ՕԵԿ-Ի ՆՅԱՐԴԵՐԸ ՏԵՂԻ ԵՆ ՏԱԼԻՍ
Արխիվ 12-16
ՕԵԿ-Ի ՆՅԱՐԴԵՐԸ ՏԵՂԻ ԵՆ ՏԱԼԻՍ
«Օրինաց երկիր» կուսակցության վաղաժամ կազմալուծումն ու հետայսու «Հայկական վերածնունդ միավորում» կուսակցության անվան տակ գործելը, կարծես թե, բավական թանկ է նստել ՕԵԿ-ական պատգամավորների նյարդերի վրա: Շուրջ երկու տասնյակ տարի քաղաքական դաշտում գործող պատգամավորները` դառնալով նորաթուխ կուսակցության անդամ, այլեւս չեն կարողանում դիմանալ քննադատությանը: Ավելին` ԱԺ ՕԵԿ խմբակցության պատգամավոր ՀՈՎՀԱՆՆԵՍ ՄԱՐԳԱՐՅԱՆԸ ԱԺ ամբիոնից հայտարարեց, որ «Հայկական վերածնունդ միավորման» մասին«ճենճոտ ու լոզոտ» պնակալեզների պես չեն կարողանում մի լուրջ փաստարկ բերել ու այդ խայտառակությունից դուրս գալու համար ինչ ասես չեն ասում ու գրում: Նույն բովանդակությամբ, բայց բարեկիրթ տարբերակով հայտարարությամբ հանդես եկավ նաեւ ԱԺ ՕԵԿ խմբակցության ղեկավար ՀԵՂԻՆԵ ԲԻՇԱՐՅԱՆԸ: Ինչեւէ, ՕԵԿ-ական կրակի վրա բենզին չլցնելու համար «Հայկական վերածնունդ միավորման» մասին հարցերը մի կողմ թողնելով` «Իրավունքը» Հ. Մարգարյանից հետաքրքրվեց, թե ինչպե՞ս ստացվեց, որ ՕԵԿ-ը կողմ քվեարկեց Արման Թաթոյանին` Մարդու իրավունքների պաշտպանի ընտրության ժամանակ, քանի որ մամուլում արդեն հայտնի է, թե ովքեր են դեմ քվեարկել եւ նրանց թվում` ՕԵԿ-ական պատգամավորներ, կարծես թե, չկան: Արի ու տես, որ պարոն Մարգարյանն այս օրերին այնքան իր իսկ ասած «ճենճոտ ու լոզոտ» քննադատություններ էր լսել իրենց հասցեին, որ մեր պարզաբանող հարցից, ուղղակի, բորբոքվեց. «Իսկ ո՞վ է ասել, որ կողմ քվեարկեց, ո՞վ, ես «Օրինաց երկիր» եմ, չեմ էլ մասնակցել ընտրությանը, ո՞նց եմ կողմ քվեարկել: Չի կարելի, այ քեզ բան, չի կարելի, վատ է, երբ տրամադրված փորձում են ինչ-որ բան գտնել»: Մինչ Հ. Մարգարյանին փորձում էինք ասել, որ ընդամենը պարզաբանում էինք, թե «կողմ» քվեարկել են ՕԵԿ-ականները, թե` ոչ, զրույցին միջամտեց Հ. Բիշարյանը. «Ազատ են քվեարկել, բայց ես ինչ իմանամ, հո ես չեմ գնա հարցնեմ, ով ինչպես է քվեարկել, ամոթ չի՞, փակ քվեարկություն է եղել»: Հ. Մարգարյանն էլ կրկնեց. «Ազատ քվեարկություն է եղել, չշահարկելու համար որոշ բաներ, ես չեմ մասնակցել: Եթե ուշադիր լինեք, ԱԺ պետաիրավական հանձնաժողովում էլ դեմ եմ քվեարկել»:
Ամեն դեպքում, վերջում` գոնե ձայնագրիչն անջատելուց հետո, ՕԵԿ-ական պատգամավորների տոնայնությունն էլ մեղմվեց, բայց թե ինչու մեկ բաժակ ջրում փոթորիկ սարքեցին, ինչ է, թե իրենց քվեարկությունը գաղտնիք մնա, այդպես էլ անհայտ մնաց: Համենայնդեպս, մեզ մնում է հուսալ եւ հավատալ, որ այս օրերի լարվածությունը կանցնի, ու պատգամավորները ամեն մի հարցի տակ ենթատեքստեր չեն փնտրի:
Ի դեպ, հիշեցնենք, որ Ա. Թաթոյանը Մարդու իրավունքների պաշտպան է ընտրվել 96 կողմ եւ 7 դեմ ձայների հարաբերակցությամբ: Եվ ըստ լրատվամիջոցներում տարածված տեղեկությունների` դեմ քվեարկել են «Ժառանգություն» խմբակցության պատգամավորներ Զարուհի Փոստանջյանը, Թեւան Պողոսյանը, Խաչատուր Քոքոբելյանը, իսկ մնացյալ 4-ը եղել են ԲՀԿ-ի քոչարյանական թեւին հարող պատգամավորները:
ՀՐԱՆՏ ՍԱՐԱՖՅԱՆ
https://iravunk.com/sim/?p=164361&l=am/