Հոբելյանական միջոցառումներ` Արամ Խաչատրյան տուն-թանգարանի մասնակցությամբ
Մշակութային
Հունիսի 6-ին լրացավ մեծանուն կոմպոզիտոր, համաշխարհային դասական Արամ Խաչատրյանի 120-ամյակը: Տարին հոբելյանական է: Եվ այս առիթով զրուցեցինք Արամ Խաչատրյանի տուն-թանգարանի տնօրեն, Երևանի պետական կոնսերվատորիայի պրոֆեսոր, միջազգային մրցույթների դափնեկիր, Արամ Խաչատրյանի անվան տրիոյի դաշնակահարուհի ԱՐՄԻՆԵ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:
— Թանգարանն ինչպե՞ս է նախապատրաստվել Արամ Խաչատրյանի հոբելյանական տարվան:
— Հոբելյանական տարին թանգարանը սկսել է հունվար ամսից և տևելու է մինչև տարվա ավարտը: Բազմաթիվ միջոցառումներ արդեն տեղի են ունեցել: Հրատարակում ենք Արամ Խաչատրյանի «Նամականու» անգլերեն տարբերակը: Եվ հունիսի 12-ին Արամ Խաչատրյանի տուն-թանգարանում տեղի կունենա «Նամականու» շնորհանդեսը: Նաև ԿԳՄՍ նախարարության միջոցով պատրաստվում ենք հրատարակելու անգլալեզու «Արամ Խաչատրյանի»պատկերազարդ ժողովածուն: Ունենք անակնկալներ և նորույթներ թանգարանի ցուցասրահներում այցելուների համար: Այնուհետև սեպտեմբեր ամսին միջազգային կոնֆերանս ենք պատրաստվում կազմակերպել: Տարվա կտրվածքով ունենք բազմաթիվ համերգներ, թե՛ Հայաստանում և թե՛ Հայաստանից դուրս` Խաչատրյան տրիոյի կազմով: Թանգարանը հանդես եկել է, և դեռ կշարունակվեն ցուցահանդեսները: Աշխարհի հետաքրքրությունն Արամ Խաչատրյան մեծության և իր հոբելյանի հանդեպ շատ մեծ է:
— Ի՞նչ կասեք Արամ Խաչատրյան ֆենոմենի մասին:
— Ճիշտ է, Արամ Խաչատրյանը ֆիզիկապես մեր կողքին չէ, բայց միևնույնն է, մեզ հետ է, որովհետև նրա հարուստ ժառանգությունը մեզ ուղեկցում է ամենուր և ամեն օր: Թանգարանում անընդհատ զգում ենք մեր մեծ մաեստրոյի ներկայությունը: Իսկ այն ժառանգությունը, որը թողել է մեզ Արամ Խաչատրյանը, դրանով կարելի է գիտակցել, որ նա աշխարհի ամենամեծ ու ամենաճանաչված հայն է, ով տարբեր երկրներում հանդես է եկել՝ որպես հայ մշակույթի դեսպան: Նա այցելել է 55-ից ավել երկրներ: Ընդ որում՝ եղել են երկրներ, որտեղ ելույթ է ունեցել մի քանի անգամ: Եվ մինչ այսօր իր ստեղծագործությունների միջոցով ամբողջ աշխարհը ճանաչում է թե՛ հային որպես կերպար և թե՛ հայկական մշակույթը:
Արամ Խաչատրյանը քաջ գիտակցում էր, որ մեծ առաքելությամբ է եկել այս աշխարհ: Եվ դեռ երիտասարդ տարիքում` ուսանողական տարիներին ասում էր, որ եկել է երաժշտության ասպարեզ, որպեսզի հայկական երաժշտությունը, հայկական հոգին, ռիթմը հասանելի դարձնի ողջ աշխարհին: Եվ փայլուն ձևով նա այդ առաքելությունն իրականացրեց:
— Տուն-թանգարան շա՞տ են այցելուներ են գալիս:
— Թանգարանի այցելուները, իհարկե, բազմաքանակ են, բայց մենք միշտ աշխատում ենք այն ուղղությամբ, որպեսզի էլ ավելի հետաքրքրացնենք թանգարանի ցուցադրությունները ոչ միայն Հայաստանի, այլ նաև օտարերկրյա զբոսաշրջիկների համար: Շատ զբոսաշրջիկներ, այցելելով Հայաստան, առաջին հերթին փնտրում են Արամ Խաչատրյանի տունը` ճանաչելով և սիրելով նրա երաժշտությունը: Մենք անընդհատ հետադարձ կապի մեջ ենք թանգարանի այցելուների հետ, որ այդ կապն էլ ավելի ամրանա:
