«Ցանկացած թուղթ, որը կստորագրվի, կդառնա եւս մի հանգրվան մեր ոչնչնացման ճանապարհին». ՍՐԲՈՒՀԻ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆ
Մշակութային
«Իրավունքը» զրուցել է երգչուհի, երգահան, հեղինակ-կատարող, վոկալի մասնագետ ՍՐԲՈՒՀԻ ՍՏԱՄԲՈԼՑՅԱՆԻ հետ:
— «Մենք բոլորս ապրում ենք մի վայրում, որի կադաստրի վկայականը չունենք»: Ի՞նչ վերաբերմունք ունեք Նիկոլի կողմից հնչեցրած այս խոսքերի վերաբերյալ:
— Շատերն ասում են՝ փորձել է ժողովրդական լեզվով արտահայտվել, բայց շատ վտանգավոր բան է ասել: Ստացվում է, որ մեզ «ինչ-որ մեկը» պիտի բարաթ տա, որ մենք այն ենք, ինչ կա՞նք: Այսինքն՝ գոնե էսքան տարածքի վրա մեզ օրինական համարե՞ն: Ցանկացած, անգամ մտավոր թերություն ունեցող մարդ, եթե բացի քարտեզն ու նայի այդ «գոնե այսքանին» իր անկլավներով, պիտի հասկանա, որ դա փակուղի է: Այսօրվա աշխարհի բարաթ տվողը հենց նա է, ով մեզ ոչնչացնում է: Իսկ մեզ՝ նման «խաղաղության» համաձայնագրին տանող Ամերիկան, Ռուսաստանը, Եվրոպան ընդամենը մեզ ոչնչացնողի գործիքներն են: Քանի՜-քանի՜ բարաթներ են մեզ տրվել ու ի՞նչ... մի՞թե Բերձորի միջանցքը բաց է, մեր գերիները վերադարձվել են, ռազմական հանցագործները պատժվել... և մի՞թե Արևմուտքը կամ եվրոպաները, կամ Ռուսաստանը չեն կարող մի քրչոտ քոչվորի զսպել: Իհարկե՝ կարող են: Բա էլ ի՞նչից ենք խոսում: Վարչապետ կոչեցյալը, եթե ազնիվ լիներ, պիտի ասեր՝ մենք հիմա թույլ ենք, ու մեզ պարտադրում են, եկեք միասին փնտրենք ելքերը: Բայց չի ասում, չէ՞: Ներկայացնում է՝ որպես հերթական «փրկություն»: Ցանկացած թուղթ, որը կստորագրվի, կդառնա ևս մի հանգրվան մեր ոչնչացման ճանապարհին: Անթույլատրելի է: Ովքեր այս բարաթով զբաղվում են, դրսից, թե ներսից, 130 տարվա ցեղասպանության շարունակողներն են և պատասխանատվություն են կրելու ո՛չ թե սխալ քաղաքականություն վարելու համար, այլ, կոնկրետ, ցեղասպանությանը մասնակից լինելու համար: Թող հաստատ իմանան, որ այդ ժամանակները հիմա գալիս են, քանի որ միակետրոն աշխարհում գոյացել է մեկ այլ՝ հակադիր, կենտրոն, որը ոչ թե վաշխառուական է, այլ հին քաղաքակրթություններից կազմված: Դա նրանք են, ում հետ հազարամյակներով ապրել ենք, ունենք համատեղ ներդաշնակ կյանքի, Տիեզերքի կողմից պատգամված, սկզբունքները:
— Երբևէ կարո՞ղ էիք պատկերացնել, որ Մոնթեի, Վազգեն Սարգսյանի և մեր մյուս հերոսների արյան գնով ձեռքբերված արցախյան պայքարի հաղթանակը այսպիսի շրջադարձ կունենար:
