«Արցախի ժողովուրդն ամուր է կառչած իր հողին».ՆԱՆԱՐ ՊՈՂՈՍՅԱՆ

Մշակութային

«Իրավունքը» զրուցել է Արցախի գրողների միության և Կալիֆոռնիայի ՀԳՄ անդամ, իրավաբան, գրող, «Սեր և պատերազմ» գրքի հեղինակ ՆԱՆԱՐ ՊՈՂՈՍՅԱՆԻ հետ:

— Գրական կյանքն այսօր ի՞նչ վիճակում է գտնվում Արցախում:

— Դժվար ժամանակներ է ապրում հայ ժողովուրդը, մենք ամեն օր կռիվ ենք տալիս մեր ինքնության պահպանման՝ մեր պապենական հողում ապրելու համար, ու էդ կռիվը յուրաքանչյուրը  յուրովի է տալիս, մշակը՝ հողի հետ, զինվորը՝ սահմանին (թեև հիմա մեզ մոտ ամբողջը սահման է դարձել), գրողը՝ գրչի: Հաճախ են ինձ ասում, թե ինչու եմ անընդհատ պատերազմի ու մեր համազգային ցավի մասին խոսում... Գիտե՞ք, Արցախի ժողովուրդն այլ իրականություն է ապրում ու այդ ցավի, այդ անորոշության ու բախտի քմահաճույքին թողած ժողովրդի ապրելու իրավունքի ամենօրյա պայքարն ու ցասումը տեսնելով, մենք չենք կարող կտրվել  իրականությունից ու խոսել, օրինակ, ծաղիկների ոչ թե արնաշաղախ լինելու, այլ գեղեցկության մասին, ասածս բնավ ոչ թե գեղեցիկը չտեսնելն է, այլ որ այսօրվա մեր գրչից է կախված, թե ապագա մեր քաղաքացին ինչպես կճանաչի և կարժևորի մեր անհանգիստ ու վտանգալից ժամանակը: Չարենցը կասեր. «Թե ուզում ես երգդ լսեն, ժամանակիդ շունչը դարձիր»: Արցախում շարունակվում է ծնվել լավ գրքեր, ուստի, Արցախի գրական ընտանիքի ձայնը պետք է լսելի լինի աշխարհին, պետք է աշխատել այդ ուղղությամբ, քանզի ոչ ոք չի կարող մեր ամենօրյա ապրելու պայքարի մասին այնպես ներկայացնել, որքան Արցախում ապրող մտավորականը: Աշխարհին պետք է ասել, որ ամենաճիշտ գրականությունը խրամատում է ստեղծվում:

— Ձեր «Սեր և պատերազմ» գրքի հիմնական ասելիքը ո՞րն է:

— Սեր և պատերազմ... առաջին հայացքից իրարից հեռու թվացող այս բառերը խորթ կարող են թվալ օտարին, բայց ոչ իր պատմությունը պատերազմով կերտող ժողովրդին: Գիտե՞ք, Արցախը շունչ ու հոգի ունի, այդ հոգում սեր է, իսկ սահմանին՝ պատերազմ: Սահմանի մարդիկ հանուն սիրո, հանուն հայրենիքի, հանուն լույսի են մարտնչում: Իմ «Սեր և պատերազմ» գիրքը ապրածի արձագանք է, լուսավոր հայացք, հույսերի, ապրումների, երազանքների ու իրականության միահյուսում: Գրքում ընդգրկված է Արցախյան ազատագրական հերոսամարտն ու Ապրիլյան քառօրյա պատերազմը պատկերող գործեր, որոնք խտացնում են պատերազմական ժամանակների՝ հայ ժողովրդի հպարտ ու արժանապատիվ բարոյահոգեբանական լավագույն հատկանիշները: Պոեմը պատերազմական ապրիլյան օրերին մեր հաղթանակն ապահոված մարտիկների անձնուրաց սխրանքին է նվիրած: Այն սրտառուչ մի պատմություն է՝ հայ ժողովրդի 18-19-ամյա դյուցազուն որդիների խիզախության մասին:

— Արդյո՞ք այն սպասելիքները, որ Դուք ունեիք գիրքը գրելիս, արդարացվեցին: Այն ծառայե՞ց իր նպատակին:

— Գիրքը լույս է ընծայվել 2018թ.-ին, նախքան 44-օրյա պատերազմը: Այն սպասվածից մեծ արձագանք գտավ: Առհասարակ, ստեղծագործողի ամենաճիշտ գնահատականը տալիս է ընթերցողը, ու ինձ ամենաշատը հուզեց, երբ այն զինվորի սեղանին էի տեսնում, լսում աշակերտներից՝ դպրոցների ամենատարբեր միջոցառումների ժամանակ, որտեղ էլ հասկացա, որ այն իր նպատակին է ծառայում: Ինձ համար կարևոր էր նաև իմ խմբագիրներ՝ բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ՀՀ գիտության վաստակավոր գործիչ Սամվել Մուրադյանի և բանասիրական գիտությունների դոկտոր, պրոֆեսոր, ԱՀ գիտության վաստակավոր գործիչ Սոկրատ Խանյանի կարծիքներն ու Արցախի պետական համալսարանի գրականության և լրագրության ամբիոնի երաշխավորությունը, քանի որ լավ է առհասարակ չգրել, քան վատը լույս ընծայել: Օրերի ընթացքում գիրքս սպառվեց, այժմ էլ մեծ պահանջարկ լինելու պատճառով այն կարիք ունի վերահրատարակման: Ի դեպ, ՊԲ-ի կողմից այն արժանացել է ոսկե մեդալի:

— Շրջափակումն ինչպե՞ս է անդրադարձել Արցախի մշակութային կյանքի վրա:

— Շրջափակումը բացասական է ազդել ինչպես Արցախի Հանրապետության տարբեր ոլորտների, այնպես էլ մշակույթային կյանքի վրա: Հենց ի սկզբանե ականատես եղանք Արցախում գործող երաժշտական, մշակութային դպրոցների սաների՝ մանկական «Եվրատեսիլի» պատճառով ՀՀ-ում մնացած, այնուհետև Արցախ վերադառնալուց ադրբեջանցի «էկոակտիվիստների» սադրիչ գործողություններին: Շրջափակման պատճառով տուժել են նաև մշակութային փոխադարձ կապերը, այլևս չկա մշակույթի մարդկանց ակտիվ շփումն ու նրանց լայն ներգրավումը ամենատարբեր միջոցառումներին, մրցույթներին, այժմ այդ ամենը հնարավորինս  իրականացվում է առցանց եղանակով: Մեր գրչընկերներից շատերը մնացել են ՀՀ-ում և չեն կարողանում վերադառնալ Արցախ, կան նաև այնպիսիք, որ հանդիպումներ պետք է ունենային ՀՀ սահմաններից դուրս, ինչն այսօր անհնարին է դարձել: Նույնը և գրքերի տպագրությունների հետ կապված: Կրթական և մշակութային կյանքի գրեթե բոլոր ոլորտներին բացասական է ազդել շրջափակումը, թե՛ գրական կյանքի, թե՛ թատրոնի, թե՛ երաժշտական ոլորտի, թե՛ դպրոցների ու բուհերի, թե՛ ցանկացած ոլորտի:

— Աշխարհի աչքի առջև այսօր արցախցին պայքարում է իր գոյության համար: Ի՞նչ ապրումներ ունեն արցախցիներն այսօր:

