«Չեմ կարող լիարժեք երջանիկ լինել, երբ Արցախը խնդիրների մեջ է». ՌՈՒԶԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆ
Մշակութային
«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք բեմադրիչ ՌՈՒԶԱՆ ԽԱՉԱՏՐՅԱՆԻ հետ:
— Վերջերս Հակոբ Պարոնյանի անվան կոմեդիայի պետական թատրոնում հանդիսատեսի դատին հանձնեցիք «Տատը» ներկայացումը…
— Այո՛, թատրոնի «Երվանդ Ղազանչյան» թատերասրահում հանդիսատեսի դատին հանձնեցինք «Տատը» ներկայացումը, որն արգենտինացի հեղինակի ստեղծագործությունն է: Պիեսը գրվել է 1970-ական թվականներին: Հեղինակը` Ռոբերտո Կոսան, տաղանդավոր դրամատուրգ, ռեժիսոր է: 1970-ական թվականներին Արգենտինայում իշխանության եկավ ռազմական խունտան, եւ այդ տարիներին արհավիրք, աղետ եղավ: 30 հազար մարդ սպանվեց, սովի մատնվեց: Հալածանքների, ռեպրեսիայի դաժան տարիներ էին: Այդ դաժան տարիներին էլ համարձակություն ունեցավ Կոսան եւ գրեց այդ պիեսը:
— Ո՞րն էր ներկայացման ասելիքը հանդիսատեսին:
— Շատ ժամանակակից գործ է, մեծ ասելիքով, լուրջ ենթատեքստերով, տողատակերով, շատ կարեւոր մեսիջներով: Կարծես թե, առաջին հայացքից կենցաղային մի պատմություն է, որի տակ շատ կարեւոր մեսիջներ կան: Տատը, որն ինչպես գիտենք, սիմվոլն է ընտանիքի, գերդաստանի, ամբողջ ներկայացման ընթացում պահանջում է, ուտում է եւ չի հագենում: Նույնիսկ մի քիչ չափազանցության է հասցված նրա ուտելու պահանջը: Դա պատահական չէ, որովհետեւ տատու այս կերպարի տակ թաքնված է առաջնորդի սիմվոլը: Թե ինչպես է նա խժռում իր ժողովրդին, իր երկիրը: Այստեղ ընտանիքը, որպես ժողովուրդ է ներկայացված: Հետաքրքիրն այն է, որ բացարձակ ուղիղ նախադասություն, որեւէ քաղաքական տեքստ չկա այս ներկայացման մեջ, բայց ինքն ամբողջովին ծայրից ծայր ալիգորիա է: Եվ յուրաքանչյուր տող, կարծես, հարմարեցված է մեր այսօրվա իրականությանը: Այս պիեսը ունենալով կենցաղային ժանր` համամարդկային գործ է, որովհետեւ այս խնդիրը միայն Արգենտինայինը չէ եւ ինչ-որ ժամանակի համար չէ: Կան պիեսներ, որոնք բոլոր ժամանակներում արդիական են: Աշխարհում շատ հայտնի, բայց Հայաստանում քիչ բեմադրված պիես է: Հակոբ Ղազանչյանը ժամանակին բեմադրել է այն: Այս անգամ պատիվ ունեցա Հակոբ Ղազանչյանի առաջարկությամբ բեմադրելու այս գործը, որի համար նրանից շնորհակալ եմ: Մենք ունեցանք առաջնախաղ, եւ հանդիսատեսն այնքան հետաքրքիր ընդունեց: Իհարկե, ինքը տրագիկոմեդիա է՝ ծիծաղելի տեսարանները շատ են, բայց այդ լիաթոք ծիծաղի մեջ հանդիսատեսը կարողանում է նաեւ վերջում գտնել տխրությունը: Մեր դերասանները կարողացել են վերցնել այդ բոլոր խնդիրները` հասցնել մարդկանց հոգիներին: Ամբողջ ներկայացման ընթացքում թեթեւ ծիծաղից հետո` հանդիսատեսը կարողացավ վերջում լրջանալ: Նա լրջացավ, զգաստացավ ու հասկացավ, որ մենք այսօր ապրում ենք այդ իրականությունը: Այսօր մեզ հետ անում են այն, ինչ-որ կատարվում է բեմի վրա, եւ ընտրությունը մերն է: Վերջաբանը չեմ ասում, թող հանդիսատեսը գա, տեսնի եւ կատարի իր ընտրությունը: Եվ եթե չկատարի ճիշտ ընտրություն, լինելու է այնպես, ինչպես լինում է պիեսում:
— Գլխավոր դերասաններն ովքե՞ր են:
— Տատիկի դերակատարը տղամարդ է խաղում: Ընդ որում` դա հեղինակի պահանջն է, որ պետք տղամարդ դերակատար խաղա, որովհետեւ պիեսում թաքնված սիմվոլ կա տատիկի դերի տակ: Եվ այդպես էլ եղել է: Պիեսը որտեղ բեմադրվել է, տատիկի դերում միշտ տղամարդ է խաղացել: Մեզ մոտ տատիկի դերում խաղում է ՀՀ վաստակավոր արտիստ Բորիս Պեպանյանը: Մեր աշխատանքի արդյունքում շատ հետաքրքիր կերպար է ստացվել: Նրա տարիների փորձի, պրոֆեսիոնալիզմի արդյունքը եղավ այն, որ հանդիսատեսը շատ ե՛ւ սիրեց, ե՛ւ չսիրեց այդ տատին: Սիրեց այն մարմնավորումը, որը կերտել է, չսիրեց այն տեսակը, որը կերտել է դերասանը: Եվ սա կարծում եմ` դերասանի համար շատ կարեւոր աստիճան է, որ նա կարողանում է հաղթահարել, երբ այս երկու իրարամերժ զգացողությունը հանդիսատեսն ապրում է: Ինչ խոսք, Բորիս Պեպանյանը պրոֆեսիոնալ, տաղանդավոր մարդ է եւ կարողացել է այդ ամենն իր մեջ եփելով՝ հասցնել նրան: Նաեւ մենք ունենք հրաշալի դերասանախումբ: Տիկին Մարգարիտա Մնացականյանը, որը կերտում է այդ ընտանիքում հորաքրոջ դերը: Այստեղ նա մարմնավորում է ներկայացման հոգեւոր մասը: Ընդհանրապես երկրի կառուցվածքն է այդպիսին` ամեն ոլորտ իր դերակատարությունն ունի: Եվ այդ բոլորի արդյունքում է կառուցվում երկիրը: Մի այսպիսի խոսք կա` յուրաքանչյուր ժողովուրդ արժանի է իր իշխանությանը: Մենք ենք կերտում մեր իշխանությանը եւ նաեւ հարմարվում, որ մեզ հետ այդպես վարվեն: Այո՛, ես չեմ արդարացնում, որ բոլորս անմեղ ենք, եւ մեզ հետ այդպես են վարվում: Մենք բոլորս մասնակից ենք եւ նաեւ ոչ ուղիղ իմաստով` մեղավոր: Տիկին Մարգարիտան կերտում է հոգեւոր, հավատացյալ մարդու կերպարը: Իշխան Ղարիբյանը` ընտանիքի տատիկի թոռան կերպարում է հանդես գալիս: Ում վզին է ամբողջ տան հոգսը: Նա առավոտից իրիկուն աշխատում է եւ չի կարողանում բավարարել տատի կարիքները: Իշխանը շատ հետաքրքիր է մարմնավորել իր կերպարը: Մեր երիտասարդ դերասաններից խաղում են Հասմիկը, Նելլին, Տիգրանը, Վահագնը, որոնց շնորհիվ շատ հետաքրքիր դերակատարումներ են ստացվել: Մենք բավականին կարճ ժամանակում ենք բեմադրել ներկայացումը: Այն տեւել է մեկ ամիս: Պրոֆեսիոնալ մարդիկ գիտեն, որ ներկայացում բեմադրելու համար մեկ ամիսն ինչքան կարճ ժամկետ է: Դերասաններն աշխատել են բացարձակ սիրով, նվիրումով: Թատրոնի ստեղծագործական եւ տեխնիկական անձնակազմը կարողացավ մեկ ամսվա ընթացքում իրականացնել այս բարդագույն աշխատանքը: Եվ արդյունքը կարծես թե գոհացրել է հանդիսատեսին: Շնորհակալ եմ դերասաններից հրաշալի, հետաքրքիր եւ պրոֆեսիոնալ աշխատանքի համար:
«ՊԱՐՏԱՎՈՐ ԵՆՔ ԻՆՔՆԱՄԱՔՐՎԵԼ, ԸՆԴՈՒՆԵԼ ՄԵՐ ՄԵՂՔԵՐԸ, ՍԽԱԼՆԵՐԸ ԵՎ ՃԱՆԱՉԵԼ ԻՆՔՆԵՐՍ ՄԵԶ»
— Ընտանեկան գործերն ինչպե՞ս եք հասցնում: Դժվար չէ՞ր, մանավանդ որ փոքրիկ երեխա ունեք:
— Երբ քո կյանքում չես դնում առաջնային եւ երկրորդական բաներ, այլ ամեն ինչ դարձնում ես քեզ համար կարեւոր եւ սիրելի, ոչինչ չի տուժում: Այսինքն` ես չեմ դնում առաջնային ընտանիքը, հետո թատրոնը կամ` ընդհակառակը: Ես համարում եմ, որ իմ կյանքում կան առաջնային բաներ, եւ որեւէ մեկը մյուսի հաշվին չի լինում: Չի կարող ընտանիքի հաշվին լինել թատրոնը կամ` ընդհակառակը:
— Բայց չէ՞ որ դա մեծերը կհասկանան, երեխան չի հասկանա, երբ մայրիկն իրեն տանն է թողնում եւ գնում աշխատանքի:
— Ես աշխատում եմ ժամանակս այնպես դասավորել, որ բացակայությունս երկար չլինի: Հետո նաեւ այն էմոցիաները, որ ես ստանում եմ, դա միայն դրական է ազդում իմ փոքրիկի զարգացման եւ, ընդհանրապես, առողջ հարաբերություններ կառուցելու վրա: Ո՞վ է ասել, որ մայրը ամբողջ օրը պետք է զբաղվի խնամքով, տան գործերով: Երբ մայրը իր ներսում լիարժեք ու հանգիստ է լինում, բալիկը դրանից միայն շահում է:
— Դուք Ձեզ երջանիկ համարո՞ւմ եք:
— Չեմ կարող հիմա ինձ լիարժեք երջանիկ մարդ համարել: Երջանիկ եմ, շնորհակալ եմ Աստծուն այն ամենի համար, ինչ ես այսօր ունեմ` ընտանիք, բալիկ, թատրոն եւ այն մարդկանց համար, ովքեր իմ կողքին են: Բայց լիարժեք չէ իմ այդ երջանկությունը, որովհետեւ իմ կյանքում շատ կարեւոր բաներ այսօր այնպես չեն, ինչպես պետք է լինեն: Ես չեմ կարող լիարժեք երջանիկ լինել, երբ Արցախն այս խնդիրների մեջ է: Իմ ընտանիքի անդամներից, իմ հարազատներից, իմ ընկերներից շատ-շատերն այսօր Արցախում են եւ տանում են այս դժվարությունները: Մի կետում նույնիսկ մեղավորության զգացողություն եմ ունենում: Եվ այդ զգացումը չի թողնում, որ լիարժեք երջանիկ լինեմ: Բայց ոչ թե նրա համար, որ ուզում եմ, եւ դա ինձ խանգարում են: Ո՛չ, հարցը դա չէ: Երբ քեզնից մի բան պոկում են, մի մասնիկը հեռանում է, այլեւս այդ լիարժեքությունը չի լինում: Մենք պետք է մեր գործով ապացուցենք եւ ամեն ինչ անենք, որ լավ լինի: Ես ոչ մեկին չեմ ուզում վիրավորել, բայց այս կրթական ցենզով մեր ժողովուրդը չի կարող լրջագույն արդյունքներ գրանցել որեւէ ասպարեզում: Մենք պարտավոր ենք կրթվել, ինքնամաքրվել, ընդունել մեր մեղքերը, մեր սխալները եւ ճանաչել ինքներս մեզ: Մի անգամ պատերազմից հետո խոսակցություն եղավ մի մանկավարժի հետ: Շեշտում եմ մանկավարժի, որ հասկանաք իմ ասածի ամբողջ ողբերգությունը: Նա ինձ ասաց հետեւյալը` «Ես եւ իմ ըտանիքը, որ Արցախում չենք եղել, հիմա որ կորցրել ենք Արցախի մեծ մասը, մեծ բան չենք կորցրել: Այսինքն` ես երբեք էլ այդտեղ չեմ եղել, որ սրանից հետո էլ չլինեմ, ի՞նչ պետք է լինի»: Քանի որ արդեն սովոր էի նման խոսակցությունների եւ սովորել եմ կառավարել իմ էմոցիաները, հարցրի` Լոռիում, Տավուշում, Գեղարքունիքում եղե՞լ եք: Ասաց` ոչ: Հարցրի` Սյունիքում եղե՞լ եք: Եղել էր Սյունիքում: Ասացի` ձեր տրամաբանությամբ մենք պետք է հանձնենք բոլոր այն տարածքները, որտեղ դուք չե՞ք եղել: Գիտեք՝ մեր ամբողջ ողբերգությունը գալիս է նրանից, որ մենք մեր հայրենիքը չենք ճանաչում: Սերը, հոգատարությունը, տիրոջ զգացողությունը հայրենիքի հանդեպ սկսվում է նրա ճանաչողությամբ բոլոր իմաստներով` պատմություն, բնություն, աշխարհագրություն, մշակույթ… Մենք լիարժեք կկարողանանք տեր լինել մեր հայրենիքին, երբ ամբողջապես ճանաչենք նրան:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=255470&l=am/