ԿԱՐԵՎՈՐՆ ԱՅՆ Է,ՈՐ ԱՇՈՏՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՉԻ ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ
Արխիվ 12-16
ԿԱՐԵՎՈՐՆ ԱՅՆ Է,ՈՐ ԱՇՈՏՅԱՆԸ ՀԱՅԱՍՏԱՆԻՑ ՉԻ
ԱՐՏԱԳԱՂԹՈՒՄ
ՀՀ Կրթության եւ գիտության նախարար Արմեն Աշոտյանն առաջիկայում կլքի նախարարի պաշտոնը եւ ամենայն հավանականությամբ այսօր վերջին անգամ մասնակցեց ԱԺ-ում կառավարության հարց ու պատասխանին: ԿԳ նախարար կնշանակվի ՀՅԴ անդամ Լեւոն Մկրտչյանը: Նրա նշանակումն ինչպես հայտնի է, պայմանավորված է ՀՀԿ-ՀՅԴ համագործակցությամբ:
Արմեն Աշոտյանը, սակայն լրագրողների հետ զրույցում, չասաց, թե ինչպիսի ժառանգություն է թողնում իր հաջորդին՝ Լեւոն Մկրտչյանին: Միայն ասաց, որ Լեւոն Մկրտչյանը լավ մասնագետ է եւ հավելեց. «Լրագրողներն ինձ կկարոտեն»:
«Իրավունք»-ի հարցին, թե մասնավոր ոլորտո՞ւմ է աշխատելու Աշոտյանը, նա հերքեց, սակայն չմանրամասնեց` կոնկրետ որտեղ:
Հարցազրույցի ավարտից հետո երբ Աշոտյանը զրուցում էր լրագրողների հետ, գյուղնախարար Սերգո Կարապետյանը մոտեցավ Աշոտյանին, ջերմ բարեւեց: «Իրավունք»-ի կատակով դիտարկմանը, թե լրագրողները «գուդբայ» են ասում Աշոտյանին, Սերգո Կարապետյանը կատակեց. «Ինչի»:
«Որովհետեւ հեռանում է նախարարի պաշտոնից»,- պատասխանեցինք գործադիրի անդամին:
«Հա բայց Հայաստանից հո չի գնում»,- հարցին հարցով պատասխանեց Սերգո Կարապետյանը:
ՍՈՆԱ ԴԱՎԹՅԱՆ