«Հայաստանի կառավարությունը վաղուց է հրաժարվել Արցախի խնդրից». ԱՐԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆ
Մշակութային
«Իրավունք TV»-ի տաղավարում զրուցել ենք Հայաստանի եւ Արցախի գրողների միության անդամ, Արցախի Ժուռնալիստների միության վարչության անդամ, բանաստեղծ, արձակագիր, մանկագիր, երգիծաբան, ազատամարտիկ ԱՐԻՍ ԳՐԻԳՈՐՅԱՆԻ հետ:
— Եկել եք Հայաստան եւ չեք կարողանում վերադառնալ Արցախ: Պատկան մարմինների դիմե՞լ եք, որպեսզի օգնեն ձեզ այդ հարցում:
— Կնոջս հետ եկել էի Երեւան, որպեսզի իրեն ճանապարհեմ Ռուսաստանի Դաշնության Պյատիգորսկ քաղաք` 10-15 օրով հյուրընկալվելու փոքր դստերս: Գիշերը կնոջս օդանավակայանից ճանապարհեցի, առավոտյան ժամը 10:30-ին Արցախի ճանապարհը փակեցին: Չցանկացա մենակ վերադառնալ, մնացի այնքան՝ մինչեւ կինս ՌԴ-ից վերադարձավ, նոր միայն միասին Արցախ վերադառնալու համար գրանցվեցինք: Դիմել ենք նաեւ Արցախի կառավարության թեժ գծին: Առաջարկը լավ տարբերակ չէր, չգնացինք: Կինս ճնշման խնդիր ունի, բարձր մեքենաներով հնարավոր չէր լինի գնալ: Ոստիկանների վրա, որ հարձակվել ու սպանել էին, այդ ճանապարհն էր հիմնականում գործում: Հետո այդ ճանապարհն էլ փակվեց: Այժմ սպասողական վիճակում ենք գտնվում:
— Պարոն Գրիգորյան, այն, ինչ կատարվում է այսօր Հայաստանում եւ Արցախում, ինչպե՞ս կբնութագրեք:
— Ընդհանրապես դժվար է որեւէ խոսք ասել երկրի վերաբերյալ: Եթե Հայաստանի կառավարության մասին խոսելու լինենք (մեղմ ասած), նրանք վաղուց են հրաժարվել մեր խնդրից: Առաջ քաշելով խաղաղության օրակարգ կոչվածը՝ ասում են, որ մինչեւ վերջ այդ ճանապարհով են գնալու, բայց բոլորս գիտենք, որ խաղաղություն չեն մուրում` խաղաղություն վաստակում են: Խաղաղության ճանապարհով գնացողը պետք է կարողանա ստիպել հակառակորդին, որ իրենք նույնպես գնան այդ ճանապարհով: Բայց մենք տեսնում ենք, որ Ադրբեջանը ոչ միայն Արցախում է իր ցանկությունները հերթով իրականություն դարձնում, այլ նաեւ Հայաստանի Հանրապետության ինքնիշխան տարածքում:
— Եթե հանկարծ այլ որոշումներ լինեն, կհամաձայնե՞ք ադրբեջանցիների հետ ապրել, ինչպես ԽՍՀՄ տարիներին էր:
— Մենք նախկինում էլ ենք ապրել, բայց այդ ժամանակ ապրել ենք ուրիշ պետությունում: Հիմա եթե մենք ադրբեջանցիների հետ ապրենք, պետք է ապրենք Ադրբեջանի պետությունում: Ինչպե՞ս կարող ենք ապրել մի մուսուլմանական երկրում, որտեղ ոչնչացնում են սրբավայրերը: Երբ մեր սրբավայրերն անվանում են աղվանական, ոչ թե հայկական: Հետո այսքան զոհերից հետո ո՞նց կարող ենք թշնամու հետ միասին ապրել: Պետք է շատ ժամանակ անցնի, սերունդներ փոխվեն, որ այս ամենը մոռացության մատնվի, ու միասին ապրելու հնարավորություն ստեղծվի: Բայց ներկա պահեն չենք կարող միասին ապրել: Դա հնարավոր չէ:
— Երեւանում եք ներկա պահին, գո՞հ եք…
— Չնայած կան երկուստեք բողոքներ, բայց ինձ վատ երեւանցի չի պատահել: Գիտեք, մարդ բարկացած պահին ամեն ինչ կարող է ասել, բայց պատճառը ո՛չ ղարաբաղցին է, ո՛չ էլ` երեւանցին: Արցախցի-երեւանցի տարանջատումն էլ է թշնամին մտցրել, որ միմյանց միջեւ թշնամանքը խորացնի, եւ մերոնք խայծը կուլ են տվել: Հայաստանում եթե իշխանությունը մեզ դեմ է, ուրեմն նրա գործողությունները ոչ միայն մեր դեմ են, այլ նաեւ Հայաստանի սահմանամերձ բոլոր մարզերի բնակչության դեմ են:
— Գրական կյանքն ինչպե՞ս է ընթանում Ստեփանակերտում: Կապի մե՞ջ եք ձեր գրչակից ընկերների հետ:
— Այո, իհարկե, զանգում խոսում ենք միմյանց հետ: Վերջերս լուսահոգի Վարդան Հակոբյանի մահվանից հետո՝ ընտրվեց Արցախի գրողների միության նոր նախագահ: Առաջադրվել էին Կիմ Գաբրիելյանն ու Նորեկ Գասպարյանը: Ընտրվեց Նորեկ Գասպարյանը: Արցախի գրողների միության արտահերթ համագումարից հետո՝ Կիմ Գաբրիելյանի առաջարկությամբ եւ նախաձեռնող խմբի ջանքերով Ստեփանակերտում ստեղծվել է Գրողների արցախյան միավորում: Միավորման ստեղծումը ոչ թե որպես գրողների համախմբվածության պառակտում պետք է դիտարկել, այլ` գրողների ինքնադրսեւորման նոր հնարավորության առկայություն: Երեւանում էլ շփվում եմ Հայաստանի գրողների միության հետ: Առաջիկայում պետք է Գրողների միության ծավալուն տեղեկատու տպագրվի` նկարներով, կենսագրականով: Իսկ մինչ այդ տպում էին Գրողների միության տեղեկատու հասցեագիրք` փոքր ծավալի, որտեղ միայն գրողների հասցեներն ու հեռախոսահամարներն էին: Ամռանը սպասվում է նաեւ ՀԳՄ համագումար, Արցախում ապրող ՀԳՄ անդամները գուցե չկարողանան ներկա գտնվել համագումարին՝ ճանապարհի փակ լինելու պատճառով:
ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=255469&l=am/