում չկան այն պայմանները, որպեսզի նման մարդիկ ասպարեզ գան: Ցավոք սրտի, մեր ներկա վիճակը ծնում է այն, ինչ-որ մենք հիմա ունենք:
— Կրթական համակարգն ունի՞ նշանակություն:
— Անշուշտ, ունի: Ասում են՝ Սովետական Միության տարիներին մտավորականներին հալածում, հետևում էին, բայց պետք է հաշվի առնենք այն փաստը, որ սովետական կրթական համակարգն այն աստիճանի վրա էր, որ գիտնականները, երաժիշտները, արտիստները մեծ արդյունքների էին հասնում՝ ի շնորհիվ բոլորին հասանելի լավ, բազմակողմանի կրթության: Մինչև հիմա գիտական հետազոտություններն արվում են սովետական կրթություն ստացած մարդկանց կողմից, որոնք 50 կամ 50-ից բարձ տարիքի են: Ինչո՞ւ, որովհետև 1930 թվականից հետո գիտության, մշակույթի նկատմամբ մեծ ուշադրություն կար: Այն ժամանակ կոմպոզիտորի, մարզիկի կամ արտիստի նկատմամբ մեծ հարգանք կար, իսկ հիմա փոխվել է արժեհամակարգը:
— Հայաստանում մեծություններին պետական մակարդակով գնահատո՞ւմ են:
— Առնո Բաբաջանյանի 100-ամյա հոբելյանական տարին մենք մեծ շուքով նշեցինք ամբողջ ՌԴ-ում, արտերկրում, իսկ Հայաստանում սառը վերաբերմունք ցուցաբերեցին: Վալերի Գերգիևը, որը «Առնո Բաբաջանյան հիշատակի» Ֆոնդի ներկայացուցիչն է՝ ի հիշատակ Ալեքսանդր Հարությունյանի, Առնո Բաբաջանյանի, Սարյանի, Էդուարդ Միրզոյանի իր նվագախմբով Մոսկվայում համերգային ծրագրով հանդես եկավ: Իսկ Հայաստանի մշակույթի նախարարությունը եղած-չեղած մի հաշիվ է: Լավ է, որ գոնե Արամ Խաչատրյանի հոբելյանը նշեցին: Արամ Խաչատրյանի 120-ամյակը նշում են ոչ միայն Հայաստանում, այլև՝ ողջ աշխարհում:
— «Առնո Բաբաջանյանի հիշատակի» ֆոնդը, Արամ Խաչատրյանի հոբելյանի հետ կապված, որևէ նախաձեռնություն ունի՞:
— Այո, Արամ Խաչատրյանի ծննդյան օրվա առթիվ «Առնո Բաբաջանյան հիշատակի» հիմնադրամի և ՌԴ Պերմի «Հայկական կենտրոնի» ջանքերով մայիսի 25-ին Պերմի թիվ 1 դպրոցը անվանվեց Արամ Խաչատրյանի անվամբ:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=257597&l=am/