«ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ ՍՊԱՌՆԱԼԻՔ ԿԱՄ ՎԻՐԱՎՈՐԱՆՔ ՉԷ»
Արխիվ 12-16
«ՇՈՒՇԱՆ ՊԵՏՐՈՍՅԱՆԻ ԱՐՏԱՀԱՅՏՈՒԹՅՈՒՆԸ
ՍՊԱՌՆԱԼԻՔ ԿԱՄ ՎԻՐԱՎՈՐԱՆՔ ՉԷ»
Այսօր էթիկայի հանձնաժողովում քննվել է Հելսինկյան ասամբլեայի վանաձորի գրասենյակի ղեկավար Արթուր Սաքունցի դիմումն ընդդեմ Շուշան Պետրոսյանի:
Հիշեցնենք` Շուշան Պետրոսյանը մոտ մեկ ամիս առաջ ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանի ֆեյսբուքյան գրառմանը արձագանքելով` գրել էր. «Աչքերդ կհանեմ, այ լակոտ»: Պատգամավորի այս խոսքից հետո Սաքունցը դիմում է ԱԺ էթիկայի հանձնաժողով` բողոքելով պատգամավորի ֆեյսբուքյան այս գրառման դեմ:
«Իրավունք»-ը ՀՀԿ պատգամավոր, էթիկայի հանձնաժողովի նախագահ Խոսրով Հարությունյանից պարզեց, որ հանձնաժողովի բոլոր անդամները, բացի Հովհաննես Մարգարյանից, որոշել են` Շուշան Պետրոսյանը էթիկայի նորմերը չի խախտել:
«Հանձնաժողովը բոլոր նյութերն ուսումնասիրել է: Ավելին` հրավիրել էինք դիմումի հեղինակ Արթուր Սաքունցին, ֆեյսբուքյան օգտատեր Գայանե Շահինյանին, սակայն նրանցից ոչ ոք չէր եկել նիստին: Գայանե Շահինյանն անգամ հայտարարել էր, որ բողոք չունի: Զարմանալի է` ինչո՞ւ է այդ դեպքում նրա փոխարեն բողոքում մեկ ուրիշը` Արթուր Սաքունցը: Հաշվի առնելով, թե Շուշան Պետրոսյանն ինչ կոնտեքստում է ասել այդ արտահայտությունը, խորհրդակցելով իրավաբանների հետ` հանգել ենք այն եզրակացության, որ պատգամավոր Շուշան Պետրոսյանն էթիկայի կանոնների խախտում չի արել: Նրա արտահայտությունը չի կարելի որակել որպես սպառնալիք կամ վիրավորանք, քանի որ ինչպես մեկնաբանեց Շուշան Պետրոսյանը, որի հետ մենք համաձայն ենք, դա խրատելու նպատակով է ասվել: Շուշան Պետրոսյանի դեպքում դժվար է ենթադրել, որ նա ձեռնամուխ կլիներ իր խոսքերի կատարմանը»,- պատասխանեց հանձնաժողովի նախագահը:
Եթե անգամ Գայանե Շահինյանը կամ Արթուր Սաքունցը ներկա լինեին հանձնաժողովի նիստին, ներկայացնեին իրենց առարկությունները, ըստ Խ. Հարությունյանի, քիչ հավանական է, որ հանձնաժողովն այլ որոշում կայացներ:
Խոսրով Հարությունյանի պարզաբանմամբ` եթե կողմերից մեկն իրեն վիրավորված է համարում, կարող է դիմել դատարան, քանի որ էթիկայի հանձնաժողովը անձի վիրավորանքին գնահատական տալու իրավունք չունի:
Մեր մյուս հարցին` Խոսրով Հարությունյանը մտավախություն չունի՞, որ այս որոշումը հանրային որոշ շրջանակների կողմից չի ընկալվի որպես անարդար, իշխանահաճո, նա ասաց. «Ո՛չ, չունեմ, քանի որ հանձնաժողովի որոշումներից մեկը, որը վերաբերում էր այլոց փոխարեն քվեարկելուն, կայացվեց անաչառ, հաշվի չառնվեց այն հանգամանքը, որ այլ պատգամավորների փոխարեն քվեարկել է նաեւ ՀՀԿ-ի մի քանի պատգամավոր»,- եզրափակեց էթիկայի հանձնաժողովի նախագահը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164475&l=am/