«Այս տարի, ցավոք սրտի, մենք բաց ենք թողնելու գեղեցկության միջազգային մրցույթները».ԳՈՀԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆ
Մշակութային
«Իրավունքը» զրուցել է «Միսս Հայաստան 1998», «Միսս ԱՊՀ 1999», «Միսիս գլոբ 2009» տիտղոսներ կրող «Միսս Արմենիա» հիմնադրամի նախագահ ԳՈՀԱՐ ՀԱՐՈՒԹՅՈՒՆՅԱՆԻ հետ:
— Գեղեցկության մրցույթների հետ կապված ունե՞ք նորություններ:
— Ոչ... վերջին մրցույթը հունվար ամսին «Միսս Տիեզերքն» էր, որտեղ Հայաստանը ներկայացնում էր մեր գեղեցկուհին Բոստոնից` Քրիստինա Այանյանը: Հայաստանը տեղ չգրավեց, բայց Քրիստինան կարողացավ տարբեր հարթակներում հնչեցնել մեր երկրի անունը:Այս տարի, ցավոք սրտի,մենք բաց ենք թողնելու գեղեցկության միջազգային մրցույթները, որովհետև մի փոքր դադար տվեցի իմ անձնական ընտանեկան խնդիրների պատճառով: Բայց հաջորդ տարի նորից պատրաստվում ենք անցկացնել ազգային, մեր համահայկական գեղեցկության մրցույթները և նորից ներկայացնել Հայաստանը միջազգային մեծ հարթակներում:
— Ներկա պահին ի՞նչ նոր նախաձեռնությունների մեջ եք ներգրավված:
— Հիմա մի կազմակերպությունում կոմերցիոն տնօրեն եմ և ակտիվ բիզնեսով եմ զբաղվում: Հայաստան ենք ներմուծում ֆրանսիական արտադրության դեմքի և մարմնի խնամքի միջոցներ: Առհասարակ, ես միշտ կողմնակից եմ բնական նյութերին ու բնական գեղեցկությանը, ինչը իմ բնավորությանը համահունչ է, քանի որ խուսափում և վախենում եմ ժամանակակից դեղորայքային ներարկումներից: Ինչը կարծում եմ հետագայում առողջական խնդիրներ կառաջացնի: Ցանկալի է, որ մաշկի խնամքի համար դիմեն ալտերնատիվ և բնական միջոցների, որպեսզի հետագայում առանց առողջական խնդիրներ ունենալու կարողանան պահպանել իրենց երիտասարդությունը, մաշկի թարմությունը:
— Ըստ Ձեզ՝ գեղեցի՞կ են մեծացրած շրթունքները, տատուաժ արված հոնքերը:
— Ես դրա համար չեմ կարող որևիցե մեկին քննադատել: Դա յուրաքանչյուրի ընտրությունն է, բայց ես երբեք չեմ դիմի նման քայլի, քանի որ, ինչպես ասացի, սիրում եմ բնականը: Անգամ եթե դեմքիս վրա հայտնվեն կնճիռներ, ես ավելի շատ կփորձեմ մերսումներով կամ դեմքի գիմնաստիկայով հարթել: Եթե խնդիրը շատ մեծ լինի, ուղղակի կդիմեմ չափավոր ներարկման պրոցեդուրային: Բայց եթե կան լուրջ թերություններ, քթի հետ կապված, կամ այնպիսի շուրթեր ունենա, որ անհրաժեշտ լինի պլասիկ միջամտությունը՝ տվալ մարդու ինքնագնահատականի բարձրացման համար, ես դրան կողմ եմ: Սակայն լինում են շատ գեղեցիկ աղջիկներ, որոնք դեմքի հետ կապված չունեն թերություններ, բայց ընկնում են նորաձևության հետևից: Ինչը հետագայում դառնում է վարակիչ, և դրա վերջը չի լինում: Ես երբեք թույլ չեմ տա, որ իմ աղջիկները նման քայլերի դիմեն: Ես կարծում եմ, որ սա ժամանակավոր թրենդ է: Կգա մի ժամանակ, երբ մարդիկ նորից կձգտեն բնականին:
— Հիմա ո՞րն է գեղեցկության չափանիշ համարվում:
— Կարևոր է ուժեղ միտքը, գաղափարը, կիրթ խոսքը: Բոլորը հիմա կարողանում են և՛ մարզվել, և՛ պլաստիկ միջամտությունների դիմել: Նաև շատ մեծ դեր է խաղում երկրի դերը: Այն երկրները, որտեղ քաջալերում են մրցույթներն ու աջակցում են իրենց գեղեցկուհուն, ավելի լավ տեղեր են զբաղեցնում, բարձր սանդղակներում են լինում: Դա օլիմպիադայի նման մի բան է, որտեղ հավաքվում են տարբեր երկրի ներկայացուցիչները, ներկայացնելով իրենց երկրի խնդիրները` առանց շոշափելու քաղաքական մտքերը: Աշխարհը փոխվում է, մարդիկ ավելի ազատ են ապրում և կոչ են անում, որպեսզի լինեն համերաշխ: Երկրորդ համաշխարհային պատերազմից հետո շատ էին խաղաղության կոչերը: Հետո դա անցավ: Քանի որ հիմա ամբողջ աշխարում պատերազմական իրավիճակ է, մարդիկ նորից վերադարձել են համախմբման և խաղության կոչերին:
