«ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱՆ» ՀԱՅ ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԶԻՆԵԼ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՈՎ
Արխիվ 12-16
«ԼՈՒՍԱՎՈՐ ԱՊԱԳԱՆ» ՀԱՅ ՓՈՔՐԻԿՆԵՐԻ ԽՈՍՏԱՆՈՒՄ Է ԶԻՆԵԼ ԳԻՏԵԼԻՔՆԵՐՈՎ
Հայաստանի անապահով ընտանիքի երեխաներին օգնություն ցուցաբերելու համար օրերս տեղի ունեցավ «Լուսավոր ապագա» կամավորական խմբի կողմից կազմակերպված Հոլանդիա-Հայաստան բարեգործական ակցիան: Անապահով ընտանիքի մոտ 50 երեխաներ կարողացան մեկ օր վարճանալ Երեւանի մանկական սրճարաններից մեկում`պարել, երգել եւ մասնակցել զանազան զվարճալի եւ ինտելեկտուալ խաղերի:
«Լուսավոր ապագա» կամավորական խմբի ղեկավար ՄԱՐԻԱՄ ԿԻՐԱԿՈՍՅԱՆԸ Հոլանդիայից Հայաստան էր եկել ոչ դատարկաձեռն: Նրա ջանքերով Հոլանդիայում նույնպես տեղի էր ունեցել միջոցառում, որի ընթացքում տարբեր կառույցների եւ անհատների կողմից հայաստանաբնակ անապահով երեխաների համար հավաքվել էր հագուստ, խաղալիքներ, որոնք Երեւանում հանձնվեցին երեխաներին.«Այսօր մենք ականատեսը եղանք, թե ինչպես ընկճված ու տխուր դեմքով փոքրիկները կարճ ժամանակ անց վերափոխվեցին, ակտիվացան, խաղացին, պարեցին ու ուրախացան։ Մեծ երջանկություն է նրանց աչքերում կրկին տեսնել սոցիալական խնդիրների պատճառով խավարած փայլը, որը վերգտնելու համար այնքան էլ շատ բան անհրաժեշտ չէ: Այսօր համոզվեցինք, որ ուղղակի պարտավոր ենք շարունակական դարձնել նմանօրինակ ուրախ միջոցառումները՝ անհոգ ժամերը սոցիալապես անապահով հրաշք հայ մանուկների կյանքում հաճախակի դարձնելու նպատակով»,-
նշեց «Լուսավոր ապագա» հայ-հոլանդական բարեգործական կամավորական խմբի ղեկավար Մարիամ Կիրակոսյանը։ Նրա հավաստմամբ` շուտով սկսելու են ուսումնական եւ կրթական բարեգործական ծրագրերի մշակում. «Մենք համոզված ենք, որ սոցիալապես անապահով վիճակից դուրս գալու միակ միջոցը՝ մեր երիտասարդ սերնդին գիտելիքներով ապահովելու հնարավորությունն է։ Մենք համագործակցելու ենք Հայաստանում եւ Եվրոպայում գործող տարբեր բարեգործական հիմնադրամների, անհատ-բարերարների հետ, որպեսզի կարողանանք անվճար ուսումնական մոտիվացված ծրագրեր կազմակերպել մեր հայ անապահով բալիկների համար», -հավելեց Մարիամը։
Նշենք, որ ակցիային աջակցում է նաեւ Ամստերդամի հայկական եկեղեցին:
ԶՎԱՐԹ ԽԱՉԱՏՐՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164365&l=am/