— Մեր ամենամեծ հաղթանակը 88-ի զարթոնքն էր, երբ ազգովի վերագտանք մեր կորուսյալ ինքնությունը, մեր գենի մեջ արթնացավ այն կոդը, ինչի դեմ պատերազմում են հազարամյակներով: Որի մասին գիտեն մեր թշնամիները և մեզ ամեն կերպ հեռացնում էին այդ գիտակցումից: Իմ իմաստուն ընկերներից մեկն ասում էր. «Հենց այդ լիցքն էր, որի շնորհիվ հաղթեցինք Առաջին արցախյան պատերազմում, դիմացանք երկրաշարժի հետևանքներին, հսկա երկիրը փլուզվեց, փախստականների հսկայական հոսք, քանդված տնտեսություն... մենք էս ամեն ինչին դիմացանք ու հաղթանակով դուրս եկանք, որովհետև 88-ին մենք դառանք հայ: Հետո մենք մեր հայությունը հանձնեցինք, այսինքն՝ եվրոպացիներն ու ամերիկացիներն ավելի լավ գիտեն, թե աշխարհն ինչպես կառուցել... և պարզվեց, որ մենք ուրիշի կանոններով չենք կարող գոյատևել»: Մեզ դարձրին այս վաշխառու համակարգի մի մասը՝ չարչի, նյութապաշտ, հեռացրին մարդկայնությունից, հենց՝ մեզնից:
Իհարկե, պատկերացնում էինք: Ամբողջ ձայնով գոռում էինք, ահազանգում, որ առանց հոգևոր Հայաստանի՝ կկորցնենք ֆիզիկականը: Սա փաստող մի շատ կարևոր օրինակ եմ ուզում բերել: 44-օրյա պատերազմում հաշվարկված էր, որ մեկ շաբաթում կգրավվի ոչ միայն Արցախը, այլև՝ Սյունիքը: Վստահ էին, որ «քաղաքակիրթ» աշխարհի մոդելով դաստիարակված 18 տարեկանը, որը կռվի է եկել գիշերային ակումբներից, կազինոներից, հաճույքների ու նարկոտիկների տիրապետությունից, պիտի փախներ մարտի դաշտից: Պարզվեց, որ նրա մեջ նստած հայի գենետիկ կոդը չէին կարողացել վերացնել: Նա կանգնեց ու կռվեց: Անգամ համաշխարհային ռազմական գործի գիտակներն էին ասում, որ սա անհավանական է, հրաշքների կատեգորիայից է: Չէր կարող 18 տարեկանների զորքը հաղթել Ռուսաստանի, Թուրքիայի, Իսրայելի, Պաղեստինի, Ադրբեջանի միասնական զորքին: Բայց հաղթեց: Իսկ որ կորցրինք հողեր ու մեր զավակներին, դա մեր ինքնության սարսափելի ցավոտ ապտակն էր մեզ՝ ինքներս մեզ դավաճանելու, թշնամուն ծառայության անցնելու, մեր ստորաքարշության համար:
Դե պատկերացրեք, եթե ինքնուրույն արթնացած այդ կոդն այդքան հզոր է, ինչքա՞ն կհզորանանք, եթե գիտակցաբար վերադառնանք մեր ինքնությանը: Բայց մեզ մեր անթաքույց «հուդայական» իշխանություններն անվերջ ասում են՝ պարտվել ենք, թույլ ենք, ի՞նչ հայու գեն, կադաստրի թուղթ չունենք, ի՞նչ Արարատ... տեսեք, թե որքա՛ն են սարսափում հոգևոր Հայաստանից:
-Ժողովրդի հանդուրժողական դիրքորոշման մասին ի՞նչ կասեք: Ի՞նչ եք կարծում սա հանդուրժողականություն է, թե՞ ստեղծված իրավիճակին հարմարվելու միտում:
- Արդեն 30 տարի վաշխառու ու անարդար համակարգից հոգնած ժողովուրդը էս«Հեղափոխությունից» հետո ընկավ էլ ավելի անհավատության մեջ: Մեր մտավորական կոչեցյալները՝ քաղ-գործիչները, հոգևորականները, արվեստի գործիչները, վերլուծաբանները, մատնված են պարապուրդի: Նրանք վերցրել են ուրիշի փիլիսոփայությունը եւ օգտագործում են միայն ի նպաստ իրենց շահի, ծառայելով իշխանություններին: Լինեն արեւմտամետ, թե ռուսամետ, որքան էլ, որ քննադատում են իշխանություններին, արդյունքում պաշտպանում են նրանց: Ժողովուրդը տեսնում է, որ խաբում են ԲՈԼՈՐԸ: Ճշմարտությունն ասող չկա: Եվ իսկապես՝ ո՞ւմ հավատան: Բայց սա ժամանակավոր վիճակ է: Տիեզերական մի ուժ նորից կմիացնի մեր կոդը: Արդեն որոշ կայծեր արձակել են թե՛ եկեղեցին, թե՛ այլ մտավոր կառույցներ:
— Բոլորովին վերջերս Հայաստանի ազատագրության հայ գաղտնի բանակի (ԱՍԱԼԱ) մարտիկ Փիեր Գյուլումյանի մարմինն ամփոփվեց Երևանի Շահումյանի անվան գերեզմանատանը: Մինչդեռ նրա աճյունը պետք է ամփոփվեր Եռաբլուրում՝ ԱՍԱԼԱ-ի նահատակներին նվիրված հուշահամալիրում, որտեղ արդեն 23 տարի տեղադրված է նահատակ ընկերոջ տապանաքարը: Սակայն դա չարվեց… ըստ Ձեզ՝ մի՞թե կարելի էր նման կերպ վարվել հայրենիքի նվիրյալ հերոսի հանդեպ:
— Ես ավելի զարմացա, որ որոշ ուժեր կարողացան «Նեմեսիսի» հուշակոթողն իրականություն դարձնել: Բայց, ինչպես որոշ ազգային ուժեր նշում են, այն թերի է: Հուշակոթողի վրա ներկայացված են մեր Ցեղասպանության կատարածուներին վերացնողները: Ժամանակի ընթացքում պիտի իրագործենք պարագլուխների ոչնչացումը: Ու միայն այդ ժամանակ այն կդառնա լիարժեք:
Իսկ ի՞նչ եք կարծում: Սրանք եկան ու առաջինը հարձակվեցին եկեղեցու վրա: Հետո գիտության ու կրթության, արվեստի... պատմությունը սրբագրելուն հասան... Մեր ողջ մշակույթի սպանդին են անցել: Մեր ազգային ինքնությունը մեզ հիշեցնող ամեն մի սիմվոլ այս ապազգայինների համար վտանգավոր ու անընդունելի է: Իսկ ԱՍԱԼԱ-ն այդ խորհրդանիշներից մեկն է, որի ամբողջական գործունեությանը մինչև հիմա էլ ծանոթ չենք, բացառությամբ «Նեմեսիս» օպերացիայի:
-Ի՞նչ կասեք ներկա այն իրականության մասին, որում ազգովին հայտվել ենք:
- Գիտակցությունս հաճախ անհուսության մեջ է ընկնում, տեսնելով ժողովրդիս պառակտվածությունը: Բայց սիրտս զգում է, որ եթե վերադառնանք մեր ինքնությանը, մեզ հաղթել չի լինի: Եթե ոչ, մեզ թշնամի էլ պետք չի, ինքներս մեզ կոչնչացնենք: Հիմա կանգնած ենք այդ ճամփաբաժանին: Կամ մեկ վայրկյան շուտ կձերբազատվենք սրանցից ու կընտրենք չհեղինակազրկված մասնագետներից կազմված կոալիցիոն կառավարություն, որը կգտնի մեզ այս փակուղուց հանելու ելքերը, իսկ դրանք արդեն կան, գործում են, ինչպես վերը ասացի...ու կտիրանանք ի վերուստ մեզ հասանելիին: Կամ...
Էլի Աստծո ողորմածությանն ենք հանձնված... Իսկ Նա արդար է:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=256878&l=am/