«Կերակրող մայր էի, բայց ռեժիմով ծեծ էի ուտում ամուսնուս կողմից»
Արխիվ 12-16
«Կերակրող մայր էի, բայց ռեժիմով ծեծ էի ուտում ամուսնուս
կողմից»
<Չէի ել կարող պատկերացնել, որ ամուսնությունը կարող է այդչափ դաժան ու սարսափելի լինել ինձ համար>: Արցունքն աչքերին ասում է Ռիման, ով ամուսնությունից ի վեր կարծես ստրկության մատնված լիներ: Առաջին հայացքից թվում է՝ հայի օջախում հարսները հարգված են, ամուսիններն էլ կնամեծար, հիրավի դա այդպես է, բայց հատուկենտ բացառություններ կան...
Այսօր արդեն Ռիման գտնվում է Հայաստանի գյուղերից մեկում, որտեղ ապրում է իր 7-ամյա դստեր հետ: Աշխատում է գյուղի մանկապարտեզում, որպես դայակ, ունի փոքրիկ հողակտոր, այն մշակում է ու պահում իրենց գոյությունը: Ամուսնացել է 19 տարեկանում, ինչպես ինքն է ասում <քաղաքի աղջիկ էի ու մտքովս չէր էլ անցնի, որ Երևանում կան բռնապետներ>: Երրորդ կուրսում հանդիպում է ոմն Աշոտի, ով սիրո խոստումներ տալով Ռիմային ստիպում է հրաժարվել ուսումից. <Դե լավ Ռիմ, ժուռնալիստիկան աղջկա համար չի, ինչա, ինձ չես սիրու՞մ, չես վստահու՞մ>,-ամեն անգամ ինստիտուտից տուն ճանապարհելուց ասում էր Աշոտը: Այսօր արդեն Ռիման արցունք աչքերին պատրաստ է իր սիրտը բացել հասարակության առջև:
<Աշոտն ինձ համոզեց, երրորդ կուրսում մի կողմ դրեցի երազանքներս, հանուն իր սիրո հրաժարվեցի սովորելուց, ցանկանում էի ամուսնանալ, իր հետ ապրել մեկ հարկի տակ: Եվ հեռու չէր ամուսնության օրը: Մի օր, հիշում եմ, իրենց տանն էի, սկեսուրս, թե բա աղջիկ ջան էլ ինչ հարսանիք, ավելորդ ծախսա, արի պահենք քեզ, ձերոնց հետ կբարիշենք: Երբ փորձեցի նրան հակառակվել, նշանածս բարկացավ, թե մորս հետ գլուխդ կախ կխոսաս, չփորձվեց հակառակվել: Մանրամասնորեն չեմ ցանկանում նկարագրել, բայց բռնի ուժով մնացի այդ օրը: Դե աղջկա համար պատվաբեր չէ <գնացած-հետ եկածի> պիտակը:
Ի՞նչ երկարացնեմ, առաջիկա ամիսներին հարաբերությունները լավ էին, բայց հենց կենցաղայինի շուրջ ես ու սկեսուրս մի փոքր վիճում էինք, ամուսինս զայրանում էր և միայն հայհոյանքով չէր սահմանափակվում, անպայման հարվածում էր ինձ, եթե սկզբում ապտակով էր բավարարվում, ապա ամուսնության 5-րդ ամսվանից հետո դիմում էր ճիպոտի, փայտի, շերեփի օգնությանը>,-հիշում է Ռիման ու չկարողանալով զսպել արցունքերը լռում է: Նայելով այս 27-ամյա երիտասարդ կնոջը մի պահ թվում է, թե մի ամբողջ կյանք ապրած անձնավորության հետ ես զրուցում, ասում են կնոջ տարիքը մատնում է պարանոցը, բայց Ռիմայի պարագայում պարանոցը մատնում էր բազմաթիվ սպիերի ու բռնության մասին:
Թեևս Հայաստանում կինը հարգված է, այդուհանդերձ ընտանեկան հարցերը որոշ ընտանիքներում լուծվում են բռնությամբ: Ի դեպ այս կինը հիշում է, թե ինչպես տարիներ առաջ, երբ հերթական ծեծից հետո դիմեց ոստիկանություն, ոստիկանը մի տեսակ զայրացած հորդորել է Ռիմային <լեզուն իրեն քաշել ու հլու հնազանդ լսել ամուսնուն>:
<Իսկ ահա ոստիկանին դիմելուց հետո իմ վիճակը էլ ավելի վատացավ: Թևիցս քաշելով տարավ տուն, փակեց նկուղում և փայտերով սկսեց ծեծել, թե ես քանի գլխանի եմ, որ գործ տամ իր վրա: Հետաքրքիրն այն էր, որ սկեսուրս այս ամենից շատ էր ոգևորվում ու տղային հաճախ ասում էր, որ բամփը գլխիս պահի: Իմ աղջիկը Աստծու պարգև է, այդքան ծեծից հետո նա ողջ առողջ լույս աշխարհ եկավ և իմ կյանքը բերկրանքով լցրեց: Ես ծեծի եմ ենթարվել անգամ ծննդաբերությունից հետո, ու գիտե՞ք ինչի համար, որ ցերեկը երեխուն քնացնելուց հետո, աթոռի վրա քունս տարել էր, սկեսուրս գոռգռալով եկավ բա հարսն էլ էս ժամին կքնի, տները թափաց, ճաշ չկա, վեր կաց հաց սարքի, մազերիցս քաշեց, թե բա դու հանգստյան տուն չես եկել, ամուսնացած կնիկ ես, եթե հորանցդ տունը քնել ես , ստեղ մոռացի: Կերակրող մայր էի, ամբողջ գիշեր չէի քնում, ցերեկն էլ սկեսուրիս բռնապետության տակ էի:
Հասարակության մեջ կան մարդիկ,ովքեր ասում են, թե մենք ենք լեզվային, չենթարկվող, այդ իսկ պատճառով ընտանիքում բռնության ենք ենթարվում: Բայց... Երբ վերջին անգամ, ամուսինս ինձ սեռական բռնության ենթարկեց, ես աղջկաս հետ փախա, հետո գյուղ տեղափոխվեցի: Պատկերացրեք այստեղ քաղաքից լավ է, հանգիստ, ամուսին կոչվածն էլ տեղս չգիտի: Նա անգամ թույլ չէր տալիս մամայիս տեսնեմ, երկու ամիսը մեկ անգամ տանում էր մերոնց տուն և չէր թողնում մի քիչ մենակ մնանք, կես ժամ հետո տանում էր տուն, իսկ եթե մամայիս ներկայությամբ դեմքիս արտահայտությունը դուրը չէր գալիս, տանում էր տուն և ծեծում: Ախր ոչ ոք չի պատկերացնում ինչ ասել է ծեծվել ամուսնու կողմից, մի կողմից ֆիզիկական մյուս կողմից հոգևոր ցավ ես ապրում: Իմ գլխի հատվածում հիմա վերք կա, դա էլ փայտով ծեծվելու արդյունք է: Ես երբեք բաց հասարակություն դուրս չեմ գա, ինձ չեն հավատա, կմեղադրեն, իսկ ես հանգիստ կյանք եմ ուզում, այս գյուղում, հեռու բոլորից ու ամենքից>:
<Ինձ թվումէր՝ ամուսինս իմ պաշտպանը պետք է դառնար, բայց ավաղ, կոտրվեցին երազանքներս, ախր ես սիրել ու հարգել եմ նրան, եղել եմ հնազանդ կին, ինչու՞ այդչափ դաժան...>,-հարցադրում է Ռիման, գլուխը կախում և մաքրելով արցունքները նայում երկիրնք.<Աստված է իմ պաշտպանը>:
Ս. Ա.
https://iravunk.com/sim/?p=164412&l=am/