— Արցախի ժողովուրդը պինդ ժողովուրդ է, այնպես է դարձել, որ Արցախի պատմությունը մշտապես պատերազմով է գրվում: Առաջին պատերազմին հայրս էր մասնակից, ինձ հաղթանակ պարգևեց ու անմահացավ, իսկ Ապրիլյան և 44-օրյա պատերազմներին ես ու իմ սերնդակիցները ականատես եղանք պատերազմների, իմ սերնդակիցներից շատերն անմահացան, այդպես էլ չիմանալով, թե ինչ եղավ վերջում: Հիմա այն համոզման եմ, որ ո՛չ հաղթանակներն են հավերժական, ո՛չ՝ պարտությունները: Մի տեսակ կարծես չար հեքիաթում լինենք, և ինչպես բոլոր հեքիաթներում է բարին հաղթում, հուսով եմ, որ մեր դարավոր պատմության մեջ էլ բարին կհաղթի: Ու հենց այդ բարի ավարտի համար էլ այսօր Արցախում պայքարում են մեծ ու փոքր, շրջափակման այս ծանր օրերին իրար օգնում, թև-թիկունք լինում, օրինակ, եթե լսենք, որ ինչ-որ խանութում միրգ կա, առաջինը կհասցնենք փոքր երեխատերերին: Կամ  շրջափակման առաջին ամիսներին, երբ դպրոցները փակվեցին, քանի որ մայրս մանկավարժ է, թեկուզ առողջությունը չէր ներում, բայց այդ օրերին տանը աշակերտներ էր պարապում, որ հետ չմնան: Հիշում եմ նաև մայրիկիս պատմած մի դեպքը, երբ տաքսու վարորդը պատմեց, թե ինչպես իր մանկահասակ երեխան առավոտյան արթնացավ և ուրախացած ասաց, որ երազի մեջ մանդարին է կերել: Պատմածից գիշերները քունս չէր տանում, մի կերպ մանդարին էի գտել այդ երեխայի համար, բայց հետո էլ տաքսու վարորդին չգտա: Փոխարենը մեկ այլ երեխայի տվեցի: Չգիտեմ, այս ամենը գուցե մանրուք թվա Երևանի կենտրոնում ապրող հայի համար, կամ օտար համար, բայց Արցախում մարդիկ շատ հոգատար են մեկը մյուսի հանդեպ, սրտացավ են, տան վերջին հացը կկիսեն իրար հետ: Հիշում եմ նաև, որ ձմռանը 39 աստիճան ջերմություն ունեի, գազ չկար, տաքացուցիչս էլ վառվել էր, իսկ խանութներում էլ վաղուց վերջացել էին, հայտարարություն գրեցի, որ կգնեմ տաքացուցիչ, ու մինչև 5 րոպեն զանգում է ինձ մեկը և տաքացուցիչ նվիրում, երբեք չեմ մոռանա այդ հոգատարությունը: Ու ինչքան էլ Արցախում ներքին տարաձայնություններ լինեն, միևնույնն է, դժվար պահերին մենք միավորվող ժողովուրդ ենք:

— Ներկա պահին Արցախում ի՞նչ հոգեվիճակ է տիրում:

— Արցախի ժողովուրդն ամուր է կառչած իր հողին: Չնայած ահռելի դժվարություններին, մենք շարունակում ենք ապրել, արարել, ստեղծել: Պատերազմից հետո էլ մարդիկ շարունակում են ներդրումներ անել, կառուցել, դա նշանակում է, որ այդ մարդիկ իրենց կյանքը Արցախից դուրս չեն պատկերացնում: Ինքս էլ պատերազմից հետո վերանորոգեցի իմ տունը, մինչ շատերը զարմանում էին, բայց ի՞նչ անենք, պատերազմը մեր կյանքի մի մասնիկն է դարձել: Չմտածեք, թե մենք հարմարվել ենք պատերազմի հետ, ո՛չ, պարզապես մենք էլ լավ կյանքի արժանի ենք, առավել ևս, երբ չգիտենք մեր վաղվա օրը: Պատերազմից հետո շատերն են գնացել Արցախից, շատերը հետ չեն եկել, զարմանալի է սակայն, երբ տուն կորցրած, զոհ տված ընտանիքների մեծամասնությունը հետ է վերադարձել, իսկ նրանք, ովքեր տուն չեն կորցրել, Արցախի տունն էլ վաճառում են, որ մնան Երևանում կամ օտար ափերում: Բնավ ոչ մեկին չեմ քննադատում, բոլորն էլ արժանի են լավ կյանքի, ու չգիտեմ վաղն ինձ հետ ինչ կլինի, բայց այսօր մերժում եմ Արցախից դուրս ցանկացած լավ առաջարկ, որ ինձ լավ կյանք կպարգևի (չգիտեմ, գուցե հենց կորցնելու վախն է ինձ ստիպում, որ ավելի ամուր կառչեմ իմ հողին), միայն մի բան գիտեմ, որ ապրելով Արցախում, կարոտում եմ Արցախին, փորձում եմ հնարավորինս շատ շփվել մարդկանց հետ, ամեն օր տարբեր վայրերում լինել: Մտածում եմ, որ դժվար օրերին հայրենիքը չպետք է թողնել, հետո հողը մեզ չի ների: Բացի այդ, Արցախում մենք՝ մենք ենք, իսկ Արցախից դուրս մենք մարդ ենք, ով համակարգչից այն կողմ նստած՝ հարազատի հետ կխոսի, ամեն ինչ կկիսի համակարգչով՝ ցավ, տխրություն, դժվարություն, ուրախություն, այդպես ապրել ես չեմ կարող: Գիտե՞ք, ամենադժվարը կյանքում կարոտի ցավն է, զտարյուն արցախցին գիտի, թե դա ինչ ցավ է: Երբեմն ինձ թվում է, թե այսպես ժպիտով էլ մահվան ընդառաջ ենք գնալու, ու մեզնից մնալու են այս նյութերը... Խնդրում եմ այն ժամանակ ոչ մեկը չգա մեր շիրիմներին, եթե այդպիսին ունենանք: Արցախի ժողովուրդը մի մեծ խրամատում է, որտեղից ո՛չ լույս է երևում, ո՛չ՝ մթություն... անվերջ անորոշություն է... Այս է մեր հոգեվիճակը, մենք չենք կոտրվում, բայց ճշմարտությունից այն կողմ ոչինչ չկա:

ՆՈՒՆԵ ԶԱՔԱՐՅԱՆ

https://iravunk.com/sim/?p=255235&l=am/
Հայկական եւ վրացական կուսակցությունները քննարկումներ են անցկացրել ՈՒՂԻՂ. Ի՞նչ գաղտնի ծրագրեր են իրականացնում նիկոլներն ու արծրունները. Հայկ Բաբուխանյան Ветеран из Армении, член партии «Союз Конституционное право» на Красной площади в Москве ՈՒՂԻՂ. Հաղթանակից մինչև հիսթերիկա. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Նովորոսիսկից մինչեւ Սեւաստոպոլ. ՍԻՄ-ի 101-ամյա անդամ Ներսես պապը՝ 80-ամյա հաղթանակի հիշողություններով Սպասում եմ Հայկ Բաբուխանյանին Գյումրիում․ Վարդան Ղուկասյանը արձագանքում է Ռ. Միրոշնիկը այցելեց «Իրավունք Մեդիա» հոլդինգ ՈՒՂԻՂ. Հայաստանի ազատագրումը սկսենք Գյումրիից.Հայկ Բաբուխանյան 15 հազար դրամ տուգանքը կամայական եւ քմահաճ որոշում է. Աշոտ Նուրիջանյան Ինչ ճակատագիր կունենա «Եվրաքվեն» (տեսանյութ) Այլ երկրում Հայ առաքելական եկեղեցու համար ստեղծում են պայմաններ, իսկ մեր երկրում հետապնդում են Ոչ մեկի մտքով չի անցնում հարձակվել Բելառուսի վրա, որովհետև նա ՌԴ ի հետ միութենական պետության մեջ է ՑԱՎԱԿՑԱԿԱՆ «ՈՒԺԵՂ ՀԱՅԱՍՏԱՆԸ ՌՈՒՍԱՍՏԱՆԻ ՀԵՏ. ՀԱՆՈՒՆ ՆՈՐ ՄԻՈՒԹՅԱՆ» ՇԱՐԺՈՒՄԸ ԴԱՏԱՊԱՐՏՈՒՄ Է ՆԻԿՈԼԻ ԿԱՌԱՎԱՐՈՒԹՅԱՆ ՈՐՈՇՈՒՄԸ Պահանջում ենք դատական կարգով առ ոչինչ հայտարարել Նիկոլ Փաշինյանի հայտարարությունները, որտեղ Արցախը նշվում է Ադրբեջանի կազմում Հայ-չինական հարաբերությունները ունեն զարգացման մեծ ներուժ Նիկոլ Փաշինյանի թրաշվելը ազդարարեց Հայաստանի կործանման վերջին փուլը. ՀԱՅԿ ԲԱԲՈՒԽԱՆՅԱՆ Վլադիմիր Պուտինը Հայկ Բաբուխանյանին պարգեւատրել է Կայացավ երրորդ ուժի ձևավորմանը նվիրված համաժողովը ՈՒՂԻՂ․ Ով է իր մուռը հանում Անկախության հռչակագրից․ Հայկ Բաբուխանյան ՍԻՄ կուսակցությունը ցավակցում է Արտաշես Գեղամյանի մահվան կապակցությամբ ՈՒՂԻՂ․ Թեժ աշուն սորոսականների հե՞տ Իրականում Եվրամիություն գնալը ճանապարհ է դեպի Թուրքիա. Հայկ Բաբուխանյան «Դուք որպես ժայռաբեկոր կանգնած եք այդ ճանապարհին, որպեսզի թույլ չտաք սրիկային, սատանայական ուժերին քանդել այն» Խստիվ դատապարտում ենք ապօրինի վարչախմբի վարքագիծը