— Տարիների ընթացքում փոխվում է նաև ավանդական հայ կնոջ կերպարը, որքանո՞վ է այսօր հայ կինը, աղջիկը ազատ մտածում և առանց կաղապարների:
— Ունենք երիտասարդ աղջիկներ` ժամանակակից հայացքներով: Կարծում եմ, որ մեր աղջիկները պետք է լինեն ավելի ուժեղ, նպատակասլաց, լսեն իրենց սեփական ցանկություններին, այսինքն` սրտին և չտրվեն նահապետական սովորություններին: Որովհետև շատ աղջիկներ ունենում են ցանկություն մասնակցելու կա՛մ գեղեցկության մրցույթին, կա՛մ ճանապարհորդելու, կա՛մ ուսումը շարունակելու արտերկրում, բայց ընտանիքի անդամները կամ նշանածը, ընկերը իրենց սահմանափակում են: Յուրաքանչյուր մարդ ինքը պետք տնօրինի իր կյանքը: Կարողանա նպատակներ դնել և հասնել իր նպատակներին: Մենք իհարկե իրար ոգևորելու և քաջալերելու խնդիր ունենք: Մեր կանայք պետք է ավելի ուժեղ լինեն: Այլ ոչ թե իրենց կյանքը վատնեն միայն ընտանիքում, հնազանդվելով և հետագայում լինեն չբավարարված՝ իրենց կյանքում ունեցած արդյունքներով:
— Ի՞նչ խորհուրդ կտաք այն աղջիկներին, ովքեր նոր են պատրաստվում գեղեցկության ասպարեզում առաջին քայլերն անել:
— Ես միշտ ասել եմ, որ գեղեցկության ասպարեզը՝ մասնագիտություն չի, այլ ընդամենը հոբբի է, որտեղ յուրաքանչյուր աղջիկ ուզում է ցույց տալ իր գեղեցկությունը, ձեռք բերել լավ շրջապատ, ավելի առաջ գնան և ներկայացնեն երկիրը միջազգային հարթակներում: Ճանապարհորդություն, աշխարհայացքի լայնացում, այլ երկրների գեղեցկուհիների հետ շփում: Դա մի շատ հետաքրքիր կյանք է, որը հետագայում մնում է նրանց հիշողությունների մեջ: Սակայն չպետք է մոռանալ, որ դա ժամանակավոր է: Երբեմն լինում են աղջիկներ, որոնք ասում են` ես մասնագիտությամբ մոդել եմ կամ գեղեցկուհի եմ: Դա չի կարող մասնագիտություն լինել: Այն կարող է իրենց մասնագիտության հետ զուգահեռ՝ հետաքրքիր, եկամտաբեր հոբբի լինել: Եթե կա ցանկություն, ապա ինչու ոչ, թող զբաղվեն իրենցով, սովորեն լեզուներ, աշխատեն հանրային խոսքի վրա: Եթե ունեն թերություններ, մարզվեն, որովհետև հիմա ամբողջ աշխարհում նորաձև է ֆիթնես կառուցվածքը: Եվ հասկանալով գեղեցկության մրցույթների այդ չափանիշները՝ ասպարեզ մտնեն:
— Այդ ասպարեզում կա՞ն սահմանափակումներ:
— Հիմա «Միսս Տիեզերքը» թուլացրել է սահմանափակումները: Օրինակ` եթե տարիներ առաջ ամուսնացած կինն իրավունք չուներ մասնակցելու, ապա այս տարվանից նաև կարող են մասնակցել ամուսնացած, ամուսնալուծված, մինչև անգամ հղի կանայք: Կարծում եմ, նաև մոտ ապագայում կփոխվի նաև տարիքային սանդղակը: Հիմա մինչև 27 տարեկանն է ընդունված մասնակցելու այդ մրցույթներին: Բայց այսօր կան կանայք, որոնք շատ գեղեցիկ տեսք ունեն 35-40 տարեկանում: «Միսս Աշխարհը» դեռևս պահում է այդ չափանիշները: Այդ մրցույթին մասնակցելու համար գեղեցկուհին պետք է լինի չամուսնացած, մինչև 27 տարեկան, որովհետև անգլիացիներն ավելի պահպանողական են: «Միսս Աշխարհ»-ը ամենահին մրցույթն է, որը ստեղծվել է Մեծ Բրիտանիայում 1951թ.-ին՝ Էրիկ Մորլի կողմից: Սկզբում մրցույթին մասնակցում էին միայն հրավիրված մոդելները, հետագայում ստեղծվել է ընտրության յուրահատուկ համակարգ՝ Miss World: Մինչև իր կյանքի վերջը անփոփոխ ղեկավար և ժյուրի ղեկավարն է մնացել Էրիկ Մորլին: 2000 թվականից ի վեր նրա կինը՝ Ջուլիա Մորլին, դարձել է կազմկոմիտեի համանախագահը: Միգուցե իրենք դեռևս պատրաստ չեն այդ փոփոխություններին:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=257423&l=am/