Բայրաքթարներ՝ Իսրայելից, բարձր միավորներ Հայաստանից. ովքեր են եվրատեսիլյան «ապազգային» ժյուրիի կազմում
Մշակութային
Անտաբատ ու անսեռ տղամարդիկ, սատանայական եղունգներով ու պոզերով կանայք... Ո՛չ, խոսքն ամենեւին էլ սատանիստների կողմից կազմակերպված ինչ-որ ծեսի մասին չէ, պարզապես, «Եվրատեսիլ»-ն իր մշտական տարերքի մեջ էր: Լիվերպուլում կայացած երգի միջազգային այս մրցույթի եզրափակչում միայն այրվող կաթսան էր պակասում, որպեսզի մրցույթի մասնակիցները դառնային դժոխքի իրական հերոսներ՝ իրենց հագուկապով, երգերով ու պահվածքով: Օրինակ, եթե Գերմանիայի վարդագույն վարտիքով ու հնարավոր բոլոր անցքերին ականջօղ կախած տղամարդացու պատվիրակի մասին լսեր Հիտլերը, հաստատ գերեզմանում շուռ կգար: Էլ չասենք Խորվաթիայի պատվիրակների մասին, որոնք չամաչելով իրենց բեղ-մորուքից ու հասուն տարիքից՝ շպարվել ու մտել էին շրջազգեստների մեջ: Տպավորություն էր, որ կոնչիտազգիները ընտանեկան հավաքույթ էին կազմակերպել: Սակայն, սա չէ, որ ամենախայտառակ դրվագն էր «Եվրատեսիլ 2023»-ում:
Այն, որ գերդոզավորված քաղաքականացված է «Եվրատեսիլ»-ն, անգամ եփած հավին է հայտնի, բայց թե այդ ամենը հաշվի առնելով՝ ինչպես է իրեն դրսեւորում ազգային ժյուրին, առնվազն հարցեր է առաջացնում: Ուշագրավ էր այն, որ ինչպես Ադրբեջանի, այնպես էլ Հայաստանի ազգային ժյուրին ամենաբարձր՝ 12 միավորը տվեցին Իսրայելին՝ 44-օրյա պատերազմի ժամանակ Ադրբեջանին իսրայելական ԱԹՍ-ներ մատակարարող երկրին: Իսկ որպես շնորհակալություն՝ Իսրայելն անգամ մեկ միավոր չտվեց Հայաստանին: Թե ովքեր էին ազգային ժյուրիի կազմում, որոնք ապազգային քվեարկություն իրականացրեցին, անունները հայտնի է՝ երգչուհի Սոնա Ռուբենյան, ռեժիսոր Հրաչ Քեշիշյան, Արսեն Գրիգորյան, երգերի հեղինակ Դավիթ Բադալյան, պրոդյուսեր Վահագն Գեւորգյան: Այո՛, հենց նրանց թեթեւ ձեռքով՝ Ադրբեջանի հետ սինխրոն Հայաստանն Իսրայելի պատվիրակին տվեց ամենաբարձր միավորը: Իսկ 1 միավոր Հայաստանի ազգային ժյուրիից ստացավ Լեհաստանը, 2 միավոր՝ Ավստրիան, 3՝ Ուկրաինան, 4՝ Նորվեգիան, 5՝ Կիպրոսը, 6՝ Իսպանիան, 7՝ Ֆրանսիան, 8՝ Ֆինլանդիան, 10՝ Շվեդիան: Այստեղ թերեւս մնում է ասել՝ ո՞ւմ էինք մի կտոր հաց տվել, որ Ադրբեջանը չկար մասնակիցների շարքում, թե չէ միգուցե նաեւ Ադրբեջանին տար Հայաստանն ամենաբարձր միավորը, դե, այսպես կոչված «խաղաղության օրակարգի» համատեքստում:
Ոչ պակաս մտածելու տեղիք է տալիս այն, թե ինչպես աշխարհը քվեարկեց Հայաստանը ներկայացնող պատվիրակի՝ Բրյունետի օգտին: Հայաստանն այդպես էլ այս տարի որեւէ երկրի կողմից 12 միավորի չարժանացավ, միայն 10-ական միավոր տվեցին Վրաստանն ու Ալբանիան: Իսկ մյուս երկրների ազգային ժյուրիների կողմից ստացանք չնչին ձայներ. Իտալիայից 5 միավոր, Լատվիայից՝ 1, Մոլդովայից՝ 2, Իռլանդիայից՝ 6, Ավստրիայից՝ 1, Ֆրանսիայից՝ 7, Էստոնիայից՝ 3, Լեհաստանից՝ 1, Կիպրոսից՝ 4, Շվեյցարիայից՝ 5, Իսպանիայից՝ 3, Չեխիայից՝ 8, Միացյալ Թագավորությունից՝ 3: Ակնհայտ է, որ sms քվեարկության ժամանակ էլ առանձնապես ակտիվություն չեն դրսեւորել Սփյուռքում՝ Հայաստանին ձայներ ապահովելու համար: Արդյունքում Բրյունետը հայտնվեց 14-րդ հորիզոնականում: Իսկ Շվեդիան ներկայացնող Լորինը՝ իր Tattoo երգով եւ սարսափազդու եղունգներով, որոնք մեջք քորելիք էին հիշեցնում, դարձավ հաղթող:
Ինչ վերաբերում է Հայաստանը ներկայացնող Բրյունետին, թերեւս կարելի էր ողջունել նրա ելույթը, եթե նա ներկայացներ եվրոպական որեւէ երկիր: Տարիներ շարունակ եվրատեսիլյան հարթակն օգտագործվել է, որպեսզի մեկ անգամ եւս աշխարհին ցույց տանք մեր դեմքը, հիշեցնենք, որ ազգային դիմագիծը չկորցրած մի երկիր կա: Մինչդեռ այս անգամ ամեն ինչ արվեց, որ Բրյունետը, ոչ միայն իր բեմական անունով, այլ առհասարակ որեւէ կերպ չասոցացվի Հայաստան երկրի հետ: Մինչդեռ նա պորտապարուհու հանդերձանքով հայտարարում էր, թե իր զգեստը ստեղծելիս ոգեշնչվել են «Մայր Հայաստանի» արձանից: Փաստորեն, մեր օրերում Մայր Հայաստանը եվրատեսիլյան հայաստանյան ներկայացուցիչները պատկերացնում են, ոչ թե սուրը ձեռքին ու վսեմ, այլ գետին թավալ եկող ու եվրոպացիներին պարտվող անհասկանալի մի կերպար:
Այսքանից հետո` շարունակում է օրակարգային խնդիր մնալ, ի վերջո, մեկընդմիշտ «Եվրատեսիլից» հրաժարվելն ու միլիոնավոր գումարները ծախսել երկրի համար ավելի կարեւոր նպատակների համար: Եվ տեղին է հիշել, որ այդ մասին բազմիցս խորհրդարանական ամբիոնից պնդել է ԱԺ մի քանի գումարման պատգամավոր, «Ուժեղ Հայաստան Ռուսաստանի հետ. հանուն նոր Միության» շարժման գործադիր կոմիտեի անդամ, ՍԻՄ կուսակցության նախագահ Հայկ Բաբուխանյանը: Նրա գնահատմամբ՝ «Եվրատեսիլ» մրցույթը ընկղմվել է անբարոյականության, հակաքրիստոնեական եւ քայքայիչ հակարժեքների ճահիճը:
«Ակնհայտ է, որոշ ուժեր փորձում են աշխարհում վերացնել քրիստոնեական, ընտանեկան ավանդական արժեքները: Դրանք իրենց համար հարթակ են դարձրել «Եվրատեսիլ» կոչվածը: Այդ հարթակը չունի գեղարվեստական նշանակություն, երաժշտական ճաշակ չի դաստիարակում: Կարծում եմ` Հայաստանը պետք է ոչ միայն հրաժարվի նման հարթակներում հանդես գալուց, այլեւ մեզ համար վիրավորական պետք է լինի, որ մեր երկիրը մասնակցում է համասեռամոլության քարոզով զբաղվող միջոցառմանը: Կոչ եմ անում մեր հայրենակիցներին բոյկոտել «Եվրատեսիլը»,- հորդորել էր Հ. Բաբուխանյանը:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=255601&l=am/