— Այցելուներն ամենաշատը ո՞ր անկյունում են ավելի շատ լինում:
— Իհարկե, հուշային մասը շատ մեծ հետաքրքրություն է առաջացնում, որտեղ պահվում են նրա անձնական, ընտանքի, մոտ բարեկամների հետ կապված իրերը, հագուստները: Իր անձնական ռոյալը, որը թանգարանի ամենաարժեքավոր իրերից է: Այլ երաժշտական գործիքներ, որոնք կապված են մեծանուն կոմպոզիտորի կյանքի և գործունեության հետ: Եվ, իհարկե, շատ մեծ հետաքրքրություն են առաջացնում Արամ Խաչատրյանի ձեռագրերը, որոնք 2013 թվականին գրանցվել են ՅՈՒՆԵՍԿՕ-ի «Աշխարհի հիշողություն» ծրագրում: Գործընթացը սկսվել էր դեռևս 2010 թվականին, երբ Մշակույթի և արտաքին գործերի նախարարությունների առաջարկով տուն-թանգարանը ՅՈՒՆԵՍԿՕ-ին ներկայացրեց իր արխիվում և Արամ Խաչատրյանի որդու մոտ պահվող ձեռագրերը: Գործընթացը շատ ծավալուն էր: Սա շատ կարևոր է մեզ համար: Այս փաստը վկայում է այն մասին, որ Արամ Խաչատրյանն ունի միջազգային մեծ համբավ:
— Մեծ չէ՞ պատասխանատվությունը՝ նման հանճարի տուն-թանգարան ղեկավարելը:
— Իհարկե... Ես, որպես թանգարանի տնօրեն, մեծ պատասխանատվություն եմ կրում, բայց թանգարանի այլ աշխատակիցներն էլ են կրում այդ պատասխանատվությունը: Եվ այն մեծ հաճույքը, որ զգում են, շփվելով հանճարեղ մարդու անձնական իրերի հետ, արտահայտում են իրենց աշխատանքի մեջ:
— Արամ Խաչատրյանի իրերի հետ կապված՝ ի՞նչ պատմությունով կկիսվեք մեր ընթերցողների հետ:
— Բազմաթիվ են նման իրերը: Նրանցից ամեն մեկն իր հետաքրքիր պատմությունն ունի:
— Այդ ամենից առանձնացրեք մեկ պատմություն:
— Շատ հետաքրքիր պատմություն կա՝ կապված Արամ Խաչատրյանի մի դիմանկարի հետ, որը ցուցադրված է թանգարանում: Դա Էդմոն Այվազյանի կողմից ստեղծված դիմանկարն է, որը ստեղծել է 1957 թվականին Լոնդոնում, երբ Արամ Խաչատրյանը համերգային շրջագայության էր մեկնել Անգլիա: Նա շատ պատասխանատու համերգով պետք է հանդես գար: Էդմոն Այվազյանն այն ժամանակ երիտասարդ, տաղանդավոր նկարիչ էր, որը մոտենում է մաեստրոյին խնդրանքով, որպեսզի մաեստրոն բնորդը լինի իր ապագա նկարի համար: Նա մերժում է նկարչին, ասելով, որ ազատ ժամանակ չունի` համերգի է պատրաստվում: Եվ Էդմոն Այվազյանն այդ խնդրին հետաքրքիր լուծում է տալիս: Նստելով մի անկյունում՝ էսքիզներ է ստեղծում, և երբ համերգի ավարտը մոտենում է, ցույց է տալիս պատրաստի դիմանկարը, Արամ Խաչատրյանը ապշած է մնում: Այդ հրաշալի դիմանկարը Էդմոն Այվազյանը նվիրում է երջանկահիշատակ կաթողիկոս Վազգեն Առաջինին, որը Արամ Խաչատրյանի մտերիմ բարեկամն էր: Կաթողիկոսն էլ իր հերթին 1984 թվականին թանգարանի բացման առիթով այն հանձնում է թանգարանին:
— Ըստ Ձեզ՝ այսօր ինչո՞ւ չունենք Արամ Խաչատրյանի նման մեծություն:
— Հանճարները ծնվում են այն ժամանակ, երբ դրա կարիքը շատ մեծ է: Եվ կարելի է ասել, որ Արամ Խաչատրյանը քսաներորդ դարի ամենախոշոր դեմքերից է համարվում ամբողջ աշխարհում: Հուսամ, որ քսանմեկերորդ դարը մեզ ևս կպարգևի Արամ Խաչատրյանի նման հանճարեղ անձնավորություն:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=257596&l=am/