«Մենք ունենք լրջագույն խնդիրներ կապված գեղագիտության հետ, բայց նախընտրում ենք լինել ստորադաս եւ անհասանելի».ԲԱՐՍԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆ
Մշակութային
Վերջերս Հանրային հեռուստաընկերության «Կերպարից դուրս» հաղորդմանը հյուրընկալվել էր ամերիկաբնակ երգիչ, ռեփեր Սուպեր Սաքոն, որն անդրադառնալով հայ երգարվեստին` արել էր սկանդալային հայտարարություն, թե` «Մուղամը մերն ա եղել, Կոմիտասը եկել ջնջել ա էդ նոտաները», ինչը բողոքի մեծ ալիք է բարձրացրել: Այս թեմայի շուրջ «Իրավունքը» զրուցել է ՀՀ ժողովրդական արտիստ, oպերային երգիչ, բաս ԲԱՐՍԵՂ ԹՈՒՄԱՆՅԱՆԻ հետ:
— Պարոն Թումանյան, ի՞նչ կասեք Հանրայինի եթերում Կոմիտասի մասին հնչեցված արտահայտության մասին:
— Հայերը չունենալով պետություն եւ պետական մշակութային գաղափարախոսություն` ապրել են գաղթական կարգավիճակով եւ ազդվել կամ ձուլվել են տարբեր ազգերի մշակույթներով, եւ դա որոշ տգետներ փորձում են ներկայացնել` որպես հայկական: Այսօրվա ռաբիսը դրա վառ ապացույցն է: Իհարկե, ցանկալի է ազատվել այդ արհավիրքից: Իրական խնդիրը շատ խորն է, եւ այն լուրջ պետական վերլուծության կարիք ունի… Ցավոք, մեր պետական բոլոր այրերը ռաբիս են:
— Այսօրվա երաժշտական ճաշակը մի՞թե սա է՝ Կոմիտաս չլսելն ու ռաբիսի տակ տաշի-տուշիով մեծացնելը մեր երեխաներին:
— 33 տարի իբր անկախ Հայաստանում քայլ առ քայլ տարածվեց եւ ձեւավորվեց այն, ինչ ունենք...Սովետական Միության ժամանակ արգելված էր նման երաժշտությունը: Մենք ունենք հիանալի կոմպոզիտորներ եւ երգահաններ, բայց նրանց երաժշտությունը չի պրոպագանդվում: Դա պետական լուրջ խնդիր է: Բառիս բուն իմաստով` փափուկ ցեղասպանություն:
— Պրոպագանդան պետք է լինի նաեւ հեռուստատեսությամբ: Դուք հեռուստաեթերով ճաշակ ձեւավորող հաղորդումներ տեսնո՞ւմ եք:
— Իհարկե, մենք ունենք լրջագույն խնդիրներ կապված գեղագիտության հետ, բայց նախընտրում ենք լինել ստորադաս եւ անհասանելի:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=255901&l=am/