Նիկոլի հերթական մոնիպուլյացիան
Տնտեսություն
Առևտրի շրջանառությունը, ըստ տնտեսական աճի ցուցանիշի (ՏԱՑ), մոտավորապես 18 տոկոս աճ է ունեցել, ինչը ոչ միայն ֆիզիկական ծավալների ավելացման հետ է կապված, այլ նաև թափանցիկ առևտրի ցուցանիշ է:
Երեկ Նիկոլը նորից դերի մեջ էր` փորձելով ցույց տալ, թե իր ղեկավարման օրոք ինչ հզոր տնտեսություն է կառուցել:
«Ուզում եմ արձանագրել նաև, որ փետրվարին տնտեսական ակտիվության ցուցանիշը կազմել է 11,3 տոկոս, արտաքին առևտրաշրջանառությունն աճել է 79,5 տոկոսով, ընդ որում՝ արտահանումը՝ 2,1 անգամ, իսկ ներմուծումը՝ 163 տոկոսով: Շինարարությունը շարունակում է շատ մեծ տեմպերով աճել՝ 13,9 տոկոս, ծառայությունները՝ 21 տոկոս:
Արդյունաբերության աճը նախորդ տարվա փետրվարի համեմատ այս փետրվարին աճել է 0,7 տոկոսով: Մենք խնդիր ունենք արդյունաբերության ոլորտում ավելի մեծ և տեսանելի աճ արձանագրել, և խնդիրը միայն հանքարդյունաբերության մեջ չէ, մենք ռազմավարական նպատակ ենք ձևակերպել մեր տնտեսության բարդության աստիճանը մեծացնել»:
Ամփոփելով՝ նա նշեց, որ արդեն 2 ամիս ավելի քան 10 տոկոս տնտեսական ակտիվության ցուցանիշ ենք արձանագրում: «Մասնավոր և պետական հատվածի առաջնային խնդիրն է այս տեմպը պահպանել, որպեսզի կարողանանք լուծել մեր խնդիրը և տարեկան 7 տոկոս տնտեսական աճ ապահովենք»,- ասաց Նիկոլը:
Միայն արդյունաբերության այդ խայտառակ վիճակը պետք է բավական լիներ, որ Քերոբյանին քշեր չվաստակած հանգստի, ինքն էլ չխոսեր տնտեսության մասին: Առավել եւս, որ այս էժանագին մանիպուլյացիաներով հաստատ երկիր չես զարգացնի:
Իրականում, դժվար չէ հասկանալ, որ վիճակը ճիշտ հակառակն է, քան փորձում է ներկայացնել Նիկոլը` իր ոչինչ չասող 10 տոկոսանոց ՏԱՑ-ով: Ընդամենը մի քանի թիվ, որոնք ամեն ինչ բացատրում են:
Այսպես, 2023թ. հունվար-փետրվարին ունեցել ենք 362 641.7 միլիոն դրամի արդյունաբերական արտադրանքի ծավալ, որը, ըստ վիճակագրության, 2022թ. համեմատ աճել է 1 տոկոսով: Բայց ահա, անցած տարի նույն հունվար-փետրվարի համար վիճակագրությունը ներկայացրել է 365 278.3 միլիոն դրամ ծավալ: Եթե այս տարվա ցուցանիշն ավելի փոքր է, այդ որտեղի՞ց են թեկուզեւ համեստ` 1 տոկոսանոց, բայց այնուամենայնիվ` աճ գտել. սովորական «աֆյորա»: Գումարենք 8,1 տոկոս գնաճը, եւ կստանանք իրական շատ ավելի խորը անկում:
Մյուս ոլորտներում ինչ աճեր էլ նկարեն, բան չի փոխում: Օրինակ, կարող են Հայաստան եկած ռուսների հաշվին ծառայությունների 23,5 տոկոս (հունվար-փետրվարին) աճ ներկայացնել: Բայց դրանից ի՞նչ, երբ արդյունաբերությունը` տեղական արտադրողը խորը անկման մեջ է: Ինչո՞ւ. ունենք 20 տոկոսանոց դրամի փոխարժեքի արհեստական աճ, որը բառացիորեն ոչնչացնում է տեղական արտադրողին: Եվ երբ այս պարագայում Նիկոլն արտահանման 2,1 անգամանոց աճից է խոսում (դոլարային արտահայտությամբ, որին նպաստել է դրամի 20 տոկոսանոց աճը), ապա նաեւ միգուցե կբացատրի՞, թե տեղական արտադրության խորը անկման պարագայում այդ ի՞նչ է արտահանվել: Թե՞ առանց որեւէ պետական ռազմավարության արտահանվել է այն ամենը, ինչը ներքին շուկայում պահանջարկ ուներ, եւ դա իր հերթին է նպաստել ներքին գների աճին:
Բանն այն է, որ ռուսները վաղը-մյուս օրը կգնան: Սակայն այն հարվածը, որն այսպիսով հասցնում են տեղական արտադրությանը, կարող է վերջնականապես ոչնչացնել հայաստանյան տնտեսություն ասվածը:
Չնայած, միգուցե իրական նպատակը հենց դա՞ է:
Ս. ԱԲՐԱՄՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=252121&l=am/